Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 15 августа 2011 г.

Ինչո՞վ կպատասխանի Ադրբեջանը Դմիտրի Մեդվեդևի «շանտաժին», կամ՝ ադրբեջանական քաղաքագետների հյուսիսատլանտյան «երազանքը»


2008թ. «Հնգօրյա կամ օգոստոսյան» ռուս-վրացական միկրոպատերազմը նորից ակտիվ քննարկումների թեմա է դարձել ռուսական, վրացական և, որքան էլ պարադոքսալ թվա, նաև ադրբեջանական քաղաքագիտական շրջանակներում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում գտնվող իր Բոչարով ռուչեյ նստավայրում հանդիպել է վրացական և ռուսական մի շարք լրատվամիջոցների (ռուսական Russia Today, վրացական Первый информационный кавказский հեռուստաալիքներ և ռադիոկայան Эхо Москвы) լրագրողների հետ և բավական ընդարձակ հարցազրույց-պարզաբանումներ է ներկայացրել 2008-ի օգոստոսյան իրադարձությունների մասին: Վրաստանի նախագահ Մ.Սաակաշվիլին, ունենալով Արևմուտքի աջակցությունը կամ «ինքնագլուխ» (հստակ և ճիշտ ոչ ոք չի կարող պնդել մեկը կամ մյուսը), խախտեց վրաց-օսական հակամարտությունում առաջացած ստատուս քվոն, և ՌԴ Զինված ուժերը կտրուկ միջոցների դիմեցին` վրացիներին դուրս մղեցին ոչ միայն Հարավային Օսիայից, այլև մի քանի օրով գրավեցին բուն վրացական տարածքները` Գորիից մինչև ծովափնյա Փոթի: Հասկանալի է, որ Ռուսաստանի նախագահը, որի պաշտոնավարման առաջին ամիսներին տեղի ունեցան հիշյալ դեպքերը, պետք է ողջ մեղքը բարդեր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վրա: Թե որ կողմը և ով էր մեղավոր այս անիմաստ բախման համար, ժամանակն ու պատմական իրադարձությունների սառը և կշռադատված գնահատականը ցույց կտան: Մի բան միայն շատ ակնառու է, որ այս իրադարձություններից հետո ռազմաքաղաքական իրադրությունը Կովկասյան լեռներից հարավ կտրուկ փոխվեց: Այս փոփոխությունները զգացվեցին հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում ռուսական կողմի ակտիվացման և շրջանակային փաստաթղթի ստորագրման շուրջ եռանախագահների ջանքերի ուժեղացման մեջ:

Կազանյան հանդիպումից հետո ադրբեջանական պաշտոնական ներկայացուցիչները և մերձիշխանական քաղաքական վերլուծաբանները մեկ բացահայտ հոխորտում են ԼՂՀ և ՀՀ հասցեին, մեկ «խաղաղության աղավնու» փետուրներ են կպցնում իրենց, սակայն գոնե Ռուսաստանի հասցեին փորձում էին առավել լոյալ ու «անվնաս» արտահայտություններ անել:



Տեսնենք, թե ինչն է պատճառը, որ ադրբեջանական քաղաքագետներն այդպես ակտիվացան և իրենց ոչ հատուկ խիստ արտահայտություններ հնչեցրին Բոչարով ռուչեյում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի արտահայտած մի քանի նախադասությունների կապակցությամբ, որոնք բերում եմ առանց փոփոխության «Երբ դահնգօրյա պատերազմը») տեղի ունեցավ, երկու ղեկավարներն էլ, և՛ նախագահ (Ադրբեջանի, Իլհամ) Ալիևը, և՛ նախագահ (Հայաստանի, Սերժ) Սարգսյանը այստեղ էին, Սոչիում։ Գիտե՞ք նրանք ինձ ինչ ասացին։ Ասում են. «Վատ է, իհարկե, որ այս ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար դա ծանր բան է»։ Ես ասում եմ. «Շատ վատ է»։Բայց Դուք գիտե՞ք, սա մեզ համար որոշակի դաս է, որ ավելի լավ է անվերջ բանակցություններ վարել այն մասին, թե ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, երբևէ հանրաքվե կլինի՞, ինչպե՞ս պատրաստենք հաշտության պայմանագիրը, քան անցկացնենք այս հինգ ռազմական օրերը։ Դա նրանց համար շատ լուրջ դաս էր» (http://ria.ru/politics/20110805/412245123.html): Եթե իրոք այսպիսի խոսակցություն եղել է Սոչիում 2008թ. օգոստոսյան օրերին ու Մեդվեդևի խոսքերն իրենց մեջ սպառնալիք են պարունակել Ադրբեջանի հասցեին, ապա ինչո՞ւ Իլհամ Ալիևն ու իր շրջապատը կտրուկ չպատասխանեցին հենց նույն ժամանակ, այլ սպասեցին մինչև երեք տարին բոլորի: Իսկ այդ ընթացքում նույն Ալիև կրտսերը մի քանի անգամ հանդիպել է «շանտաժիստ» Մեդվեդևի հետ, ինչպես ասում են՝ տետ ա տետ կամ եռակողմ ձևաչափով: Չմոռանանք ասել, որ պ-ն Ալիևը մի քանի օր հետո (օգոստոսի  9-ին) գնալու է Սոչի՝ հանդիպելու համար «շանտաժիստի» հետ (երևի հաշիվ պահանջի կամ էլ ՆԱՏՕ-ով «վախեցնի» ՌԴ նախագահին. չգիտեմ, չեմ կարող պնդել): Եվ իսկապես, ի՞նչն էր արգելք հանդիսացել ադրբեջանական ղեկավարության համար, որ «շանտաժի» թարմ հետքերով չէին արձագանքել, թե ռուսական «Ուրագաններն» ու ավիացիան իսկապես ծանր մտորումների տեղիք էին տվել, կամ թե թուրք եղբայրների երկչոտ և իրենց «եղբայր» Վրաստանի նկատմամբ բացահայտ դավաճանական ու վախկոտ դիրքորոշումն էր հետ պահել Ալիևին ու նրա կլիկին: Ո՞վ գիտե, մեծ աշխարհ է, Ռուսաստանի նման փղի կողքին Մոսկա դառնալը բավական ստորացուցիչ կլիներ «ազնվազարմ» Իլհամ Հեյդարօղլիի համար:

Ալիև կրտսերի Սոչի գնալուց առաջ Վաֆա Գուլուզադեն իլուր աշխարհի հայտարարում է, որ Ռուսաստանը «շանտաժի» է ենթարկում Ադրբեջանին և բացահայտ սպառնալիքներ է ուղղում այս երկրին: Երեք տարի հետո միայն պարոն Գուլուզադեն հիշել է, որ Մեդվեդևը վատ բան է ասել Ադրբեջանի հասցեին ու հիմա էլ, «խիղճը կորցրած», նույնը կրկնում է համայն աշխարհի առջև: Ուրեմն, նորից եռամյա ուշացումով պետք է եզրակացությունների հանգեն գուլուզադեներն ու իր տերերը. «Նախագահ Դմիտրի Մեդվեդևն, ըստ էության, ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացման հետևում հենց Ռուսաստանն է կանգնած։ Հայաստանին Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրել սպառնալու փոխարեն, որոնք, ի դեպ, ամենևին Լեռնային Ղարաբաղի սահմաններում չեն, Մեդվեդևը սպառնում է Ադրբեջանին օգոստոսյան դեպքերի կրկնությամբ» (http://regnum.ru/news/fdabroad/armenia/1432680.html#ixzz1U9PQpWPO): Բայց կներեք, նորից եթե հավատանք Մեդվեդևին, նա իր խոսքերն ասել է երկու նախագահներին, այսինքն, եթե իսկապես Ռուսաստանը ցանկություն ուներ կամ ունի պատժելու պատերազմ սկսողներին, ապա իր ռազմական ողջ ուժը պետք է կիրառի երկուսի նկատմամբ էլ: Ինչո՞ւ հայկական կողմն այդպես ցավոտ չարձագանքեց այս խոսքերին, իսկ ադրբեջանականը հիստերիկ ճիչեր սկսեց արձակել: Բացատրենք պ-ն գուլուզադեներին ու ալիզադեներին: Ռուսաստանն ինչքան էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ է,միևնույն ժամանակ նաև գորբաչովյան «հավասարարական» սկզբունքի կրողն է, և ոչ ոք չի կարող ինձ հակառակն ապացուցել, վկան` Ադրբեջանին չնչին գներով վաճառված ռուսական ժամանակակից սպառազինությունը և ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունները (վերջին ադրբեջանահաճո ժեստը բնիկ լեզգիական գյուղերի նվիրատվությունն էր եղբայրական Ադրբեջանին): Մեդվեդևի հարցազրույցի մեջ մի հատված կա, որից հատկապես սարսափել են պարոնայք ադրբեջանցի քաղաքագետները. «Եթե վերադառնանք նրան, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, չէ՞ որ եթե մեր վրացի գործընկերոջ խելքը գոնե մի փոքր հերիքեր, գուցե մենք ճիշտ նույն կերպ հանդիպեինք Սոչիում, Կազանում, էլի ինչ-որ տեղ, և մտածեինք այն մասին, թե ինչպես փոխզիջումներ որոնենք երբեմնի մեկ պետության մասերի, իսկ հիմա՝ Վրաստանի և անջատված մասերի միջև։ Բայց դա կլիներ քաղաքական գործընթաց»,- նշեց ՌԴ նախագահը։  Նրա կարծիքով՝ հայտնի չէ, թե ինչ հեռանկարներ կունենային այդ բանակցությունները. «գուցե երբեք չէին պայմանավորվի, գուցե մի բան կստացվեր, գուցե ինչ-որ կոնֆեդերացիա կառաջանար» (http://ria.ru/politics/20110805/412245123.html): Մեդվեդևն այստեղ խոսում է Հարավային Օսիայի կարգավիճակի մասին, որը սարսափեցնում է ադրբեջանական կողմին: Վերջիններս իրենց համար բավական վտանգավոր նրբերանգներ են որսացել ՌԴ նախագահի խոսքերում և վախից փշաքաղված գայլերի նման սկսել են ժանիքներ ցույց տալ միջնորդ երկրին` մեղադրելով նրան կողմնակալության մեջ:

Չգրված ճշմարտության նման մի բան կա քաղաքականության մեջ: Երբ կողմերից որևէ մեկի փաստարկները պակասում կամ, մեղմ ասած, կաղում են, դիմում է հոխորտանքի, դատարկ սպառնալիքի, իսկ այս պարագայում՝ նաև դրսից «նոր պապա» բերելու հնարքին: Պարոն Գուլուզադեն, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է վախեցնում Ռուսաստանին։ Միանգամայն ճիշտ եք` Հյուսիսատլանտյան դաշինքով, որին արդեն երկար ժամանակ իրենք շատ են «սիրում», դեպի ուր անընդհատ ձգտում են և Ռուսաստանի ջգրու դառնալու են այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամ: Բայց մի պահ կարելի է, չէ՞, պարոն քաղաքագետի հիշողությունը թարմացնել: Այ ընկեր կամ պարոն Վաֆա, ախր, ձեր նախագահ Իլհամը տառացիորեն վերջերս հայտարարեց, որ իր երկիրը ձգտում չունի միանալու որևէ ռազմաքաղաքական դաշինքի և հայտ է ներկայացրել անդամագրվելու Չմիավորման շարժմանը: Կամ Ալիևն է փարիսեցի ու ստախոս, կամ էլ գուլուզադեն լուսնից է վայր ընկել:

Գուլուզադեի կազուիստիկան բավական հայտնի է ու հին, ինչպես Ալիև ավագի պնակալեզ կոմֆորմիզմը, բայց որ բավական լուրջ քաղաքագետի համբավ ունեցող Զարդուշտ Ալիզադեն է սկսում «յուղ վառել» ու հոխորտալ, ուրեմն, ամեն ինչ խառնվել է «Օբլոնսկիների ընտանիքում (իմա՝ալիևական կլանապետությունում)»: Մեդվեդևի հայտարարությունից Զարդուշտ Ալիզադեն ոչ միայն վիրավորված է, այլև արմատական բնույթի հետևություններ է անում. «Ով պետք է դասեր քաղի 2008թ. վրացական  իրադարձություններից, դա Ռուսաստանն է։ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմամբ Ռուսաստանը ոչնչի չհասավ, հակառակը, փչացրեց իր առանց այդ էլ փչացած իմիջն աշխարհում։ Տեսեք, թե ով պաշտպանեց Ռուսաստանին այս հարցում՝ Վենեսուելան, Նաուրուն, Նիկարագուան, նույնիսկ մանրադիտակային պետություն Վանուատուն որոշեց գլուխ չդնել դրա հետ։ Եվ Մեդվեդևը դրանից հետո հայտարարում է, թե Ադրբեջանը պետք է դասեր քաղի այդ իրադարձություններից։ 2008թ. օգոստոսի այս ամբողջ կամպանիան ցույց տվեց, որ Ռուսաստանը դաշնակիցներ չունի, նորմալ բանակ և դիվանագիտություն չունի։ Ուրեմն, ավելի լավ է Մեդվեդևը մտածի այդ հարցերի շուրջ, այլ ոչ թե ուրիշ երկրների սպառնա վրացական իրադարձությունների կրկնությամբ» (http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1432680.html#ixzz1U9PQpWPO). Դուրս է գալիս, որ Ռուսաստանն «անբարոյական» քայլ է կատարել 2008թ., չունի բանակ և դաշնակիցներ, իսկ այնպիսի մի «հզոր դաշնակցի» կորուստը, ինչպիսին ալիևյան Ադրբեջանն է, երևի «կործանարար» լինի Ռուսաստանի համար: Վերջին ժամանակներս պարոն Զարդուշտը հաճախակի է այպանում Ռուսաստանին «կայսրապետական ոտնձգությունների» և Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական դրսևորումների համար: Սույն պարոնն իրեն դրել է «չափազանց» անկողմնակալ հետազոտողի տեղ և բավական հաճախակի Regnum գործակալության կայքում կեղծ հանդուրժողական և «սրտաճմլիկ» հոդվածներով է հանդես գալիս: Բանն այն է, որ այս կայքում զետեղված հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի մի քանի հրապարակումները Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի մասին կատաղեցրել էին ադրբեջանական «գիտնականներին», որոնցից «ամենալուսավորը»` պրոֆեսոր Գասանլին (գուցե` Հասանլի), նույնիսկ հակառուսական մի քանի խիստ պասաժներ էր արել, որին պատասխանել էր ռուս պատմաբան Վասիլի Կաշիրինը (http://regnum.ru/news/polit/1430742.html): Մեր չափազանց «հանդուրժողական ու անկողմնակալ» Ալիզադեն իր «ցավն» էր արտահայտել ռուս պատմաբանի «կայսրապաշտական գաղափարների» առիթով և հայտարարել էր, որ «կայսրությունն» է մեղավոր ղարաբաղյան հակամարտության առաջացման և կոնֆլիկտի խորացման մեջ (http://regnum.ru/news/1431721.html ):

Ես ցանկություն չունեմ ՌԴ նախագահի փաստաբանը լինելու, և նա դրա կարիքն էլ չունի, բայց ադրբեջանական մեր գործընկերներին բարի մի խորհուրդ ունեմ տալու. Ռուսաստանին որևէ բանով վախեցնելուց առաջ, գնացեք հեքիմի կամ շամանի մոտ և ձեր վախը չափել տվեք:



Հետգրություն

Երևի պարոն Գուլուզադեն տեղյակ չէ, որ հարևանների հետ տարածքային խնդիրներ ունեցող երկրների մուտքը ՆԱՏՕ խստիվ արգելված է, չի հավատում, թող հարցնի Էրդողան էֆենդուն կամ էլ իր «միջազգայնագետ» նախագահին: «Мечтать не вредно»,- կասեին Դմիտրի Մեդվեդևի հայրենակիցները:

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Nationalidea.am

Комментариев нет:

Отправить комментарий