Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 30 мая 2011 г.

Մամուլի տեսություն


Իսրայելի քաղաքացիների 90 տոկոսը կողմ է հայոց ցեղասպանության ճանաչմանը



Իսրայելի քաղաքացիների 90 տոկոսը կողմ է, որ Իսրայելն ընդունի Հայոց ցեղասպանության փաստը:
News.co.il կայքը մայիսի 21-ին դիմել էր քաղաքացիներին` հարցումով, թե պե՞տք է արդյոք Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մոտ 2 հազար քվեարկողներից 90 տոկոսը (1886 մարդ) կողմ է արտահայտվել, մինչդեռ դեմ է արտահայտվել 208-ը:
Նշենք, որ Իսրայելի Կնեսետը հերթական անգամ քննարկման է դրել Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 18-ին քվեարկության է դրվել հարցը կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Կողմ են արտահայտվել 20, դեմ 0 պատգամավոր:
Միեւնույն ժամանակ փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտնել էր, թե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շանսեր չունի:

Իսրայելի հայերը շնորհակալական նամակներ են պատրաստում Կնեսետի պատգամավորներին
Անցած շաբաթ Կնեսեթի կայացրած որոշումը մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ դատի Երուսաղեմի մասնաճյուղի պատասխանատուներից մեկը` Հակոբ Սևանը:
Հակոբ Սևանի փոխանցմամբ` Կնեսեթի մայիսի 18-ի քննարկումների ընթացքում «խոսք եղավ, որ այսօր արևմտյան աշխարհում Իսրայելը գրեթե վերջիններից է, որ մինչ օրս չի ընդունել Հայոց ցեղասպանության հարցը»: Բացի այդ, ինչպես ընդգծեց Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը, «այսօր ԹուրքիաԻսրայել հարաբերությունները օրեցօր ավելի վատ վիճակ են ստանում»:
«Եվ այս բոլորը իրար հետ գումարած` ինքը պատճառը պատմական, բարոյական, Իսրայելի բարոյական դիմագիծն է, որ այսօր կուզենք ավելի լավ ձևով ներկայացնել` այն է, որ կկարծեմ, որ այսօր այս քայլին գնաց Իսրայել», – ասաց Հակոբ Սևանը:
Կնեսեթում քվեարկությանը մասնակցած 20 պատգամավորներն էլ կողմ են արտահայտվել ոչ միայն բանաձևի նախագիծը օրակարգում ընդունելուն, այլև այն կրթության և գիտության հանձնաժողով տեղափոխելուն:
Թուրքական մամուլը և հեռուստատեսությունը նույն օրը անդրադարձան Քնեսեթի այս որոշմանը` խիստ քննադատելով Իսրայելի պատգամավորների այս քայլը:
Հայ դատի հանձնախմբի մեկ այլ անդամ` պատմական գիտությունների թեկնածու Ժորժետ Ավագյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այժմ հսկայածավալ նյութ է հավաքվելու Կնեսեթին ներկայացնելու համար:
Իսկ այս պահին շնորհակալական նամակներ են պատրաստվում` հրեա այն պատգամավորներին ուղարկելու համար, որոնք արտահայտվեցին պատմական արդարությունը վերականգնելու օգտին:
Շատ իսրայելահայեր էլ ակնկալում են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի և արտգործնախարարության արձագանքը:


«The Jerusalem Post». Հայերը, հրեաները եւ Իսրայելը


NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Իսրայելի խորհրդարանի նախկին աշխատակից Սյուզան Հաթիս Ռոլեֆի հոդվածը, որը հրապարակվել է իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915-1916 թվականներին թուրքերը պատասխանատու են եղել Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունների համար: Առաջիններից մեկը, ով զգուշացրել է չարագործության բնույթի եւ մեծ ընդգրկման մասին եղել է Աարոն Աարոնսոնը` Զիհրոն-Յաակովի հայտնի գյուղատնտեսը, որը հիմնադրել էր «Նիլի» լրտեսական ցանցը: Այն օսմանյան զորքերի տեղաշարժի եւ այլ ռազմավարական հարցերի մասին կարեւոր տեղեկություններ էր հավաքում եւ փոխանցում էր բրիտանական իշխանություններին:
Աարոնսոնի ազգակիցներից եւ գործընկերներից մի քանիսն իսկապես ականատես են եղել սպանդի դրսեւորումներին: 1916թ. նոյեմբերին Աարոնսոնը բրիտանական իշխանություններին ուղարկեց «Հայաստանի օգտին» հուշագիրը, որտեղ նկարագրել է վայրագությունները: Դրանից էլ մեկ ամիս առաջ Աարոնսոնը նամակ էր ուղարկել առաջատար ամերիկացի սիոնիստ, դատավոր Ջուլիան Մաքին` փորձելով համոզել նրան ընդունել բրիտանահաճո դիրքորոշում: Այդ նամակում Աարոնսոնը նկարագրել է նաեւ հայերի կոտորածները` պնդելով, թե հայերի եւ հնարավոր է նաեւ հրեաների դեմ օսմանյան քաղաքականության վրա գրված է «պատրաստված է Գերմանիայում»:
Սակայն, մինչեւ վերջերս Իսրայելը լռում էր այդ իրադարձությունների մասին` բերելով բազմաթիվ փաստարկներ, որոնցից յուրաքանչյուրը խայտառակություն է:
Առաջին փաստարկն այն է, որ Թուրքիան չի ընդունում հայերի պլանավորված հետեւողական սպանությունները, նաեւ նվազեցնում է տուժածների քանակը (թիվ, որն արդարացնում է «գենոցիդ» տերմինը), եւ քանի որ Իսրայելը տարիներ շարունակ Թուրքիային դիտարկել է որպես ռազմավարական դաշնակից` մուսուլմանական հատուկենտ երկրներից մեկը, որ կարող էր այդպիսինը համարվել, ապա Իսրայելի համար ճիշտ կլիներ «չարթնացնել քնած շանը»: Այն փաստը, որ այլ պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն նույն քաղաքականություն էին որդեգրել` արդարացնում էր Իսրայելի դիրքորոշումը:
Երկրորդ արդարացումը եղել է այն, որ եթե հայերի կոտորածն անվանել գենոցիդ, ապա դա կարող է նվազեցնել Հոլոքոստի հրեշավորությունը: Իսրայելի այս դիրքորոշումը վերաբերում է նաեւ ցեղասպանության մյուս դեպքերին, եւ իմ կարծիքով, ոչ միայն հիմնավորված չէ, այլեւ խատառակություն է: Հրեական Հոլոքոստը հանգամանքների եւ դրսեւորումների տեսանկյունից, անկասկած, բացառիկ է: Այդուամենայնիվ դա չի արդարացնում մյուս ժողովուրդների հետ տեղի ունեցած սարսափները մերժելն ու նսեմացնելը:
Երրորդ փաստարկ. քանի որ մենք չենք սիրում, երբ մեզ քննադատում են պաղեստինցիների նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար` մենք էլ պետք է խուսափենք քննադատել մյուս երկրներին իրենց փոքրամասնությունների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի համար: Այս արդարացումը հիմարություն է եւ կարող է  հարվածել մեզ բումերանգի նման, քանի որ որքան էլ խնդրահարույց է եղել արաբ քաղաքացիների եւ պաղեստինցիների հետ մեր հարաբերությունների պատմությունը, այն ընդհանրապես նման չէ այն ոճրագործություններին, որոնց մասին մենք խոսում ենք:
Խայտառակություն է, որ միայն հիմա, երբ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները թուրքական անսանձ հարձակումների պատճառով աննախադեպ սուր են, Իսրայելը վերջապես որոշել է հնարավորություն տալ իր հասարակությանը խոսել Հայոց Ցեղասպանության մասին:  
Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Զեհավ Գալ-Օնայի առաջարակով մայիսի 18-ին Կնեսետը որոշեց այդ թեմայով բաց քննարկում անցկացնել Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում, որի լսումները հանրային են, իսկ արձանագրությունն ամբողջությամբ հրապարակվում է Կնեսետի կայքում:
Ոչ ոք դեմ չեղավ այդ հարցը հանձնաժողովում քննարկելուն: Աջակողմյան, ձախակողմյան, կրոնական ու աշխարհիկ հռետորները ելույթ էին ունենում դրա օգտին: Լավ է ուշ, քան երբեք, բայց խայտառակություն է, որ այսքան ուշ:

«Ազգ». Իսրայելի պատճառաբանություններն ամոթալի են. Հրեա գործիչ





Թերթն անդրադառնում է հրեական Քնեսեթի նախկին աշխատակից Սուզան Հաթիս Ռոլեֆի` «Jerusalem Post»-ում տպագրված «Հայերը, հրեաներն ու Իսրայելը» հոդվածին:

«Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի կողմ թողնելու համար բերվող հիմնական պատճառաբանություններից յուրաքանչյուրը ուղղակի ամոթալի է: Այսպիսի գնահատականով է այդ պատճառաբանությունները ներկայացնում ու դրանց անհիմն լինելը հիմնավորում հեղինակը:
Հեղինակի ներկայացմամբ, մինչեւ վերջերս Իսրայելը նախընտրում էր խուսանավել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության հարցից: Եվ դրա համար, ըստ հոդվածի, ներկայացվող պատճառաբանություններն ամոթալի են: Այդպիսի պատճառաբանություններից էր, նախ, այն հանգամանքը, որ Իսրայելը երկար ժամանակ եղել է Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի դաշնակիցը, ուստի Իսրայելի համար ավելի լավ է «չարթնացնել քնած շանը»: Ընդ որում, Իսրայելի պարագայում սեփական դիրքորոշման արդարացում է դիտվում տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մոտեցումը, ինչպիսին, օրինակ, ցուցադրում է Միացյալ Նահանգները:
Սուզան Հաթիս Ռոլեֆի գնահատմամբ, եւս մեկ պատճառաբանություն էլ այն հիմնական խնդիրն էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ կարող է փոքրացվել Հոլոքոսթի ահավորությունը` «Իսրայելի մի դիրքորոշում, որ վերաբերում է նաեւ ցեղասպանության այլ դեպքերին», ինչը, հեղինակի գնահատականով, ոչ թե անարդար է, այլ ամոթալի ու անպատվաբեր: «Հրեական Հոլոքոսթն իր հետեւանքներով եւ դրսեւորումներով անկասկած եզակի է, սակայն դա չի արդարացնում հրեաների կողմից այլ ժողովուրդների սարսափները փոքրացնելը կամ արհամարհելը»:
Եվս մեկ պատճառաբանություն Հայոց ցեղասպանությունը չճանաչելու առումով հոդվածում նշվում է այն հանգամանքը, որ Իսրայելը չի ցանկանում քննադատել այլ երկրներին, որպեսզի չքննադատվի իր մոտեցումը Պաղեստինին: «Այս պատճառաբանությունը պարզապես հիմարություն է», գրում է Քսենեթի նախկին աշխատակիցը, ավելացնելով. «... Ամոթ է, որ միայն հիմա, երբ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ վատացել են աննախադեպ ձեւով Թուրքիայի անսանձ հարձակումների հետեւանքով, Իսրայելը վերջապես որոշել է իր հանրային խոսքն ասել Հայոց ցեղասպանության առնչությամբ»:
Ամեն դեպքում, հոդվածագիրը շեշտում է, որ այս օրերին կրկին Հայոց ցեղասպանության հարցը քննարկման առարկա է դարձել Իսրայելում, ընդ որում, բոլոր արտահայտվողները կողմ են այդ ողբերգությունը ցեղասպանություն ճանաչելուն: «Այն, ինչ կարելի է այս դեպքում ասել. «Լավ է ուշ, քան երբեք», բայց ինչ ամոթ է, որ դա այսքան երկար տեւեց», եզրակացնում է Սուզան Հաթիս Ռոլեֆը»,- գրում է «Ազգը»:

Իսրայել Չարնի. Իսրայելը սխալ է գործում` չճանաչելով Հայոց ցեղասպանությունը




«Իսրայելը սխալ է գործում` չճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է ցեղասպանությունների հարցերով մասնագետ Իսրայել Չարնիի ուղերձում: Չարնին արժանացել է «Հայաստանի նախագահի 2010թ. մրցանակին»:
«Ես բազմիցս ասել եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով իսրայելական մշակույթում, մամուլում եւ հասարակությունում մենք հաղթել ենք»,- նկատել է նա:
Չարնին նշել է, թե այս անգամ (երրորդ անգամ, երբ Կնեսետում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը) լսումների անցկացման առաջարկն ուղղվել է կրթության հանձնաժողովին: Եւ եթե քվեարկության անցկացումը արտաքին գործերի եւ անվտանգության հանձնաժողովում փակ էր, կրթության հանձնաժողովում բաց է լինելու: Չարնին նշել է, թե նախկինում ինքն ու իր գործըկերները հաջողության հույսեր չէին փայփայում, սակայն այսօր հաջողության շանսերն աճել են:
Նշենք, որ Կնեսետը մայիսի 18-ին Ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում ընդգրկել է կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչվելու շանսեր չունի:

Комментариев нет:

Отправить комментарий