Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 19 сентября 2011 г.

Հրանտ Դինքի 57 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում




Հրանտ Դինք... անուն, որը դարձավ այն բազմահազար հայ մտավորականներից մեկը, որը զոհվեց հանուն հայ դատի արդարության՝ Զոհրապի նման հիշեցնելով նորահայտ թաելաթներին. «Օր մը, կըսե, ապահով եղեք, որ հաշիվ պիտի պահանջվի ձեզմե, և դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքները»: Նորահայտ Թաելաթը, սակայն չէր մոռացել այրունռուշտ պապի պատգամները, և օրինակը հետևեց... օրը ապրիլի 24-ը չէր և ոչ էլ թիվը տասնհինգ, բայց շա՜տ հիշեցնում էր նրան, քանզի մարդասպանն իր պապի նման արյունարբու դահիճ էր... Մարդու գլուխը քարով չջարդեցին, այլ հրազենի մի հարվածով սպանեցին, իրենց գազանին բնորոշ արյունոտ երախով հոշոտեցին ևս մեկ խիզախ և մեծ մարդու, մի հայի, որը համայն հայության համար իր արդար դատի պահանջատերն էր ու «մտավորական մը, որ հարգել կուտար ինքզինքը, - կասեր պոլսեցին,-իր հայրենասեր արարքներով ու խոհերով, զոր կդառնային տողեր...»:



















Սեպտեմբերի 15-ին «1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» կազմակերպությունը Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում վերստին հավաքել էր իր բարեկամներին՝ նշելու մեծ հայի ու մտավորականի՝ Հրանտ Դինքի տարեդարձը՝ հիշեցնելով, որ մեծերը չեն մեռնում, որովհետև նրանք իրենց անմահ գործերով միշտ կենդանի են, կարծես մեր կողքին, որպեսզի հսկեն մեզ, իսկ դժվարին պահին օգնության փութան և ոգի դարձած մտնեն մեր սիրտն ու հոգին և հույս տան մեզ: Այդ օրը կարծես կենդանի էր Հրանտ Դինքը, մեզ հետ տոնում էր, ընդունում բոլոր մեր հյուրերի շնորհավորանքները, և զնգու մ էին գինու բաժակները... միայն կուզենար, որ սա կենդանի հիշատակի տոն չլիներ, այլև կենդանի մարդու, որը այնքա՜ն երազ ու նպատակ ուներ և հայոց դատի պահանջատերն էր ո՛չ միայն Թուրքիայում, այլև համայն աշխարհում...







Երեկոն բացեց Վարդան Դևրիկյանը: Ելույթ ունեցավ Կազմակերպության նախագահի ավագ խորհրդական, հասարակական կազմակերպությունների խորհրդի  ներկայացուցիչ,  ՀՀ ՊՆ ԶՈՒ գեներալ - մայոր Սամվել Սաֆարյանը և Հրանտ Դինքին հետմահու պարգևտարեց «Ասպետաց ասպետ» տիտղոսով: 












Այնուհետև` Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ գեներալ-մայոր Արսեն Ֆիդանյան Կազմակերպության նախագահ Ա. ԱՎետիսյանին պարգևատրեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» առաջին աստիճանի մարտական խաչով` հայրենիքի պաշտպանության գործում իր ունեցած ներդրումի համար: Ելույթ ունեցավ նաև` ՀՀ Ոստիկանապետի խորհրդական, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիգորի Սարգսյանը:






Միջոցառման համերգային մասում հնչեցին «Երամ» աշուղական համույթի հոգեթով կատարումները: Հավաքվածներին անչափ հուզեց մեր հայոց հնամենի և արքայական գործիքի՝ դուդուկի ելևէջները` ժողովրդական արտիստ, դուդուկահար Հովիկ Կարապետյանի կատարումամբ: Իսկ հայրենասիրական երգերը ևս մեկ անգամ հիշեցրեցին, որ անկոտրում է մեր ոգին՝ դժոխքի քավարաններ տեսած հայի ոգին, մի դժոխք, որի անմարդկային և սոսկալի տեսարաններց կսոսկար անգամ Դանթեն, սակայն, եթե մեկ հայ էլ մնար անգամ արյունարբո՛ւ Թալեաթ, էնվեր և Ջեմալ, կստեղծեր մի նոր Հայաստան, կդառնար մի նոր Թեհլերյան, Ստեփան Օաղիկյան, Պետրոս Տեր-Պողոսյան ու կփշրեր ձեր հայկական ջարդերը ծրագրած հրեշավոր գանգերը և արցախյան ազատամարտում կդառնար մի նոր Գարեգին Նժդեհ և կավետեր հայոց հաղթանակի բաղձալի լուրը ... Այդ օրը «Շիրխանի» պարային համույթը, Հս. Քրիստոսի Սբ Գերեզմանից բերված հողի ներկայությամբ անվանափոխվեց «Ուխտ Հայրենյաց», ինչի համար նրանց շնորհավորում ենք:





Համերգային մասն իր ելույթով ավարտեց Կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանը: Ողջունելով ներկաներին՝ նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Թուրքիայում մարդու իրավունքների և խոսքի ազատության մասին այսօր խոսելը լրիվ ավելորդ է, որովհետև պատմության դասերը դառնադառն են, իսկ նոր Թուրքիան, թեև արտաքուստ փայլուն և եվրոպական է թվում, սակայն ոչնչով չի տարբերւվում հնից: Թուրքիայում հայոց հարց և հայկական դատ բառերը դառնում են մի նոր եղեռնի պատճառ: Ցավոք, այս անգամ այդ նոր եղեռնի զոհը մեր շա՜տ սիրելի Հրանտ Դինքն էր... Այո՛, Թուրքիան աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն է աշխարհում առաջին ցեղասպան երկիրը, իսկ այդ աշխարհը...փակել է աչքերն ու ականջները և Թուրքիայի յուղոտ երգերի տակ մոռացել Տեր-Զորի աղաղակները ու հողից հանված բյուրավոր հայերի գանգերը... «Ո՛վ մարդկային արդարությո՛ւն, թո՛ղ ես թքեմ քո ճակատին...» (Պ. Սևակ):



























Այնուհետև տեղի ունեցան պարգևատրումներ, մասնավորաբար` Հայոց Ցեղասպանության 95-100-ամյա հոբելյանական առաջին աստիճանի «Ավետիս Ահարոնյան» ոսկե մեդալով պարգևատրվեցին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Կազմակերպության ադմինիստրատոր Էդուարդ Հակոբյանը, ՀՀ ժող. Դուդուկահար Հովիկ Կարապետյանը, երկրորդ աստիճանի «Ավետիս Ահարոնյան» արծաթե մեդալով` աշուղ Անդրանիկ Ուջանցին, աշուղ Երամը, աշուղ Աստղանուշը, «Ուխտ Հայրենյաց» պարային համույթի գեղ. ղեկավար Հովիկ Հակոբյանը, հայրենասեր-աջակից Գառնիկ Հովսեփյանը, դուդուկահար Հակոբ Կարապետյանը, իրավաբան Անդրանիկ Բաբայանը: Պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան «Երամ» աշուղական համույթի երաժիշտները, «Ուխտ Հայրենյաց» պարի համույթի նազանի հայ աղջիկները, «ՀՈՐՈՎԵԼ» շաբաթաթերթի խմբագրական կազմը:






Համերգային մասի ավարտից հետո հյուրերը հրավիրվեցին մասնակցելու ֆուրշետի և Դինքի ու Ցեղասպանության թեմաներով կազմակերպված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսին:





Չմոռանանք նշել, որ սա ավանդույթ է, ամեն տարի՝ սեպտեմբերի տասնհինգին, «1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք Մ.Կ.» ՀԿ-ն մեծ շուքով նշում է մեծ խմբագրապետի տարեդարձը: Մեզ մնում է հավատալ, որ կատարվելու է և' Զոհրապի, և' Դինքի երազանքը. աշխարհը ճանաչելու հայոց ցեղասպանությունը և մի օր մեզ են վերադարձվելու մեր կորցրած բոլոր պատմական հողերը: Մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կընդունի իր սխալները և կդադարի խաբել իրեն ու իր ժողովրդին, թե ցեղասպանություն չի եղել և կփորձի քայլել առաջ: Նժդեհն ասում է, որ ինքնախաբեությունը սոսկալի աղետ է, ինքնաճանաչողությամբ միայն ազգը կարող է դառնալ այն զորեղ գրանիտը, որը չի խորտակվում և ո՛չ մի ուժից:

Комментариев нет:

Отправить комментарий