Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

четверг, 16 июня 2011 г.

Մամուլի տեսություն


Ադրբեջանի նախագահն ընդունել է Ղարաբաղի հարցով միջնորդներին



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակի և հեռանակարների վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի նախագահի պաշտոնական կայքէջին։
Նշենք, որ ԵԱՀԿ համանախագահները Երևան կժամանեն հունիսի 9-ին։ Նախատեսվում է, որ նրանք կայցելեն նաև ԼՂՀ։
Տեղեկացնենք, որ նախնական տվյալներով հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Բացահայտվել է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական կեղծիքը



Շվեդ խորհրդարանական Դեսիրե Պեթրուսը հերքել է Ադրբեջանի կողմից իրեն  վերագրվող արտահայտությունները, թե ցեղասպանության ճանաչումը սխալ քայլ է: Այդ արտահայտությունները հերքվում են Շվեդիայի պատգամավորի կողմից Շվեդիայի հայ համայնքից Վահագն Ավետյանին ուղարկված նամակում:
Ներկայացնում ենք Շվեդիայի պատգամավորի Վահագն Ավետյանին ուղված նամակի բովանդանկությունը.
«Ես նման արտահայտություն չեմ արել: Ես ասել եմ, որ կարծում եմ, թե հաշվի առնելով քրիստոնեադեմոկրատական կուսակցության դիրքորոշումը, ընդհանուր առմամբ, ցեղասպանությունների ճանաչումը խորհրդարաններում միգուցե այդքան էլ  ճիշտ չէ: Նման որոշումները պետք է ընդունվեն միջազգային դատարանների կողմից: Ավելի ճիշտ կլինի ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այդ կապակցությամբ մենք որևև առարկություն չունենք»- ասված է Պետրուսի նամակում:

Վրացի փորձագետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը 50/50 է


Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը մեծացել է, որից կարող է տուժել նաև Վրաստանն ու ողջ տարածաշրջանը: Այս մասին GHN գործակալությունը տված հարցազրույցում հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:
«Ես կարծում եմ, որ պատերազմի վերսկսման հավանականությունը 50/50 է: Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները PR-ի տարրեր են պարունակում: Փաստ է, որ իրավիճակը փակուղային է: Միջազգային կազմակերպությունների հավակնոտության և պասիվության պատճառով, անգամ իմիտացիա չկա, թե կատարվում են որոշակի գործողություններ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է փորձագետը:
Նրա խոսքով, պատերազմի վերսկսման դեպքում, դա չի լինի հակամարտություն միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Դա կլինի կլինի պատերազմ ողջ տարածաշրջանում, որը կազդի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Կոնկրետ Վրաստանին դա հետ կշպրտի 25-30 տարով, ինչը ձեռնտու է միայն մեր թշնամիներին»,- ընդգծել է Արեշիձեն:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության «տաք գլուխներն» Ալիևին դրդում են վտանգավոր քայլերի



NEWS.am-ը ներկայացնում է ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական հետազոտությունների Ինստիտուտի փոխտնօրեն (միջազգային հարցերով) Մաքսիմ Յուսինի հոդվածը, որը հրապարկվել է «ВЗГЛЯД» պարբերականում: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախաշեմին Յուսինն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
«Ամսվա վերջին Կազանում կայանալիք նախագահների հանդիպման մոտենալուն զուգահեռ` Բաքվում դարձյալ ավելի լսելի են դառնում ռազմատենչ հայտարարությունները: Բոլորին գերազանցել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհն անխուսափելի է:
«Ի վերջո, ադրբեջանցի զինվորը կարդարացնի ժողովրդի, երկրի ղեկավարության, գերագույն գլխավոր հրամանատարի հույսերը և թշնամուց կազատագրի բռնազավթած հողերը»,- հայտարարեց Սաբիրօղլուն մամուլի ասուլիսում: Այսպիսի անբարենպաստ ֆոնին բանակցությունների սեղանի շուրջը կնստեն Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը:
Հայաստանին և Ղարաբաղին ուղղված սպառնալիքները Բաքվի կողմից նորություն չեն, սակայն այդքան հստակ դեռ երբեք սպառնալիքը չէր ձևակերպվել: Շատ հնարավոր է, որ նոր պատերազմ լինի, սակայն ոչ վաղը, ոչ էլ վաղը չէ մյուս օրը: Եթե Բաքուն իսկապես պատրաստվեր հարված հասցնել, ապա դժվար թե պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան այդ մասին զգուշացներ հակառակորդին: Բայց միջնաժամկետ հեռանկարում երկրորդ ղարաբաղյան պատերազմը շատ հավանական է:
Դրա պատճառը խաղաղ կարգավորումն է, որի մասին այդքան խոսում են դիվանագետները, սակայն այդ գործընթացում ոչ մի առաջընթաց չկա: Կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից այնպես, ինչպես 17 տարի առաջ, երբ ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները հերթական այցով ժամանել են Անդրկովկաս, որպեսզի իրավիճակը հանեն փակուղուց: Սակայն մինչև այսօր նրանց ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել:

Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է ղարաբաղյան հայերին տրամադրել «ինքնավարության ամենաբարձր աստիճանը, որ գոյություն ունի աշխարհում»: Բայց դրանից ոչ ավելի: Բաքուն համաձայն չէ ճանաչել Ղարաբաղի անջատումը:
Երևանի և Ստեփանակերտի համար այդպիսի պայմաններն անընդունելի են: Հայերը հայտարարում են, որ երբեք չեն վերադարձնի Արցախը Ադրբեջանին: Նրանք կարող են հակառակորդին վերադարձնել յոթ ադրբեջանական շրջանները, որոնք բռնազավթել են «առաջին ղարաբաղյան պատերազմի» ընթացքում, սական Ղարաբաղը վերադարձնել չեն կարող:
Այդ շրջանները հայերին պետք են միայն մեկ նպատակով` որպես բուֆերային գոտի նոր հակամարտության դեպքում: Եթե Բաքուն հրաժարվի հավակնել Ղարաբաղին, ապա պատերազմն օրակարգից դուրս է բերվում: Հետևաբար չկա իմաստ պահել Աղդամը, Ֆիզուլին, Կուբաթլին, Զանգելանը, Քելբաջարը: Մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների մեծ մասը հենց այդ շրջաններից են, այլ ոչ թե Ղարաբաղից:
Սակայն այդպիսի «մասնակի տարբերակը» Բաքվին չի բավարարում: Ադրբեջանի իշխանությունները վերահսկողություն են պահանջում բոլոր «օկուպացված հողերի», այդ թվում բազմաչարչար Լեռնային Ղարաբաղի վրա: Ստացվում է փակուղի, որից 17 տարիներին ոչ մի միջազգային միջնորդ ելք չգտավ:
Անառարկայական բանակցություններին միակ այլընտրանքը պատերազմն է, կարծում են Բաքվի «ճուռակները»: Սակայն դժվար է հավատալ, թե ադրբեջանցի զինվորը «կարդարացնի ժողովրդի, երկրի ղեկավարության և գերագույն գլխավոր հրամանատարի հույսերը», ինչպես խոստանում է պարոն Սաբիրօղլուն: Պատերազմում ամեն ինչ չի որոշվում զինուժի քանակով: Հայերի մարտական ոգու զորությանն ու նրանց կարգապահությանը ես ականատես եղա 1992 թվականին Ղարաբաղում: Ես տեսել եմ նաև ադրբեջանցի զինվորներին. համեմատությունն ակնհայտորեն նրանց օգտին չէ:
Իհարկե, այն ժամանակներից շատ ջրեր են հոսել: Ադրբեջանը վերակազմավորել և վերազինել է բանակը` նավթադոլարները թույլ են տալիս: Սակայն մարտական ոգին, կարգապահությունը, ռազմարվեստը գնել հնարավոր չէ:
«Հայկական ստորաբաժանումները մարտական պատրաստությամբ մի քանի անգամ գերազանցում են մրցակցին: Գաղտնիք չէ, որ հայերն ունեն բանակ, իսկ Ադրբեջանը` միայն զինված ուժեր»,- ԱՄՆ Արտաքինքաղաքական խորհրդի փորձագետ Ուեյն Մերրիի կարծիքն է:
Իհարկե, տնտեսական տեսանկյունից Ադրբեջանն այսօր Հայաստանից ավելի գերադասելի դիրքեր ունի: Բաքուն կարող է ռազմական կարիքների համար շատ ավելի մեծ միջոցներ տրամադրել: Այդ իմաստով, ժամանակն աշխատում է հայերի դեմ, բայց ոչ այնքան արագ, որքան կցանկանային ադրբեջանցիները: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի և մյուս պետությունները չմիջամտեն, ապա դարձյալ կպարտվի: Իսկ այլ պետությունների չմիջամտելու մասին հոգ կտանի Ռուսաստանը:
Հայաստանը մեր ամենահուսալի դաշնակիցն է Անդրկովկասում և ամենահուսալիներից մեկն է ԱՊՀ-ում: Հայաստանի տարածքում է գտնվում ռուսաստանյան ռազմակայանը` արտասահմանում պահպանված մեր մի քանի ռազմական օբյեկտներից մեկը: Մարտական գործողություններում Մոսկվայի անմիջական ներքաշվածության մասին խոսք լինել չի կարող, բայց Մոսկվան ունի իրավիճակի վրա ազդելու բազմաթիվ միջոցներ` պահպանելով ձևական չեզոքություն: Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմական պարտությունը, դիրքերի թուլացումը չեն մտնում Ռուսաստանի ծրագրերի մեջ:
Բաքվում դա հասկանում են: Ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն վերջերս հարցազրույցում հայտարարեց, թե հակամարտության լիարժեք կարգավորումը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության կնքումը չի բխում հարակից պետությունների շահերից: Ակնարկը հասկանալի է:
Այդուամենայնիվ, «երկրորդ ղարաբաղյան պատերազմն» ադրբեջանական ղեկավարության համար կլինի չարդարացված ռիսկային քայլ: Իլհամ Ալիևը չի կարող չհասկանալ, որ ռազմական գործողությունները չեն սահմանափակվում «բռնազավթած շրջաններով»: Գործողությունները կտարածվեն ամբողջ երկրի վրա: Սպառնալիքի տակ կհայտնվեն նավթային հանքավայրերն ու տարանցիկ խողովակաշարերը: Պատերազմը երկար ժամանակով կվախեցնի ներդրողներին: Տնտեսական բումի մասին կարելի է մոռանալ: Այդուամենայնիվ, փաստ չէ, որ նույնիսկ այդ ամենի գնով հնարավոր կլինի վերադարձնել Ղարաբաղը: Բայց Ադրբեջանի Պաշտպանության նախարարության «տաք գլուխներն» իրենց նախագահին դրդում են վտանգավոր քայլերի:

Արաբական ապստամբությունների ահը համակել է Ադրբեջանի ղեկավարությանը



Արաբական աշխարհի ապստամբությունների շարունակությունն Ադրբեջանում կանխելու համար Իլհամ Ալիևը բացում է նավթային եկամուտների ծորակը` բարձրացնելով աշխատավարձերն ու կառուցելով դպրոցներ: Այդ մասին գրում է «The Moscow Times»-ը` հղում անելով Reuters-ին:
Ունենալով նավթի և բնական գազի մեծ պաշարներ և դրանք առաքելով Եվրոպա և Ռուսաստան` Ադրբեջանը բարեկարգեց և նոր տեսք տվեց մայրաքաղաք Բաքվին, ներգրավեց հսկայածավալ օտարերկրյա ներդրումներ, ֆինանսավորում է շնորհալի երիտասարդների ուսումը Հարվարդում, Օքսֆորդում և Քեմբրիջում:
Սակայն այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին երկրում տեղի ունեցան բողոքի փոքր ցույցեր` տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների պահանջով: Ձերբակալվեց մոտ հարյուր մարդ: Բողոքի գլխավոր պատճառներից մեկը հարուստների և աղքատների միջև եկամուտների հսկայական տարբերությունն է:
Ավելի մեծ անկարգությունների սպառնալիքը ստիպեց Ալիևին ավելացնել ծախսերը, որպեսզի թուլացնի ճնշումը ղեկավարության վրա: Իշխանություններին ուղղված մեղադրանքները հիմնականում երկուսն են` մարդու իրավունքների ոտնահարում և Լեռնային Ղարաբաղի սառեցված հակակամրտություն:
«Կառավարությունը փորձում է թուլացնել լարվածությունը` բարձրացնելով աշխատավարձը և կյանքը դարձնելով ավելի բարեկեցիկ: Նրանք ցանկանում են կասեցնել աջակցությունն ընդդիմությանը: Այդ ամենը տեղի ունեցավ միայն Եգիպտոսի, Թունիսի և Լիբիայի հեղափոխություններից հետո: Այնպես որ եկեք հետևենք, թե ինչ կկատարվի Ադրբեջանում»,- ասում է նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
Տարվա սկզբից նավթի գինը բարձրացել է մոտ 30 տոկոսով: Օրական մոտ մեկ միլիոն բարել նավթ արդյունահանող Ադրբեջանի կառավարության համար գնի այդ բարձրացումը նշանակում է պետբյուջեի համար ապահովել լրացուցիչ 4 միլիարդ դոլարի եկամուտ:
«Մեր պետական բյուջեն աճել է և բոլոր եկամուտները կհատկացվեն մեր ժողվրդի կյանքի սոցիալական պայմանների բարելավմանը»,- հայտարարեց կապի փոխնախարար Էլմիր Վելիզադեն:
Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները մեղադրում են կառավարությանը խախտումների մեջ: Նրանք բողոքում են ոստիկանությունում մարդկանց խոշտանգման ենթարկելու, ընտրությունները կեղծելու և դատարաններում իրավունքի գերակայության սկզբունքի չկիրառման դեմ:
«Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վատթարանում է բոլոր հնարավոր ուղղություններով: Խոշտանգումների, դատական համակարգի և սեփականության իրավունքի հիմնախնդիրներն այժմ շատ ավելի լուրջ են, քան խորհրդային համակարգի օրոք», - ասում է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:
Դժգոհության ժողովրդական ալիք բարձրացնելու հույսով` ընդդիմադիր քաղաքական գործիչները մտադիր են ավելի շատ հանրահավաքներ անցկացնել հունիսի երկրորդ կեսին` դնելով բարեփոխումների պահանջ:

ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է փակել ռազմական հեռանկարը. Մասիս Մայիլյան




Ստորև NEWS.am-ը ներկայացնում է ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, ներկայումս Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի «Պատերազմի և խաղաղության հարցերը ղարաբաղյան հակամարտությունում» հոդվածը:
Թեև Ադրբեջանի, ԼՂՀ և Հայաստանի միջև անժամկետ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության օրվանից անցել է 17 տարի, կրակի դադարեցման ռեժիմի պահպանության խնդիրը դեռևս արդիական է մնում: ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Աստրախանում  և Սոչիում կայացած վերջին հանդիպումները նվիրված էին հենց այս խնդրին, ինչպես և հակամարտության գոտում ընդհանուր լարվածության նվազեցման միջոցառումներինՄիջնորդները վերադառնում են այն ըմբռնմանը, որ առանց ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի ամուր կայունության և հուսալի ամրապնդման անհնար է առաջ մղել քաղաքական առանցքային հարցերի համաձայնեցման գործընթացըՀակամարտության գոտում բարենպաստ մթնոլորտի ստեղծումը խաղաղ երկխոսությունը շարունակելու նվազագույն պայման է, մինչդեռ բանակցություններում առաջընթացն ապահովելու կամ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար անհրաժեշտ է բարի կամք և կառուցողական տրամադրվածություն:
Ադրբեջանական կողմի հայտարարություններն ու գործողությունները ցույց են տալիս վերջինիս մինչ այդ էլ անզիջում դիրքորոշման կարծրացումը: Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն որդեգրել է հետևյալ բանաձևը` կա´մ խաղաղություն Ադրբեջանի սահմանած պայմաններով, կա´մ պատերազմ: Հարկ է նշել, որ «Ադրբեջանի սահմանած պայմաններով» կամ «մադրիդյան սկզբունքների» հիման վրա խաղաղությունը նշանակում է հետաձգված պատերազմ: Հասկանալի է, որ Ստեփանակերտն ու Երևանը Բաքվի կանոններով չեն խաղալու
Դիպուկահարների պատերազմի շարունակությունը և հրադադարի ռեժիմը դիտարկելու և վերահսկելու միջազգային մեխանիզմի ստեղծման հարցում (ի հեճուկս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում ձեռք բերված համաձայնության. «...հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի քննությունը կողմերի մասնակցությամբ և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո` ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի օժանդակությամբ անցկացնելու վերաբերյալ») Ադրբեջանի ցանկության բացակայությունը` վերոհիշյալ ադրբեջանական բանաձևից ածանցյալ են: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի  և այլ գործիչների կոչերը` ճակատային գծից դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտության մասին կարող են իրականանալ միայն Ադրբեջանի` ռազմական շանտաժի կամ ռազմական դիվանագիտության քաղաքականությունից հրաժարվելու դեպքում: Հայաստանն ու ԼՂՀ-ն արդեն իսկ հայտարարել են դիպուկահարներին հեռացնելու պատրաստակամության վերաբերյալ, թեև հայկական պետությունները չեն կարող նման քայլի միակողմանի դիմել:
Հակամարտության գոտում լարվածությունն Ադրբեջանի կողմից հաճախ գիտակցաբար է հրահրվում` հայկական կողմերի վրա, այդ թվում և միջնորդների միջոցով, ճնշումը գործադրելու նպատակով: Ընդհանուր առմամբ` ռազմական վտանգի մակարդակն, ասենք, 2007թ. համեմատ որոշակիորեն բարձրացել է: Ադրբեջանը հետևողականորեն զինվում է` ձգտելով խախտել հրադադարի հիմքում ընկած ուժերի փոխհավասարակշռությունը: Ակնհայտ է, որ հավասարակշռության պահպանումը նշանակում է կայունության պահպանում, և եթե կողմերից մեկն, օգտագործելով նավթային եկամուտները, փորձում է խախտել այդ հավասարակշռությունը, ապա հակամարտության այլ կողմերը պետք է համապատասխան աջակցություն ստանան այն պետություններից, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ
Հայկական կողմերին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի անվարձահատույց տրամադրումը կամ արտոնյալ գներով վաճառքը` նոր պատերազմը կանխելու հնարավոր միջոցներից է:
Նյութատեխնիկական միջոցներից բացի գոյություն ունեն ղարաբաղյան հակամարտության գոտում կայունությունն ապահովելուն ունակ քաղաքական բնույթի միջոցներ:
ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է փակել ռազմական հեռանկարը: Վերջին տարիներին փորձարկված և նվազագույնս ոչ ծախսատար նման սցենարի իրագործումը տարածաշրջանին շնորհելու է երկարաժամկետ կայունություն: Տարածաշրջանային խաղաղությամբ անկեղծորեն շահագրգռված ստատուս-քվոյի դրական փոփոխության կողմնակիցները պետք է նախապատվություն ընծայեն հենց այս սցենարին:
Արցախի և Հայաստանի ճակատագրի համար պատասխանատու պաշտոնական անձանց նպատակը երկու հայկական պետությունների խաղաղ և անվտանգ պայմաններում զարգացման ապահովումն է: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը չի դադարեցնում հրադադարի գծում սպանություններն ու հրահրում  է լարվածությունը, Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է ձեռնարկեն աշխույժ հակագործողություններ թե´ ռազմական, թե´ դիվանագիտական հարթություններում: Նպատակասլաց աշխատանքի արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հայտնվի այնպիսի պայմաններում, որ հրադադարի ժամանակ վերջինիս` սպանելու հրամաններն ունենան խիստ բացասական հետևանքներ, նախ և առաջ` հենց Բաքվի համար:
Միջազգային դիտորդները պետք է հստակ և աներկիմաստ կերպով ըմբռնել տան Ադրբեջանին, որ ռազմական դիվանագիտությունը շարունակելը և պատերազմին փաստացի պատրաստվելը հանգեցնելու են ԼՂՀ անկախության միջազգային արագացված ճանաչմանը: Ավելին` միջնորդ երկրները պետք է այդ ուղղությամբ առաջին քայլերը կատարեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ՄԱԿ-ում և այլ միջազգային միջկառավարական կազմակերպություններում արդեն իսկ պետք է տրամադրվեր դիտորդի կարգավիճակ:
«Ամերիկայի ձայնին» վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին հարցին ի պատասխան, նշել է, որ նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Ադրբեջանի կառավարության անդամների հետ այդ հարցերը քննարկելով: Այդ քննարկումները ներառում են նաև լրագրողների և ցուցարարների ձերբակալության հարցերը: «Մենք կամենում ենք մեր գործընկերների հետ համագործակցությունն այնպես հաստատել, որ Ադրբեջանն ընթանա ոչ թե քաղաքական ավտորիտարիզմի կամ իսլամական ծայրահեղականության, այլ` այլընտրանքային ճանապարհով»: Ընդդիմության ցույցերը ցրելու և դրանց մասնակիցներին ձերբակալելու կապակցությամբ Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ-ն միշտ պաշտպանել է ժողովների ազատությունը և այդ հարցն Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում միշտ ուշադրության կենտրոնում է պահել:
Ադրբեջանում մեկնարկած ներքաղաքական գործընթացների հմուտ արտաքին կառավարումը կարող է դրականորեն ներազդել հակամարտության գոտում առկա իրավիճակի վրաՔանի որ ավտորիտար վարչակարգերի համար իշխանության պահպանումը կարևոր առաջնահերթություն է, Ադրբեջանում ժողովրդավարական և քաղաքացիական շարժումներին ցուցաբերվող աջակցությունը կարող է կենտրոնացնել Բաքվի իշխանությունների ուշադրությունը ներքաղաքական հարցերի վրա` մի կողմ թողնելով ռևանշիստական գաղափարների իրականացումը: Հմուտ արտաքին կառավարումը պետք է բացառի այնպիսի իրավիճակներ, երբ գործող վարչակարգը որոշի վերսկսել ռազմական գործողություններ ԼՂՀ-ի դեմ` Բաքվում սեփական իշխանությունն ամրապնդելու համար

Արևմտյան պետությունների ընկերակցությունը կարող է դիմել նման կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, քանի որ արևմտյան երկրների և նավթային ընկերությունների ներդրումներից ստացված եկամուտն Ադրբեջանն օգտագործում է ոչ խաղաղ նպատակների համար: «Անվտանգությունը Հարավային Կովկասում` ադրբեջանա-թուրքական հարաբերություններ» վերտառությամբ համաժողովում ելույթ ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Քերրի Քավանոն նշել է, որ Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեն կազմում է 3,5 միլիարդ դոլար, և այդ թիվը գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն: Նա վստահություն է հայտնել, որ այդ հսկայական միջոցները կարելի է ուղղել խաղաղ նպատակների»: 
Ադրբեջանի գործողություններով հարուցված արևմտյան երկրների դժգոհությունն ունի իր պատճառները: Դիվանագիտական աղբյուրներից հայտնի է, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող նավթային պաշարների շահագործման վերաբերյալ այսպես կոչված «Դարի պայմանագրի» ստորագրման նախապատրաստության ժամանակ Ադրբեջանն, ի թիվս այլ պարտավորությունների, արևմտյան գործընկերներին երաշխիքներ էր տվել` առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու և ներդրողների ռիսկերը չմեծացնելու  առնչությամբ: Այսինքն, տարածաշրջանում պատերազմի և խաղաղության հարցերի լուծումը փաստացիորեն դուրս է բերվել պաշտոնական Բաքվի բացառիկ իրավասության ոլորտից: Ադրբեջանի ղեկավարությունը, կնքելով «Դարի պայմանագիրը», ստացել է արտաքին քաղաքական աջակցության անդրկուլիսյան երաշխիքներ: Հենց Ադրբեջանի ղեկավարությունը, այլ` ո´չ թե ժողովուրդը: Կնքելով «Դարի պայմանագիրը»` ոչ ոք չի երաշխավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես Ադրբեջանի շահերից բխող եղանակով
Արևմտյան գործընկերները կատարում են իրենց պարտավորությունները: Դա հաստատվում է, օրինակ, Ադրբեջանում հորից որդի իշխանության սահուն փոխանցմամբ և մի շարք այլ փաստերով: Նավթային ռազմավարության իրականացումից մեծ տնտեսական և քաղաքական շահութաբաժիններ ստացած և սպառազինությունների պաշարը համալրած Ադրբեջանի գործող նախագահը քայլեր է ձեռնարկում 1994 թ. ընդունված խաղի կանոնները խախտելու և ԼՂՀ-ի դեմ ուժային գործողությունների ծավալման անվերապահ իրավունքը ստանալու ուղղությամբ: Կանոնների խախտումը կամ դրանց փոփոխությունը չեն կարող ունենալ միակողմանի բնույթ: Եվ եթե խաղի կանոններն, այնուամենայնիվ, խախտվեն, ապա Ադրբեջանում իշխող վարչակարգը կզրկվի արտաքին աջակցությունից` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Նավթային գործարարության ասպարեզում Ադրբեջանի արևմտյան գործընկերներից բացի սեփական դրդապատճառներ ունեցող Ռուսաստանի և Իրանի պես տարածաշրջանային ազդեցիկ խաղացողները նույնպես շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանմամբ: Մասնավորապես, իրադարձությունների ռազմական զարգացումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ռուսաստանյան Հյուսիսային Կովկասի համար: Հարավում ծագած պատերազմն ուղիղ սպառնալիք է տարածաշրջանի հյուսիսում պահպանվող փխրուն կայունությանը: Իրանական կողմն էլ մտահոգ է, որ տարածաշրջանային ապակայունության դեպքում իր հյուսիսային սահմաններին կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զորքերը
Այսպիսով, շահագրգիռ երկրների աշխույժ փոխգործակցությամբ և առկա գործիքադարանի ճիշտ օգտագործմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է ապահովել երկարաժամկետ խաղաղություն:

Քաղաքագետ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կազանում հաշտության համաձայնագիր չեն ստորագրի



Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաշտության համաձայնագիր չեն ստորագրի։ Հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Նրա կանխատեսումներով, կազանյան հանդիպման ժամանակ եթե անգամ որևէ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն իր բովանդակությամբ նախորդներից չի տարբերվի։ Այն միայն կողջունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Դովիլում արած համատեղ հայտարարությունը։
Հովհաննիսյանը նաև կարծիք հայտնեց, որ կողմերն այս պահին պետք է Time out վերցնեն, մանավանդ որ համանախագահները խորասուզված են իրենց երկրների ներքաղաքական հարցերի մեջ։

Փորձագետ. Ադրբեջանը ընդմիշտ կորցրել է
Լեռնային Ղարաբաղը

Ադրբեջանը չի կարողանում հաշտվել տարրական իրականության հետ, որ ընդմիշտ կորցրել է Լեռնային Ղարաբաղը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կովկաս» վերլուծական ինստիտուտի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ընդ որում, ընդգծել է նա, դա չի գիտակցում միայն Ադրբեջանը, աշխարհի բոլոր մյուս երկրները հիանալի հասկանում են դա: Կիրակոսյանը հավելել է, որ Ադրբեջանի կուրությունը պայմանավորված է նավթային գործոնով: «Ուղղակի նավթը կեղտոտել է Ադրբեջանի աչքերը և նա ունակ չէ տեղնել իրականությունը»,- բացատրել է Կիրակոսյանը:
Նրա խոսքով, ներկայումս ղարաբաղյան հակամարտության կեղծման իրական պատճառը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ԵՄ-ի ակտիվացումն է և Ռուսաստանի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը, որը բանակցային գործընթացում հիմնական թելադրողն է:

Բաքվում ՌԴ դեսպանը հանձնել է սեփական երկրի շահերը. «Էխո Մոսկվիի» մեկնաբան


 «Эхо Москвы» ռադիոկայանի մեկնաբան Մատվեյ Գանապոլսկին հունիսի 10-ին իր բլոգում անդրադարձել է լրագրող Սերգեյ Բոնտմանին Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկելու փաստին: Այդ կապակցությամբ, Գանապոլսկին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին մեղադրել է սեփական երկրի ԶԼՄ-ների շահերը դավաճանելու խայտառակ մոտեցման համար:
«Սերգեյ Բունտմանը ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հանձնարարությամբ այցելել էր Լեռնային Ղարաբաղ, հարցազրույց անցկացրել տեղի ղեկավարության հետ: Այցի նպատակն էր ռադիոլսողներին տեղեկացնել, թե ինչ է այնտեղ կատարվում: Ադրբեջանի ԱԳՆ-ն Բունտմանին ընդգրկեց անցանկալի անձանց սև ցուցակում: Պատճառն այն է, որ ռադիոկայանը Բաքվի հետ չի համաձայնեցրել Բունտմանի այցը: Վենեդիկտովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի տարածքն է, իսկ Բաքվի հետ Ռուսաստանն ունի առանց վիզայի ռեժիմ: Հետևաբար նախնական թույլտվություն ստանալու ոչ մի պատճառ չկա: Նշեմ, որ այդ հայտարարությունից հետո ռադիոկայանում ոչ ոք չի սպասել Ադրբեջանի ներողությունը:
Սակայն թեման դարձյալ բացվեց, երբ սեփական երկրի ԶԼՄ-ի շահերի հանձնելուն մասնակցեց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Բաքվում կայացած մամուլի ասուլիսում դեսպանը հայտարարեց. Ռուսաստանի զարգացման մեջ կան բազմաթիվ նրբություններ, այդ թվում մամուլի ազատությունը: Այն, ինչ ասում է Վենեդիկտովը մամուլի ազատության բացարձակացում է: Նա կարծում է, որ իրեն ամեն ինչ կարելի է, ինչ ցանկանում է, այն էլ անում է: Նա պետք է հասկանա, որ իր գործողությունները կարող են հետևանք ունենալ, և նա պետք է հստակ պատկերացնի այդ հետևանքները:
Փաստորեն, Ռուսաստանի դեսպանի համար դժվար չէ հանձնել երկրի շահերը: Դրա համար պետք է ընդամենը մի փոքր աղավաղել փաստերը. Ռուսաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածը անվանել Ռուսաստանի զարգացման նրբություն կամ մամուլի ազատություն: Հետո պետք է սպառնալ սեփական երկրի հեղինակավոր լրատվամիջոցին հետևանքներով այն բանի համար, որ այդ լրատվամիջոցի ղեկավարը համարձակվել է լրագրող գործուղել քաղաքացիների տեղեկացման հասարակական պարտքը կատարելու համար:
Այնուհետև պետք է չվրդովվել, որ ադրբեջանցի չինովնիկները Սերգեյ Բունտմանին ճանաչել են պերսոնա նոն-գրատա և չհարցնել, թե ինչպես հայտնվել Լեռնային Ղարաբաղի տարածքում, եթե Ադրբեջանի կողմից ճանապարհ չկա, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում էլ ադրբեջանական անձնագրային վերահսկողություն չկա: Այս դեպքում շատ կարևոր է չտալ այդ հասարակ հարցը:
Դեսպան Դորոխինը այդ խնդիրները պարզաբանելու փոխարեն շատ արագ և առանց դժվարության հանձնեց սեփական երկրի լրատվամիջոցին: Իսկ իր պարտքը կատարած լրագրողին պատժելու փաստը Դորոխինն ամփոփել է այսպես. …դա քննարկումից դուրս է:
Ես կասեմ, որ իսկապես քննարկում չկա: Չի քննարկվում, որ Ադրբեջանն ինքնիշխան երկիր է և իրավունք ունի վարվել այնպես, ինչպես կցանկանա: Բայց չկա քննարկում նաև այն հարցում, որ ռուսաստանցի դիվանագետը պարտավոր է պաշտպանել իր երկրի քաղաքացիների շահերը, այլ ոչ թե խրատ կարդա:

Ես հարցնում են ԱԳՆ-ին. Կա՞ն Ռուսաստանում դիվանագետներ, որոնք պաշտպանում են սեփական երկրի քաղաքացիներին»,- իր բլոգում գրում է Գանապոլսկին:

Ադրբեջանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն. ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Ադրբեջանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն: Այս մասին Հայաստանում տեղի ունեցած` ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համաժողովից հետո  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արված հայտարարության մեջ ընդգծվում է, որ բանակցության կողմերը պետք է համաձայնության գան ԼՂ կարգավորման սկզբունքների շուրջ: Մենք կարծում ենք, որ սկզբունքների շուրջ համաձայնություն լինել չի կարող, քանի որ Ադրբեջանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն: Իսկ եթե Ադրբեջանը դրան համաձայնի, ապա այսպիսով ճանապարհ  կբացվի ԼՂՀ փաստացի անխակության միջազգայնացման համար, որին կարող են հետևել կողմերին հետաքրքրող բոլոր հարցերի քննարկումը»,-նշեց Աթանեսյանը և խորհուրդ տվեց ժամանակից առաջ չընկնել: Խոսելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարության մասին, թե մինչև վերջնական խաղաղության կնքումը պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը, որը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն», Աթանեսյանն ասաց, թե Անջեյ Կասպրշիկը փորձել է օրիգինալ երևալ, քանի որ նա իր առաքելությունն ավարտող պաշտոնյա է:
Նշենք, որ Կազանում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Ավստրալիայի խորհրդարանական. Ադրբեջանն ընդօրինակում է օսմանյան ցեղասպան քաղաքականությունը



Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ամենաերկարակյաց պատգամավոր Ֆրեդ Նիլը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի հետապնդումը հիմնված է ցեղասպան քաղաքականության վրա, որը 20-րդ դարասկզբին հայերի դեմ կիրառում էր Օսմանյան Թուրքիայի կառավարությունը:
Նիլը, որը վերջերս Սիդնեյում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, խորհրդարանում նկարագրել է մարդկության դեմ գործած այդ հրեշավոր ոճրագործության ահավոր ժառանգությունը:
«Օսմանցի հանցագործներին համապատասխան պատժի չենթարկելու հետևանքով Ադրբեջանում նրանց թյուրք եղբայրներն ընդօրինակեցին նույն ցեղասպան քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ», – հայտարարել է Ֆրեդ Նիլը:
Պատգամավորը նաև ներկայացրել է Ադրբեջանի շարունակվող սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ քաղաքացիական բնակչության դեմ` եզրակացնելով, որ հայերի երկրորդ ցեղասպանությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է:
«Այսօր երեկոյան Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ես հայտարարում են, որ կողմ եմ ազգերի ինքնորոշման սկզբունքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը: Ադրբեջանական կառավարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մտադրության մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը կհասնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծմանը: Այդ գործողություններն ու սպառնալիքները ապացուցում են, որ հայերի երկրորդ ցեղասպանության կանխման և հաստատուն խաղաղության ապահովման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է երբեք չլինի ադրբեջանական վերահսկողության տակ:
Այլևս երբեք հայ ժողովուրդը, հայ քրիստոնյաները պետք է չտառապեն ցեղասպանության սպառնալիքից կամ չվերապրեն ցեղասպանությունը որևէ դրսևորմամբ: Ես կոչ եմ անում բոլոր ազգերին ինքնորոշման և ազատության որոնումներում աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին, որպեսզի նրանք ապրեն և դավանեն իրենց կրոնը, քրիստոնեական հավատքը», – հայտարարել է պատգամավորը:
Իր ելույթում Նիլը նկարագրել է նաև 20-րդ դարասկզբի հույների և ասորիների զանգվածային սպանությունները, որոնք ցեղասպանությունը սահմանող օրինակ են և ճանապարհ են հարթում Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի համար, որպեսզի ընդունվի այդ պատմական իրողությունը ճանաչող նախագիծ:
Նիլը, որը 1981 թվականից խորհրադարանում ծառայելու համար ստացել է «Պալատի հայր» ոչ պաշտոնական տիտղոսը, ներկա է եղել 1997 թվականի նիստին, երբ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները

Հունիսի 11–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովը աշխատանքային հանդիպում ունեցան Մոսկվայում:
Քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի ս.թ. հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ: