Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified
Показаны сообщения с ярлыком Հայ Քրիստոնյա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայ Քրիստոնյա. Показать все сообщения

воскресенье, 3 июля 2011 г.

Հոդված


ՍԱՏԱՆԱ ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Սատանա բառը ծագում է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է- սադայել, բանսարկու, չարախոս, հակարակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:

Շատ լեզուներում տարածված է սատանա բառը օր. ասորերեն satana, ռուսերեն сатана, արաբերեն shaytan (շայթան), եթովպացիերեն sadatan, հունարեն Satanas, լատիներեն satanas, հարավսլավոներեն sotona, գերմաներենում կա satan և Teufel բառեր, այդ բոլոր բառերի արտասանության ձևը գրեթե նույնն է: Սակայն բառն ունի նաև 2-րդ տարբերակ, որ է հունարեն Diabolos (dibolos, diabolus) կամ daimon, ռուսերեն дьявол կամ демон, անգլերեն devil կամ demon (diaballo- կազմված է dia-միջոցով և ballo-գցել բառերից):

Մահմեդական գրքերում կարող ենք հանդիպել Իբլիս բառը, որը նույն իմաստն ունի, իսկ շայթան, որը նույնպես օգտագործվում է մահմեդականների կողմից բառացի նշանակում է կռվել, թշնամություն անել, կա նաև balasa բառը որը թարգմանվում է - «նա պարտվել է»: Իսլամի մեջ ընդունված է իբր թե Աստված հրամայեց բոլոր հրեշտակներին երկրպագել Ադամին, սակայն սատանան չուզեց դա անել ասելով, թե ես կրակից եմ ստեղծված, իսկ ինքը հողից, ինչու՞ պիտի երկրպագեմ, և շարունակում էր գայթակղել մարդկանց, և դրա համար նա պետք է գնա jahannam (դժոխք):

Համաձայն Հր. ԱՃառյանի Արմատական բառարանի «...ամենայն որ բարւոյ հակառակ կայ, սատանայ անվանի»:

Ըստ մի շարք կրոնական ուսմունքների սատանան չար ոգիների տիրակալն ու դժոխքի թագավոր է, մարդկանց մեղանչումների, չարագործությունների սկզբնապատճառն ու հրահրիչը: Սովորաբար ներկայացվում է իբրև Աստծու ստեղծած, ապա խռովարար՝ երկնքից երկիր արտաքսված, տապալված հրեշտակ (Եսայի 14:12 Արուսյակ (Լյուցեֆեր), որը չունի մեղքերի քավության և թողության հնարավորություն: Խավարի իշխան, խաբեբա, պիղծ, անսուրբ, անպիտան մարդ: Միաստվածական կրոնների զարգացմանը զուգահեռ ձևավորվել է սատանայի որպես չարիքի միասնական աղբյուրի և գլխավոր չար ոգու մասին պատկերացումը: Սատանայի մասին հորինվել են ժողովրդական զանազան առասպելներ, զրույցներ, հեքիաթներ: Գրականության մեջ սատանան կերպավորվել է ըստ տարբեր դարաշրջանների ու անհատների կրոնական և փիլիսոփայական հայացքներում: Արվեստում սատանան հնում պատկերվել է գիշատիչ գազանի, XI դարից՝ անճոռնի, պոզավոր ու պոչավոր մարդու կերպարանքով:

Հին Կտակարանում կա Ավադդոն բառը, որը նշանակում է ջարդ, կորուստ, մահ, սակայն այդ բառը ասելով նույնպես հասկանում էին սատանային: Տոբիթի գրքում կարող ենք հանդիպել Ազմոդևս անունը. այդ անվան նշանակությունը փորձում էին բացատրել ասորերեն անհայտ մի բառի արմատից, սակայն այդ փորձերը կասկածելի են, քանի որ Ազմոդևս բառը բավարար ձևով բացատրվում է եբրայական - արամերեն արմատից՝ շամադ, որը նշանակում է քանդել, ոչնչացնել, ուրեմն Ազմոդևս բառը նշանակում է քանդող, ոչնչացնող: Ազմոդևս բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ այն նույնպես սատանայի իմաստ ունի:

Ծիսական գրքերում կարող ենք հանդիպել ասպիդ բառը: Ասպիդը թունավոր օձի տեսակ է, բայց ծիսական գրականության մեջ այն սատանայի իմաստ ունի: Ինչպես գիտենք Ծննդոց գրքից Եվային խաբել է հենց օձը:

Նոր Կտակարանի գրքերում նույնպես կարող ենք հանդիպել բազմաթիվ արտահայտություններ սատանային վերաբերող օր. Մատթեոսի մոտ 4:3 համարում սատանան անվանվում է փորձիչ. դա կապված է անապատում Հիսուսի փորձության հետ: Ինչպես Մատթեոսի և Մարկոսի, այնպես էլ Ղուկասի մոտ հանդիպում ենք Բէեղզեբուղ բառը, երբ որ Հիսուսը հանում է դևերին համրի միջից, նրան մեղադրելու համար, ժողովրդի միջից ոմանք ասում են, թե նա դևերի իշխան Բէեղզեբուղի միջոցով է անում այդ (Beelzeboul արտասանում են նաև Beelzebob, այս բառը կարող է ծագել baalzebul բառից, այսինքն՝ «երկնքի իշխան»):

Կորնթացիներին ուղղված Պողոսի երկրորդ թղթում առաքյալը սատանային անվանում է Բելիար այն ժամանակ, երբ ժողովրդին քարոզում է ասելով. «Անհավատներին լծակից մի եղեք, որովհետև ինչ՞ կապ ունի արդարությունը անօրենության հետ...և կամ ինչ՞ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև...»: Իսկ ի՞նչ է նշանակում Բելիար: Հին Կտակարանում այդ անվանը համապատասխանում է Բելիալ բառը, որը նշանակում է անօգուտ իր կամ գործ, որը ոչ մի բանին պիտանի չէ: Սակայն այստեղ ինչպես երևում է Քրիստոսին Բելիարին հակադրելուց Բելիար բառը նշանակում է անձ: Այդպիսի իմաստ այդ բառը ունեցել է վաղ հուդայականության մեջ: Այստեղ կոնտեքստից երևում է, որ բառը խորհրդանշում է հակաքրիստոսին կամ սատանային:

Հովհաննես ավետարանչի մոտ էլ Հիսուսը ժողովրդի հետ խոսելով ասում է. «հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ, այս աշխարհի իշխանը դուրս կնետվի», այստեղ Քրիստոս «այս աշխարհի իշխան» ասելով նկատի ունի սատանային:

Եփեսացիներին ուղղված թղթում սատանան «օդում տիրող իշխան» է, որը ներգործում է ապստամբող մարդկանց մեջ: Այստեղ իհարկե նկատի է առնվում սատանան: Նա անվանված է «օդում տիրող իշխան» այն պատճառով, որ նրա իշխանության տակ են տարբեր ոգիներ, որոնք այստեղ հավաքական իմաստով անվանված են «իշխանություն»:

Որպես ավարտ նշեմ, որ Նոր Կտակարանում diabolos բառը հանդիպում ենք 37 անգամ, satana՝ 36, իսկ Beelzeboul բառը ընդամենը՝ 7:

Դանիել  Խանանյան

воскресенье, 12 июня 2011 г.

Քարոզխոսություն


Հայտնություն

Աստծուն ճանաչելու համար մարդը ունի երկու հիմնական ճանապարհ՝ հավատ և բանականություն: Երկուսն էլ շատ կարևոր դեր ունեն ճանաչողության հարցում, սակայն կան այնպիսի հարցեր որոնց պատասխանը ստանալու համար Աստված մեզ շնորհեց հայտնությունը:


Յայտնութիւնը Աստուծոյ ազատ կամքէն եւ շնորհքէն բղխած այն արարքն է, որով Ան ինքզինք եւ իր գործը կը յայտնէ մարդուն[1]:
Եթե Աստված չշնորհեր մեզ հայտնությունը մեզ համար շատ բաներ անհայտ կմնային: Սակայն չենք կարող չնկատել, որ հայտնությունը մասնավոր արարք է, այսինքն այն չի շնորհվում բոլորին, այն առանձին մարդկանց, նրանց ովքեր իրենց կյանքով արժանի եղան այն ստանալու:
Հայտնության հետ կապված կարող է նաև մի ուրիշ հարց առաջանալ, թե արդյո՞ք այն ճշմարիտ է: Պատասխանելով այդ հարցին պետք է ասենք , որ հայտնության հեղինակը Աստված է այն իրենից բացարձակ ճշմարտութոյւն է ներկայացնում, որովհետև հայտնությունը կազմված է Աստծո խոսքերից:
Հայտնությունը ներկայանում է մեզ տարբեր եղանակներով, բնական և գերբնական հայտնություններ: Բայց չենք կարող ասել, որ Աստված ամբողջական ձևով է հայտնվում, այլ աստիճանաբար, այս տեսակետից ելնելով, կարող ենք ասել, որ աստծո հայտնությունը ունի իր պատմականությունը:
Աստվածային հայտնությունն անցել է զարգացման երկու կարևոր հանգրվաններ՝ նախաքրիստոնեական կամ հինկտակարանյան շրջան և քրիստոնեական կամ նորկտակարանյան շրջան:
Հինկտակարանյան հայտնությունը ունի իր մի քանի առանձնահատկությունները:
1.        Աստծո հայտնությունն առնչվում է մարդ արարածի հետ
2.        այդ հայտնությունը նախաձեռնողը միշտ Աստված է
3.        ամբողջ հին Կտակարանում նախապատվությունը տրվում է Աստծո խոսքով եղած հայտնությանը
4.        Աստված քայլ առ քայլ հայտնում է Իրեն ոչ միայն իբրև Տեր հատուկ ժողովրդի՝ հրեա ազգի, այլ համայն աշխարհի և ազգերի
5.        Աստծո հայտնությունը Հին Կտակարանում դառնում է նաև մի նոր խոստում հետագա մի հայտնություն, որ տեղի էր ունենալու Աստծո Խոսքի մարմնացումով:
Նոր Կտակարանում ևս Աստված հայտնում է Ինքն Իրեն Իր խոսքի և գործի միջոցով: Միակ տարբերությունն այստեղ այն է, որ Աստծո Խոսքը մեզ ներկայանում մարմնավորված ձևով՝ Հիսուս Քրիստոսի կերպարանքով: Եվ հենց Քրիստոսով աստվածային հայտնությունն իր վերջնական և անգերազանցելի հանգրվանին է հասնում:
Խանանյան Դանիել


[1] Գարեգին վրդ. Սարգսյան, Տեսական Աստվածաբանություն, Կանադա 2005, էջ 38

воскресенье, 5 июня 2011 г.

Քարոզխոսություն


Ինչո՞ւ Պիղատոսը լվաց ձեռքերը

Բոլոր ավետարանիչները համաձայն են այն բանում, որ Հիսուսը սկզբից հարցաքննվել է հրեա հոգևորականների, իսկ այնուհետև աշխարհիկ իշխանությունների կողմից: Սակայն քանի՞ հարցաքննում տեղի ունեցավ և կոնկրետ ո՞ւմ մոտ: Որքան էլ տարօրինակ լինի, այստեղ պատասխանները կրկին միմյանցից տարբերվում են: Սովորական տարբերակին՝ երկու հարցքննումների մասին, մեկը քահանայապետի մոտ, մյուսը՝ Պիղատոսի, բացահայտ ընդդիմանում է չորրորդ ավետարանիչը՝ հայտարարելով. հարցաքննելուց հետո «Աննան նրան կապած ուղարկեց Կայափա քահանայապետի մոտ» ( 18:24): Մյուս կողմից, համաձայն Ղուկասի ( 23:1-12), Պիղատոսը Հիսուսին ուղարկեց լրացուցիչ հարցաքննման Հերովդես Անտիպայի մոտ: Առաջին երկու Ավետարաններում հարցաքննումը կատարվել է ձերբակալման գիշերը, իսկ Ղուկասի վկայությամբ միայն հաջորդ օրվա առավոտյան, քանի որ ծերակույտը չէր կարող նիստ գումարել զատկական գիշերը:
Հրեաների մոտ միշտ եղել է մի քահանայապետ: Ուստի այս դեպքում ինչպե՞ս կարող էր Հովհաննեսը Հիսուսին Աննայի մոտից ուղարկել Կայափայի մոտ՝ երկուսին համարելով ամեն տարի փոխվող քահանայապետներ[1]: Ըստ ամենայնի Հովհաննեսի սխալը կապված է Ղուկասի[2] մոտ առկա ոչ ճշգրիտ ժամանակագրական տեղեկության հետ: Որոշակի դեր այստեղ պետք է խաղար նաև այն բանի արտահայտման ցանկությունը, որ Հիսուս երկու անգամ է մեղադրվել քահանայապետների կողմից, համանման նրան, թե ինչպես Ղուկասի մոտ աշխարհիկ իշխանությունները՝ Պիղատոսը և Հերովդես Անտիպան, երկու անգամ հրաժարվեցին նրան դատելուց:
Առաջին հարցաքննման մասին Ավետարանները հաղորդում են զարմանալիորեն քիչ և, ընդ որում, հակասական տեղեկություններ: Ըստ Մատթեոսի ( 26:57-68) և Մարկոսի ( 14: 53-66) Հիսուս չպատասխանեց կեղծ մեղադրանքներին և ընդունեց միայն, որ Նա է «Քրիստոս, Որդի Աստուծո»: Հայհոյելու համար ծերակույտը Նրան մահապատժի արժանի համարեց: Մյուս կողմից Ղուկասը ( 22:66-71) լռեց կեղծ մեղադրանքների մասին. նրա մոտ Հիսուսը խուսափողական պատասխան տվեց այն հարցին, թե արդյո՞ք ինքն է Քրիստոսը: Փոքր ինչ պակաս, սակայն կրկին խուսափողական պատասխան է նա տվել նաև իր՝ Աստծո որդի լինելու մասին հարցին: Ըստ Հովհաննեսի (18:19-24) հարցաքննման դրվագի նկարագրության մեջ անհասկանալի է մնում, թե Աննան ինչում է մեղադրում Հիսուսին, քանի որ նա հարցնում էր միայն նոր ուսմունքի էության մասին. իսկ Կայափայի մոտ հարցաքննման մասին Հովհաննեսը որևէ որոշակի բան չի հաղորդում: Չորրորդ ավետարանիչի այս զարմանալի լռությունը ըստ ամենայնի բացատրվում է նրանով, որ նա ավելի վաղ ինքն իսկ օգտագործեց մեղադրանքի կետերը, որոնք ձևակերպվել էին սինոպտիկների կողմից: Նույնիսկ Կայափայի վճիռը նրա կողմից ավելի շուտ է հաղորդվել. «Ավելի լավ է, որ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի» ( 18:14, հմմտ. 11: 50):
Ծաղրանքի նկարագրությունը Հիսուսի հարցաքննման ժամանակ ուներ կարևոր նպատակային ծանրաբեռնվածություն: Այն համապատասխանում էր Եսայու գրքի մարգարեությանը. «Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս ապտակի և երեսս շուռ չտվի նախատինքից ու թքից» (50:6): Հավանաբար այսպիսին է դեմքին թքումների, հարվածների ու ապտակների մասին Մարկոսի և մյուս ավետարանիչների տեղեկությունների աղբյուրը (14:65):
Որպեսզի գնահատենք, թե Պիղատոսի մոտ հարցաքննումը որքանով համապատասխանում պատմական ճշմարտությանը, անհրաժեշտ է ընթերցողին նախապես հիշեցնել, թե մեզ ոչ քրիստոնեական աղբյուրներից հռոմեացի այդ պաշտոնիայի մասին ինչ է հայտնի: Հովսեփ Փլաբիոսի «Հրեական հնություններ»- ից մենք գիտենք, որ Պոնտացի Պիղատոսը եղել է կառավարիչ (Հռոմեացի կուսակալ) 26-36 մթա: Նա հայտնի էր իր դաժանությամբ, Երուսաղեմ զորք է մտցրել՝ կայսեր պատկերի զինանշանով, ինչը վիրավորեց հրեաների կրոնական զգացմունքները և քաղաքում արյունահեղ բախումներ առաջացրեց: Պիղատոսը գողացավ տաճարի գանձերի մի մասը և կազմակերպեց դրան ընդդիմացող բնակիչների ջարդը: Առհասարակ այդ խորամանկ շահամոլ պաշտոնյայի համար խորթ են եղել կրոնական հակամարտությունները հրեական շրջապատում: Եվ ահա այդ մարդու մոտ, համաձայն ավետարանիչների, հրեական կրոնական իշխանությունները ուղարկեցին ձերբակալված Հիսուսին: Դիտարկենք նրանց պատմությունները Պիղատոսի մոտ հարցաքննման մասին:
Մարկոսի պատմությունը կազմված է երկու անհավասար մասերից. կարճ հաղորդագրություն հենց հարցաքննման մասին ( 15:2-5) և Բարաբբայի դրվագի կարճ պատմությունը ( 15:6-15), որին ավելի մեծ նշանակություն է տրվում: Առաջինի մեջ Հիսուս հաստատեց, որ նա «հրեաների թագավոր է», ինչից հետո Պիղատոսին միայն մնաց զարմանալ հարցաքննվողի հետագա լռության վրա: Չէ՞ որ Պիղատոսի «տեսնում ես թե ինչքան շատ են քո դեմ մեղադրանքները» խոսքերից հետո մենք իրավունք ունեինք սպասել գոնե դրանց թվարկմանը: Մատթեոսի մոտ հարցաքնման դրվագը ամբողջությամբ կրկնում է Մարկոսի պատմությունը:
Երկրորդ ավետարանիչի շարադրանքի՝ Բարաբբային առնչվող դրվագում Պիղատոսը հիմնվելով տոնի առիթով որևէ ձերբակալվածի ազատելու սովորությանը՝ ժողովրդին առաջարկեց ազատել Հիսուսին, «քանզի գիտեր, որ քահանայապետները մատնեցին նրան նախանձից»: Սակայն ոգևորված ժողովուրդը համառորեն պնդում էր, որ ազատեն մարդասպան Բարաբբային: Պիղատոսը չուզենալով ենթարկվեց այդ պահանջին: Սատթեոսի մոտ պատմության այս մասը զարդարված է երկու դրվագներով ևս ա) Պիղատոսի կնոջ խնդրանքով, որ վնաս չտան արդարին, որի պատճառով նա տանջվել է երազի մեջ (27:19), բ) ձեռքեր լվանալու մասին հայտնի դրվագով: Վերջինը արժանի է ամբողջությամբ մեջբերման. «Պիղատոսը տեսնելով, թե ոչինչ չի օգնում, իսկ խռովությունը մեծանում է, արագ ջուր է վերցնում և ժողովրդի առաջ լվանում է ձեռքերը և ասում, որ այս արդարի արյան մեջ ես մեղավոր չեմ. դուք մտածեք: Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. նրա արյունը մեր և մեր երեխաների վրա է» (Նույն տեղում 24-25): Ո՛չ Պիղատոսի կնոջ մասին, ոչ ձեռքերը լվանալու մասին չեն խոսում ո՛չ Սարկոսը, և ո՛չ էլ Ղուկասը:
Ակնհայտ է, որ Սարկոսի և առավել ևս Սատթեոսի մոտ Պիղատոսը բոլորովին նման չէ Հովսեփ Փլաբիոսից մեզ հայտնի դաժան, հպարտ և շահամոլ հռոմեացի պաշտոնյային: Սատթեոսի մոտ Պիղատոսը և նրա կինը ընդունում են, որ Հիսուսը ոչ միայն մեղավոր չէ, այլ նույնիսկ արդար է: Ամբողջ մեղադրանքը ընկնում է հրեաների և նույնիսկ ապագա սերունդների վրա: Հռոմեական իշխանությունների նկատմամբ այսպիսի հաճկատար վերաբերմունքը հնարավոր է եղել միայն 2-րդ դարի քրիստոնյաների մոտ, երբ եկեղեցին սկսեց ձգտել հաշտությանը կայսրության իշխանությունների հետ և արդեն տեղի էր ունեցել նոր կրոնի և հրեականության վերջնական պառակտումը: Հիշեցնենք, որ հրեա քրիստոնյանների համեմատ հեթանոս քրիստոնյաների թվային գերակշռությանմասին առաջին վկայությունը վերաբերում է 150 թվականին. դա Հուստիանոսի երկն է:
Պիղատոսի մոտ Հիսուսի հարցաքննման մասին երկու ավետարանիչների պատմվածքի բովանդակազուրկ լինելը, հավանաբար, զգաց երրորդ սինոպտիկը: Համաձայն Ղուկասի՝ քահանայապետները Պիղատոսին հաըտարարեցին. «Մենք գտանք, որ նա այլասեռում էր մեր ժողովրդին, արգելում էր կայսրին հարկեր տալ՝ իրեն անվանելով Քրիստոս թագավոր» ( 23:2): Ղուկասի մոտ (23:17-25) Բարաբբայի դրվագն արդեն գտնվում է Հիսուսին Հերովդեսից Պիղատոսի մոտ ուղարկելուց հետո: Հրաժարվելով Մատթեոսի հավելումներից կամ էլ դրանց ծանոթ չլինելու պատճառով Ղուկասն այլ միջոցներով է շարունակում Պիղատոսի իդեալականացումը: Ինչպես նշում է Ա. Ռոբերտսոնը՝ Ղուկասի մոտ Պիղատոսը փորձում էր փրկել Հիսուսին (հասնելով նույնիսկ այն բանին, որ նա չէր գտնում «ոչ մի մեղք», նրանում, ով հավակնում էր լինել հրեաների թագավորը) և վերջ ի վերջո զիջում է միայն հրեական ամբոխի աղաղակներին:
Պիղատոսի իդեալականացումը հասել է իր սահմանագծին չորրորդ ավետարանչի մոտ (18:29, 19:16). սկզբից նա ընդհանրապես հրաժարվեց Հիսուսին դատել: Հարցին, թե դու ես թագավոր հրեից, Հիսուս հակառակ սինոպտիկներին՝ բացասական պատասխան է տալիս. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ» (18:36), ինչից հետո Պիղատոսը երեք անգամ ասում է սպասող հրեաներին, որ Հիսուսին մեղադրելու համար որևէ պատճառ չի գտնում: Այնուհետև Պիղատոսը հրեաներին սրտաշարժելու համար զինվորներին հրամայեց ծեծել Հիսուսին, և առհասարակ ամեն ձևով «ուզում էր նրան ազատ արձակել» ( 19:12): Միայն կայսրին բողոքելու սպառնալիքից հետո Պիղատոսը վերջապես համաձայնվեց Հիսուսին հանձնել խաչելու համար: Թվարկած բոլոր մանրամասնությունները բացակայում են սինոպտիկների մոտ: Չորրորդ Ավետարանում Պիղատոսը ներկայացված է ոչ միայն որպես օբյեկտիվ դատավոր, այլ նույնիսկ որպես Հիսուսին ակնհաըտորեն համակրող:
Պիղատոսին իդեալականացնելու միտումը ժամանակի ընթացքում ավելի էր ուժեղանում: Անշուշտ անհրաժեշտ էր բավականին երկար շրջան՝ Մարկոսից մինչև Հովհաննես հայացքների էվոլյուցիաի համար:


ռուսերենից թարգմանեց՝ 
Դանիել սարկավագ Խանանյան


[1] «Եվ նախ նրան տարան Աննայի մոտ, որը Կայափայի՝ այդ տարվա քահանայապետի, աներն էր» (Հովհ. 18:13, հմմտ. 11:49):
[2]  «Եվ Աննայի ու Կայափայի քահանայապետության օրով Աստծու խոսքը լսելի եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում» (Ղուկ. 3:2)

понедельник, 30 мая 2011 г.

Քարոզխոսություն


Սուրբ Հաղորդություն


«Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ, և ընթացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ և Իր Անձը մատնեց մեզ համար որպես անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն»:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր խորհուդները: Դրանք յոթն են: Մարդ արարածը, որպեսզի կարողանա ստանալ մարդեղությամբ Աստծո ներկայության բարիքները, հաստատեց Քրիստոսի խորհուդները: Նրանցով Սուրբ Հոգին իր շնորհները տալիս է հավատացյալներին՝ նրանց կարիքներին համապատասխան: Դրա համար էլ Եկեղեցին, իբրև տեսանելի կազմակերպություն, խորհուրդները գործածում է որպես տեսանելի միջոցներ: Ուստի խորհուդը արտաքին զգայական նշան է, որի միջոցով, տեսանելի ձևերի տակ Սուրբ Հոգու անտեսանալի շնորհներն են կենդանանում:
Խորհուրդը, մասնավորապես, կատարվում է նյութական իրերի միջոցով, որոնք Սուրբ Հոգու ներգործությամբ աստվածային նշանակությամբ և արժեքով են զգեստավորվում: Խորհրդակատարությամբ գերբնականը, աստվածայինը բնական, տեսանելի, շոշափելի միջոցներով մոտենում է մարդուն:
Հաղորդությունը այն սուրբ խորհուրդն է, որով սրբագործյալ հացի ու գինու տեսքով ստանում ենք Քրիստոսի մարմինն ու արյունը: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը հացը վերցրեց, օրհնեց, կտրեց, տվեց իր աշակերտներին և ասաց. «Առէք, կերայք, այս է մարմին իմ»: Հետո գինու բաժակը վերցրեց, գոհացավ, տվեց նրանց և ասաց . «<Արբէք ի դմանէ ամենեքին, զի այդ է արիւնն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղու ի թողութիւն մեղաց» (Մատթ. ԻԶ 28): Քանի որ այդ խորհուրդը հաստատվել է Վերջին ընթրիքի ժամանակ այդ իսկ պատճառով այն հաճախ կոչում ենք նաև Խորհրդավոր:
Այդ օրը Հիսուսը պատվիրեց «<Այս արեք իմ հիշատակի համար» ( Մատթ. ԻԶ 26-29, Ղուկ ԻԲ 19): Այսինքն Հաղորդության խորհուրդը Հիսուսի Ինքնազոհաբերման, պատարագման խորհուրդ է: Եվ Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը Հաղորդության խորհուրդն է, որի ժամանակ Հիսուս Քրիստոս՝ Անմահ Գառը, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ Սեղանի վրա՝ բաշխելով մեզ Իր սուրբ Մարմինը ու սուրբ Արյունը, որով քավություն և թողություն է տրվում մեր մեղքերին: Այդ պատճառով էլ Սուրբ Հաղորդության խորհուրդը կոչվում է նաև Անարյուն Պատարագ: Հաղորդությունը այն ճշմարիտ մանանան է, որ կայնք է տալիս քրիստոնյաին: Նա երկնային հավիտենական սեղանի ճաշակումն է: Նրանով Քրիստոսը գալիս և բնակվում է հավատացյալների հոգիների մեջ և նրանց իրար միացնում: Այն անմահության բալասանն է, և երբ մեր մարմինները ճաշակում են այն հագնում են անապականություն և հարության հույս: Այս խորհուրդը մատուցանող քահանան կամ եպիսկոպոսը կոչվում են պատարագիչ: Հարության խորհրդի մեջ հացի և գինու տեսքով Քրիստոսի մարմնի ու արյան ճաշակումը մարդու կյանքը միացնում է աստվածային կյանքին: Հաղորդությունը հավիտենականի և անցավոր էակի, Անհունի և հունավոր արարածի հարաբերության մերձեցման միջոցն է հանդիսանում: Սրբագործված հացն ու գինին ճաշակողների հոգիների մեջ Աստված իջնում է զորացնում ներշնչում կենդանացնում է և դրանք բարձրացնում իր կյանքին: Որքան մարդու հոգին աստվածային հոգով սնվի այնքան ավելի առողջ ու մաքուր կլինի: Գերբնականը մտնելով միջոցի և ժամանակի մեջ բնակվում է իր ստեղծած արարածի ներաշխարհում և իր կյանքից նոր կյանք է տալիս նրան, բայց արդեն անվախճան, հավիտենական կյանք: Հաղորդվողները Ս. Պատարագի ժամին ճաշակելով Տիրոջ մարմինն ու արյունը, խորհրդաբար միանում են ոչ միայն Աստծուն, այլև իրար և այդպիսով կազմում են Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին: Ս. Հաղորդության խորհուրդը եկեղեցու բոլոր անդամներին մեկտեղում է եղբայրական սիրո և խաղաղության կապով: Այդ պատճառով էլ առանց այս խորհրդի եկեղեցին չի կարող ապրել, քրիստոնյան չի կարող դառնալ ժառանգորդ երկնքի արքայության, հետևաբար չի կարող հավիտենական կյանք ունենալ:
Հաղորդության խորհուրդը Քրիստոսի հետ հաղորդակցության սրբազան արարողություն լինելուց բացի նաև քավչական զոհագործություն է՝ մատուցված Աստծուն, ապրողներին և ննջեցյալներին: Այն Գողգոթայի վրա տեղի ունենած զոհագործության շարունակության ներկայացումն ու իրագործումն է մեր իսկ ժամանակի և կյանքի մեջ: Քրիստոսը, հենց ինքը մատուցեց մեզ համար որպես «պատարագ և զենումն Աստուծոյ» (Եփես Ե. 2): Խորհրդակատարման նյութը ցորենի անթթխմոր հացն է և խաղողի անապական գինին: Ս. Գրիգոր Տթևացին այսպես է բանաձևում խորհուրդը. «Հաղորդությունը իր մեջ պորունակում է Քրիստոսին՝ հաց ու գինու տեսքով և դրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»: Հացն ու գինին խորհրդավոր կերպով Քրիստոսի ճշմարիտ մարմնի ու արյան են փոխակերպվում ս. Պատարագի ընթացքում: Սրբացման պահին հացի ու գինու արտաքին հատկանիշները մնում են նույնը, իսկ ներքին էությունը փոխակերպվում Քրիստոսի մարմնի ու արյան: Մեր եկեղեցում հացն ու գինին օրհնվում են առանձին-առանձին և այնուհետև ճաշակելիս միավորվում: Այն «Խորհին խորհուրդ» է, անքննելի անիմանալի սովորական մտքի համար և միայն հավատքով ըմբռնելի: ճշմարիտ է միայն ասել թե Սուրբ Հոգու կոչումով և Նրա իջնելով է որ հացն ու գինին փոխարինվում են մարմնի ու արյան: Արտաքնապես հացի ու գինու տարրերը նույնն են մնում, սակայն ստանում են նոր զորություն և նրանց մեջ խորհրդավոր կերպով հաստատվում են Քրիստոսի մարմին ուր արյան իսկությունը Սուրբ Հոգու ներգործությամբ:
Հռոմեական եկեղեցին այս խորհուրդը մեկնաբանում է որպես գոյացափոխությունը: Այսինքն գոյացության մի ձևի փոփոխումը մեկ այլ գոյացության: Մինչդեռ գոյացության պատահական հատկությունները չեն փոխվում, հացն ու գինին առարկայաբար մարմին և արյուն են դառնում: Հացի ու գինու մարմնի և արյան փոխարկվելով նրանց առանձին գոյացությունները ոչնչանում են: Իսկ ըստ Հայաստանյայց եկեղեցու գոյացությունը չէ, որ փոխվում է կամ ոչնչանում, այլ տարրերը խորհրդականապես և անասելի կերպով փոխարկվում են Քրիստոսի մարմնի և արյան իսկությանը, և ճշմարտապես դառնում են Նրա մարմինն ու արյունը: Այդ փոխակերպումը զգայական կամ շոշափելի չէ, այլ խորհրդավոր կերպով իմանալի: Հաղորդվելուց առաջ առաջին պարտավորությունը, որ մեր առջև դնում է եկեղեցին, մկրտված լինելն է, ինչպես նաև ուղղափառ վարդապետության խոստովանությունն է: Կարևոր է նաև հավատով խոստովանությունը առանց դրա իմացության մենք չենք ըմբռնի թե ինչ ենք ճաշակում սովորական հաց և գինի թե՞ Քրիստոսի մարմինն ու արյունը: Այս է պատճառը, որ հաղորդության ժամանակ հնչում է հավատով խոստովանույթան մի փոքրիկ դրվագ. «Ասացէք «մեղայ Աստուծոյ» հաւատամք ի Հայր Սուրբ Աստուած ճշմարիտ, հաւատամք յՈրդին Սուրբ Աստված ճշմարիտ, հաւատամք եւ ի Հոգին Սուրբ Աստուած ճշմարիտ: Խոստովանիմք եւ հաւատամք
Զի սա է Կենդնաի եւ կենդանարար Սարմին եւ Արիւն Տեառն մերոյ եւ Փրկչին Հի սուսի Քրիստոսի, որ լինի մեզ ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց, խոստովանիմք եւ հաւատամք»:
Հաղորդություն ընդունելու երկրորդ պայմանը հոգևոր մաքրությունն է: Այս պատճառով, որ հաղորդությունից առաջ անպայմանորեն քննեք ինքներս մեզ, զղջանք մեր սխալների համար, խոստովանենք Աստծու և նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Այդ օրը պետք է նաև ֆիզիկապես մաքուր լինել և նախքան հաղորդությունը որևէ կերակուր չճաշակել:
Այսպիսով պետք է եզրակացնել որ մեր կյանքի գերագույն իմաստը և նպատակը Աստծու հետ հաղորդակցության մեջ է: Այս մտածումով է որ մենք պետք է մոտենանք հաղորդության սուրբ խորհրդին:

понедельник, 23 мая 2011 г.

Քարոզխոսություն


Արարչագործություն




Եթե խոսենք քրիստոնեական հավատամքների մասին, ապա պետք է նկատենք, որ դրանցից յուրաքանչյուրը շեշտում է Աստծո աշխարհի արարիչ լինելու հանգամնքը: Այս թեման իր ուրույն տեղ ունի Հին Կտակարանում: Մենք պետք է ուշադրություն դարձնենք Ծննդոց գրքի առաջին երկու գլուխներում տեղ գտած արարչագործության պատմություններին, որոնք Հին Կտակարանի սկիզբ են հանդիսանում: Սակայն անհրաժեշտ է նշել, որ Հին Կտակարանում այս գաղափարը հիմնականում արմատացած է իմաստության և մարգարեական գրականության մեջ: Որպես արդյունք Իր բացարձակ սիրո՝ Աստված տիեզերքն արարել է Իր խոսքով, ամենակարող զորությամբ և աստվածային ազատ կամքով: Աստված, լինելով ամենաբարի՝ կամենում է արարել, որպես ամենաիմաստուն ՝ ծրագրում է Իր արարչական գործը, և որպես ամենակարող՝ կյանքի կոչում այդ ծրագիրը: Ամբողջ արարչությունն Աստծո ձեռակերտն է արարված ամեն բան ներքին էությամբ «շատ լավ է»:
Քրիստոնեական ուղղափառությունը մերժում է դուալիզմը՝ իր տարբեր դրսեվորումներով. մանիքեականների ծայրահեղ դուալիզմը, ովքեր չարի գոյությունը վերագրում են սիրող Աստծուն հավիտենակից ինչ-որ երկրորդ ուժի, գնոստիկ վալենտինականների նվազ ծայրահեղ դուալիզմը, ովքեր նյութական կարգավորության, ներառյալ մարդկային մարմնի գոյությունը համարում են նախագոյութենական անկման հետևանք, և Պլատոնականների ավելի նրբին դուալիզմը, ովքեր նյութը համարում են որ թե չար, այլ անիրական: Եթե ընդունենք, որ Աստված աշխարհն ստեղծել է նախապես գոյություն ունեցող նյութից, ապա նյութը ևս կամ պետք է ունենա Աստծուց տարբեր ինչ որ արարիչ, կամ էլ պետք է լինի անսկիզբ ու ինքնագո: Երկու դեպքում էլ խախտվում է միակ Աստծո գաղափարը, և առաջ է գալիս երկու սկզբի ուսմունքը՝ դուալիզմը: Նման մի գաղափար առաջ եկավ գնոստիկյան վիճաբանության արդյունքում: Գնոստիկյան սահմանումներում հստակ տարբերություն էր դրվում մարդկությանն աշխարհից փրկող Աստծո և դեմիուրգի միջև, որն սկզբում ստեղծեց այդ աշխարհը, դրանից ելնելով գնոստիկները կարծում էին, որ Հին Կտակարանը կապված է ստորադաս աստվածության հետ (դեմիուրգ) իսկ Նոր Կտակարանը առնչվում է Փրկիչ Աստծո հետ: Սակայն Սուրբ Գրիգորի վարդապետության համաձայն, չկա որևէ այլ Արարիչ ամենայն տեսանելի և անտեսանելի գոյերի, բացի Միածին Որդուց, որը ծնվում է Հորից, և բացի Նրա Հոգուց, որը նրա էությունից: Նրա կողմից սկզբում ստեղծեց այս աշխարհը («Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը» (Օննդոց 1:1), որն արարվեց միասնական Երրորդության ամենակարող կամքի միակից զորությամբ, մեկ գաղափարով միահամուռ կամեցողությամբ և միասնական էությամբ:
Արարչագործության հետ կապված մի այլ խնդիրը կապված է տճ տհհօ (ոչնչից) գաղափարի հետ:
Առաջին հայացքից թվում է, թե Օննդոց գրքում նկարագրված արարչագործության պատմությունը ժամանակակից պատկերացումներին չի համապատասխանում: Սակայն Աստվածաշունչը բնագիտական առարկանների վերաբերյալ դասագիրք չէ: Սուրբ Գրքում չկան նկարագրությւններ այն մասին, թե աշխարհի արարումը ֆիզիկական, գիտական տեսանկյունից ինչպես է տեղի ունեցել, քանի որ աստվածաշունչը մեզ ուսուցանում է ոչ թե բնագիտական, այլ կրոնական ճշմարտություններ: Եվ այդ ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված ոչնչից արարել է աշխարհը: Մարդկային գիտակցության համար նման բան պատկերացնելը դժվար է, նույնիսկ անհավանական, քանի որ աշխարհի արարումը ոչնչից մեր մտքի և փորձառութան սահմաններից դուրս է: Մարդիկ սեփական ստեղծագործական փորձից ելնելով են փորձում բացատրել տիեզերքի արարումը:
Հարկ է նշել նաև որ քրիստոնեությունը տարածվեց Արևելյան Միջագետքում, որտեղ առկա էին հունական փիլիսոփայության զանազան ուղղություններ, այդ պատճառով առաջ եկավ աշխարհի ծագման վերաբերյալ մի գաղափար, որը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. չպետք է մտածել Աստծո մասին՝ իբրև արարչի, այլ ավելի ճիշտ է մտածել Աստծո մասին՝ իբրև ճարտարապետի, ով կարգավորեց նախագո նյութը, և քանի որ նյութը արդեն կար, ապա կարիք չկար այն արարելու, այն կարիք ուներ հստակ ձև ու տեսք ստանալու: Այդ պատճառով կարծում էին, որ Աստված աշխարհը ձևավորել է արդեն գոյություն ունեցեղ նյութից: Դրա հետ կապված Արշակ Տեր-Միքելյանն ասում է, որ նախքան ստեղծումը մեր տեսանելի աշխարհից ոչինչ չի եղել, այլ միմիայն Աստված է եղել և նա աներևույթից է ստեղծել աշխարհն ու ստեղծել է «Բանիւ»: «Բան չկար, որ ժամանակակից լիներ Աստծուն, և մի նիւթ իսկ չկար, որ վերցնէր և դրանից արարածներ ստեղծէր, այլ ինքն է բովանդակ բնութեան Արարիչը, և ստեղծիչն է ոչ միայն կերպարաքների, և ոչ էլ էակների էութիւնների միախառնիչն է, այլ՝ գոյանալիք գոյերի գոյաւորողը»: Այստեղ կարող ենք մեջ բերել մի այլ հատված ևս. «Չենք կարող ասել, որ այս մեծ արարւած մարմինը ոչնչից է, և ոչ այն, որ նա ինքնաբույս գոյացութիւն է, և վարանոտ տարակույսի մեջ չենք ընկնում, թէ որտեղից եղաւ Աստծու բնական կամքը իմանալ և ստեղծել, այլ միշտ Աստուած է, և արարող զօրութիւնը միշտ Իր հետ է: Եւ երբ կամեցաւ՝ կամեցաւ, մտածւող բաները գոյութեան կոչեց, որովհետև իմանալի

բաների արարիչը բնական իմացութիւն է: Աշխարհն նախքան լինելն արդէն կար Աստծու նախագաղափար տեսութեան մէջ»: «Ոչնչից» բառն առաջին հերթին նշանակում է, որ Աստված տիեզերքն ստեղծեց Իր ազատ կամքի դրսևորումով, այսինքն՝ ոչինչ Նրան չստիպեց ստեղծել, այլ Նա Ինքը որոծեց այդ անել: «Նորա արարչության պատճառն այն է, որ նա սեր է, ուստիև չի կարող յուր մտքերով յուր մեջ ամփոփվել, ապա թե ոչ՝ Նա սեր չի լինիլ»: Տիեզերքի ստեղծագործությունն ինքնաբերական հեղում կամ արտաբխում չէ Աստծուց, այլ աստվածային ընտրության հետևանք է: Արարչագործությունը ոչ այքան Նրա ազատ կամքի, որքան Նրա ազատ սիրո դրսևորումն է:
Եվ չնայած դրան, որ առաքյալն ասում է, թե Աստված ստեղծեց աշխարհն «ի գովեստ իր փառքի» (Եփ. Ա 12, 14), պետք է իմանանք, որ Աստված անսահման կյանք է, և աշխարհը չի կարող կենդանությունից և կենդանական առաջադիմությունից զուրկ մի մեռյալ գոյություն լինել: 



Դանիել Խանանյան

воскресенье, 15 мая 2011 г.

Քարոզխոսություն


Ինչու՞ գնալ եկեղեցի, եթե Աստված իմ հոգու մեջ է




Մեզանից յուրաքանչյուրը ունի բարեկամներ կամ ծանոթներ, որոնք զարմանքով են նայում մեզ, երբ մենք գնում ենք եկեղեցի: Իրենց դեմքերի վրա կարող ենք տեսնել անհասկանալիության, իսկ երբեմն էլ բողոքի արտահայտություն: Ոմանք հաճախ արտահայտում են իրենց զարմանքը՝ ասելով. «Ինչի՞ համար այդքան ժամանակ կորցնել եկեղեցի գնալու համար, ես էլ եմ հավատում, բայց իմ հոգու մեջ, և ինձ պետք չեն արտաքին արարողությունները»:
Ինչպե՞ս բացատրենք նրանց մեր վարքը: Ինչպես միշտ կան երկու ճանապարհներ՝ հարձակում և պաշտպանություն: Նախ և առաջ պետք չէ լուրջ վերաբերենք այն մարդկանց, որոնք չգնալով եկեղեցի՝ պնդում են, որ Աստված իրենց հոգու մեջ է: Այո, իհարկե նման վիճակը հոգևոր կյանքի կատարելությունն է:Դա մեզ համար մաղթում էր Պողոս առաքյալը ասելով . «Որդյակներս, դուք որոնց համար վերստին երկունքի մեջ եմ, մինչև որ Քրիստոս կերպարանվի ձեր մեջ» (Գաղ. 4:19), «որպեսզի դուք...իր հոգու միջոցով զորությամբ ամրանաք ներքնապես. այնպես որ, ձեր հավատի միջոցով, Քրիստոս բնակվի ձեր սրտերում» (Եփես. 3:16­17):
Եթե «Աստված իմ հոգու մեջ է» բառերը ասեր, ենթադրենք, Անտոն Անապատականը, ապա այդ խոսքերը վկայված կլինեին իր կյանքով: Եվ եթե Անապատականը ասեր, որ նա սովոր է ներքին աղոթքի, առավել ևս, որ եկեղեցին հեռու է իրենից գտնվում, և նա չի կարողանում հաճախ այցելել այնտեղ, ապա դա արդարացված կլիներ:
Սակայն երբ նման արտահայտությունը լսում ենք աշխարհիկ մարդուց, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հաճախականությամբ է նա աղոթում, կամ ի՞նչ արդյունք է տվել դա: Բայց վստահ եմ, որ որևէ լուրջ պատասխան չի հնչելու: Հավատը նախ և առաջ գործողություն է:
Հավատը ձգտում է դեպի նոր փորձառություն: Չի կարելի սիրել և չարտահայտել սերը ինչ-որ ձևով: Նույնպես չի կարելի հավատալ՝ չարտահայտելով այն արտաքին գործողություններով: Վարդը, որը դուք նվիրում եք սիրած անձին թանկ է իր համար ոչ թե իր գեղեցկության պատճառով, այլ նրանով, որ այն սեր է արտահայտում: Եթե մեկը ասում է, որ նա սիրում է բայց ոչինչ չի անում հանուն իր սիրո նշանակում է, որ նա ուղղակի պարծենում է իր շրջապատում ցույց տալով, որ նա էլ սիրելի էակ ունի:
Այսպիսով հարց եմ ուղղում նրանց ովքեր ասում են «Ես հավատում եմ Աստծուն իմ հոգու մեջ»- ի՞նչ եք արել դուք ձեր հավատը պաշտպանելու համար, կամ ինչպես եք այն արտահայտել:
Հավերժ կանգնածներդ մի արհամարեք նրանց ովքեր քայլում են, թեկուզ նրանք երբեմն կարող են սայթաքել:
Բայց կարևոր է , որ մենք ինքներս էլ գիտակցենք, թե ինչի համար պետք է գնալ Եկեղեցի: Քարոզ լսելու՞ համար, աղոթելու՞ համար: Աղոթել կարող ենք ամենուր և ամեն ժամ: Ավելին հենց այդպիսին է առաքյալի խորհուրդը. «անդադար աղոթեցեք» (Ա. Թեսաղոնիկ. 5:17):
Մոմ, վառելու՞ համար: Մոմ կարելի է վառել նաև տանը: Արդ ինչի՞ համար ենք գնում Եկեղեցի:
Պատասխանը հետևյալն է. գնալով Եկեղեցի մենք հնարավորություն ենք ունենում Սուրբ Հաղորդությունը ստանալու: Մենք Վերջին ԸՆթրիքին մասնակից ենք դառնում: Մենք Եկեղեցի ենք գնում, որովհետև Աստված կանչում է մեզ ասելով. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11:28): Աստված փնտրում է մեզ և մեզ մնում է ուղղակի գնալ և կանգնել Եկեղեցում, որպեսզի Նա գտնի մեզ:

Դանիել Խանանյան

воскресенье, 8 мая 2011 г.

Առակ


ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ

Վարդան Այգեկցի




Մի թագավոր տեսիլք տեսավ, թե իբրև անձրևի տեսքով աղվես էր իջնում: Եվ հրամայեց (մի) ճառ կարդալ.
-Եթե մեկը իմ այս տեսիլքը մեկնի, հազար դահեկան կտամ նրան,- և մի աղքատ մարդ, լսելով գնաց ու ասաց.
-Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կհայտնեմ:
Եվ գնալով շրջում էր անապատում ու մտածում: Եվ մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.
-Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի տեսիլքը քեզ հայտնեմ:
Եվ նա ասաց.
Ինչ-որ թագավորը խոստացավ, կեսը քեզ կլինի:
Եվ ասաց.
-Գնա' և ասա՛, թե այսուհետ ժամանակն է, որ նենգ մարդիկ լինեն և խաբեբաներ, և գնալով ասաց. և ասվածը հաճելի թվաց, որովհետև այդպիսին իսկ էին մարդիկ, և (թագավորը) տվեց հազար խոստացված դահեկանը, իսկ այրը խաբեց վիշապին և կրկին ետ չդարձավ: Եվ հետո կրկին այլ տեսիլք տեսավ (թագավորը), թե իբրև անձրևի պես ոչխար էր իջնում, և հրամայեց կանչել այն մարդուն, որպեսզի առաջինի նման մեկնի: Եվ նա ներում խնդրելով ամաչում էր իբրև ապերախտ, և (իր) անձը պարտավորեցնելով գնաց վիշապի մոտ, ասաց.
Մեղա քեզ, հայտի՛ր երկրորդը,- և մեկնեց նրան՝ չհիշելով հանցանքը: Եվ ասաց.
-Գնա' և ասա՛, որ կգա ժամանակ և եկել է, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ կլինեն,- և գալով պատմեց: Եվ այն ևս հավանելով (թագավորը)՝ նրան տվեց ևս հազար դահեկան, և մարդը վերցնելով տարավ վիշապին առաջինի և վերջինի փոխարեն հազար դահեկան:
Դրանից հետո կրկին տեսիլք տեսավ (թագավորը), և ահա անձրևի տեսքով իբրև սուսեր էր իջնում: Եվ հրամայեց կրկին այն մարդուն կանչել, որ այն ևս մեկնի, և մարդը կրկին ժամանակ խնդրեց ու գնաց վիշպի մոտ, և նա այն ժամանակ մեկնեց իբրև բարեկամ:
Գնա' և ասա՛, թե ժամանակն է, որ բռնավորներ և սուսերավոր մարդիկ բարձրանան: Եվ այս սովորելով՝ մարդը ասաց. « Ինչու՞ այժմ թողնեմ վիշապին վեց հազար դահեկան կամ հինգ հարյուր էլ նորից բերեմ. խփեմ վիշապին և սատկեցնեմ»,- և ջանաց սպանել վիշապին, սակայն չհաջողվեց նրան, որովհետև նրանից խույս տվեց: Եվ մարդը, զղջալով, խորհում էր, թե « Չարիք գործեցի, որ եթե հարկ լինի, ինչպե՞ս գնամ սրա մոտ»: Եվ վիշապը, մարդուն տեսնելով զղջացած, նրան ասաց.
Այր դու, մի' տրտմիր, որովհետև քեզանից ոչինչ չարեցիր, որովհետև քո առաջին ստելը կեղծավորների ժամանակն է, իսկ հազար դահեկան տալը՝ միամիտների ժամանակը, իսկ սպանել կամենալը՝ բռնավորների ժամանակը:
Ոչ այլ ինչ է առակս ցույց տալիս, եթե ոչ ժամանակին իմանալ մարդկանց ու զգուշանալ անձանցից, որովհետև ժամանակը մարդկանց տարբեր է ծնում՝ երբեմն նենգավորներ, երբեմն պարզամիտներ, երբեմն բռնակալներ և երբեմն նման այսպիսի այլ բազումների:

Դանիել Խանանյան

воскресенье, 1 мая 2011 г.

Քարոզխոսություն


Ես Եմ դուռն, ընդ Իս եթէ ոք մտանիցէ, կեցցէ …



Ավետարանական այս խոսքերը մեր մտքի ընթացքն ուղղում են դեպի համայն մարդկության Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Մարդը կարիք ուներ վերագտնելու իր աստվածաստեղծ և աստվածանման բնությունը: Աստվածայինը պետք է դառնար մարդկայինի տիպարն ու ուղեցույցը: Քրիստոսի անձը դարձավ ճշմարտության մարմնացումը և իրականությունը մեր կյանքում: Մեր Տեր Հիսուս Քրիստոս երեք ու կես տարի մարդկանց ուսուցանում էր Աստծո Արքայության գաղտնիքները, մերկացնում էր դպիրների և փարիսեցիների երեսպաշտությունը, բազում հրաշքներ էր գործում և նշաններ ցույց տալիս` իր հետևորդների հավատը ամրապնդելու համար:
Հիսուս երկրի վրա ստեղծեց Աստծո Արքայությունը, որի մեջ կան մարդիկ, որոնց միացնում է հավատքը Նրա նկատմամբ և սերը մերձավորի հանդեպ: Այս Թագավորությունը Հիսուսը նմանեցնում է ոչխարների փարախի, և քանի որ փարախ մտնելու համար պետք է դռնով անցնել, ապա Աստծո Արքայությունը կարելի է մտնել միայն Նրան հավատալով, այդ իսկ պատճառով Նա Ինքն Իրեն Դուռ է անվանում, որի միջոցով մենք մտնելու ենք Նրա Թագավորությունը: Պետրոս առաքյալը, Սուրբ Հոգով լցված լինելով, Գործք Առաքելոցում ասում է. «Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» (Գործք Առաքելոց 4:12): Չկա ուրիշ դուռ և ոչ մեկ չի կարող փրկվել առանց Քրիստոսի:
Նա ոչ միայն ցույց է տալիս այն Ճանապարհը, որը տանում է դեպի փրկություն, այլ հենց Ինքն է ճանապարհը: Նա Է Դուռը, որովհետև Նրանով ենք երկինք մտնում: Նրա զոհաբերումով, մահով է, որ մեր մեղքերը ներվել են, և մենք Աստծո մոտ արդար ենք համարվում: Հիսուսի արդարությունը, որը հավատի միջոցով ենք ստանում, երկնքի մեր «անցագիրն» է:
Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու՞ են քրիստոնյաները շարունակ Քրիստոսին քարոզում... Ինչու՞ քրիստոնյաները հանգիստ չեն տալիս մարդկանց, որպեսզի նրանք ընտրեն իրենց հավատալիքը: Պատասխանը հետևյալն է. միայն Քրիստոսին հավատալով մարդ կարող է փրկվել: Այս պատճառով էլ քրիստոնյաներին պատվիրված է մյուսներին հաղորդել փրկության Բարի Լուրը:
Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի մարդը կատարյալ կյանք մտնի: Հիսուս Քրիստոսի անձի մեջ վերստեղծված է մարդու նախաստեղծ բնությունը: Նա է Նոր Ադամը, որ հասավ գոյության նպատակին և մարդկային բնությունը այն բարձունքին, որտեղ այլևս տարբերություն չկա աստվածայինի և մարդկայինի միջև: Հիսուս Քրիստոսի անձի մեջ մարդկայինը միացավ աստվածայինի հետ:
Աշխարհում գործում էր նախնական մեղքը, և մարդիկ մեղապարտ էին այդ մեղքի համար: Տերը մարդու բնության  վերստեղծման մեծագույն սխրանքը կատարեց հենց այդ պայմաններում: Եվ ամբողջ աշխարհը յուրաքանչյուր մարդու այդ մեղապարրտությունից ազատվելու համար Նա եղավ անապական և Ինքն Իրեն որպես քավության զոհ մատուցեց: Սակայն մեղքից ազատվելու հետ մեկտեղ Տերը մարդանց ցույց տվեց փրկությանը հասնելու ուղին: Նրա ողջ կյանքը, նկարագրված Ավետարանում, ակնբախ կերպով ցույց է տալիս, թե ո´րն է այդ Դուռը: Մարդիկ պետք է անձնական և ընկերային փոխհարաբերություններում ընդօրինակեն Փրկչին:
Ողջ Ավետարանը ներթափանցված է Աստծո Արքայության մասին խոսքերով: Որտե՞ղ է այդ Արքայությունը: «Աստծո Արքայությունը ներսում` ձեր մեջ է»,-պատասխանում է Տերը:
Աստծո Արքայությունն ստեղծվում և տարածվում է ոչ առանց ջանքերի. այն ձեռք է բերվում  անդադար ինքնաշխատությամբ: Աստծո Արքայությունն ստեղծվում է մարդկանց եղբայրական հարաբերությունների հիման վրա: Այդ Արքայության Դուռը բոլորի առջև բաց է և Արքայությունն սկսվում է այստեղ` երկրի վրա:
Քրիստոնեական սերը մարդկանց կոչ է անում սիրել միմյանց և սիրո հիման վրա կառուցել եղբայրական հարաբերություններ, որպեսզի մենք բոլորս հաղորդակցության մեջ լինենք մեկ Հայր Աստծո հետ, ում որդեգրված ենք Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով մեզ տվեց Սուրբ Հոգու հողորդությունը: Հենց Աստծո Հոգու զորությամբ էլ մենք կարող ենք հասնել գոյության նպատակին և մասնակցել Աստծո Արքայության ստեղծմանը, և Արքայություն մտնել արդեն իսկ այստեղ` երկրի վրա, որպեսզի այն լիակատար չափով ձեռք բերենք հավիտենության մեջ:
Ի վերջո, քրիստոնեության հիմնական և վերջնական նպատակը մարդու հոգու փրկությունն է, իսկ այդ փրկությունն առնչվում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվան հետ, քանզի Նա եղավ այն անձը, Ով Իր ուսերի վրա վրեցրեց համայն մարդկության մեղքերը սեփական արյամբ խաչի վրա քավելու, մարդկությանը փրկելու հանձնառությունը...


Դանիել Խանանյան