ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐ ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Այս պայքարում Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցություններին է միացել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը
Նախորդ համարներում նշել էինք Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի հունիսի 12-ին նշանակված ընտրությունների մասին: Ընտրություններին մնացել է 10 օր եւ որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան թեժ բնույթ են ստանում միջկուսակցական պայքարն ու փոխադարձ վիրավորանքները: Վիրավորանքների պարագայում գլխավոր թիրախը վարչապետ Էրդողանն է, ընդ որումՙ անձնական վիրավորանքը նրան վարկաբեկելու միջոց են դարձրել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցությունների առաջնորդները, որոնց միացել են ընտրություններին մեծամասնականով մասնակցող քրդերի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարները:
Խնդիրը, սակայն, սոսկ վարչապետ Էրդողանին հասցված վիրավորանքները չեն, այլ քարոզարշավի ընթացքում նրա ավտոշարասյան, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մասնաճյուղերի, հանրահավաքի մասնակիցների վրա կատարվող զինված հարձակումներն ու հանրահավաքները խոչընդոտելու փորձերը:
Նախորդ օրը Արդվինի Խոպա գավառում հարձակման էին ենթարկվել ե՛ւ Էրդողանի ավտոշարասյունը, ե՛ւ հանրահավաքի մասնակիցները: Մինչ այդ քրդաբնակ Հաքքյարիում, Շըրնաքում եւ Բաթմանում փորձ էր արվել կանխարգելել հանրհավաքների անցկացումը, ընդ որում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մասնակցությամբ: Հատկանշական է, որ այս նույն կուսակցությունը Հաքքյարիում, ապա նաեւ Դիարբեքիրում լսարան էր ապահովել Ժողովրդա-հանրապետական կուսակցության հանրահավաքի համար:
Մինչդեռ, քրդերի հալածանքների սկիզբը Թուրքիայում հենց Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է դրել, արգելել է քրդերենը երկրում, քրդերի իրավազուրկ վիճակի գլխավոր պատասխանատուն է եւ ամեն կերպ ձգտում է Թուրքիայում ստատուս-քվոյի պահպանման:
Ինչ վերաբերում է Ազգայնական շարժում կուսակցությանը, ապա այս կուսակցությունն էլ բացի ազգային հայ, հույն, հրեա փոքրամասնություններից, ատելությամբ է վերաբերվում նաեւ քրդերի նկատմամբ, ավելինՙ 70-80-ական թվերին թուրքական պետական իշխանությունները այս կուսակցության գրոհայինների միջոցով են ոչնչացրել քուրդ մտավորականներին, ալավիների կոտորածներ սարքել Սվազում, Մալաթիայում, Մարաշում, որոնք անմիջականորեն մասնակցել են չբացահայտված հազարավոր սպանությունների կազմակերպմանը:
Այս ամենը հիմք էր տալիս ենթադրելու, թե Թուրքիայում քրդերի սահմանադրական իրավունքների համար պայքարող «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը հակադրվելու համար գոնե չի նպաստի Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների հանրահավաքներին քրդաբնակ շրջաններում, առավել եւսՙ կհրաժարվի համագործակցել վերջիններիս հետ:
Ինչով պայմանավորել այս ամենը: Խնդիրը Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների պարագայում պարզ է: Նրանք ժողովրդականությամբ զգալի զիջում են Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, չունեն առաջիկա ընտրություններում վերջինի միանձնյա իշխանությունն կանխարգելելու հնարավորություն: 550-տեղանոց Մեջլիսում 276 պատգամավոր ունենալու դեպքում այդ իշխանությունն ապահովված է, իսկ Էրդողանի կուսակցությունը առաջիկա ընտրություններում «Կոնցենսուս» ընկերության հարցախույզի վերջին արդյունքներով ընտրողների ընդհանուր ձայների 48,6 %-ն է ստանում, փոխարենըՙ Ժողովրդա-հանրապետականըՙ 28,3, իսկ Ազգայնական շարժումըՙ 11,6:
Այսինքնՙ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը բավականին մոտ է 367 պատգամավորական տեղեր ստանալուն Մեջլիսում, որը նրան կտա նոր սահմանադրություննՙ առանց հանրաքվեի խորհրդարանում անցկացնելու հնարավորություն: Մինչդեռ, Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները որպես երկրում ստատուս-քվոյի պահպանման ջատագով, դեմ են նոր սահմանադրությանը, այնպես, ինչպես դեմ էին «Էրգենեքոմ» գործի բացահայտմանը:
Ինչ վերաբերում է քրդերի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, ապա դա առանձին խնդիր է, մասնավոր մոտեցում է պահանջում:
Hurriyet Daily News. մայիսի 31-ը կարող է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ վերջնական խզման օր լինել
Միացյալ Նահանգները փորձում է կասեցնել իր երկու տարածաշրջանային դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի հրաբերությունների վատթարացումը` Գազա ուղեւորվող «Mavi Marmara» տորմիղի միջադեպի տարելիցին ընդառաջ: Hurriyet Daily News and Economic Review –ն հիշեցնում է, որ թուրք-իսրայելական բախման ժամանակ զոհվել էր 9 թուրք ակտիվիստ:
Ըստ պարբերականի` ներկայումս Վաշինգտոնի առջեւ երկու հիմնական խնդիր կա: Առաջինը` Թուրքիայի կողմից հնարավոր հատուցումն է, ինչի մասին կարող է հայտարարվել մայիսի 31-ին` զոհվածների հիշատակի օրը: Թուրքիան կարող է վերջնականապես հրաժարվել Քերիմ Ուրասին Թել Ավիվում դեսպան նշանակելուց: Ուրասն այդ պաշտոնին նշանակվել էր մինչեւ «Mavi Marmara»-ի միջադեպը, սակայն գործընթացը կասեցվել էր 2010թ. մայիսի 31-ին` որպես արձագանք կատարվածի:
«Թուրքիայի այդ քայլը կարող է Իսրայելին դրդել կատարել նույնը», -ենթադրում է պարբերականը: Հենց դրանից էլ փորձում է խուսափել Վաշինգտոնը:
Երկրորդն այն է, որ ԱՄՆ-ը փորձում է կասեցնել երկրորդ տորմիղը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները կապվել են երկու կողմերի հետ էլ` խորհուրդ տալով ավելի առողջ քաղաքականություն որդեգրել:
Թուրքիան պատրաստվում է ընդունե՞լ Սիրիայից հեռացող հայերին եւ չերքեզներին
Անկարայի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջեւ հարաբերությունները վատթարանում են։ Թուրքիան իր զայրույթի ձայնն է բարձրացնում Ասադի դեմ, ով հրաժարվում է բարեփոխումներ իրականացնել։ Այս մասին գրում է թուրքական Sabah-ը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները։
Թուրքական պարբերականը գրել է, թե Թուրքիան անհանգստացած է Սիրիայի բնակչության 7 տոկոսը կազմող քրդերի, հայերի եւ չերքեզների անվտանգությամբ եւ հարկ եղած դեպքում նրանց առաջ կբացի Թուրքիայի դռները։
Նշվում է նաեւ, որ Սիրիայից հնարավոր արտագաղթի դեպքում Թուրքիա կմտնի 500 հազարից մինչեւ 1 միլիոն գաղթական։
Նշենք, որ անգլիական The Independent-ի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը գրել է, թե Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում՝ Քամըշլը քաղաքի եւ Դեր Զորի անապատներում հիմնել գաղթականների ճամբար՝ թույլ չտալով նրանց մուտքը Թուրքիա։
Թուրք ազգայնականների մի շրջանային կառույցի բոլոր անդամներն անցել են քրդական կուսակցության շարքերը
Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) Շրնաքի նահանգի Ջիզրեյի շրջանային կառույցի ղեկավար կազմն ու 150 անդամները հրաժարական են տվել եւ անդամագրվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` MHP-ի Ջիզրեյի արդեն նախկին ղեկավար Ռամազան Մունգանը նշել է, թե իրենք վաղուց էին որոշել այս քայլին դիմել եւ իրենց նպատակն իրականացավ: Ազգայնականնների անցումը քրդական կուսակցությանը շարքերը մեծ շուքով է նշվել Ջիզրեյով` համերգով եւ հրավառություններով:
Այս քայլից հետո Ջիզրեյում «Ազգայնական շարժում» կուսակցության կառույցը փակվել է:
Նշենք, որ օրեր առաջ «Ազգայնական շարժում» կուսակցության Վանի Բաշքալեի կառույցի ղեկավար կազմը եւս հրաժարական տվեց եւ անցավ քրդական «Խաղաղություն եւժողովրդավարություն» կուսակցության շարքերը:
«Haaretz». Որբացած ցեղասպանություն. զոհերը մնացել են առանց մարդասպանների
NEWS.am-ը ներկայացնում է Իսրայելում հայտնի քաղաքական գործիչ, երկրի կրթության նախկին նախարար Յոսի Սարիդի «Չափազանց ուշ, չափազանց անճոռնի» հոդվածը` հրապարակված իսրայելական «Haaretz» պարբերականում:
Ես մեծ հաջողությունների եմ հասել. վերջապես, Կնեսետը թույլ տվեց Կրթության հանձնաժողովին անցկացնել հայ ժողովրդի Ցեղասպանության հրապարակային քննարկումներ: Այդ քննարկումը կասեցվում էր տասնամյակներ շարունակ: Մի քանի սերունդ, մեր կառավարությունները վճռականորեն դեմ էին դրան:
Բոլոր կառավարություններից այս մեկը համաձայնեց: Կնեսետի բոլոր ներկա պատգամավորները կողմ քվեարկեցին: Ոչ ոք դեմ չէր: Սակայն այդ միաձայն որոշումը տհաճ հոտ ունի. չափազանց ուշ է, չափազանց անճոռնի է:
Նոր ուժի հետ Կնեսետ վերադարձած Զահավա Գալյոնը շատ գեղեցիկ ելույթ ունեցավ: Իսրայելում նրա շարժումը միակն է, որ վրեժխնդիր է հայ ժողովրդի պատվի համար եւ պահանջում է պատմական դաս քաղել որբացած ցեղասպանությունից, որի զոհերը մնացել են առանց մարդասպանների: Ես նրան հաջողություն մաղթեցի այն ասպարեզում, որտեղ նրա նախորդները` «Մերեցի» (սիոնիստական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) ղեկավարները հաջողություն չունեցան:
Սակայն իմ մաղթանքները չփոխեցին խորհրդարանի դիրքորոշումը: Փոփոխության պատճառը հստակ է. իսրայելցիներն այլեւս բարեհաճ չեն թուրքերի նկատմամբ եւ պատրաստ են նույնիսկ հրաժարվել Անթալիայի վայելքներից: Այժմ մենք ցույց կտանք, թե Իսրայելն ինչ է անում այն երկրի հետ, որի նկատմամբ այլեւս բարեհաճ չէ. Մենք նրան ցածր աթոռին կնստեցնենք: Վրեժ հեթանոսների դեմ: Այժմ մենք ցույց կտանք, թե ով է տան տերը:
Եվ այսպես, մենք այդ ամենը ցույց տվեցինք նրանց: Թուրքերի օգտին արված բոլոր նախկին բացատրությունները մոռացվեցին:
11 տարի առաջ, Հայոց ցեղասպանության 85-րդ տարելիցի օրը ես գնացի Երուսաղեմի հայկական եկեղեցի եւ որպես մարդ, որպես հրեա, որպես իսրայելցի, որպես Իսրայել պետության Կրթության նախարար ես խոսեցի պատմական արդարության մասին, որը պետք է իրականություն դառնա, ես խոսեցի հայերի նկատմամբ հրեա ժողովրդի հատուկ նվիրվածության մասին նաեւ պատմեցի մեր ուսանողներին ցեղասպանության ունիվերսալ նշանակությունը ներկայացնելու ծրագրի մասին:
Անմիջապես հսկայական սկանդալ ծագեց: Կտրուկ առարկեց վարչապետը, իսկ Էհուդ Բարաքին արագորեն միացավ Շիմոն Պերեսը, որը հայտարարեց, թե այդ իրադարձությունները պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին:
Սակայն անցած շաբաթ, երբ սխալ պատճառով ճիշտ որոշում էր ընդունվում Շիմոնի ձայնը չլսվեց:
Այն ժամանակ թուրքերն ինձ հայտարարեցին պերսոնա նոն-գրատա: Նրանք, ինչպես եւ ես երբեմն չեն տարբերում հակառակորդներին ու ընկերներին, եւ ես նրանց համարում եմ իմ ընկերը: Թուրքիան այսօր զարգացող համաշխարհային տերություն է, տնտեսական բարգավաճման օրինակ: Այն խելքով է իր գործերն առաջ տանում տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում: Թուրքիան նաեւ ապացուցում է, որ իսլամական ռեժիմը պարտադիր չէ իրանականի նման լինի: Թուրքիան նաեւ ցույց է տալիս, որ Եվրոպան դառնորեն սխալվում է, երբ փակում է դուռը:
Էրդողանն այս շաբաթ խոստովանեց, որ փորձել է համոզել ՀԱՄԱՍ-ին` ճանաչել Իսրայելը եւ կշարունակի անել դա:
Թուրքիայի նկատմամբ իմ հիացական վերաբերմունքի պատճառով ես դժվարանում են ընկալել հայկական հարցի նկատմամբ Անկարայի անզգա դիրքորոշումը: Ի վերջո, այս սերունդը չէ 100 տարի առաջ արյուն հեղել: Շատ երկրներ ստանձնեցին իրենց անունից վաղուց կատարած հանցագործությունների պատասխանատվությունը: Միայն անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի թագուհին այցելեց Իռլանդիայի Հանրապետություն եւ ափսոսանք հայտնեց իռլանդացիներին, որոնք ժամանակին մեծ վնասներ են կրել Անգլիայից: Անհասկանալի է, թե ինչու է Թուրքիան մնում միակ անհաշտը:
Սակայն, հասկանալի է, թե ինչու էր Իսրայելն այսքան տարիներ այդ հարցում աջակցում Թուրքիային: Անվտանգության եւ ֆինանսական շահերից բացի այստեղ այլ չերեւացող կողմ էլ կա. եթե բոլորը սկսեն ճանաչել ուրիշի ողբերգությունը, ապա հրեաներն ի՞նչ պետք է անեն պաղեստինցիների Նակբեի (աղետ. այդպես են պաղեստինցիները կոչում Իսրայելի անկախության օրը, որի հետեւանքով պաղեստինցիների զգալի մասը լքեց հայրենի հողերը) հետ:
Փորձագետ. արտաքին քաղաքականության հարցում Թուրքիան կախված է ԱՄՆ-ից
Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության արտաքին քաղաքականությունը կենտրոնացված է դեպի թյուրքական աշխարհ, գրում է «Today`s Zaman»-ը: Կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է, որ թյուրքական պետությունները կենտրոնական տեղ են զբաղեցնելու կուսակցության արտաքին քաղաքականությունում:
Ընտրություններից 11 օր առաջ շարժման ներկայացուցիչ, կուսակացության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Ումիտ Օզդաղը թերթի հետ զրույցում նշել է, թե այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիան ներկայացված` Հայաստանի հետ երկխոսության, քրդական հարցի վերաբերյալ պահանջները կառավարող «Արդարություն եւ զրգացում» կուսակցության կողմից անվերապահ ընդունվեցին, վկայում է այն մասին, որ արտաքին քաղաքական հարցերում Թուրքիան կախված է ԱՄՆ-ից:
Թուրքիան սկսել է ռեակտիվ հրթիռների արտադրությունն Ադրբեջանի համար
Թուրքական ROKETSAN ընկերությունը սկսել է ռեակտիվ հրթիռների արտադրությունը Ադրբեջանի զինված ուժերի պատվերով:
Արտադրանքի առաջին չափաբաժինը Ադրբեջան կհասցվի 2011թ. վերջին, 2012թ. վերջին, հաղորդում է APA-ն` վկայակոչելով ROKETSAN-ի գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսակին:
Ընկերության ղեկավարը նշել է նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ հրթիռային մեկնարկային համակարգերի արտադրություն է սկսվելու` «Սաքարյա» համազարկային համակարգերի նմանությամբ:
«Հայոց աշխարհ». Թուրքերը սարքելու փոխարեն քանդել են
Անիի Մայր տաճարի տապանաքարերը
«Անիի Մայր տաճարի հետեւում Կատրամիդե թագուհու դամբարանը կար` կից 3 դամբարաններով: Նրանցից երկուսը քահանաների տապանաքարեր էին: Պեղումներ արեցին, լավ, ամրակայեցին, էլի լավ. բայց մյուս կողմից իրենց պեղումներից հետո ակնհայտ փոփոխություններ եղան, ինչը կասկածի տեղիք է տալիս, թե զուտ գանձախուզության հետեւանքո՞վ է, որ փորել են եւ տապանաքարերը շուռ տվել:
Քահանաների տապանաքարերը փաստացի վկայություններ էին, եւ հենց այդ վկայություններ են նրանք թաքցրել` քարերը շուռ տալով: Այսինքն՝ արձանագրությունը այլեւս մնաց տակը: Սա դիտավորյալ արված բան է: Ընդ որում, ոսկորներն էլ հանել-թափել են: Այսպե՞ս են պահում հուշարձանները»,- թերթի թղթակցին պատմել է ճարտարապետ Աշոտ Հակոբյանը:
The Economist-ի հրապարակումը Թուրքիայում շոկ է առաջացրել
Անգլիական հեղինակավոր The Economist պարբերականի հրապարակումը Թուրքիայի ընտրությունների հետ կապված թուրքական իշխող կուսակցության մոտ շոկ է առաջացրել։
Հրապարակումից ժամեր չանցած անգլիական պարբերականի հրապարակման քննադատությանն են անցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, պետնախարար Էգեմեն Բաղըշը եւ ավելի այլոք։ Նախըտրական հանրահավաքի համար Քոնիայում գտնվող Թուրքիայի վարչապետը խիստ քննադատության է ենթարկել անգլիական պարբերականին։ «Այդ ինչ անմտածված քայլ է՝ խորհուրդ տալ, թե ում պետք է ձայները տալ։ The Economist-ը ուղիղ կերպով ասում է՝ գնացեք ձեր ձայները տվեք ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությանը: Եթե մեզ համար էլ խորհուրդ տան, կրկին դեմ կլինենք։ Այդ թերթի աջակցությունը CHP-ին՝ ցույց է տալիս թե այն ինչպիսի նախագիծ է։ Նրանք (The Economist-ը) ոչ միայն Թուրքիայի համար են ֆրանսիացի, այլ նաեւ CHP-ի։ (թուրքերը տեղեկություններ չունեցող եւ իրավիճակին չտիրապետող անձանց հեգնաբար անվանում են ֆրանսիացի-խմբ.)։ Եթե CHP-ին ճանաչեին, կհասկանային, որ CHP-ն եւ ժողովրդավարությունը իրար հետ կապ ունեն, թե չունեն։ Էյ, The Economist, դու Թուրքիայի համար շատ ֆրանսիացի ես»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայում այս հրապարակման հետ կապված բոլորի ուշադրությունն անմիջապես սեւեռվեց The Economist-ի՝ Թուրքիայի թղթակից Ամբերին Զամանի կողմ։ Սակայն նա կտրուկ հերքեց իր կապը հիշյալ հրապարակման հետ։ «Նրանք Թուրքիային մոտիկից հետեւում են։ Այդ հրապարակման նախաձեռնությունը The Economist-ի գլխավոր խմբագրի եւ Եվրոպայում անգլիական պարբերականի պատասխանատուի նախաձեռնությունն է».-ասել է Ամբերին Զամանը։
Աղմուկ հանած հրապարակման շուրջ Haberturk-ի հետ զրույցում The Economist-ի Եվրոպայի պատասխանատու խմբագիր Ջոն Փիթը նշել է, թե իրենք առաջին անգամ չէ, որ խորհուրդ են տալիս, թե ում կամ որ կուսակցությանը տալ ձայները։ «Եթե Էրդողանն ընտրություններին մեծամասնությամբ հաղթանակ տանի, միասնական նոր Սահմանադրություն կպատրաստի եւ կանցկացնի եւ երկիրը կտանի նախագահական կառավարման, որը Թուրքիային հարմար չէ։ Բացի այդ, Քեմալ Քըլըչդարօղլուն խառնված չէ անօրինականություններին եւ CHP-ին ճիշտ ճանապարհով է տանում։ Մենք այդ ամենն անում ենք Թուրքիայի համար, Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության համար»,- ասել է Ջոն Փիթը։
Հիշեցնենք, որ The Economist ամսագիրն իր հոդվածում, որը նվիրված է Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին եւ այդ երկրի ապագային, փաստացի կոչ է անում թուրք ընտրողին քվեարկել ընդդիմադիր կուսակցության օգտին:
Հոդվածում խոսվում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ձեռքբերումների մասին` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության տարիներին, միաժամանակ շատ դաժան կերպով քննադատության է ենթարկում Էրդողանի քաղաքականությունը:
«Էրդողանը կարողացավ զրոյի հավասարեցնել դատական համակարգի, բանակի ու մամուլի վերահսկողության մեխանիզմները: Միաժամանակ, ոչ մի վերահսկողություն չկա «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նկատմամբ, որը վնասում է թուրքական ժողովրդավարությանը: Հավանականություն կա, որ Էրդողանի կուսակցությունը կհաղթի նաեւ այս ընտրություններում: Այդ դեպքում Թուրքիային սպասում է կառավարման ավտոկրատական մոդելը, որը նման կլինի չինականին: Արդյունքում իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ կհայտնվի ողջ հասարակությունը»,- նշվում է հոդվածում։