Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 19 июня 2011 г.

Ադրբեջանական հանրապետություն...


ՉԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ /Մաս 2/

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ինչպես արդեն գրել է «Ազգ»-ը, 1994թ. արտգործնախարար Հասան Հասանովի խմբագրությամբ Բաքվում լույս է տեսել Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւի «Դիվանագիտական գրառումներ» գիրքը: Մեզ հայտնի չէ, թե Հասանովի խմբագրական միջամտությունը որքանով է ազդել Թոփչիբաշեւի գրառումների վրա. բացառված չէ, որ բնագիրն ունի այլ նրբերանգներ եւս, սակայն նույնիսկ այն տեսքով, որ ներկայացված են, «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության առաջին դիվանագետի» նամակներն ու մի շարք հանդիպումների սղագրությունները ժամանակակից ուսումնասիրողին կարող են զգալի նյութ տրամադրել: Մասնավորապես խիստ ուշագրավ է 1918թ. դեկտեմբերի 16-ի թվակիր նամակը, որ Թոփչիբաշեւը հղել է իր «կառավարության վարչապետ» Ֆաթալի-խան Խոյսկիին: Թոփչիբաշեւը գրում է.

«Ոչ մի պատասխան ստացած չլինելով տարբեր ժամանակներում Բաթումից եւ Կոստանդնուպոլսից Ադրբեջանի նախարարների խորհրդի նախկին նախագահ Ֆաթալի-խան Խոյսկիին գրած իմ նամակներին, կատարելապես անտեղյակ լինելով Ադրբեջանում, որին ես ներկայացնելու պատիվ ունեմ Թուրքիայի մայրաքաղաքում, տիրող գործերի վիճակին, ստիպված էի ինձ մոտ քարտուղար հանդիսացող Մուստաֆա-բեկ Վեքիլովին ուղարկել Ելիզավետպոլ (Գյանջա) կամ Բաքու, քանի որ չգիտեմ, թե որտեղ է այժմ գտնվում Ադրբեջանական հանրապետության կառավարությունը»:

Ուշադրություն դարձրեք. նամակը գրված է 1918 թ. դեկտեմբերի 16-ին, այսինքն` Ադրբեջանի հռչակումից յոթ ամիս անց, բայց «առաջին դիվանագետը, որ պատիվ ունի այդ երկիրը ներկայացնել» Կոստանդնուպոլսում, հստակ չգիտի, թե որտե՞ղ է գտնվում «կառավարությունը»` Գանձակո՞ւմ, թե՞ Բաքվում, ո՞վ է «նախարարների խորհրդի նախագահը»: Նամակը նա հղել է Ֆաթալի-խան Խոյսկիին, բայց վերջինիս անվանում է «նախարարների խորհրդի նախկին նախագահ», ինչից հստակ եզրակացվում է, որ «դեսպանը կառավարության հետ» որեւէ կապ չի ունեցել: Իսկ դա իր հերթին վկայում է, որ «կառավարություն» որպես այդպիսին չի գործել, քանի որ անտրամաբանական է, որ որեւէ լուրջ կառավարություն որեւէ երկիր դեսպան ուղարկի եւ մոռանա նրա գոյությունը:

Այո, միայն այդ դեպքում է, որ Թոփչիբաշեւը կարող էր դժգոհել. «Քանի որ նախորդ նամակներում ես մանրամասնորեն գրել եմ այստեղի գործերի վիճակի եւ մեր հանդեպ թուրքական կառավարության վերաբերմունքի մասին, ինչպես եւ մի շարք խնդրանքներ եւ առաջարկություններ եմ արել, որոնք առ այսօր մնում են անպատասխան եւ անկատար (ընդգծումը մերն է- Վ.Ա.), ապա սույն նամակում ես ստիպված եմ ձեռնպահ մնալ շատ մանրամասնություններից եւ սահմանափակվել ավելի առաջնահերթ եւ կարեւորագույն հարցի տեղեկությամբ, որը վերաբերում է ժողովուրդների առաջիկա խաղաղության կոնգրեսին Ադրբեջանի մասնակցությանը` նպատակ ունենալով հասնել մեր ինքնուրույնության ճանաչմանը եւ գլխավորը` Ռուսաստանից անկախությանը»:

Կանգ առնենք. Թոփչիբաշեւը չի օգտագործում «անկախություն» բառը, երբ խոսում է «ժողովուրդների առաջիկա կոնգրեսին Ադրբեջանի մասնակցության» մասին: Հասանովի խմբագրությամբ գիրքը լույս է տեսել ռուսերեն: Տվյալ դեպքում ռուսերենն ունի բնագրի արժեք: Թոփչիբաշեւը գրում է. «добиться признания нашей самостоятельности»: Քիչ հետո նա, իհարկե, օգտագործում է «անկախություն» բառը, բայց տվյալ կոնտեքստում այն ավելի շատ «անջատում» է նշանակում, քան` ինքնիշխանություն` и главное-независимости от России:

Այսպիսով, «դեսպանի» նպատակն է «կառավարությանը» համոզել, որ վերջինս չպնդի Ադրբեջանի կատարյալ անկախության ճանաչումը, այլ նպատակ ունենա խաղաղության կոնգրեսում հասնել «ինքնուրույնության եւ, գլխավորը, Ռուսաստանից անջատված լինելու ճանաչմանը»: Ընդ որում, նա վստահ չէ, որ իր «կառավարությունը» դրան կարող է հասնել միայնակ: Նա պարզաբանում է. «Միակ հնարավոր ճանապարհը, որ ինձ թվում է իրականության ներկա ստեղծված պայմաններում, դա ադրբեջանցիների, վրացիների եւ հայերի համատեղ քայլերն են»: STOP. սա արդեն թուրքական դիվանագիտությունն է խոսում` Թոփչիբաշեւի բերանով:

Այդպես մտածել եւ առաջարկել ստիպում են «իրականության ստեղծված պայմանները»: Այսինքն` Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կրած պարտությունը եւ միջազգային հարաբերություններում Օսմանյան կառավարության կատարյալ մեկուսացվածությունը: Թոփչիբաշեւը վստահ չէ` իր նամակը հասցեատիրոջը կհասնի՞, թե՞ ոչ, դրա համար էլ «մանրամասնություններից ձեռնպահ է մնում» եւ ուղղակի հասկացնում, որ Թուրքիան անզոր է ճանաչելու Ադրբեջանի «ինքնուրույնությունը» եւ չի կարող այլ երկրների հետ հարաբերություններում էլ ինչ-որ բան անել: Այս իրավիճակում մնում է մի ճանապարհ` խաղաղության կոնգրեսին ներկայանալ վրացիների եւ հայերի հետ միասին: Թոփչիբաշեւը, սակայն, նույնիսկ այդ իրոք ծանր, իր համար թերեւս անելանելի վիճակում հավատարիմ է մնում ազգայնականությանը.

«Որքան էլ որ այդ ազգությունների (ադրբեջանցիների, վրացիների եւ հայերի-Վ. Ա.) ազգային-քաղաքական իդեալները տարբեր լինեն, այսօր նրանց բոլորի անկախությունը անառարկելիորեն կապված է ընդհանուր աշխատանքի եւ խաղաղության կոնգրես ընդհանուր մուտք գործելու հետ, որը, ինչպես հարկ է լինում այստեղ համոզվել, միայն այդ տեսքով կցանկանա լսել մեզ եւ կթեքվի նախկին ռուսական պետությունից մեր անջատումը եւ, հետեւաբար, մեր ինքնուրույնությունը ճանաչելուն»:

Այնուհետեւ արդեն ստիպված բացատրում է. «Ում հետ էլ որ առիթ է ստեղծվում հանդիպելու` թուրքական մինիստրներ, սկսած Սադր Ազամից (վարչապետից-Վ.Ա.), օտարերկրացիներ, հրապարակախոսներ, մեր հանդեպ տրամադրված բոլոր մարդիկ, որոնց թվում հարկ է ընդգծել նախկին ծովային մինիստր եւ Թուրքիայի հետ զինադադարի կնքման ժամանակ թուրքական պատվիրակության ղեկավար Ռաուֆ բեյին, բոլորը այդ առթիվ համակարծիք են` գտնելով, որ կովկասյան ժողովուրդների եւ Հյուսիսային Կովկասի համադաշնության կազմավորումը մեր ինքնուրույնությանը հասնելու միակ ճիշտ ճանապարհն է: Եվ, ըստ իս, դա առայժմ միակ հնարավոր ելքն է»: Այսինքն, դա ոչ թե առհասարակ է նպատակ, այլ ընդամենը` որպես «իրավիճակից միակ ելք»:

Իսկ ո՞րն է իրավիճակը: Շատ պարզ մի բան. ոչ մի երկիր Ադրբեջան անվանված «պետությունը» ճանաչելու մտադրություն չունի: Բայց առկա է Վրաստանի եւ Հայաստանի անկախությունը խաղաղության կոնգրեսում ճանաչելու իրական հնարավորություն: Եվ Թոփչիբաշեւի «դիվանագիտական տաղանդը փայլատակում է»: Իր անհասցե եւ անգլուխ «կառավարությանը» նա հորդորում է. «Անհրաժեշտ նյութերի հավաքումն ու ադրբեջանական պատվիրակության կազմավորումն, ըստ իս, պետք է ավարտվի մեկ ընդհանուր` ադրբեջանցիներից, վրացիներից եւ հայերից կազմված պատվիրակության կազմավորումով, եւ դրան հարկ է ձեռնամուխ լինել այժմ իսկ»:

Դիտարժան է, որ «Կովկասյան համադաշնություն ստեղծելու» գաղափարը Թոփչիբաշեւը քննարկել է նաեւ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանի հետ 1919 թ. հունվարի 16-ին: Ըստ սղագրության, «Բերա-պալաս» հյուրանոցում Թոփչիբաշեւն ընդունել է Ահարոնյանին, որը Կոստանդնուպոլիս էր հասել` մեկնելու Փարիզ: Հարցին, թե ի՞նչ է մտածում Ահարոնյանը «Կովկասյան համադաշնության» մասին, վերջինս պատասխանել է. «Ներկայումս դա շատ դժվար կլինի»: Սա, ըստ էության, մերժում էր:

Комментариев нет:

Отправить комментарий