Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 30 мая 2011 г.

Սփյուռք - Հայրենիք





«Սփյուրք-Հայրենիք հարաբերություն» երեւույթը կարեւորվեց 20-րդ դարի երկրորդ տասնամյակից սկսած եւ դարձավ սփյուռքի համախմբման առանցք: Համախմբման այդ առանցքը սփյուռքի համար ավելի կարեւոր դարձավ, երբ ցեղասպանությունից վերապրած սերունդը առնվազն մոտ ապագայում իր կորցրած հայրենիքը վերադառնալու եւ իր պապենական հողի վրա ապրելու հույսը կորցրեց: Իսկ մյուս կողմից` արմատավորվելով ու հիմնավորվելով իր ապաստարան գտած երկրներում, սկսեց իր կյանքի նոր փուլը: Ապագայի հույսին ապրելով փորձեց համախմբվելու առանցք գտնել: Համախմբման առանցք դարձավ իր կորցրած պապենական երկիրը վերադարձնելու եւ ունեցած այն մյուս կես՝ հույսեր փայփայող Հայրենիքը՝ Արեւելահայաստանը:
Դեռ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում սփյուրքը փորձում էր այդ հարցին ճիշտ մոտեցում ցուցաբերել: Խորհրդային Հայաստանին գաղափարապես մոտ եւ բոլոր ժողովրդավարական կուսակցությունների ու կազմակերպությունների, այդ թվում նաեւ սփյուռքի մեծ հատվածի համախմբման առանցքը խորհրդային Հայաստանի շուրջ համախմբվելն էր: Այդ նույն ժամանակահատվածում կային նաեւ կուսակցություններ, կազմակերպություններ եւ ժողովրդի մի հատված, որոնք միանալով արեւմտյան աշխարհին, իրենց համախմբման առանցքը դարձրել էին Խորհրդային Հայաստանի դեմ պայքարը, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ից «ազատագրելու» եւ նրան արեւմտյան աշխարհին միացնելու գաղափարը: վերջինիս համախմբման գործում առանցքային դեր ուներ դաշնակցություն կուսակցությունը: Անթիլիասի կաթողիկոսությունը Էջմիածնի Մայր աթոռի դեմ մղելը՝ եկեղեցիների մեջ պառակտում առաջացնելը, Անթիլիասյան թեմը որպես գործիք՝ խորհրդային Հայաստանի՝ Էջմիածնի դեմ օգտագործելը՝ դաշնակցությունը նույնպես ծառայեցնում էր այդ նպատակին:
Ինչեւէ, սփյուռք-հայրենիք հարաբերությունը մինչեւ Խորհրդային Միության փլուզումը գաղափարային, քաղաքական եւ դասակարգային բնույթ էր կրում: Պայքարը քաղաքական գաղափարների պայքար էր, արեւելքի կամ արեւմուտքի բեւեռներց մեկին միանալու՝ մյուսի դեմ պայքարելու խնդիր էր: Դա ամենակարեւոր հատկանիշներից էր, ինչը հաճախ մոռացության է մատնվում կամ էլ շատերի կողմից դիտավորյալ հաշվի չի առնվում սփյուռք-հայրենիք հարաբերությունների վերլուծություններում ու բացատրություններում: Հայսատանի անկախությունից հետո, սփյուռքի այն հատվածը, որը համախմբվում էր խորհրդային Հայաստանի շուրջ՝ կորցրեց իր հիմնավորված համախմբման առանցքը: Անկախության առաջին շրջանում. արցախի հարցը, երկրաշարժը, պատերազմը եւ այլն, համախմբեց ո՛չ միայն Հայաստանի ժողովրդին, այլ ամբողջ հայությանը: Դա համայն հայության համախմբման առանցք դարձավ կարճ ժամանակահատվածում, քանի որ համայն հայությանը առնչվող խնդիր կար:
Հայաստանի անկախությունից հետո, ազատ շուկայական հասարակարգի բերումով՝ հասարակական սոցիալ-տնտեսական բեւեռացումը հանգեցրեց քաղաքական նոր հոսանքների ստեղծմանն ու նրանց կողմից իշխանության գալու քաղաքական թեժ պայքարին: Այդ իսկ պատճառով էլ Հայրենիքի շուրջ համախմբման առանցքը՝ սփյուռքի համար նորից դարձավ քաղաքական, գաղափարական եւ դասակարգային պայքարի սկզբունքը: Համազգային արժեքները կրող գաղափարները իրենց տեղը նահանջեցին դասակարգային, քաղաքական պայքարին:
Հայաստանից արտագաղթող քաղաքացիները իրենց հետ կրում էին նաեւ այդ հոսանքների քաղաքական տեսակետներն ու համակրանքը, ինչի պատճառով էլ սփյուռքում ձեւավորեց քաղաքական նոր մթնոլորտ, նոր մոտեցում՝ Հայաստանի իշխանությունների հանդեպ:
Սփյուռք-հայրենիք հարաբերությունները եւ սփյուռքի համախմբման միջոցն ու ձեւը տարբերվում է նախկինից: Հայաստանից մասայական արտահոսքը ՝ սկսած 1992 թվից, փոխեց սփյուռքի դասական դեմքը: Մոտավորապես երկու միլ. արտագաղթած Հայաստանի քաղաքացիներ բնակվելով արտասահմանյան երկրներում, հիմնականում Ռուսաստանում, ավելի շատ սերտ կապեր ունեն Հայաստանի հետ, քան մյուսները: Նրաք սերտ կապեր ունեն իրենց ընտանիքի անդամների, հարազատների, բարեկամների եւ ընկերների հետ եւ Եւ այդ հարաբերությունների ու կապերի շնորհիվ նրանք տեղեկություններ են ստանում՝ Հայաստանում տեղի ունեցող առօրյա խնդիրների մասին, իրենց անմիջական ֆինանսական օգնությունն են ցուցաբերում նաեւ իրենց ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Հայաստանից արտագաղթողները իրենց հայրենքից արմատախիլ չեն եղել, ինչպիսին են ցեղասպանությունից մազապուրծ եղած վերապրող արեւմտահայությունը: Նրանք իրենց համարում են դեռ Հայաստանի քաղաքացի եւ տարբեր առիթներով առնչվում են Հայաստանում տիրող իրավիճակի հետ: Այդ պատճառով էլ նրանք առաջինն են արձագանքում Հայստանում տեղի ունեցած ցանկացած հարցին:
Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական խնդիրները, Հայաստանի պետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը անմիջապես ազդում է սփյուռք-հայրենիք հարաբերությունների վրա: Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում բոլոր մյուս ուժերը աջակցում էին Հայաստանի նորանկախ պետությանը, սփյուռքում որոշ ուժեր, հատկապես դաշնակցությունը դեմ լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը չէին աջակցում Հայաստանի պետությանը: Սփյուռքում ամենօրյա եւ ամենուր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հայհոյանքի ու նրա իշխանության տապալման պայքարի ոգին վառ պահելու համար, դաշնակցությունը ոչ մի ջանք չէր խնայում: Քոչարյանի իշխանության գալուց հետո , երբ դաշնակցությունը նրա իշխանության մասը կազմեց՝ մինչեւ օրս անվերապահ պաշտպանում է պետությանը եւ այդ քաղաքականությունը նույնպես դրսեւորվում է սփյուռքում՝ դաշնակցական շրջանակներում: Այնպես, որ սփյուռք-հայրենիք հարաբերությունները կրում են դասակարգային, գաղափարախոսական եւ քաղաքական բնույթ:
հնարավո՞ր է սփյուռքը որպես մեկ միավոր հանդես գա՝ Հայաստանի կառավարության հետ իր հարաբերություններում:
Սփյուռք-հայրենիք հարաբերությունը բոլորովին այլ հասկացություն է՝ սփյուռք-հայաստանապետություն հարաբերություն հասկացությունից: Սփյուռք-Հայրենիք հարաբերությունը ոչ ոք չի հերքում, ոչ ոք չի անտեսում, բայց սփյուռք-հայաստանապետություն հարաբերությունները միշտ էլ կախված են եղել ու կախված կլինեն սփյուռքի քաղաքական տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների ու Հայաստանի պետության գաղափարախոսությունից, նրա ժողովրդավարական կեցվածքից ու որակից, նրա տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականությունից: Անցյալի եւ ներկայի փորձը դա է վկայում:
Տարբեր են նաեւ «մեկ ազգ, մեկ հայրենիք», եւ «մեկ ազգ մեկ պետություն» հասկացությունը: Ի՞նչ ենք հասկանում «մեկ ազգ, մեկ պետություն» ասելով: «Մեկ ազգը մեկ հայրենիք»-ը հասկանալի է (եթե ամբողջ հայոց աշխարհը համարենք Հայրենիք), բայց «մեկ ազգ մեկ պետություն» առնվազն ներկա դրությամբ անհասկանալի երեւութ է, քանի որ նախ ունենք մեկ դե յուրե եւ մեկ դեֆակտո հայկական պետություններ: Հնարավոր է նաեւ հրաշք տեղի ունենա ու Արեւմտյան Հայաստանում նույնպես մի առանձին հայկական պետություն ստեղծվի, այն ժամանակ կունենաք մեկ ազգ եւ երեք հայկական պետություններ: Ուրեմն կարելի է մեկ ազգ լինելով քանի պետություններ ունենալ: Սակայն դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ պետություն ասելով, ինչպիսի՞ պետություն նկատի ունենք. բռնապետական, ժողովրդավարական, սոցիալիստական, կապիտալիստական եւ դրանց յուրաքանչյուրի յուրահատուկ տեսակնե՞րը: Այստեղ կարեւորը պետականությունն է: Պետականությունն ունի հստակ բացատրություն՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություն: Պետականությունը ասելով պետք է հասկանալ այդ երեք սյուները: Պետությունը կառուցվում է այդ երեք սյուների վրա: Իշխանությունները կամ դրանց ընդհանուր գումարը՝ պետությունը ունի դասակարգային բնույթ եւ դրսեւորում է հասարակության այս կամ այն դասակարգի քաղաքական կամքը՝ նրա քաղաքական ներկայացուցիչն է: Մինչդեռ օրենսդիր եւ գործադիր մարմինները հասարակության այս կամ այն դասակարգի ուղղակի քաղաքական կամքի կրողներն են, դատական իշխանությունը, դատական համակարգը մնում է, եւ պետք է մնա՝ պետության քաղաքական ազդեցությունից դուրս, որպես անկախ համակարգ: Ոչ ոք պետականությանը դեմ չէ եւ չի հերքում: Բայց իշխանությունների այս կամ այն քաղաքականությանը կարելի է դեմ լինել կամ ընդհանրապես ձգտել դրա հիմնովին տապալմանը:
Այսօրվա Հայաստանի իշխանությունների եւ Իշխանության մաս կազմող կուսակցությունների ու առանձին քաղաքագետների ու քաղաքական գործիչների կողմից ընդդիմադիր ուժերին «պետականությունը թուլացնելու» մեղադրանքը, մեղմ ասած անհիմն է: Պետականությունը կարելի է կորցնել՝ տվյալ պետության սխալ քաղաքականության հետւանքով, բայց ոչ ժողովրդի՝ պետության դեմ իր արդարացի իրավունքների համար պայքարի հետւանքով: Ամբողջ աշխարհում` կախված պետությունների ժողովրդավարական որակից ու բնույթից, ժողովուրդը պայքարում է իր իրավունքների եւ իր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար՝ իր իշխանությունների, այսինքն իր պետության դեմ: Ոչ ոք չի ասում դատական կամ օրենսդիր իշխանությունը (որպես պետականության կառույց) պետք է վերանա: Ոչ ոք չի ասում գործադիր մարմին չենք ուզում: Դա կնշանակի անարխիա: Այնպես, որ պետականություն եւ իշխանություն ճիշտ հասկացությունը կարեւոր է ժողովուրդ-պետություն եւ «սփյուռք-հայրենիք հարաբերություն»-ը ճիշտ հասկանալու եւ ճիշտ հիմքի վրա դնելու համար:
Սփուռք-հայրենիք հարաբերություններ.
Պարզ է, որ Հայաստանի կառավարության կողմից սփյուռք-հայրենիք հարաբերությունը ընկալվում է որպես սփյուռքի ֆինանսական ներուժի համախմբում եւ դրա ուղղորդումը դեպի Հայաստան: Սակայն այդ խնդիրը ուղղակի սփյուռքի բարեգործական կամ հարուստ բարեգործների եւ Հայաստանի պետության կամ Հայաստանի հասարակական հաստատությունների միջեւ հարաբերությունների խնդիր է: Սփյուռքի բարեգործական հիմնադրամները, եթե ցանկանում են Հայաստանի պետական օղակներով Հայաստանը զարգացնել, թե իրենց յուրահատուկ կառույցի միջոցով, դա իրենց խնդիրն է: Բարեգործությունը միշտ էլ լավ բան է ու արժանի է քաջալերանքի: Բայց դա բոլորովին այլ բան է, ինչ սփուռք-հայրենիք հարաբերությունը կամ, ավելի ճիշտ ասած, սփյուռք-հայաստանապետության հարաբերությունը: Առաջինը հոգեւոր-մշակութային-մարդասիրական սկզբունքի վրա է հենված, իսկ մյուսը` քաղաքական գաղափարախոսական սկզբունքի: Ուրախ կլինենք, եթե բոլոր բարեգործական հիմնադրամները, առանձին անձինք համագործակցելով իրարու հետ՝ աջակցեին Հայաստանի տնտեսական զարգացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանը: Չնայած, ցանկալի կլիներ, որ դա իրականացվեր յուրահատուկ կառույցի միջոցով, որպիսզի օգնությունը կարողանար իր իսկ նպատակին ծառայել, եւ ոչ թե դառնար մի խումբ անձանց հավելյալ եկամուտի աղբյուր:
Իսկ ինչը «սփյուռք-հայրենիք» կամ, ավելի ճիշտ, սփյուռք-հայաստանապետության հարաբերություններին է վերաբերում, դա ոչ թե բարեգործական հարաբերություն է, այլ զուտ քաղաքական հարց : Ավելի ճիշտ ձեւակերպում կարելի է անել. Սփյուռք-Հայաստան քաղաքական հարաբերություն կամ սփյուռքի հետ Հայաստան պետության քաղաքական հարաբերություն: Մենք ուզենք, թե չուզենք, Հայստանի կառավարությունը ուզի, թե չուզի, ուղղակի առնչվում ու առնչվելու է այդ խնդրի հետ: Սփյուռքը միակուսակցական, միակարծիք եւ քաղաքականապես մեկ հավաքական միավոր չէ: Հայաստանի կառավարությունը սփյուռքի հետ իր հարաբերություններում պետք է հաշվի նստի սփյուռքի բազմության հետ, նրա բազմատեսակ քաղաքական եւ հասարակական ուժերի հետ: Իսկ այդ ուժերը միշտ չեն, որ կպաշտպանեն Հայաստանի իշխանություններին, նրանք նույնպես կարող են նաեւ խիստ քննադատել: «Սփյուռք-Հայրենիք» հարաբերությունների մասին խոսելիս պետք է պատասխանել այն հարցին, թե սփյուռքի ո՞ր կուսակցությունը, ո՞ր քաղաքական ու հասարակական կազմակերպությունն է Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների մեջ մտնելու: Ո՞վ է սփյուռքը ներկայացնելու: Ինչքան որ պարզվեց, սփյուռքը միակազմ ու միակարծիք չէ, ապա ինչի՞ շուրջ պետք է սփյուռքը համախմբվի ու միաձայն մեկ կառույցով հանդես գա Հայաստանի քաղակական ներկայացուցչի` այսինքն` Հայաստանի կառավարության հետ հարաբերություններում: Սփյուռքի եւ Հայաստանի պետության միջեւ քաղաքական հարաբերությունների ճիշտ մշակումն է կարեւոր:
Սփյուռք-հայրենիք հարաբերություններում պետք է որոշվի. Ի՞նչ չափանիշներով, իրավական ի՞նչ սկզբունքով եւ ո՞ր մեխանիզմով կարելի է սփյուռքի հետ հարաբերվել: Եւ սփյուռքի իրավունքը որպես Հայ Ազգի մեծամասնություն՝ Հայաստանի քաղաքական կյանքում ինչպե՞ս կամ ինչքանո՞վ է կայանալու: Թե՛ Հայաստանի կառավարության եւ, թե՛ նրան մաս կազմող կոալիցիան անընդհատ խոսում են սփյուռք-հայրենիք հարաբերությունների մասին: Եթե Հայաստանի կառավարությունը իր իսկ արտասահմանում բնակվուղ քաղաքացու ամենատարրական, բայց ամենակարեւոր իրավունքը՝ այն է ընտրություններին մասնակցելը, ոտնակոխ է անում, ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը:
Հայրենիքին օգնելը, նրա ժողովրդին ու նրա տնտեսական վիճակը զարգացնելը, բարեգործական, մարդասիրական աշխատանքներ կատարելը միշտ էլ ողջունելի են: Բայց պետությանը աջակցելը կամ նրա քաղաքական, գաղափարական հայացքները կիսել կամ չկիսելը պայմանավորված է քաղաքական կուսակցությունների, հասարակական հաստատությունների ու կազմակերպությունների աշխարհահայացքների ու քաղաքական դիրքորոշումները պետության գաղափարների, քաղաքական տեսակետների հետ համընկնելուց: Այդ սկզբունքից ելնելով է, որ հնարավոր չէ սփյուռքում մի ճակատ ստեղծել: Հայաստանի պետության կողմից ներքին եւ արտաքին քաղաքականության, այս կամ այն հարցի մոտեցման քաղաքականության որոշումները նույնպես եւ նույնքան արձագանք են գտնում սփյուռքում, ինչքան Հայաստանում:
Սփյուռք-հայրենիք հարաբերությունները կարող են իչ-որ չափով իրականանալ հետեւյալ ձեւերով.
Բարեգործական հիմնադրամները պետք է բացեն իրենց գրասենյակները Հայաստանում: Մշակեն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր, որպիսզի կարողանան ավելի ճիշտ Հայաստանի զարգացմանը նպաստել: Կոսմետիկ ծրագրերի միջոցով Հայաստանը չի զարգանա:
Հայաստանում աշխատող յուրաքանչյուր հասարակական նախաձեռնություն կամ կազմակերպություն պետք է ինքն ուղղակի հարաբերության մեջ մտնի սփյուռքում նմանատիպ աշխատանքով զբաղվող կազմակերպության հետ: Նույն կերպ կարող են նաեւ Հայաստանում աշխատող քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները հարաբերվել իրենց համակրող՝ սփյուռքում աշխատող քաղաքական կուսակցությունների կամ նույն քաղափարները կրող՝ կազմակերպությունների հետ:
Հայաստանի պետությունը պետք է առանց խտրականության հաշվի նստի սփյուռքում այդ բոլոր ուժերի հետ, հաշվի առնելով նրանց կարծիքն ու առաջարկները: Պետք է աջակցի սփյուռքում աշխատող բոլոր մշակութային, հասարակական եւ կրթական հաստատություններին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:
Ցեղասպանության ճանաչման հարցի քաղաքական ներկայացուցիչն սփյու՞ռքն է, թե՞ Հայաստանի կառավարությունը:
Ցեղասպանության ճանաչման հարցի առաջատարը պետք է լինի սփյուռքն ու Հայաստանի ոչ պետական՝ գիտական եւ քաղաքական հաստատություններն ու կազմակերպությունները, քանի որ Հայաստան պետությունն այդ հարցը բարձրացնելով բարդացնում է իր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցը:
Ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ պետք է ստեղծվի նախ եւ առաջ համահայկական համաշխարհային (առանց Հայաստան պետության պաշտոնական մասնակցության ու միջամտության) մեկ հաստատություն, որը ի վիճակի կլինի համադրելու եւ մեկ քաղաքականությամբ, մեկ ռազմավարությամբ այդ հարցը առաջ մղելու: Անընդհատ «Հայ Դատի գրասենյակներ» բացելով այդ խնդիրը այդ խնդրի լուծմանը չենք օգնի:
«Սփյուռքի Նախարարություն» ստեղծելով չէ, որ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանի կառավարության կողմից հաշվի առնելով վերը նշված բոլոր փաստերը եւ համապատասխան քաղաքականություն մշակելով է, որ կարելի է նպաստել Սփյուռք-Հայրենիք ճիշտ հարաբերություններին: Սփյուռքի քաղաքական իրական կյանքի փաստը հաշվի չառնելը, անուշադրության մատնելն ու միակողմանի պետական շահի հետապնդումը չի նպաստի սփյուռք-հայրենիք հարաբերություններին: Ու այդ դեպքում «Սփյուռքի Նախարարությունը» կդառնա ինքնանպատակ եւ ավելորդ ծախսերի եւս մի կառույց:

Նյութի հեղինակ Երվանդ Խ.

Комментариев нет:

Отправить комментарий