Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified
Показаны сообщения с ярлыком Պատմական ակնարկ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմական ակնարկ. Показать все сообщения

понедельник, 26 сентября 2011 г.

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Սկիզբը նախորդ համարներում...

Նամակում առաջին անգամ հստակ ձևակերպված է ազգային հարցում «նոր օսմանցիների» գլխավոր նպատակը: Նամըք Քեմա­լը գրում է. «Այժմ հարցի ամենակարևոր կողմի մասին: «Գազեթթ դյու Լևանը» գրում է մեր հայրենիքի բոլոր ժողովուրդների միա­ձուլման անհրաժեշտության մասին: Մենք ընդունում ենք այդ անհ­րաժեշտությունը» (ընդգծումը՝ մերն է - Ռ. Ս.): Այսպիսով՝ «նոր օսմանցիները», չնայած ազգային հարցում թանզիմաթի առաջ­նորդներ Ալի փաշայի ու Ֆուադ փաշայի կառավարության քաղա­քականության կատաղի քննադատության, սակայն, փաստորեն, համաձայնվում են նրա ամենակարևոր նպատակի՝ կայսրությու­նում բնակվող ժողովուրդների «միաձուլման» իրականացման անհրաժեշտության հետ: Նամակում ոչինչ չէր ասվում այդ նպա­տակին հասնելու միջոցների մասին: Միայն նշվում էչ, որ քրիստոն­յաներին ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել ներգրավվելու պե­տության կառավարման համակարգի մեջ:
Արտասահմանում գտնվելու տարիները մեծ նշանակություն ու­նեցան «նոր օսմանցիների» աշխարհայացքի ձևավորման համար: Այդ ժամանակահատվածում նրանք ծանոթացան եվրոպական լու­սավորիչների ստեղծագործություններին, ուսումնասիրեցին պե­տական իրավունք, ինչպես նաև Եվրոպայի երկրների պետական կարգը: Դրա արդյունքը եղավ իսլամի ոգուն համապատասխան սահմանադրական փոխակերպումների անցկացման ճանապար­հով սուլթանական ինքնակալության սահմանափակման գաղափա­րի առաջարկումը:
Նրանց առաջնորդները ձևակերպեցին իրենց ժամանակի հա­մար նոր երկու գաղափարական-քաղաքական հայեցակարգեր՝ «օսմանյան ազգի» (կամ «օսմանյան համայնքի») և «օսմանյան հայրենասիրության»: Դրանց քննարկումը կարևոր նշանակություն ունի «նոր օսմանցիների» գաղափարախոսության առանձնահատ­կություններն ըմբռնելու տեսակետից:
«Օսմանյան ազգ» հասկացությունը համարվում էր նրանց ուս­մունքի կենտրոնական հասկացություններից մեկը: Այն օգտագործ­վում էր կայսրության բոլոր ժողովուրդների ամբողջությունը բնու­թագրելու նպատակով, ընդ որում այդ առասպելական «ազգի» մեջ ընդգրկվում էին ինչպես մահմեդականները, այնպես էլ ոչ մահմե­դականները: Զիա փաշան «Զաֆեր-նամե» պոեմի մեկնաբանութ- յուններում այդ հասկացությանը տալիս է այսպիսի սահմանում.
«օսմանյան ազգ» արտահայտությունը ընդգրկում է բոլոր ժողո- վուրդներին, որոնք համարվում են օսմանյան պետության հպա­տակներ, ինչպես մահմեդականներին, այնպես էլ ոչ մահմեդական­ներին»:
Նույն իմաստով օգտագործվում էր «օսմանյան համայնք» ար­տահայտությունը: «Նոր օսմանցիներից» մի քանիսը, առաջին հեր­թին Նամըք Քեմալը, պնդում էին, որ հենց «համայնք» (ումմեթ) ար­տահայտությունը պետք է օգտագործվի Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդներին բնութագրելու համար, անկախ իրենց կրո- նադավանական պատկանելությունից: Նա հակադրում էր «ում- մեթը»՝ «միլլեթին», պնդելով, թե առաջինը նշանակում է մեկ պե­տության բոլոր հպատակների ամբողջություն, իսկ երկրորդը՝ մեկ կրոնի հետևորդների ամբողջություն: Քննադատելով Բարձր դռանը պաշտոնական փաստաթղթերում եզրույթների շփոթության հա­մար՝ նա գրում էր «Հյուրիեթ» թերթում, որ Բարձր դուռը «չի տար­բերում միլլեթը ումմեթից, չգիտի նրանց տարբերությունը»: Սա­կայն հարկ է նշել, որ հենց Նամըք Քեմալը ինքն էր հաճախ շփոթում այդ հասկացությունները, չհետևելով հենց իր կողմից հաստատված սահմանումներին, ընդ որում, նման շփոթմունքը երբեմն տեղի էր ունենում նույնիսկ մեկ հոդվածի սահմաններում: Այդ ամենը վկա­յում է «օսմանյան ազգի» տեսության թույլ մշակվածության մասին: Պահանջվեց գրեթե մեկ ամբողջ տասնամյակ, մինչև 70-ական թթ. վերջերին այդ արտահայտություններից մեկը՝ «օսմանյան ազգը» դարձավ համընդունելի:
Հետաքրքրական է նաև իմաստի էվոլյուցիան, որը ներդրված է «միլլեթ» հասկացության մեջ: Ղուրանում այն օգտագործվում էր երկու նշանակությամբ. որպես կրոն ընդհանրապես և որպես «իս­կական կրոն», այսինքն՝ իսլամ: Հետագայում արաբերենում այն օգտագործվում էր որպես «զիմմի» արտահայտության, որը նշանա­կում էր մահմեդական պետության հովանավորությունից օգտվող ոչ մահմեդականների այսինքն՝ քրիստոնյաների և հրեաների ամ­բողջություն, հականիշ: Օսմանյան կայսրությունում միլլեթը կրո­նական համայնք էր՝ պաշտոնապես ճանաչված սուլթանի կողմից: Սուննինյան հավատքի մահմեդականները համարվում էին «գերիշ­խող միլլեթ», իսկ ոչ մահմեդական միլլեթները արհամարհանքով անվանվում էին «մնացած միլլեթներ»: «Միլլեթ» բառը հաճախ օգ­տագործվում էր ոչ մահմեդականների նկատմամբ, իսկ կայսրութ­յան մահմեդականները գերադասում էին իրենք իրենց անվանել «ումմեթ»:
Թուրքական միջավայր եվրոպական գաղափարների ներթա­փանցման հետ մեկտեղ «միլլեթ» բառը հետզհետե ենթարկվում է ի­մաստային ձևափոխության և, կորցնելով իր ավանդական նշանա­կությունը («կրոնական համայնք»), ինչպես նաև ազատվելով «կրո­նական» երանգից, ձեռք է բերում նոր իմաստ՝ հարաբերակցվող ֆրանսերեն «nation»՝ «ազգ», «ժողովուրդ» բառի հետ: Թանզիմա­թի նախաձեռնողներից մեկը, 30-40-ական թթ. հայտնի գործիչ Սա- դըք Ռիֆաթ փաշան առաջինն էր, ով սկսեց օգտագործել «միլլեթ» բառը նման իմաստով: Նրա մոտ հանդիպում են հետևյալ արտա­հայտությունները՝ «միլլեթի շահերը», «ծառայել միլլեթին» և այլն: Ընդ որում, Սադիկ Ռիֆաթ փաշան չէր ճշտում, թե արդյո՞ք խոսքը գնում է մահմեդականների, թե ոչ մահմեդականների մասին: Նրա մոտ «միլլեթ» բառը ձեռք բերե հավաքական իմաստ:
Թանզիմաթական բարեփոխումների երկրորդ փուլում պաշտո­նական գրագրությունում հայտնվում է նոր արտահայտություն՝ «բարձր պետության օսմանյան միլլեթ» (այսինքն՝ Օսմանյան կայս­րության), ինչի տակ սկզբնական շրջանում հասկացվում էին, գլխավորապես, մահմեդականները՝ օսմանյան սուլթանի հպա­տակները: Հետագայում, «միաձուլման» քաղաքականության ակտիվացման հետ համատեղ այդ արտահայտությունը սկսեց տա­րածվել նաև ոչ մահմեդականների վրա:
Իբրահիմ Շինասիի հրապարակախոսության և պոեզիայի մեջ «միլլեթ» բառը ենթարկվում էր հետագա վերաիմաստավորմանը, ավելի մոտեցավ ֆրանսիական «nation» բառին: Առաջին անգամ Շինասին սկսեց օգտագործել այսպիսի արտահայտություններ, ինչպիսին են «նվիրվածություն միլլեթին», «միլլեթի գաղափար», ինչպես նաև «միլլեթի խորհուրդ» և այլն: Դրանք փոխառնվեցին այլ «նոր օսմանցիների» կողմից և սկսեցին լայնորեն օգտագործվել նրանց մամուլում. Հետագայում դրանք ամրացան թուրքերե­նում՝ դասվելով թուրքական ազգայնականության գաղափարախո­սության հիմնական արտահայտությունների թվին:
Շինասին իրեն համարում էր «օսմանցիների» շահերի արտա­հայտիչ: Նրա կողմից հրատարակված «Թասֆիր-ի էֆքյար» թերթը անվանվում էր «օսմանյան թերթ»: Իբրահիմ Շինասիի հրապա­րակախոսության մեջ սկիզբ է առնում «օսմանցիների» ստորաբա­ժանման միտումը «իսկականների», որոնց տակ ենթադրվում էին թուրքերը, և մնացածի կամ երկրորդականների, որոնց շարքին դասվում էին ոչ մահմեդականները: Նրա կողմից հրատարակված մեկ այլ՝ «Թերջյուման-ի ախվալ» թերթի առաջին համարի առաջ­նորդող հոդվածում, այդ թերթը բնութագրվում էր որպես «իսկական օսմանյան»՝ ի տարբերություն ոչ մահմեդական ժողովուրդների պարբերականների: Շինասիի համար «իսկական օսմանյանին» պատկանելության չափանիշը թուրքերեն լեզուն էր :
Օսմանյան պետության բոլոր ժողովուրդների՝ մահմեդական­ների և ոչ մահմեդականների, միասնական «օսմանյան ազգի» կազմի մեջ միաձուլման անհրաժեշտությունը «նոր օսմանցիները» հիմնավորում էին եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների օրինակով: Նամըք Քեմալը, «ժողովուրդների միաձուլում» հոդվա­ծում օրինակ բերելով Անգլիան, Ֆրանսիան, Ավստրիան, Պորտուգալիան, Բելգիան և այլ եվրոպական պետությունները, պնդում էր, որ ազգության, լեզվի, հավատքի մեջ տարբերությունները «երբեք չեն կարող խոչընդոտ կամ արգելք հանդիսանալ միավորման հա­մար»:
«Նոր օսմանցիները», կեղծելով Օսմանյան կայսրության պատ­մությունը՝ պնդում էին, որ այնտեղ հենց սկզբից ստեղծված էին բարենպաստ պայմաններ ոչ մահմեդական ժողովուրդների զար­գացման համար: «Հյուրիեթը» գրում էր. «Անմիջապես Ստամբուլի գրավումից հետո, մենք բոլոր եկեղեցական ներկայացուցիչներին տվեցինք բացարձակապես հավասար իրավունքներ»:
«Օսմանյան ազգի» հայեցակարգի առանցքային գաղափարը Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդներին մեկ՝ օսմանյան ազգի կազմի մեջ մտցնելն էր: Ընդ որում, միայն թուրքերն էին հա­մարվում «առաջին կարգի» օսմանցիներ, ինչպես այդ ոչ ուղղակի ձևով փորձում էր պնդել Իբրահիմ Շինասին: Հետևաբար, կայս­րության քրիստոնյա ժողովուրդները համարվում են նրա բաղադ­րիչ մասերը կամ «տարրերը»: Ըստ էության, «օսմանյան ազգի» հայեցակարգը պահպանում էր քրիստոնյա ժողովուրդների ստորա­դաս դրությունը, դարձնելով նրանց վիճակը ավելի ծանր:
«Նոր օսմանցիները» գտնում էին, որ մի շարք գործոններ նպաստում են «օսմանյան ազգի» տարրերի միջև միասնության պահպանմանը: Այդ գործոնների թվին էին պատկանում, ըստ «նոր օսմանցիներ» հետևյալները.
«աշխարհագրական պայմանների» նմանությունը,
«շահերի» համընկնունը, այդ թվում նաև տնտեսական,
«համաօսմանյան գաղափարի» առկայությունը:
Այդ գործոնների քննարկումը հնարավորության է տալիս ավելի խորը հասկանալ «նոր օսմանցիների» գաղափարախոսության ո­րոշ առանձնահատկություններ:
«Օսմանյան ազգի» գոյության կարևոր նախապայմանը հա­մարվում էր աշխարհագրական միջավայրը: Նամըք Քեմալը, հավա­նաբար Մոնտեսքյոյի հայտնի տեսակետի ազդեցության տակ, հակ­ված էր այդ գործոնին հատուկ նշանակություն տալ: Նա գրում էր. «Բոլոր տարրերը, որոնք ապրում են մեր երկրում, աշխարհագրա­կան տեսակետից հանդիսանում են մեկ մարմնի մասեր...և այդ իսկ պատճառով հիմնովին կորցրել են առանձին գոյատևելու ունա­կությունը, ինչպես նաև ազատության հասնելու անհրաժեշտ ու­ժը»: Դրանով իսկ ի սկզբանե ժխտվում էր ոչ թուրք ժողովուրդնե- րի անկախ գոյության իրավունքը և եզրակացություն էր արվում, որ նրանք ի վիճակի չեն անջատվել Օսմանյան կայսրությունից:
«Նոր օսմանցիները» համարում էին, որ նման աշխարհագրա­կան պայմաններում երկար ապրելու հետևանքով «օսմանյան ազ­գի տարրերի» մոտ ի հայտ եկան ընդհանուր շահեր: Ոչ մահմեդա­կաններին դիմելիս՝ «Մուհբիրը» հատուկ նշում էր, որ նրանց շահե­րը համընկնում են մահմեդականների շահերի հետ: Նամըք Քե֊մալը գրում էր «օսմանյան ազգի» բաղադրյալ մասերի «շահերի ընդհանրության» մասին:
Ալի Սուավիի հրապարակախոսության մեջ «օսմանյան ազգի տարրերի» շահերի ընդհանրության թեզը գտավ իր կոնկրետացու­մը: Նա գրում էր «նյութական շահի» ընդհանրության մասին, որն ավելի ուժեղ էր կապում միմյանց կայսրության ժողովուրդներին: Այսպիսով՝ «նոր օսմանցիները» փորձում էին համոզել ընթերցող­ներին, որ ոչ թուրք ժողովուդների համար «նյութական» տեսակե­տից ավելի շահավետ կլիներ լինել «օսմանյան ազգի» կազմի մեջ, քան ստեղծել իրենց ազգային պետությունները:
«Նոր օսմանցիների» առաջնորդները մեծ ուշադրություն էին դարձնում միասնության գործոնին: Տարբեր հեղինակների մոտ այն ստանում էր տարբեր անվանումներ: Նամըք Քեմալը գրում էր «գա­ղափարների» միասնության մասին, իսկ Զիա փաշան՝ «օսման­յան նվիրվածության» մասին: Համարվում էր, որ հենց դա էր բո­լոր «օսմանցիների» համար միասնական նպատակ ծնում. աշխա­տել «օսմանցիության» բարօրության համար:
Այս դրույթը չէր բացատրում քրիստոնյա ժողովուրդների ազ- գային-ազատագրական շարժման գոյության փաստը: «Նոր օսման­ցիների» առաջնորդները փորձեցին ելք գտնել ու հայտարարեցին, որ այդ միասնությունը «օսմանցիների» միջև գոյություն է ունեցել անցյալում, կայսրության հզորության ժամանակներում: Այս մոտե­ցումը իր արտացոլումը գտավ, օրինակ, հայտնի լրագրող և գրող Ահմեդ Միդհատի «Հեղափոխության հիմք» գրքում: Ահմեդ Միդհա- տը մաս էր կազմում «նոր օսմանցիների» շարժման և իր այդ գրքում արտահայտում էր նրանց հայացքները: Այստեղ հեղինակը փորձում է ապացուցել, որ հենց իր առաջացման պահից սուլթան­ների կայսրությունը ոչ միայն իսլամական կամ թուրքական պե­տություն էր, այլ նաև իրենից ներկայացնում էր «միասնական հայ­րենիք» բոլոր օսմանցիների համար, անկախ նրանց կրոնական և ազգային պատկանելությունից: Այդ ժամանակ կայսրության բո­լոր ժողովուրդների միջև գոյություն ուներ լիարժեք «հոգևոր միաս­նություն»:
Սակայն հետագայում այդ «միասնությունը», գտնում էին «նոր օսմանցիները» դադարեց գոյություն ունենալ: Նամըք Քեմալը ար­ձանագրում էր. «Սեր միջև (նկատի ուներ «օսմանցիներին») գաղափարական միասնություն չստացվեց»: Հենց այդ պատճառով էլ, ինչպես կարծում էին «նոր օսմանցիները», հնարավոր դարձան քրիստոնյա ժողովուրդների ազատագրական ելույթները:
«Նոր օսմանցիների» կարծիքով «հոգևոր միասնության» խախտման պատճառներն էին. եվրոպական տերությունների՝ գլխավորապես Ռուսաստանի սադրիչ նպատակաուղղված քաղա­քականությունը Բարձր դռան քրիստոնյա հպատակների նկատ­մամբ, և թանզիմաթի դարաշրջանի օսմանյան գործիչների դավա­ճանությունը շարիաթի սկզբունքներին, որը ի հայտ եկավ, մասնա­վորապես, ոչ մահմեդականներին չափազանց մեծ առավելություն­ներ շնորհելու մեջ:
«Հոգևոր միասնության» վերականգնման համար «նոր օսման­ցիների» առաջնորդների կողմից առաջարկվում էր փոփոխություն­ներ կատարել պետական-իրավական համակարգում: Մի կողմից դրանք պիտի վերականգնեին շարիաթի բոլոր դրույթները: Փաս­տորեն, «նոր օսմանցիները» կոչ էին անում հրաժարվել թանզիմա­թի արևմտամետ նորամուծություններից: Մյուս կողմից նրանք պնդում էին, որ ժամանակակից պայմաններում սահմանադրության հռչակումը և բուրժուական ոգով որոշ բարեփոխումների անցկա­ցումը հանդիսանում են ազգային խնդրի լուծման միակ միջոց: Աահմանադրական վերափոխումների անհրաժեշտությունը նրանք հիմնավորում էին իսլամի կրոնի դրույթներով:
Աակայն դրանով չէր սպառվում «նոր օսմանցիների» ծրագիրը «օսմանյան ազգի» անդամների «հոգևոր միասնության» ամ­րապնդման մասին: Նրանց կողմից առաջարկվող միջոցների մեջ կարևոր տեղ էր հատկացվում ոչ մահմեդականների նպատա- կաուղղված դաստիարակմանը «օսմանյան ազգին» հավատարիմ ոգով, նրանց մեջ «օսմանյան հայրենասիրության» արմատավոր­մանը: Դրա համար հիմնական միջոց էր համարվում «խառը», քրիստոնյա-մահմեդական, կրթական հաստատությունների ցանցի ստեղծումը, որտեղ մահմեդականների և քրիստոնյաների երեխա­ները կսովորեին միասին և կդաստիարակվեին «միասնության» ոգով: Առաջարկվում էր արդեն իսկ դպրոցական նստարանից նե­րարկել տարբեր ազգությունների երեխաներին «օսմանյան ազ­գին» հավատարմության զգացումներ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՒ...

понедельник, 19 сентября 2011 г.

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Սկիզբը նախորդ համարներում...




Գլուխ երրորդ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ընդդիմադիր սահմանադրական շարժումը սկիզբ առավ «նոր օսմանցիների» գաղտնի խմբակից, որը ստեղծվեց 1865 թ. Կոնստանդնուպոլսում: Նրա անդամները իրենց գործունեության սկզբնա­կան շրջանում գտնվում էին շեյխ Ահմեդի արմատական մուսուլմա­նական և ծայրահեղ հակաքրիստոնեական գաղափարների ազդե­ցության ներքո, ով ղեկավարն էր հակաթանզիմաթյան «Քուլելիի իրադարձություն» անվան տակ հայտնի դավադրության: «Նոր օս­մանցիների» առաջնորդները բարձր գնահատեցին դավադիրների գործունեությունը: Նամըք Քեմալը (1842-1888)՝ նրանց գաղափարա­խոսը, իր կողմից հրատարակվող «Հյուրիյեթ» լրագրում նշում էր, որ Ահմեդը և նրա ընկերները ձգտում էին «փրկել պետությունը»:
Այդ հանգամանքը ազդեց, ըստ երևույթին, սահմանադրականների ազգային հարցի վերաբերյալ այն մոտե­ցումների վրա, որոնք ձևակերպվեցին նրանց գործունեության ա­ռաջին տարիներին: Նրանք ընկալում էին ազգային հարցը որպես զուտ կրոնական: Քաղաքական խնդիրների ողջ բարդ համալիրը, որոնք բխում էին կայսրության հպատակ քրիստոնյա ժողովուրդնե- րի նկատմամբ իշխանությունների ծայրահեղ մեծապետական քա­ղաքականությունից, նրանց կողմից բնութագրվում էր որպես հա­կամարտություն իսլամի և քրիստոնյաների միջև:
«Նոր օսմանցիները», հիմնվելով շեյխ Ահմեդի գաղափարների վրա, կարծում էին, թե թանզիմաթյան բարեփոխումների հետևանքով մահմեդականների իրավունքները իբրև թե սահմանափակվել էին, իսկ քրիստոնյաները ստացել էին չափազանց մեծ առավելություններ: 1856 թ. հաթթ-ը հյումայունը, որն ազդարարեց թանզիմաթի երկրորդ փուլի սկիզբը, նրանք անվանում էին «առավելությունների մասին ֆիրման»: Նրանք գրում էին, որ թանզիմաթի դարաշրջանում Բարձր դռան քաղաքականությունը ուղղված էր «քրիստոնյաների բավարար­մանը», ինչի հետևանքով մահմեդականները իբրև թե հայտնվել էին «հալածված համայնքի» դրության մեջ: Այդ պատճառով «նոր օս­մանցիները» իրենց հայտարարեցին, ինչպես գրում էր նրանց պատ­կանող մեկ այլ պարբերաթերթ՝ «Մուհբիրը», կայսրության մահմեդա­կանների «ոտնահարված» իրավունքների պաշտպաններ:
«Նոր օսմանցիները» չէին հասկանում թանզիմաթի առաջնորդ­ների քաղաքականության բ ուն նպատակները հպատակ քրիստոն­յան ժողովուրդների նկատմամբ, անտեսում էին այն փաստը, որ այդ քաղաքականությունը ուղղված է կայսրության ամբողջակա­նության պահպանմանը՝ նոր, ավելի ճկուն միջոցներով: Նրանք Ալի փաշային և Ֆուադ փաշային համարում էին «դավաճաններ», քանի որ վերջիններս 1856 թ. հրապարակեցին, ինչպես գրում էր «Հյուրի֊ յեթի» խմբագիր Նամըք Քեմալը, «առավելությունների մասին հռչա­կավոր ֆիրմանը», որը քրիստոնյաներին դարձրեց «փաշաներ, ան­վանի և պատվարժան մարդիկ»:
Այդ տարիներին «նոր օսմանցիների» վերաբերմունքը կայս­րության քրիստոնյա բնակչության նկատմամբ տարբերվում էր ծայ­րահեղ անհանդուրժողականությամբ: Պրուսացի դիվանագետ Ա.Մորդտմանը, որը մոտիկից ծանոթ էր նրանցից մի քանիսի հետ, հետագայում գրում էր, որ այդ կազմակերպության անդամները բա­ցի Ալի փաշայի հեռացումից և եվրոպական օրինակով նորամու­ծությունների վերացումից, որոնք իրականացվում էին թանզիմաթի ժամանակաշրջանում, մտադիր էին նաև՝ «սուլթանի հպատակ քրիստոնյաների բացեիբաց ճնշում կազմակերպել»: Մասնավո­րապես, նրանք Բարձր դռան կողմից հայ լուսավորչական և հույն ուղղափառ միլլեթների սահմանադրությունների հարկադրական ընդունումը համարում էին վնասակար նորամուծություն: Ինչպես հայտնի է, այդ սահմանադրությունների ընդունումը որոշակի դրա­կան ազդեցություն ունեցավ հպատակ ժողովուրդների դրության վրա, նպաստեց հասարակական կյանքի աշխուժացմանը և նրանց քաղաքական և ազգային ինքնագիտակցությանը: Հենց դրա հա­մար «նոր օսմանցիները» դատապարտեցին թուրք կառավարութ­յան այդ միջոցառումները: Հետագայում, Նամըք Քեմալը այդ նույն պատճառով Ալի փաշայի՝ հունական եկեղեցական նվիրապետութ­յունից բուլղարացիների անջատման վերաբերյալ թույլտվության դեմ հանդես եկավ:
Թշնամական վերաբերմունքը հպատակ քրիստոնյա ժողո­վուրդների ազգային-ազատագրական շարժման նկատմամբ բնո­րոշ էր «նոր օսմանցիների» առաջնորդներին իրենց ամբողջ գոր­ծունեության ընթացքում: Սակայն շարժման սկզբնական փուլում այն ընդունեց բացառիկ սուր ձև: Այդ տարիներին իրենց հասարա­կական գործունեությունը նոր սկսող Նամըք Քեմալը և նրա ընկեր­ները դեռ բավականաչափ փորձված քաղաքագետների չէին, որ­պեսզի թաքցնեին իրենց իրական մտադրությունները: Դրա հետ մեկտեղ, նրանք, ինչպես նշվեց վերևում, գտնվում էին շեյխ Ահմեդի գաղափարների ազդեցության տակ:
Այդ տարիների «նոր օսմանցիների» հայացքները քրիստոնյա ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման նկատմամբ խտացրած տեսքով դրսևորվեցին այն դիրքորոշման մեջ, որը նրանք որդեգրեցին 1866-1869 թթ. Կրետե կղզու հույների ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ:
«Նոր օսմանցիների» կողմից հրատարակվող թերթերի էջերում Կրետեի հարցին մեծ տեղ էր հատկացվում: Այդ հրապարակումնե­րում առաջ էր տարվում այն միտքը, որ ապստամբության ճնշումը մեծ նշանակություն կունենա Օսմանյան կայսրության ապագայի համար: «Մուհբիրը» նույնիսկ գրում էր, որ դրանից է կախված «օս­մանյան պետության անկախությունը»: Եվ «Մուհբիրը», և «Թաս- ֆիր-ի էֆքյարը», որի խմբագիրը Նամըք Քեմալն էր, խիստ քննա­դատում էին Բարձր դռան իբրև թե չափազանց «մեղմ» վերաբեր­մունքը ապստամբների նկատմամբ: Կրետեի հարցում Ալի փաշայի քաղաքականությունը նրանք բնութագրում էին որպես «քրիստոն- յամետ», իսկ նրան անվանում էին դավաճան: Այն քննադատական մոտեցման բնորոշ օրինակ է երգիծական «Զաֆեր-նամե» պոեմը, որը գրել էր հայտնի բանաստեղծ և «նոր օսմանցիների» շարժման անվանի գործիչ Զիա փաշան (1825-1880): Այստեղ սուր քննադա­տության և ծաղրի էր ենթարկվում Ալիի «զիջումների» քաղաքակա­նությունը ապստամբ կրետացիների նկատմամբ:
Զիջումների քաղաքականության փոխարեն Նամըք Քեմալը «Թասֆի-ի էֆքյարի» էջերից առաջարկում էր դիմել «բռնի ուժի սկզբունքին» և ոչնչացնել կղզում ապրող բոլոր քրիստոնյաներին: Միայն այդ ճանապարհով կարելի էր, նրա կարծիքով, վերականգ­նել «խաղաղությունը» Կրետեում: Նա բացառում էր քրիստոնյանե­րի նկատմամբ թեկուզ ամենաչնչին զիջումների հնարավորությունը : Կրետեի ճգնաժամի հետ կապված «Թասֆի-ի էֆքյարը» ծավալեց ուժեղ հակահունական կամպանիա: Հույները, որոնք բնակ­վում էին մայրաքաղաքում, մեղադրվում էին նրա կողմից «հակաթուրքական երգեր երգելու» միջոցով»՝ այլ քրիստոնյաներին «իսլամի միլլեթի» դեմ սադրելու մեջ: Նամըք Քեմալը կոչ էր անում կառավարությանը կայսրության հույների դեմ ընդունել պատժիչ միջոցներ, վտարել նրանց երկրից : Իսկ «Մուհբիրը» Կրետեի մահմեդականներին աջակցող նյութեր էր տպագրում:
Ընդդիմադիրների շրջանում զայրույթի փոթորիկ առաջացրեց Բարձր դռան կողմից Բելգրադյան միջնաբերդի հարկադրված հանձնումը Սերբիային, ինպես նաև, Չերնոգորիայի անկախության ճանաչումը: Ալի Սուավին գրում էր «Մուհբիրում». «Մեր նախնինե­րը, արյուն թափելով, թիզ առ թիզ նվաճել են այս հողերը, իսկ մենք, իրենց անարժան սերունդները, քայլ առ քայլ ամբողջը վերադարձ­նում ենք հետ»:
Բարձր դռան կողմից այս հարկադրված քաղաքական զիջում­ները, որոնց պատճառն էին կայսրության ընդհանուր թուլացումը և ռազմական հզորության անկումը, «նոր օսմանցիների» կողմից ըն­կալվում էին որպես զիջումներ «անհավատներին», որպես քրիստո­նեության առջև մահմեդականների թուլության փաստի ճանաչում: Նրանք ձգտում էին իրենց գրական-հրապարակախոսական ստեղ­ծագործությունների միջոցով, օգտագործելով մարտական կոչերը՝ ուղղված քրիստոնեական աշխարհի դեմ, արթնացնել մահմեդա­կանների անցյալի մարտական ոգին: Նամըք Քեմալը իր հայտնի «Երազ» հրապարակախոսական ստեղծագործությունում գրում էր. «Մեր մարգարեն ծառայում էր աշխարհին իր դաշույնով: Մենք նույնպես պետք է գնանք այդ ճանապարհով...Կաշխատենք ապա­ցուցել, որ մենք պատկանում ենք օսմանյան ժողովորդին, որը ամ­բողջ աշխարհին ստիպում է դողալ իր առջև...Ցույց տանք գյավուր­ներին մեր ուժը, պատճառենք այդ հաճույքը մարգարեին»:
Ավելի վաղ, նման թեմաներ հայտնվեցին Իբրահիմ Շինասիի ստեղծագործություններում: Նա փառաբանում էր «իսկական օս­մանցիների» մարտական ոգին, նրանց հաղթանակները «գյավուր­ների» դեմ: Իբրահիմ Շինասին հիմնադրեց առաջին զինվորա­կան թերթը Թուրքիայի պատմության մեջ՝ «Ջերիդե-ի Ասքերիեն»: Իր հոդվածներում այդ թերթում նա ամեն կերպ գովաբանում էր օս­մանցի թուրքերին՝ աշխարհի ամենառազմաշունչ ժողովրդին, որի յուրաքանչյուր ներկայացուցիչը մարտիկ է և մարտիկի որդի:
«Նոր օսմանցիների» գործունեության արդեն սկզբնական փու­լում նրանք հանդես էին գալիս սահմանադրության հայտարարման միջոցով ազգային հարցի լուծման օգտին: Ընդ որում, ենթադրվում էր, որ այդպիսով հնարավոր կլինի ապահովել կայսրության բազմադավան ու բազմազգ բնակչության միասնությանը: «Նոր օսման­ցիներին» միացած եգիպտացի մեծատոհմիկ Հալիլ Շերիֆ փաշայի կողմից նախապատրաստած թռուցիկում հաստատվում էր, որ «սահմանադրությունը անմիջապես կվերականգնի մահմեդական պետության հեղինակությունը՝. վերացնելով քաղաքական և սո­ցիալական տարբերությունները մահմեդականների և ոչ մահմեդա­կանների միջև»: Ինչպես երևում է բերված հատվածից, պետութ­յան մահմեդական կերպարանքը ոչ միայն ենթադրվում էր թողնել անփոփոխ, այլ նաև սահմանադրության հայտարարման միջոցով ավելի ամրացնել նրա հեղինակությունը:
Բացի Հալիլ Շերիֆ փաշայից, «նոր օսմանցիների» շարժման մեջ մասնակցում էր այլ ականավոր եգիպտացի արիստոկրատ՝ Մուսթաֆա Ֆազըլ փաշան, Եգիպտոսի հեդիվ Իսմաիլ փաշայի եղբայրը: 1867 թ. սկզբին եվրոպական թերթերում տպագրվեց  սուլթան Աբդուլ Ազիզին ուղղված նրա բաց նամակը: Նրա վեր­լուծությունը դրսևորում է հեղինակի հետևյալ ըմբռնումը. «Փառա­վոր ժամանակները», երբ «կայսրության ստեղծողները»՝ թուրքե­րը և նրանց հպատակ ժողովուրդները միմյանց հետ ներդաշնա­կության մեջ էին ապրում, մնացին անցյալում: Այժմ քրիստոնյա ժողովուրդները անհնազանդություն են ցուցաբերում, ըմբոստա­նում են սուլթանի դեմ: Դրա պատճառը, բացի եվրոպական տե­րությունների կողմից սադրանքներից, կայանում է նաև օսմանյան կառավարության վատ ղեկավարման մեջ: Ե՛վ մահմեդականները, և' քրիստոնյաները զայրույթով լի են: Սակայն մահմեդականների դրությունը զգալիորեն ավելի ծանր է, քանի որ նրանք այդքան ա­ռավելություններ և պաշտպաններ չունեն, ինչքան քրիստոնյանե­րը: Պետությունը կործանումից փրկելու համար հեղինակը առա­ջարկում է հաստատել «ազատ և արդար», վայելուչ բնույթ ունե­ցող համակարգ, որը վերջ կտար ճնշմանը, կբավարարեր բոլոր հպատակների սպասումները, անկախ նրանց կրոնական պատկա­նելությունից, և կվերականգներ նրանց միջև նախքին ներդաշնա­կությունը:
Ընդհանուր առմամբ, Մուսթաֆա Ֆազըլ փաշայի և մյուս «նոր օսմանցիների» գաղափարների միջև տարբերությունը մեծ չէ: Մուս­թաֆա Ֆազիլ փաշան նրանց պես շեշտը դնում է քրիստոնյաների համեմատ մահմեդականներին ավելի շատ ճնշելու վրա, առաջար­կում է վերացնել բոլոր այն առավելությունները, որոնք նրանք իբրև թե ունեն: Դրա հետ մեկտեղ, ուշադրություն է դարձնում հետևյալ հանգամանքը. բաց նամակում ոչինչ չի ասվում այն մասին, որ շա­րիաթը պետք է մնա Օսմանյան կայսրության պետական կարգի հիմք, այլ ընդհակառակը, հաստատվում է, որ կրոնը չպետք է պե­տության քաղաքական հիմք կազմի: Այդ դրույթը միանգամայն հա­կասում է «նոր օսմանցիների» այն հիմնական գաղափարին, որ «ե­թե մեր պետությունը (այսինքն՝ Օսմանյան կայսրությունը -Ռ.Ս.) ցանկանում է լինել հզոր, ապա այն պետք է հետևի շարիաթին և շարունակի մնալ իսլամական պետություն»:
Մուսթաֆա Ֆազիլ փաշայի կողմից առաջ քաշված հայրենասի­րության հայեցակարգը ավելի աշխարհիկանացված էր, հիմնված էր ոչ թե կրոնական, այլ ազգայնական զգացմունքների վրա: Նա բազմիցս գրում է «վեհ զգացմունքների մասին, որոն հատուկ են թուրքական ռասային», այլ ոչ թե ոչ մահմեդականներին ընդհան- րապես: Ֆազիլ փաշան տարբերվում է «նոր օսմանցիների» այլ ա­ռաջնորդներից, որոնք հանդես էին գալիս, հատկապես իրենց գոր­ծունեության սկզբնական փուլում, ոչ թե թուրք ժողովրդի անունից, այլ ողջ մահմեդական միլլեթի անունից:
Ըստ էության, «նոր օսմանցիների» կողմից արդեն նրանց գոր­ծունեության սկզբնական փուլում սաղմային տեսքով ձևակերպվե­ցին թուրքական ազգայնականության երկու մեկնաբանություն. մե­կը ավելի մեծ տեղ էր հատկացնում իսլամին, որպես նրա հենք, մյուսի հիմքում գտնվում էր ազգի գաղափարը, իհարկե, դեռևս լիո­վին տեսական հիմնավորում չստացած տեսքով: Առաջին տարբե­րակը տեսական հիմք հանդիսացավ ցեղասպանության առաջին ծրագրի համար, իսկ երկրորդը՝ հետագա ծրագրերի համար:
Այդ տարիներին «նոր օսմանցիների» հայացքները իրենց առա­վել ամբողջական արտահայտումը գտան Նամըք Քեմալի՝ Կ.Պոլսում հրատարակվող իշխանամետ «Գազեթթ դյու Լևան» թերթի խմբագրին ուղղված բաց նամակում: Այն իրենից ներկայացնում էր, ըստ էության, «նոր օսմանցիների» ծրագրի հիմնական դրույթ­ների շարադրանք:
Նամակում հիմնական ուշադրությունը ուղղված է ազգային- դավանական հարցին, որը դիտարկվում է իմնականում որպես դա­վանական խնդիր: Հեղինակը հանդես է գալիս մահմեդականների անունից, որոնք, ինչպես նա գրում է,«հանդիսանում են կայսրութ­յան գերիշխող միլլեթ»: Բերվում են «նոր օսմանցիների» արդեն սո­վորական դարձաձ փաստարկները քրիստոնյաների իբրև թե ավելի արտոնյալ դիրքի մասին: Թեև Քեմալը ստիպված է ընդունել, որ ոչ մահմեդականները զրկված են «որոշ իրավունքներից», սակայն դա, իր կարծիքով, փոխհատուցվում է մեծ տերությունների հովա­նավորությամբ, զինվորական ծառայությունից ազատումով: «Նոր օսմանցիների» գաղափարախոսի մոտ հատուկ վրդովմունք է առա­ջացնում քրիստոնյաների ձգտումը՝ մասնակցելու երկրի ղեկա­վարմանը: Ընդունելով բարեփոխումների անհրաժեշտությունը՝ Նամըք Քեմալը կոչ է անում իրականացնել դրանք ինչպես մահմե­դականների, այնպես էլ ոչ մահմեդականների միջավայրում և ու­շադրությունը չկենտրոնացնել որևիցէ առանձին մի միլլեթի վրա, ինչպես մինչ այդ անում էր կառավարությունը, որը, քրիստոնյամետ քաղաքականություն է վարում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...