19-րդ դարի առաջին տասնամյակներից ռուս-թուրքական պետական հարաբերություններում, հետագայում` Օսմանյան կայսրության, եվրոպական պետությունների դիվանագիտական ակտերում սկզբում հիշատակվում է հայկական տարածքներ, իսկ հետո` հայեր: Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր, այլ` մեծ տերությունների ռազմական ու դիվանագիտական բախումների օբյեկտ:
1829թ. Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը վերաբերում էր նաև Հայաստանին: Այդ փաստաթղթի 4-րդ հոդվածով Թուրքիան ճանաչում էր նաև Ախալցիխան և Աղալքալաքը:
Ռուս-Թուրքական պատերազմի ժամանակ հայերը, ինչպես նշում է ռուս պատմաբան Սերգեյ Գլինկան, թռչում էին ռուսական գնդերը և մատուցում ամենահնարավոր ծառայությունները: Արդեն այդ ժամանակ թուրքահայաստանի հայ ազգաբնակչությունը բանակցությունների մեջ էր մտել Անդրկովկասի ռուսական հրամանատարության հետ:
Ադրիանապոլսի պայմանագրում միաժամանակ արտահայտվեց ռուսական զենքի հաջողության և եվրոպական դիվանագիտության բացասական դերի իրարամերժ բնույթը: Եվրոպական տերությունների և, առաջին հերթին, Անգլիայի ճնշման ներքո Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Բայազետը, Էրզրումը: Սա հայերին վերաբերող եվրոպական դիվանագիտության խաղացած առաջին բացասական գործողություններից մեկն էր, որն այնուհետև պետք է կրկնվեր տասնամյակներ շարունակ` նորանոր աղետներ բերելով հայ ժողովրդի գլխին:
Արևելյան հարցի 2-րդ փուլում, որն ընդգրկում է Ղրիմի պատերազմից մինչև 19-րդ դարի վերջը, հայկական հարցը դարձավ եվրոպական դիվանագիտության քննարկման առարկան` դառնալով Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:
Մինչև 19-րդ դարի 70-ական թվականները Օսմանյան կայսրության ներսում բարենորոգումների նպատակով ձեռնարկված բոլոր միջոցառումներն ավարտվեցին անհաջողությամբ, որից հիասթափված ոչ մահմեդական բնակչությունը մղվում էր դեպի Թուրքիայից ազատվելու ուղին, որն ընթանում էր ապստամբությունների, արյան ու կոտորածների բովի միջով:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Комментариев нет:
Отправить комментарий