… Ես Եմ դուռն, ընդ Իս եթէ ոք մտանիցէ, կեցցէ …
Ավետարանական այս խոսքերը մեր մտքի ընթացքն ուղղում են դեպի համայն մարդկության Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Մարդը կարիք ուներ վերագտնելու իր աստվածաստեղծ և աստվածանման բնությունը: Աստվածայինը պետք է դառնար մարդկայինի տիպարն ու ուղեցույցը: Քրիստոսի անձը դարձավ ճշմարտության մարմնացումը և իրականությունը մեր կյանքում: Մեր Տեր Հիսուս Քրիստոս երեք ու կես տարի մարդկանց ուսուցանում էր Աստծո Արքայության գաղտնիքները, մերկացնում էր դպիրների և փարիսեցիների երեսպաշտությունը, բազում հրաշքներ էր գործում և նշաններ ցույց տալիս` իր հետևորդների հավատը ամրապնդելու համար:
Հիսուս երկրի վրա ստեղծեց Աստծո Արքայությունը, որի մեջ կան մարդիկ, որոնց միացնում է հավատքը Նրա նկատմամբ և սերը մերձավորի հանդեպ: Այս Թագավորությունը Հիսուսը նմանեցնում է ոչխարների փարախի, և քանի որ փարախ մտնելու համար պետք է դռնով անցնել, ապա Աստծո Արքայությունը կարելի է մտնել միայն Նրան հավատալով, այդ իսկ պատճառով Նա Ինքն Իրեն Դուռ է անվանում, որի միջոցով մենք մտնելու ենք Նրա Թագավորությունը: Պետրոս առաքյալը, Սուրբ Հոգով լցված լինելով, Գործք Առաքելոցում ասում է. «Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» (Գործք Առաքելոց 4:12): Չկա ուրիշ դուռ և ոչ մեկ չի կարող փրկվել առանց Քրիստոսի:
Նա ոչ միայն ցույց է տալիս այն Ճանապարհը, որը տանում է դեպի փրկություն, այլ հենց Ինքն է ճանապարհը: Նա Է Դուռը, որովհետև Նրանով ենք երկինք մտնում: Նրա զոհաբերումով, մահով է, որ մեր մեղքերը ներվել են, և մենք Աստծո մոտ արդար ենք համարվում: Հիսուսի արդարությունը, որը հավատի միջոցով ենք ստանում, երկնքի մեր «անցագիրն» է:
Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու՞ են քրիստոնյաները շարունակ Քրիստոսին քարոզում... Ինչու՞ քրիստոնյաները հանգիստ չեն տալիս մարդկանց, որպեսզի նրանք ընտրեն իրենց հավատալիքը: Պատասխանը հետևյալն է. միայն Քրիստոսին հավատալով մարդ կարող է փրկվել: Այս պատճառով էլ քրիստոնյաներին պատվիրված է մյուսներին հաղորդել փրկության Բարի Լուրը:
Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի մարդը կատարյալ կյանք մտնի: Հիսուս Քրիստոսի անձի մեջ վերստեղծված է մարդու նախաստեղծ բնությունը: Նա է Նոր Ադամը, որ հասավ գոյության նպատակին և մարդկային բնությունը այն բարձունքին, որտեղ այլևս տարբերություն չկա աստվածայինի և մարդկայինի միջև: Հիսուս Քրիստոսի անձի մեջ մարդկայինը միացավ աստվածայինի հետ:
Աշխարհում գործում էր նախնական մեղքը, և մարդիկ մեղապարտ էին այդ մեղքի համար: Տերը մարդու բնության վերստեղծման մեծագույն սխրանքը կատարեց հենց այդ պայմաններում: Եվ ամբողջ աշխարհը յուրաքանչյուր մարդու այդ մեղապարրտությունից ազատվելու համար Նա եղավ անապական և Ինքն Իրեն որպես քավության զոհ մատուցեց: Սակայն մեղքից ազատվելու հետ մեկտեղ Տերը մարդանց ցույց տվեց փրկությանը հասնելու ուղին: Նրա ողջ կյանքը, նկարագրված Ավետարանում, ակնբախ կերպով ցույց է տալիս, թե ո´րն է այդ Դուռը: Մարդիկ պետք է անձնական և ընկերային փոխհարաբերություններում ընդօրինակեն Փրկչին:
Ողջ Ավետարանը ներթափանցված է Աստծո Արքայության մասին խոսքերով: Որտե՞ղ է այդ Արքայությունը: «Աստծո Արքայությունը ներսում` ձեր մեջ է»,-պատասխանում է Տերը:
Աստծո Արքայությունն ստեղծվում և տարածվում է ոչ առանց ջանքերի. այն ձեռք է բերվում անդադար ինքնաշխատությամբ: Աստծո Արքայությունն ստեղծվում է մարդկանց եղբայրական հարաբերությունների հիման վրա: Այդ Արքայության Դուռը բոլորի առջև բաց է և Արքայությունն սկսվում է այստեղ` երկրի վրա:
Քրիստոնեական սերը մարդկանց կոչ է անում սիրել միմյանց և սիրո հիման վրա կառուցել եղբայրական հարաբերություններ, որպեսզի մենք բոլորս հաղորդակցության մեջ լինենք մեկ Հայր Աստծո հետ, ում որդեգրված ենք Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով մեզ տվեց Սուրբ Հոգու հողորդությունը: Հենց Աստծո Հոգու զորությամբ էլ մենք կարող ենք հասնել գոյության նպատակին և մասնակցել Աստծո Արքայության ստեղծմանը, և Արքայություն մտնել արդեն իսկ այստեղ` երկրի վրա, որպեսզի այն լիակատար չափով ձեռք բերենք հավիտենության մեջ:
Ի վերջո, քրիստոնեության հիմնական և վերջնական նպատակը մարդու հոգու փրկությունն է, իսկ այդ փրկությունն առնչվում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվան հետ, քանզի Նա եղավ այն անձը, Ով Իր ուսերի վրա վրեցրեց համայն մարդկության մեղքերը սեփական արյամբ խաչի վրա քավելու, մարդկությանը փրկելու հանձնառությունը...
Դանիել Խանանյան
Դանիել Խանանյան
Комментариев нет:
Отправить комментарий