Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified
Показаны сообщения с ярлыком Հայկական Սփյուռք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայկական Սփյուռք. Показать все сообщения

воскресенье, 5 июня 2011 г.

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» առագաստանավ, Խաղաղ օվկիանոս


ՍՓՅՈՒՌՔԸ ԳՈՐԾՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ





Դարձյալ պարտքեր: Իմ պարտքերը: Գրառումներիս տետրերը պարզապես միանգամից վերածվել են նաեւ մուրհակների, որ ինձ ստիպում են ապրել «մարված պարտքերի» սկզբունքով: Իսկ այդ տետրերի քանակն աճում է անպատմելի արագությամբ: Բայց նախ կուզենայի ասել, որ բոլոր ուղղությունների վրա գտնվող, տարբեր օվկիանոսների ջրերով ողողվող համարյա թե բոլոր մայրցամաքներում, որտեղ հայկական համայնքներ կան, շատ հաճախ, ասես պայմանավորված, մարդիկ սկզբում զարմանք են հայտնում եւ ապա խորհուրդներ տալիս: Խոսքն այն մասին է, թե ինչու չեմ օգտվում համակարգչից, թեեւ դիմում եմ ինտերնետի ծառայություններին: Ես, իհարկե, այդ մասին ոչ մեկին չեմ ասում: Պարզապես ամեն ինչ ակնհայտ է, քանզի ամենուր հետս քարշ եմ տալիս գրամեքենան, ինչն ինքնին զարմանք է առաջացնում, որն էլ իր հերթին հարցեր է ծնում եւ մանավանդՙ խորհուրդներ այն մասին, թե որքան հարմար է համակարգչով աշխատելը: Համաձայնում եմ, բայց շարունակում եմ իմն առաջ տանել: Շատ ավելի բարդ է ինտերնետի հարցը: Չէ՞ որ, ճիշտն ասած, ձեւացնում եմ, երբ ասում եմ, թե ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում այդ ինտերնետներից, որոնք արդեն խաչուղիներով «համաշխարհային սարդոստայն» կամ «աղբանոց» են կազմել: Ավելին, հիանալի գիտեմ եւ այն, թե դա այսօր որքան կարեւոր է համամոլորակային մակարդակով: Ֆենոմենալ մի շտեմարան է: Ալեքսանդրիայի գրադարանըՙ լուցկու տուփում: Միաժամանակ անպայման հավելում են, թե իբր անհրաժեշտություն չկա գրադարան գնալու, տանը գրքեր պահելու, ավելացնելով արդեն մի նախադասություն, որն ակամա վիրավորանք է հասցնում համաշխարհային մշակույթին. «Ամբողջ Դոստոեւսկին կարելի է գրպանում ունենալ»: Անձամբ ես հոգեպես հանգիստ ու ապահով եմ զգումՙ իմ տան գրադարանում տեսնելով Դոստոեւսկու վեպերի տասնվեց հատորները, չհաշված նույն ծավալի նամակագրական ժանրի ժառանգությունը: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինտերնետում կարելի է կարդալ ամեն ինչի մասին, ապա ես բացարձակապես չեմ հավատում, թե ներկայումս մոլորակը, այդ թվում նաեւ Հայաստանը, այն օգտագործում են գրքեր կարդալու համար: Սակայն ես այլ բան եմ ուզում ասել: Այն, որ համարյա վեց տասնամյակ ձգվող իմ ստեղծագործական աշխատանքի ընթացքում ես չեմ կարողանում այլ կերպ վարվել: Ահա միայն մեկ օրինակ: Երկար ժամանակ է, ինչ «Արմենիա»-ն լողում է Խաղաղ օվկիանոսի հենց այն վայրերում, որտեղ անխիղճ կերպով սպանել, ոչնչացրել են ամբողջ քաղաքակրթություններ: Դա նշանակում էՙ ամբողջ ժողովուրդներ: Եվ վերջին մոհիկանները դեպի չգոյություն են մեկնել իրենց աստվածներով հանդերձ, մեծ թվով աստվածներ, առանց որոնց կյանքն անպատկերացնելի էր: Չէ՞ որ մի բանի պետք է հավատային մարդիկ: Այդ թվումՙ նաեւ ծովայինները:

Համարձակորեն կարելի է պնդել, որ նույնիսկ ոչ թե պարզապես նավազների, այլ հենց ծովագնացների առաջին աստվածը, ավելի ճիշտՙ աստվածուհին եղել է Իսիդան, եգիպտական Օսիրիս աստծո կինը եւ քույրը: Այսօր ինտերնետից հաստատ կարելի է իմանալ, որ այդ աստվածները բավական իմաստուն կերպով «դերաբաշխում» էին կատարել: Ամուսինը մեռնող եւ հարություն առնող բնության աստվածն էր, կինըՙ ոչ միայն ծովագնացների, այլեւ, ինչը լիովին տրամաբանական է ծովայինի համար, ջրի, քամու, առագաստի եւ դեռ ի հավելումնՙ ամուսնական հավատարմության: Ի դեպ, Օսիրիսի եւ Իսիդայի որդի Հորը արեւի աստվածն էր: Ընդհանրապես Եգիպտոսում արեւի աստվածները շատ էին, այդ թվում եւ Ռան, որի անունը շատ հազարամյակներ անց այդքան բարձրաձայն փառաբանեց Թուր Հեյերդալը:

Եվ իրոք, հավանաբար շուրջերկրյա նավարկության նախապատրաստվելիս, բացի ամենայնից, կարելի է ինտերնետից տեղեկանալ, որ մեզ համար պահապան-հրեշտակներ կլինեն Օսիրիսի ընտանիքի բառացիորեն բոլոր անդամները: Բայց ահա ինչպե՞ս իմանալ ինչ է հարկավոր անել խելացի, իմաստուն եւ վստահ կերպով դժվարություններին նախապատրաստվելու եւ դրանք հաղթահարելու համար: Այստեղ արդեն անհրաժեշտ է մարդկության դարերով կուտակած փորձը: Այստեղ արդեն պետք է դիմել փիլիսոփաներին ու պատմագետներին: Եվ նաեւ պետք է իմանալՙ նրանցից ում: Հանուն հետաքրքրության ծանոթներիցս շատերին հարցրեցի այդ մասին: Եվ շատերն էլ պատասխանեցին, որ բացի ծովային գործի եւ առագաստավարության գիտելիքներից, առաջին հերթին պետք է քաջություն հավաքել: Եվ հենց այստեղ էլ մի իսկական շիլա-շփոթ սկսվեց: Բոլորը տարբեր կերպ էին մեկնաբանում քաջության իմաստն ու էությունը, ավելի հաճախ այն նույնացնելով համարձակության, խիզախության, սեփական անձն ու մերձավորներին մահից չվախենալով պաշտպանելու կարողության հետ: Իմ կարծիքով, ճշմարտությանն ավելի մոտ էին նրանք, ովքեր գտնում էին, թե քաջությունն այն է, երբ քո առջեւ նպատակ ես դնում եւ ոչինչ չես խնայում այն իրագործելու համար: Սակայն սա նույնպես վեճերի ու տարակարծությունների տեղիք է տալիս: Դիմենք մի մարդու, որը ե՛ւ պատմաբան էր, եւ՛ փիլիսոփա, եւ՛ նույնիսկ հրապարակախոս: Դա Հերոդոտն է, որին Ցիցերոնը անվանել է պատմահայր:

Կարծում եմ, որ մեր երիտասարդությանը նույնիսկ շատ անհրաժեշտ է իմանալ, թե իր հետազոտություններում նա ինչպես է նկարագրում քաջարի մարդու էությունը: Հերոդոտի նկարագրություններում բարձրագոչ բառեր չկան: Նա պարզապես դատողություններ է անումՙ հիանալի տիրապետելով նյութին: Թող ոչ մեկին չզարմացնի, որ մեծ հույնի կարծիքով քաջ մարդն առաջին հերթին պետք է նաեւ երկչոտ լինի: Երկչոտությունը բոլորովին էլ վախկոտությունը չէ: Եթե քո առջեւ դրել ես դժվարին խնդիր, չափազանց հեռավոր կամ չափազանց բարձր նպատակ, ապա առաջին հերթին պետք է երկնչես հենց խնդրից, հենց նպատակից: Ըստ Հերոդոտի, միայն երկնչանքը քեզ կպարտավորեցնի «ծանրութեթեւ անել բոլոր պատահականությունները»: Եվ միայն դրանից հետո, արդեն խնդիրը լուծելու կամ նպատակին հասնելու ճանապարհին պետք է «խիզախություն» դրսեւորես: Ես չգիտեմ, ինտերնետում կա՞ Հերոդոտի ամբողջական աշխատությունն այն թեմայի վերաբերյալ, որ հիմա փորձում եմ առաջարկել մեր երիտասարդ սերնդին: Բայց պետարխիվ հանձնած իմ ձեռագրերում դրանք կան: Եվ ժամանակից դեղնած տետրերիցս մեկում դրանցից քաղած հերոդոտյան ընդհանուր ցուցումը հետեւյալն է. «Մարդկանց, որոնք վճռել են գործել, սովորաբար ուղեկցում է հաջողությունը եւ ընդհակառակը, հազվադեպ է ժպտում նրանց, ովքեր զբաղված են միայն նրանով, որ անվերջ չափուձեւում են եւ հապաղում»:

Հերոդոտը գտնում է նաեւ, որ առանձնահատուկ քաջություն են հանդես բերում հայրենիքից զրկված, ստիպողական վերաբնակեցման պայմաններում գտնվող մարդիկ: Զարմանալի բառակապակցություններ ենՙ «առանձնահատուկ քաջություն», «ստիպողական վերաբնակեցում»: Բայց չէ՞ որ դա մեր ՍՓՅՈՒՌՔ-ի մասին է: Ցավոք, մենք հազվադեպ ենք մտորում, թե ինչեր են վերապրել մեր նախնիները եւ՛ դարերի խորքում, եւ՛ միջնադարում, եւ՛ տասնիններորդ, եւ թե քսաներորդ դարերում: Տասնյակներով սյուժեներ ունեմ կուտակած: Եվ բոլորն էլՙ ողբերգական: Նշանակում է, կուտակել եմ պարտքերս, որոնց մասին նշեցի ռեպորտաժի սկզբում: Դժվար թե կարողանամ բոլորը մատուցել ռեպորտաժի շրջանակներում: Այնինչ ուզում եմ ներկայացնել բոլորըՙ առանց բացառության: Հույսս գիրքն է: Ահա թե ինչու խոսք բացեցի քաջության մասին: Չէ՞ որ փրկվեցին հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մեր հայրենակիցներՙ շնորհիվ հենց հայ տղամարդկանց քաջության: Այո, սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մեր ծովարշավը նվիրված է հայ մորը, որը կարողացավ օտար ափերում հայի մեջ պահել հային: Բայց յաթաղանից հրաշքով մազապուրծ ընտանիքների կյանքը վերջնականապես փրկեցին տղամարդիկ: Իմ սյուժեներում կան դեպքեր, երբ ճանապարհին, ծովում, բաց օվկիանոսում մեռնում էին ծեր ծնողները, մեռնում էին փոքրիկ երեխաները տարբեր հիվանդություններից, այդ թվում եւ անբուժելի ծովային հիվանդությունից: Շատերը գրպանում մի ցենտ անգամ չունեին: Եվ մեր տղամարդկանց առջեւ ծառացան դժվար լուծվող խնդիրներ: Կար նպատակ. փրկել ողջ մնացածներին, բնակություն հաստատել հաճախ շատ հեռվում, աշխարհի ծայրին: Մենք այնուամենայնիվ դեռեւս մինչեւ վերջ եւ ըստ արժանվույն չենք գնահատել Սփյուռքի մեծությունը եւ պատմական դերը ողջ հայ ժողովրդի փրկության գործում: Իմ սյուժեների հերոսների մեջ կան մարդիկ, որոնց հայրերը, պապերը եւ նախապապերը եկեղեցիներ, դպրոցներ, ազգային հաստատություններ են կառուցել, բարեգործական հիմնադրամներ ստեղծել, գրքեր, թերթեր հրատարակել: Ես արդեն չեմ խոսում թատրոնների, երգ ու պարի խմբերի, պետական հաստատություններին փոխարինող ամբողջական կառույցների եւ շատ ու շատ այլ բաների մասին: Իսկ երկար ու ձիգ դարերի ընթացքում քանի-քանի՜ անգամ են փոխվել, ինչպես բազմիցս է ընդգծվել, այսպես կոչված սփյուռքի կենտրոնները: Եվ այդ ամենը կատարվել է անվերջանալի ցեղասպանության խորապատկերին ոչ թե պարզապես Օսմանյան կայսրությունում (հրեշավոր մի կաղապար, որ մեզ պարտադրվեց սուսլովյան 60-ականներին, որպեսզի բացառվեր իսկական անվանումըՙ «Թուրքիա»), այլ մեր հայրենիքումՙ Արեւմտյան Հայաստանում եւ արդեն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետոՙ Արեւելյան Հայաստանում:

Աշխարհագրորեն սփյուռքն, իհարկե, օտարություն է, որն ինչպես Գենցեն է ասումՙ հարազատ չի դառնա: Բայց ինքըՙ սփյուռքը հարազատ է: Դա համաշխարհային պետություն է, կազմված հարյուրավոր հայաստաններիցՙ իրենց եկեղեցիներով ու դպրոցներով: Սփյուռքում, ինչպես ոչ մի տեղ, հայը գործուն կերպով գիտակցում է, որ բավարար չէ իմաստուն լինել, պետք է կարողանալ օգտվել դրանից: Սփյուռքում հայը սովորել է փիլիսոփայությունը երկնքից իջեցնել հողի վրա: Լինել սթափ, նույնիսկ երբ հարբած է: Սփյուռքը հավերժական հիշողություն է հայրենիքի մասին: Դա հավերժական կարոտախտ է, որ գործողություն է ծնում, առանց որի երբեք չի իրականանա երազանքը:

Սյուժեներից մեկի հերոսըՙ Վարդգես Դալլաքյանը պատմում է, թե ինչպես էր իր հայր Ասատուրը հաճախ կրկնում, որ թունավոր օձ է խայթել իրեն դեռեւս իր Մարիամ մոր արգանդում, որը հղի ու բոկոտն անցել էր Դեր-Զորի այրող ավազներով: Մարիամին անընդհատ թվացել էր, թե իրեն օձեր են խայթում: Դա մտրակներն էին, որոնցով թուրքերը հարվածում էին իրենց զոհերին: Ասատուրն ասել էր նաեւ այն մասին, որ հայկական եկեղեցիների զանգերի մեջ լսում է ժողովրդի մորմոքը: Եվ այդ մարդը, որ անկասկած Սփյուռքի ընդհանրական կերպարն էր, արել էր ամեն ինչ, որ մոր հետ նույնիսկ օտարության մեջ զգաՙ ասես ապրում է Հայաստանում:

Ողջ օրը հոգիս այրելուց հետո, Վարդգեսի պատմությունը գիշերն էլ քունը խլեց աչքիցս: Անընդհատ մտածում էի այն թունավոր օձի մասին, որ խայթել էր հղի Մարիամին Դեր-Զորում եւ այն մասին, թե ինչպես էր որդին մոր արգանդում զգացել այդ ցավը: Վառեցի փոքրիկ լամպս: Նորից նայեցի գրառումս եւ հանկարծ հասկացա, որ շատ տարիներ առաջ Ասատուրի արտաբերած այդ միտքը բանաստեղծական տողի ուժ ունի եւ պահանջում է հնչեցնել իրեն հայոց եկեղեցու մորմոքուն զանգի պես: Եվ այն, ինչ գրեցի իմ ձեռքով, ասես տող առ տող շարվեց Ասատուրի թելադրանքով.

Ես դեռ մայրական մարմնում ամփոփվածՙ

Զգացի խայթն ու թույնը կոբրայի,

Եվ օտար հողում լույս աշխարհ եկած,

Դարձա պատկերը սփռված հայի:

Իմ եկեղեցու զանգից ուժ առա

Ու խորհրդի մեջ Տիրամոր-Մանկան,

Թեկուզ եւ զատված, բայց քեզ հետ եղա,

Եսՙ Մանուկ-Սփյուռք, դուՙ Մայր-Հայաստան...

понедельник, 30 мая 2011 г.

Սփյուռք - Հայրենիք





«Սփյուրք-Հայրենիք հարաբերություն» երեւույթը կարեւորվեց 20-րդ դարի երկրորդ տասնամյակից սկսած եւ դարձավ սփյուռքի համախմբման առանցք: Համախմբման այդ առանցքը սփյուռքի համար ավելի կարեւոր դարձավ, երբ ցեղասպանությունից վերապրած սերունդը առնվազն մոտ ապագայում իր կորցրած հայրենիքը վերադառնալու եւ իր պապենական հողի վրա ապրելու հույսը կորցրեց: Իսկ մյուս կողմից` արմատավորվելով ու հիմնավորվելով իր ապաստարան գտած երկրներում, սկսեց իր կյանքի նոր փուլը: Ապագայի հույսին ապրելով փորձեց համախմբվելու առանցք գտնել: Համախմբման առանցք դարձավ իր կորցրած պապենական երկիրը վերադարձնելու եւ ունեցած այն մյուս կես՝ հույսեր փայփայող Հայրենիքը՝ Արեւելահայաստանը:
Դեռ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում սփյուրքը փորձում էր այդ հարցին ճիշտ մոտեցում ցուցաբերել: Խորհրդային Հայաստանին գաղափարապես մոտ եւ բոլոր ժողովրդավարական կուսակցությունների ու կազմակերպությունների, այդ թվում նաեւ սփյուռքի մեծ հատվածի համախմբման առանցքը խորհրդային Հայաստանի շուրջ համախմբվելն էր: Այդ նույն ժամանակահատվածում կային նաեւ կուսակցություններ, կազմակերպություններ եւ ժողովրդի մի հատված, որոնք միանալով արեւմտյան աշխարհին, իրենց համախմբման առանցքը դարձրել էին Խորհրդային Հայաստանի դեմ պայքարը, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ից «ազատագրելու» եւ նրան արեւմտյան աշխարհին միացնելու գաղափարը: վերջինիս համախմբման գործում առանցքային դեր ուներ դաշնակցություն կուսակցությունը: Անթիլիասի կաթողիկոսությունը Էջմիածնի Մայր աթոռի դեմ մղելը՝ եկեղեցիների մեջ պառակտում առաջացնելը, Անթիլիասյան թեմը որպես գործիք՝ խորհրդային Հայաստանի՝ Էջմիածնի դեմ օգտագործելը՝ դաշնակցությունը նույնպես ծառայեցնում էր այդ նպատակին:
Ինչեւէ, սփյուռք-հայրենիք հարաբերությունը մինչեւ Խորհրդային Միության փլուզումը գաղափարային, քաղաքական եւ դասակարգային բնույթ էր կրում: Պայքարը քաղաքական գաղափարների պայքար էր, արեւելքի կամ արեւմուտքի բեւեռներց մեկին միանալու՝ մյուսի դեմ պայքարելու խնդիր էր: Դա ամենակարեւոր հատկանիշներից էր, ինչը հաճախ մոռացության է մատնվում կամ էլ շատերի կողմից դիտավորյալ հաշվի չի առնվում սփյուռք-հայրենիք հարաբերությունների վերլուծություններում ու բացատրություններում: Հայսատանի անկախությունից հետո, սփյուռքի այն հատվածը, որը համախմբվում էր խորհրդային Հայաստանի շուրջ՝ կորցրեց իր հիմնավորված համախմբման առանցքը: Անկախության առաջին շրջանում. արցախի հարցը, երկրաշարժը, պատերազմը եւ այլն, համախմբեց ո՛չ միայն Հայաստանի ժողովրդին, այլ ամբողջ հայությանը: Դա համայն հայության համախմբման առանցք դարձավ կարճ ժամանակահատվածում, քանի որ համայն հայությանը առնչվող խնդիր կար:
Հայաստանի անկախությունից հետո, ազատ շուկայական հասարակարգի բերումով՝ հասարակական սոցիալ-տնտեսական բեւեռացումը հանգեցրեց քաղաքական նոր հոսանքների ստեղծմանն ու նրանց կողմից իշխանության գալու քաղաքական թեժ պայքարին: Այդ իսկ պատճառով էլ Հայրենիքի շուրջ համախմբման առանցքը՝ սփյուռքի համար նորից դարձավ քաղաքական, գաղափարական եւ դասակարգային պայքարի սկզբունքը: Համազգային արժեքները կրող գաղափարները իրենց տեղը նահանջեցին դասակարգային, քաղաքական պայքարին:
Հայաստանից արտագաղթող քաղաքացիները իրենց հետ կրում էին նաեւ այդ հոսանքների քաղաքական տեսակետներն ու համակրանքը, ինչի պատճառով էլ սփյուռքում ձեւավորեց քաղաքական նոր մթնոլորտ, նոր մոտեցում՝ Հայաստանի իշխանությունների հանդեպ:
Սփյուռք-հայրենիք հարաբերությունները եւ սփյուռքի համախմբման միջոցն ու ձեւը տարբերվում է նախկինից: Հայաստանից մասայական արտահոսքը ՝ սկսած 1992 թվից, փոխեց սփյուռքի դասական դեմքը: Մոտավորապես երկու միլ. արտագաղթած Հայաստանի քաղաքացիներ բնակվելով արտասահմանյան երկրներում, հիմնականում Ռուսաստանում, ավելի շատ սերտ կապեր ունեն Հայաստանի հետ, քան մյուսները: Նրաք սերտ կապեր ունեն իրենց ընտանիքի անդամների, հարազատների, բարեկամների եւ ընկերների հետ եւ Եւ այդ հարաբերությունների ու կապերի շնորհիվ նրանք տեղեկություններ են ստանում՝ Հայաստանում տեղի ունեցող առօրյա խնդիրների մասին, իրենց անմիջական ֆինանսական օգնությունն են ցուցաբերում նաեւ իրենց ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Հայաստանից արտագաղթողները իրենց հայրենքից արմատախիլ չեն եղել, ինչպիսին են ցեղասպանությունից մազապուրծ եղած վերապրող արեւմտահայությունը: Նրանք իրենց համարում են դեռ Հայաստանի քաղաքացի եւ տարբեր առիթներով առնչվում են Հայաստանում տիրող իրավիճակի հետ: Այդ պատճառով էլ նրանք առաջինն են արձագանքում Հայստանում տեղի ունեցած ցանկացած հարցին:
Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական խնդիրները, Հայաստանի պետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը անմիջապես ազդում է սփյուռք-հայրենիք հարաբերությունների վրա: Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում բոլոր մյուս ուժերը աջակցում էին Հայաստանի նորանկախ պետությանը, սփյուռքում որոշ ուժեր, հատկապես դաշնակցությունը դեմ լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը չէին աջակցում Հայաստանի պետությանը: Սփյուռքում ամենօրյա եւ ամենուր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հայհոյանքի ու նրա իշխանության տապալման պայքարի ոգին վառ պահելու համար, դաշնակցությունը ոչ մի ջանք չէր խնայում: Քոչարյանի իշխանության գալուց հետո , երբ դաշնակցությունը նրա իշխանության մասը կազմեց՝ մինչեւ օրս անվերապահ պաշտպանում է պետությանը եւ այդ քաղաքականությունը նույնպես դրսեւորվում է սփյուռքում՝ դաշնակցական շրջանակներում: Այնպես, որ սփյուռք-հայրենիք հարաբերությունները կրում են դասակարգային, գաղափարախոսական եւ քաղաքական բնույթ:
հնարավո՞ր է սփյուռքը որպես մեկ միավոր հանդես գա՝ Հայաստանի կառավարության հետ իր հարաբերություններում:
Սփյուռք-հայրենիք հարաբերությունը բոլորովին այլ հասկացություն է՝ սփյուռք-հայաստանապետություն հարաբերություն հասկացությունից: Սփյուռք-Հայրենիք հարաբերությունը ոչ ոք չի հերքում, ոչ ոք չի անտեսում, բայց սփյուռք-հայաստանապետություն հարաբերությունները միշտ էլ կախված են եղել ու կախված կլինեն սփյուռքի քաղաքական տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների ու Հայաստանի պետության գաղափարախոսությունից, նրա ժողովրդավարական կեցվածքից ու որակից, նրա տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականությունից: Անցյալի եւ ներկայի փորձը դա է վկայում:
Տարբեր են նաեւ «մեկ ազգ, մեկ հայրենիք», եւ «մեկ ազգ մեկ պետություն» հասկացությունը: Ի՞նչ ենք հասկանում «մեկ ազգ, մեկ պետություն» ասելով: «Մեկ ազգը մեկ հայրենիք»-ը հասկանալի է (եթե ամբողջ հայոց աշխարհը համարենք Հայրենիք), բայց «մեկ ազգ մեկ պետություն» առնվազն ներկա դրությամբ անհասկանալի երեւութ է, քանի որ նախ ունենք մեկ դե յուրե եւ մեկ դեֆակտո հայկական պետություններ: Հնարավոր է նաեւ հրաշք տեղի ունենա ու Արեւմտյան Հայաստանում նույնպես մի առանձին հայկական պետություն ստեղծվի, այն ժամանակ կունենաք մեկ ազգ եւ երեք հայկական պետություններ: Ուրեմն կարելի է մեկ ազգ լինելով քանի պետություններ ունենալ: Սակայն դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ պետություն ասելով, ինչպիսի՞ պետություն նկատի ունենք. բռնապետական, ժողովրդավարական, սոցիալիստական, կապիտալիստական եւ դրանց յուրաքանչյուրի յուրահատուկ տեսակնե՞րը: Այստեղ կարեւորը պետականությունն է: Պետականությունն ունի հստակ բացատրություն՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություն: Պետականությունը ասելով պետք է հասկանալ այդ երեք սյուները: Պետությունը կառուցվում է այդ երեք սյուների վրա: Իշխանությունները կամ դրանց ընդհանուր գումարը՝ պետությունը ունի դասակարգային բնույթ եւ դրսեւորում է հասարակության այս կամ այն դասակարգի քաղաքական կամքը՝ նրա քաղաքական ներկայացուցիչն է: Մինչդեռ օրենսդիր եւ գործադիր մարմինները հասարակության այս կամ այն դասակարգի ուղղակի քաղաքական կամքի կրողներն են, դատական իշխանությունը, դատական համակարգը մնում է, եւ պետք է մնա՝ պետության քաղաքական ազդեցությունից դուրս, որպես անկախ համակարգ: Ոչ ոք պետականությանը դեմ չէ եւ չի հերքում: Բայց իշխանությունների այս կամ այն քաղաքականությանը կարելի է դեմ լինել կամ ընդհանրապես ձգտել դրա հիմնովին տապալմանը:
Այսօրվա Հայաստանի իշխանությունների եւ Իշխանության մաս կազմող կուսակցությունների ու առանձին քաղաքագետների ու քաղաքական գործիչների կողմից ընդդիմադիր ուժերին «պետականությունը թուլացնելու» մեղադրանքը, մեղմ ասած անհիմն է: Պետականությունը կարելի է կորցնել՝ տվյալ պետության սխալ քաղաքականության հետւանքով, բայց ոչ ժողովրդի՝ պետության դեմ իր արդարացի իրավունքների համար պայքարի հետւանքով: Ամբողջ աշխարհում` կախված պետությունների ժողովրդավարական որակից ու բնույթից, ժողովուրդը պայքարում է իր իրավունքների եւ իր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար՝ իր իշխանությունների, այսինքն իր պետության դեմ: Ոչ ոք չի ասում դատական կամ օրենսդիր իշխանությունը (որպես պետականության կառույց) պետք է վերանա: Ոչ ոք չի ասում գործադիր մարմին չենք ուզում: Դա կնշանակի անարխիա: Այնպես, որ պետականություն եւ իշխանություն ճիշտ հասկացությունը կարեւոր է ժողովուրդ-պետություն եւ «սփյուռք-հայրենիք հարաբերություն»-ը ճիշտ հասկանալու եւ ճիշտ հիմքի վրա դնելու համար:
Սփուռք-հայրենիք հարաբերություններ.
Պարզ է, որ Հայաստանի կառավարության կողմից սփյուռք-հայրենիք հարաբերությունը ընկալվում է որպես սփյուռքի ֆինանսական ներուժի համախմբում եւ դրա ուղղորդումը դեպի Հայաստան: Սակայն այդ խնդիրը ուղղակի սփյուռքի բարեգործական կամ հարուստ բարեգործների եւ Հայաստանի պետության կամ Հայաստանի հասարակական հաստատությունների միջեւ հարաբերությունների խնդիր է: Սփյուռքի բարեգործական հիմնադրամները, եթե ցանկանում են Հայաստանի պետական օղակներով Հայաստանը զարգացնել, թե իրենց յուրահատուկ կառույցի միջոցով, դա իրենց խնդիրն է: Բարեգործությունը միշտ էլ լավ բան է ու արժանի է քաջալերանքի: Բայց դա բոլորովին այլ բան է, ինչ սփուռք-հայրենիք հարաբերությունը կամ, ավելի ճիշտ ասած, սփյուռք-հայաստանապետության հարաբերությունը: Առաջինը հոգեւոր-մշակութային-մարդասիրական սկզբունքի վրա է հենված, իսկ մյուսը` քաղաքական գաղափարախոսական սկզբունքի: Ուրախ կլինենք, եթե բոլոր բարեգործական հիմնադրամները, առանձին անձինք համագործակցելով իրարու հետ՝ աջակցեին Հայաստանի տնտեսական զարգացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանը: Չնայած, ցանկալի կլիներ, որ դա իրականացվեր յուրահատուկ կառույցի միջոցով, որպիսզի օգնությունը կարողանար իր իսկ նպատակին ծառայել, եւ ոչ թե դառնար մի խումբ անձանց հավելյալ եկամուտի աղբյուր:
Իսկ ինչը «սփյուռք-հայրենիք» կամ, ավելի ճիշտ, սփյուռք-հայաստանապետության հարաբերություններին է վերաբերում, դա ոչ թե բարեգործական հարաբերություն է, այլ զուտ քաղաքական հարց : Ավելի ճիշտ ձեւակերպում կարելի է անել. Սփյուռք-Հայաստան քաղաքական հարաբերություն կամ սփյուռքի հետ Հայաստան պետության քաղաքական հարաբերություն: Մենք ուզենք, թե չուզենք, Հայստանի կառավարությունը ուզի, թե չուզի, ուղղակի առնչվում ու առնչվելու է այդ խնդրի հետ: Սփյուռքը միակուսակցական, միակարծիք եւ քաղաքականապես մեկ հավաքական միավոր չէ: Հայաստանի կառավարությունը սփյուռքի հետ իր հարաբերություններում պետք է հաշվի նստի սփյուռքի բազմության հետ, նրա բազմատեսակ քաղաքական եւ հասարակական ուժերի հետ: Իսկ այդ ուժերը միշտ չեն, որ կպաշտպանեն Հայաստանի իշխանություններին, նրանք նույնպես կարող են նաեւ խիստ քննադատել: «Սփյուռք-Հայրենիք» հարաբերությունների մասին խոսելիս պետք է պատասխանել այն հարցին, թե սփյուռքի ո՞ր կուսակցությունը, ո՞ր քաղաքական ու հասարակական կազմակերպությունն է Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների մեջ մտնելու: Ո՞վ է սփյուռքը ներկայացնելու: Ինչքան որ պարզվեց, սփյուռքը միակազմ ու միակարծիք չէ, ապա ինչի՞ շուրջ պետք է սփյուռքը համախմբվի ու միաձայն մեկ կառույցով հանդես գա Հայաստանի քաղակական ներկայացուցչի` այսինքն` Հայաստանի կառավարության հետ հարաբերություններում: Սփյուռքի եւ Հայաստանի պետության միջեւ քաղաքական հարաբերությունների ճիշտ մշակումն է կարեւոր:
Սփյուռք-հայրենիք հարաբերություններում պետք է որոշվի. Ի՞նչ չափանիշներով, իրավական ի՞նչ սկզբունքով եւ ո՞ր մեխանիզմով կարելի է սփյուռքի հետ հարաբերվել: Եւ սփյուռքի իրավունքը որպես Հայ Ազգի մեծամասնություն՝ Հայաստանի քաղաքական կյանքում ինչպե՞ս կամ ինչքանո՞վ է կայանալու: Թե՛ Հայաստանի կառավարության եւ, թե՛ նրան մաս կազմող կոալիցիան անընդհատ խոսում են սփյուռք-հայրենիք հարաբերությունների մասին: Եթե Հայաստանի կառավարությունը իր իսկ արտասահմանում բնակվուղ քաղաքացու ամենատարրական, բայց ամենակարեւոր իրավունքը՝ այն է ընտրություններին մասնակցելը, ոտնակոխ է անում, ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը:
Հայրենիքին օգնելը, նրա ժողովրդին ու նրա տնտեսական վիճակը զարգացնելը, բարեգործական, մարդասիրական աշխատանքներ կատարելը միշտ էլ ողջունելի են: Բայց պետությանը աջակցելը կամ նրա քաղաքական, գաղափարական հայացքները կիսել կամ չկիսելը պայմանավորված է քաղաքական կուսակցությունների, հասարակական հաստատությունների ու կազմակերպությունների աշխարհահայացքների ու քաղաքական դիրքորոշումները պետության գաղափարների, քաղաքական տեսակետների հետ համընկնելուց: Այդ սկզբունքից ելնելով է, որ հնարավոր չէ սփյուռքում մի ճակատ ստեղծել: Հայաստանի պետության կողմից ներքին եւ արտաքին քաղաքականության, այս կամ այն հարցի մոտեցման քաղաքականության որոշումները նույնպես եւ նույնքան արձագանք են գտնում սփյուռքում, ինչքան Հայաստանում:
Սփյուռք-հայրենիք հարաբերությունները կարող են իչ-որ չափով իրականանալ հետեւյալ ձեւերով.
Բարեգործական հիմնադրամները պետք է բացեն իրենց գրասենյակները Հայաստանում: Մշակեն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր, որպիսզի կարողանան ավելի ճիշտ Հայաստանի զարգացմանը նպաստել: Կոսմետիկ ծրագրերի միջոցով Հայաստանը չի զարգանա:
Հայաստանում աշխատող յուրաքանչյուր հասարակական նախաձեռնություն կամ կազմակերպություն պետք է ինքն ուղղակի հարաբերության մեջ մտնի սփյուռքում նմանատիպ աշխատանքով զբաղվող կազմակերպության հետ: Նույն կերպ կարող են նաեւ Հայաստանում աշխատող քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները հարաբերվել իրենց համակրող՝ սփյուռքում աշխատող քաղաքական կուսակցությունների կամ նույն քաղափարները կրող՝ կազմակերպությունների հետ:
Հայաստանի պետությունը պետք է առանց խտրականության հաշվի նստի սփյուռքում այդ բոլոր ուժերի հետ, հաշվի առնելով նրանց կարծիքն ու առաջարկները: Պետք է աջակցի սփյուռքում աշխատող բոլոր մշակութային, հասարակական եւ կրթական հաստատություններին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:
Ցեղասպանության ճանաչման հարցի քաղաքական ներկայացուցիչն սփյու՞ռքն է, թե՞ Հայաստանի կառավարությունը:
Ցեղասպանության ճանաչման հարցի առաջատարը պետք է լինի սփյուռքն ու Հայաստանի ոչ պետական՝ գիտական եւ քաղաքական հաստատություններն ու կազմակերպությունները, քանի որ Հայաստան պետությունն այդ հարցը բարձրացնելով բարդացնում է իր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցը:
Ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ պետք է ստեղծվի նախ եւ առաջ համահայկական համաշխարհային (առանց Հայաստան պետության պաշտոնական մասնակցության ու միջամտության) մեկ հաստատություն, որը ի վիճակի կլինի համադրելու եւ մեկ քաղաքականությամբ, մեկ ռազմավարությամբ այդ հարցը առաջ մղելու: Անընդհատ «Հայ Դատի գրասենյակներ» բացելով այդ խնդիրը այդ խնդրի լուծմանը չենք օգնի:
«Սփյուռքի Նախարարություն» ստեղծելով չէ, որ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանի կառավարության կողմից հաշվի առնելով վերը նշված բոլոր փաստերը եւ համապատասխան քաղաքականություն մշակելով է, որ կարելի է նպաստել Սփյուռք-Հայրենիք ճիշտ հարաբերություններին: Սփյուռքի քաղաքական իրական կյանքի փաստը հաշվի չառնելը, անուշադրության մատնելն ու միակողմանի պետական շահի հետապնդումը չի նպաստի սփյուռք-հայրենիք հարաբերություններին: Ու այդ դեպքում «Սփյուռքի Նախարարությունը» կդառնա ինքնանպատակ եւ ավելորդ ծախսերի եւս մի կառույց:

Նյութի հեղինակ Երվանդ Խ.