Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 1 мая 2011 г.

Ողջույնի խոսք


ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ





Առաջին աշխարհամարտի տարիներին դաժան ճակատագիր էր վիճակված արևմտահայությանը: 20-րդ դարասկզբին երիտթուրքական կառավարության կիրառած ցեղասպան քաղաքականության հետևանքով արևմտահայությունը կանգնեց իսպառ ոչնչացման վտանգի առջև: Զանգվածային կոտորածները Արևմտյան Հայաստանի քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև Փոքր Ասիայի տարածքում գտնվող հայաբնակ վայրերում, չէին առնչվում ռազմական նկատառումներով կատարվող միջոցառումների հետ, քանի որ հայության բնաջնջման հարցը նախօրոք մշակված և որոշված էր «Իթթիհադ վե թերաքքի» (Միություն և առաջադիմություն) կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից: Հայկական հարցը լուծելու համար երիտթուրքերն ընտրել էին արևմտահայությունն իսպառ բնաջնջելու ճանապարհը: Պատերազմը պատեհ առիթ հանդիսացավ, որպեսզի նրանք ոչնչացնեն ոչ միայն հայերին, այլև հաշվեհարդար տեսնեին քրիստոնյա մյուս ժողովուրդների հետ:
Զանգվածային բռնագաղթերն ու գազանային կոտորածները բուռն զայրույթ ու բողոք առաջացրին ողջ աշխարհում, սակայն երիտթուրքերի կառավարությունը չանսաց մեծ տերությունների պահանջներին և շարունակեց իրականացնել որդեգրած քաղաքականությունը, առավել ևս, երբ արևմտահայության բնաջնջման ծրագիրը խրախուսված էր դեռևս սուլթանական Թուրքիայի գործադրած ջարդարարական քաղաքականությամբ:
Տասնամյակներ շարունակ համաշխարհային քաղաքական ու պետական շրջանակները մոռացության մատնեցին և անտեսեցին դարի առաջին ցեղասպանության փաստը: Սակայն շնորհիվ հայության և հատկապես հայ երիտասարդի վճռական պայքարի`սառույցն անցած 30 տարիներին շարժվեց և նոր թափ ստացավ վերջին շրջանում:
Պայքարը շարունակվում է...
Արդարությունն ամբողջապես վերականգնված չէ: Այն կարող է իրականանալ մեր ուժերով` մեր միասնականության, ինքնազոհության, կազմակերպվածության ու վճռականության շնորհիվ:
Հարկ է, որ խուսափենք Թուրքիայի կողմից լարվող բոլոր թակարդներից. չի կարող երկխոսություն լինել մի իշխանության հետ, որն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը, սպառնում է մեր ազգային անվտանգությանը, բոլոր միջոցներով պայքարում է Հայոց պետականության և ողջ հայության դեմ:
Այսօր մեզ համար նոր փուլ է` հասարակական, քաղաքական, մշակութային ու դիվանագիտական ճակատներում, և ի վերջո պետք է վերականգնվի պատմական արդարությունը, պետք է սրբագրվեն ոճրի հետևանքները:

Եվ ինչպես մեր կարգախոսն է`

ԼԻՆԵ՜ՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ

ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ` 

ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՐՑԱԽ - ՋԱՎԱԽՔ – ՍՓՅՈՒՌՔ


««1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» 
ՀԿ Նախագահ Արման Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий