Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 1 мая 2011 г.

Ցեղասպանության միջազգային սահմանումը


Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: “Ցեղասպանություն” - “Գենոցիդ” տերմինը գոյացել է հունարեն genos-ռասա կամ ցեղախումբ և լատիներեն cide-սպանել բառերի համակցումից: 1945 թ., երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, “Ցեղասպանություն” բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական տերմին: 


1948թ. դեկտեմբերի 9-ին, Հոլոքոստի հիշողության ազդեցության ներքո, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց “Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին” կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին: 



Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետեւյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով. 



1. Խմբի անդամների սպանություն. 



2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում. 



3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը. 



4. Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը. 



5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը: 



Կոնվենցիայի ընդունումից հետո որոշ գիտնականներ առաջարկել են ավելի համընդգրկուն սահմանումներ: 



Մասնավորապես` 1959թ. իրավագետ Փիթեր Դրոստը սահմանել է ցեղասպանությունը որպես “Մարդկանց` որևէ խմբի պատկանելիության համար կյանքից կանխամտածված զրկելը”: 



Անվանի ցեղասպանագետ Իսրայել Չառնին` “Ցեղասպանության հանրագիտարանի” խմբագիրը, առաջարկել է հետևյալ սահմանումը. “Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում”:



Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի կոնվենցիան քաղաքական խմբի անդամների սպանությունը չի սահմանում որպես ցեղասպանություն, սակայն շատ ցեղասպանագետներ պնդում են` ցեղասպանության սահմանման մեջ ներառել նաև այդ կետը: Նշանավոր ցեղասպանագետ եւ սոցիոլոգ Լեո Կուպերը գտնում է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական տարաձայնություններն առնվազն նույնքան կարևոր հիմք են կոտորածների և ոչնչացման համար, որքան ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական տարբերությունները: Ի լրումն կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությանը որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ Թեդ Գուրը եւ Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել “Պոլիտիցիդ” տերմինը:

Комментариев нет:

Отправить комментарий