Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 5 июня 2011 г.

Հոդված


Թուրքական «Թուդեյ Զաման» (Today`s Zaman) պարբերականում հրապարակված` Բարիշ Ալթինթաշի հոդվածը (կրճատումներով):

Քրդական հարցը անքակտելիորեն կապված է այն հիմնախնդիրների հետ, որոնց անցյալում բախվել են Թուրքիայի հայկական եւ սիրիական համայնքները: Այդ մասին հայտարարել է քրդական հարցի պատմության փորձագետ, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչին:  
Բեշիքչին երկար տարիներ զբաղվում է քրդական հարցի ուսումնասիրմամբ ու թեեւ նա թուրք է, սակայն 17 տարի անցկացրել է բանտում: Նրան մեղադրում էին այդ թեմայով աշխատությունների համար: Լրագրողների եւ գրողների հիմնադրամի կազմակերպած քրդական թեմայով քննարկումներին որպես միջոցառման զեկուցող հրավիրված Բեշիքչին հայտարարեց, որ քրդական հարցը չի կարող դիտարկվել անցյալում Թուրքիայից վտարված հայկական եւ սիրիական համայնքների հարցերից անջատ: Վտարվածները թողեցին իրենց բիզնեսը, բանկերը, գյուղատնտեսական հողերը, նույնիսկ գործարանները: Բեշիքչին նշում է, որ այդ համայնքների, մասնավորապես, 1915-ին Օսմանյան կայսրության դարաշրջանի ավարտին բռնի վտարված հայերի ունեցվածքի փոխանցումը քրդերին եւ զանգվածային տեղահանման հետեւանքները միավորվել են մեկ հիմնահարցում:
Բեշիքչին ասում է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին իշխանության եղած «Միություն եւ առաջադիմություն» (CUP) կուսակցությունն ուներ կայսրության վերակազմավորման եւ թրքացման մեծ ծրագրեր: Այն նաեւ կոչ արեց ազգայնացնել օսմանյան կայսրությունը: Ազգայնացումն առաջացրեց նոր հիմնախնդիր` կապված հայերի, հույների եւ ալեւիտների համայնքների հետ: 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները` Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բնակչության փոխանակումը, հայերի տեղահանումն ու սպանությունները, ինչը նրանք համարում են ցեղասպանություն, տեղի ունեցան որպես տնտեսության ազգայնացման «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության եւ վաղ շրջանի Թուրքական Հանրապետության ծրագրերի մի մաս: Բեշիքչին ընդգծում է, որ միջազգային հանրությունը նույնպես զգալիորեն աջակցել է ծրագրի իրագործմանը եւ այդ ծրագիրը շարունակում է մնալ պետության պաշտոնական գաղափարախոսության միջուկը:
«Հայկական եւ սիրիական համայնքները թողեցին անշարժ գույքը, որն անցավ քրդերի վերահսկողության տակ: Երբ տեղահանվեցին հայերը եւ նրանց չթույլատրվեց վերադառնալ, պետությունը թույլ տվեց քրդերին պահպանել այդ ունեցվածքը: 1915-ից հետո քրդերը սկսեցին գյուղերից տեղափոխվել քաղաքներ, որտեղ ապրել էին հայերը: Իրականում, թուրքական բուրժուազիայի հարստության աղբյուրը հայերի եւ հույների ունեցվածքն է, թեեւ թուրքական տնտեսական պատմության գրքերում այդ մասին երբեք չի հիշատակվել», – ասել է Բեշիքչին:
Նա հույս է հայտնում, որ քուրդ հետազոտողներն ու ապագա սերունդները կվերաշադրեն Թուրքիայի տնտեսական պատմությունը եւ կուսումնասիրեն երկրի հարստության իրական աղբյուրները: Նա նաեւ հավատում է, որ դա կօգնի Թուրքիային լուծել իր դարավոր հիմնախնդիրները, այդ թվում հայկական եւ քրդական հարցերը:

Комментариев нет:

Отправить комментарий