Սկիզբը նախորդ համարներում...
Օրենքի համաձայն Օսմանյան կայսրության բոլոր դպրոցները ստորաբաժանվում էին երկու խմբերի. պետական ու մասնավոր: Ոչ մահմեդական երեխաների համար նախատեսնված էին հիմնականում մասնավոր դպրոցները, օրենքի առաջին հոդվածով դրվում էին պետության անմիջական վերահսկողության տակ: Այնինչ, 1856թ. հաթթ-ը հումայունը նախատեսում էր հատուկ մեջլիսների ստեղծում, որոնք պետք է վերահսկողություն իրականացնեին հպատակ քրիստոնյա ժողովուրդների դպրոցների նկատմամբ: 1869թ. օրենքի հեղինակները, համարելով այդ դրույթը չափազանց «լիբերալ», որոշեցին ոչ մահմեդականների դպրոցները կառավարության անմիջական հսկողության տակ դնել:
Սակայն օրենքի հեղինակները դրանով չսահմանափակվեցին: Օրենքի տեքստի մեջ նրանք դրույթներ մտցրեցին, որոնք նպատակ ունեին խոչընդոտել կայսրության քրիստոնյաների մեջ լուսավորության գործի հետագա զարգացումը: Այդ առումով բնորոշ է 129-րդ հոդվածը, համաձայն որի՝ «մասնավոր» դպրոցի հիմնադրման թույլտվությունը կարող էին տալ միայն ժողովրդական կրթության նախարարությունը կամ վիլայեթի վալին: Ընդ որում դրվում էր հետևյալ նախնական պայմանը. նոր հիմնադրված դպրոցի ուսուցիչները պետք է անպայման ունենային պաշտոնական թույտվություն կամ դիպլոմ՝ տրված ժողովրդական կրթության նախարարության կողմից: Դրանով իսկ դժվարանում էր նոր դպրոցների ստեղծումը:
1869թ. օրենքի վերը նշված հոդվածները իրենցից ներկայացնում էին «միաձուլման» ծրագրի այն հատվածի արտացոլումը, որի նպատակն էր վերացնել քրիստոնյա ժողովուրդների ազգային լուսավորության հաստատությունների զարգացած համակարգի ինքնավարությունը:
Սակայն, ինչպես արդեն նշել էինք, «միաձուլման» քաղաքականության նախաձեռնողները հասկանում էին, որ միայն սահմանափակող միջոցներով արգելք հանդիսանալ ազգային-ազատագ- րական գաղափարախոսության աճին անհնարին է: Դրանից ելնելով նրանք առաջին անգամ առաջ քաշեցին սուլթանին և «օսմանյան հայրենիքին» հավատարիմ ոգով ոչ մահմեդական հպատակների «նպատակասլաց» դաստիարակման գաղափարը: Հենց այս նպատակին էին ծառայում մահմեդականների և ոչ մահմեդականների «խառը» ուսուցման մասին օրենքի դրույթները:
Այս սկզբունքը ներմուծվում էր սկսած երկրորդ աստիճանի դպրոցներից: Ինչպես երևում է 38-րդ հոդվածից, իդադիյե խառը դպրոցներում ոչ մահմեդականների երեխաների համար հատուկ առարկաներ, բացառությամբ, աստվածաբանության, նախատեսված չէին: Այսպիսով, այս դպրոցներում սովորող ազգությամբ ոչ թուրք երեխաները դատապարտված էին ապազգայնացման:
Օրենքի հեղինակները չհամարձակվեցին ներմուծել «խառը» ուսուցման սկզբունքը սկսած առաջին աստիճանի տարրական դպրոցներից: Ըստ ամենայնի, նրանք հաշվի էին առնում Դանուբյան վիլայեթում Սիդհատ փաշայի անհաջող փորձը: Այն բնակավայրերում, որտեղ մեծ մասը կազմում էին քրիստոնյաները, օրենքը նախատեսում էր մահմեդականների համար սըբյան դպրոցների հետ մեկտեղ ստեղծել նաև պետական տարրական դպրոցներ միայն քրիստոնյա երեխաների համար: Առաջին հայացքից այդ դրույթը բարենպաստ էր հպատակ ժողովուրդների համար: Սակայն օրենքի 6-րդ հոդվածից երևում էր, որ դա ամենևին էլ այդպես չէր. այդ դպրոցներում չէին ուսուցանվում առարկաներ, որոնք կապված են այն ժողովորդի պատմության և գրականության հետ, որի զավակները սովորում էին այդ դպրոցներում: Դեռ ավելին՝ օրենքը ընդգծում էր, որ այդ դպրոցների կառուցման համար անհրաժեշտ միջոցները պետք է հատկացվեին տեղական քրիստոնյա համայնքների կողմից.
Խառը կամ «զուտ» մահմեդական ուսումնարանները ավարտած քրիստոնյա երեխաները, 1869 թ. օրենքի համաձայն, իրավունք էին ստանում ընդունվել լիցեյներ, որոնք պետք է Բարձր դռանը հավատարիմ պաշտոնյաների կադրեր պատրաստեին: Նման տիպի հաստատություններից առաջինը հայտնի Գալաթասա- րայի լիցեյն էր, որի կանոնադրությունը Բարձր դուռը հրատարակեց 1868թ.: Նրա առաջին հոդվածում լիցեյի ստեղծման նպատակը ձևակերպվում էր հետևյալ կերպ. «Երիտասարդ մարդկանց, որոնք պատկանում են օսմանյան պետության բոլոր դասի հպատակներին, ուսուցումը և դաստիարակումը՝ ի շահ կայսրության»: Այս ձևակերպումը արտացոլում է արևմտամետ բարենորոգիչների կարծիքը առ այն, որ համապատասխան «դաստիարակումից» հետո հնարավոր կլիներ ոչ մահմեդականներին թույլ տալ անցնել պետական ծառայության:
Ալին և Ֆուադը կրեցին անհաջողություն խառը ռազմական կազմավորումների ստեղծման գործում: Առաջին անգամ նման փորձ կատարվել էր 1855թ. մայիսին, երբ հրապարակվեց սուլթանական իրադեն խարաջի վերացման և կայսրության բոլոր բնակչության վրա զինծառայության պարտքի տարածման մասին:
Այդ փաստաթղթում թանզիմաթի դարաշրջանին բնորոշ արտահայտություններով հաստատվում էր, որ քանի որ օսմանյան պետությունում ոչ մահմեդականները իրավունք ունեն օրենքի հովանու ներքո «բարգավաճել և բարեկեցիկ ապրել», ուրեմն նրանք մահմեդականներին հավասար պետք է ծառայեն բանակում: «Մինչև այժմ միայն մահմեդական հպատակներն էին կատարում այդ պարտքը, - ասվում էր իրադեում,- այնինչ հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտքն է»: Միաժամանակ, իրադեում վե֊ րապահություն էր արվում, որ «խառը» բանակում պետք է պահպանվի մահմեդականների գերիշխող դիրքը: Դա հիմնավորվում էր այն հանգամանքով, որ նրանք իբրև թե «վարժված» են զենք կրել, ինչպես նաև նրանով, որ նրանք իբրև թե կազմում են կայսրության բնակչության մեծ մասը: Փաստորեն, օրենքով նախատեսվում էր օգտագործել ոչ մահմեդական հպատակներին որպես «թնդանոթի միս» քայքայվող կայսրությունը պաշտպանելու համար:
1855թ. օրենքը ուժեղ դիմադրության հանդիպեց ինչպես մահմեդականների, այնպես էլ քրիստոնյաների կողմից: Մահմեդականների մեծամասնության մտքով անգամ չէր կարող անցնել այն փաստը, որ «գյավուրներին» թույլ կտան զենք կրել: Մյուս կողմից, սուլթանի քրիստոնյա հպատակների մեծամասնությունը անհնարին էր համարում արյուն թափել հանուն ատելի պետականության պաշտպանության: Այդ պատճառով՝ 1855թ. օրենքը այդպես էլ մնաց թղթի վրա, և նրա հրապարակումից հետո խառը ռազմական կազմավորումներ չստեղծվեցին: 60-ական թթ. սկզբին այս հարցը նորից դրվեց օրակարգում, սակայն վերջնական որոշում չընդունվեց: Այսպիսով՝ Ալիին և Ֆուադին չհաջողվեց հասնել իրենց նպատակին այս ոլորտում:
Ալիի և Ֆուադի՝ երկրի օրենսդրության մեջ «միաձուլման» հայեցակարգի ներդրման ջանքերի պսակը դարձավ 1869 թ. օսմանյան հպատակության մասին օրենքը: Այդ ակտի առաջին հոդվածի համաձայն, Օսմանյան կայսրության բոլոր բնակիչները, անկախ իրենց ազգային պատկանելությունից և կրոնադավանությունից, հայտարարվում էին «օսմանյան պետության հպատակներ»:
Արտաքուստ այդ օրենքը բարենպաստ էր ոչ մահմեդականների համար, քանի որ առաջին անգամ աստվածապետական Օսմանյան կայսրությունում օրենսդիր ձևով ձևակերպվում էր իրենց մահմեդականների հետ հավասար «հպատակներ» անվանելու իրավունքը, ձևականորեն վերացվում էր կրոնական խտրականությունը, որը դարերի ընթացքում համարվում էր մահմեդական պետությունների բնորոշ առանձնահատկությունը:
Սակայն այդ օրենքի իրական նշանակությունը այլ էր: Փաստորեն այն զրկում էր ոչ թուրք ժողովուրդներին ազգային ինքնության իրավունքից: Այսուհետև կայսրության բոլոր բնակիչները համարվում էին «օսմանյան հպատակներ», այլ ոչ թե հույներ, բուլղարացիներ, հայեր.Դրանով կարևոր քայլ էր արվում բազմազգ կայսրության բնակչության «միախառնման ու միաձուլման» ճանապարհին:
Եզրակացնելով՝ կարելի է նշել, որ «միախառնման ու միաձուլման» քաղաքականության նախաձեռնողները կարողացան օրենսդրական ձևակերպում տալ իրենց կողմից մշակված ծրագրերի միայն մեկ մասին: Շատ կարևոր դրույթներ մնացին չիրականացված: Չհաջողվեց ստեղծել հստակ գործող և խիստ կենտրոնացած վարչական համակարգ, որը կարող էր հիմք դառնալ «միաձուլման» համար: Լուսավորության և ռազմական ոլորտի բնագավառում իրականացված բարենորոգումները, որոնք նպատակաուղղված էին «ընդհանուր ոգու» առաջացմանը, լիովին չէին արտացոլում ամբողջ մտածվածը:
Հենց իրենք՝ «միաձուլման» քաղաքականության հեղինակները, գիտակցում էին այդ: Կյանքի վերջում, գնահատելով Ֆուադի հետ համատեղ գործունեության արդյունքները, Ալի փաշան ցավով արձանագրում էր. «Մենք անզոր եղանք.»:
Սակայն նույնիսկ այն, ինչ թանզիմաթի գործիչները կարողացան իրականացնել, վտանգ էր ներկայացնում քրիստոնյա ժողո- վուրդների հետագա ինքնուրույն գոյության համար: Նրանց նախաձեռնությամբ ընդունված օրենքները հող էին նախապատրաստում հպատակ ժողովուրդների «խաղաղ» ուծացման համար: Ուշագրավ է, որ «միաձուլումը» իրականացվում էր արևմտյան օրինակով բարեփոխումներ անցկացնելու և սուլթանի բոլոր հպատակների համար արդարացի կառավարման համակարգի հաստատման պատրվակով:
Բերված փաստերը ցույց են տալիս, որ թանզիմաթի տարիներին Բարձր դռան քաղաքականությունը ազգային հարցում, չնայած կառավարական ակտերում մի շարք առաջադեմ դրույթների հայտարարմանը, բնորոշվում էր նրա մեջ հետադիմական, հակաազգային, ճնշողական միտումների ուժեղացմամբ: Դա ստիպում է վերանայել արևմտյան և թուրքական պատմագրության մեջ լայն տարածում գտած թանզիմաթի շրջանում հպատակ ժողովուրդների նկատմամբ թուրք իշխանությունների քաղաքականության «լիբերալիզացիայի» մասին կարծիքը, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի գնահատականը ամբողջությամբ վերցրած: Կարելի՞ է արդյոք անվերապահորեն պնդել, որ թանզիմաթական նորամուծությունները առաջադիմական էին, եթե նրանք ուղղված էին քրիստոնյա ժողովուրդների ազգային ոգու ճնշմանը: Ըստ էության, թանզիմաթը, ինչպես դա ցույց է տրվում ստորոև, հող նախապատրաստեց երկրում նախացեղասպանական իրադրության առաջացման համար: Պատահական չի կարելի համարել այն հանգամանքը, որ Ալիի և Ֆուադի կրտսեր գործընկերը՝ Միդհատը դարձավ Օսմանյան կայսրությունում առաջին ցեղասպանական բնույթի ծրագրի հեղինակը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Комментариев нет:
Отправить комментарий