Սկիզբը նախորդ համարներում...
Գնահատելով Ալի փաշայի և Ֆուադ փաշայի լայնորեն պրոպագանդվող «միաձուլումը»՝ գալիս ենք եզրակացության, որ այն ոչ այլ ինչ էր, եթե ոչ քրիստոնյա ժողովուրդների «խաղաղ» ապազգայնացման և ուծացման փորձ և դրանով իսկ Օսմանյան կայսրությունում ազգային հարցի լուծում: Այսպիսին էր «ամենալիբերալ» թուրք գործիչների քաղաքական գաղափարների հիսունամյա զարգացման արդյունքը: Լինելով արտաքուստ արևմտամետ և առաջադեմ՝ նրանք իրականում մարմնավորում էին թուրքական հետադիմության թեթևակի արդիականացված տարբերակը: Պատահական չէր այն գնահատականը, որը տվել էր Իգնատևը Ալի փաշային «չնայած եվրոպական արտաքին գործելաձևի հոգով նա իսկական թուրք էր և դեմ էր Եվրոպային»:
Թանզիմաթի շրջանի թուրք կառավարիչներից Ֆուադին լրջորեն մտահոգում էր կայսրությունում քրիստոնյա ազգերի թվաքա- նակի մեծացման փաստը, քանի որ նա մտավախություն ուներ, որ քրիստոնյաները կարող էին «կլանել» մահմեդականներին : Համաձայն լավատեղյակ անգլիացի Վ. Դենթոնի, որն ուսումնասիրել էր Օսմանյան կայսրությունում տեղակայված բրիտանական հյուպատոսների հաղորդագրությունները, դրան խանգարելու նպատակով Բարձր դուռը կազմակերպում էր քրիստոնյաների կանոնավոր կոտորածներ, որոնք «սարսափի մեջ էր գցում Եվրոպային»:
Բացի այդ, 50-60-ական թթ. օսմանյան կառավարությունը ձգտում էր պահպանել մահմեդականների քանակական մեծամասնությունը՝ Ռուսաստանից դեպի երկիր մահմեդական փախստականների զանգվածային մուտքը խրախուսելու միջոցով: Միայն առաջին տաս տարիների ընթացքում (1854-1864) նրանց թիվը կազմեց 595 հազար: Չերկեսների և թաթարների մեծամասնությունը տեղավորվեց բալկանյան վիլայեթներում՝ մահմեդականների թվա- քանակի մեծացման նպատակով: Ալին և Ֆուադը ամեն հարմար պահի դիմում էին նաև ատելի «անհավատներից» ազատվելու թուրքական իշխանավորների հին փորձված միջոցին՝ բռնի իսլամացմանը:
Օսմանյան կայսրության բազմազգ բնակչության «միաձուլման» հայեցակարգի հիմնական դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ուղղված էր ոչ թուրք ժողովուրդների ուծացմանը: Հենց դա էր նրա գլխավոր նպատակը, իսկ այնտեղ պարունակվող մահմեդականների և ոչ մահմեդականների հավասարության, հպատակ ժողովուրդների նկատմամբ «արդար» քաղաքականության մասին դրույթները իրենցից ներկայացնում էին միայն քող՝ գլխավոր նպատակը մթագեցնելու համար:
Ալին ու Ֆուադը մշակել էին երկար տարիների համար նախատեսված «միաձուլման» ծրագիր և փորձում էին նրա հիմնական դրույթները իրականություն դարձնել: Նրանց կառավարման շրջանում իրականացված օրենսդրական բարենորոգումների վերլուծությունը հաստատում է, որ նրանք գործում էին համաձայն այդ ծրագրի:
Ինչպես արդեն նշվել է, այդ ծրագրի մեջ կարևոր տեղ էին զբաղեցնում այն միջոցառումները, որոնք ուղղված էին միլլեթների փոխակերպմանը զուտ կրոնական ինստիտուտների՝ քաղաքացիական կառավարման բնագավառում նրանց ավանդական արտոնությունների ոչնչացման միջոցով: Պատահական չէ, որ 1856 թ. փետրվարի 18-ի հաթթ-ը հումայունի տեքստի մեջ արդեն ներգրավվել էր այն դրույթը, որն ուղղված էր այդ գաղափարի իրականացմանը. միլլեթների հոգևոր առաջնորդներին, որոնք ավանդապես իրականացնում էին իշխանությունը և հանդես էին գալիս որպես միջնորդ միլլեթների շարքային անդամների և թուրքական իշխանությունների իշխանությունների միջև, արգելվում զբաղվել քաղաքացիական գործերով: Վերջիններս էլ փոխանցվում էին հատուկ խոր- հուրդների (մեջլիսների) ղեկավարմանը, որոնք կազմված էին հոգևոր և աշխարհիկ անհատներից: Այսպիսով՝ հայրապետները զրկվեցին Բարձր դռանը իրենց կողմից ղեկավարվող համայնքի շահերի լիարժեք ներկայացման իրավունքից, իսկ նոր կազմված խորհուրդները չստացան: Այսուհետև, ոչ մահմեդականներին մնաց թուրքական իշխանությունների ճնշումներից պաշտպանություն փնտրելու միայն մեկ միջոց՝ դիմել դատարաններին, որոնք վերահսկվում էին հենց նույն իշխանությունների կողմից... Այդպիսով՝ հիմք դրվեց միլլեթների ներքին կյանքում ոչ մահմեդական ժողովուրդների ինքնավարությունը ապահովող համակարգի փլուզմանը և քաղաքացիական բնագավառում որևէ արտոնություններից զուրկ զուտ հոգևոր կազմակերպությունների համակարգով փոխարինմանը: Տասը տարի անց, 1866 թ. մարտին, հրատարակվեց կառավարական շրջաբերական գրությունը, որը հաստատեց հաթթ-ը հումայունի այդ դրույթը. հոգևոր առաջնորդներին արգելվում էր Բարձր դռանը ներկայացնել այսպես կոչված, թաքրիրներ (բողոքներ), որոնք դուրս էին զուտ հոգևոր խնդիրներից:
Հաթթ-ը հյումայունի մեջ արտահայտվեց ևս մեկ միտում. ոչ մահմեդական միլլեթների գործունեության վրա իշխանությունների անմիջական վերահսկման հաստատումը՝ օսմանյան վարչական համակարգի մեջ նրանց վերնախավի ներգրավման միջոցով. հաթի դրույթներից մեկով նախատեսված էր միլլեթների առաջնորդներին պետական ռոճիկի վճարում է դրանով նրանք դառնում են պետական պաշտոնյաներ:
Կայսրության բոլոր բնակիչները անկախ նրանց ազգային և կրոնական պատկանելությունից, միավորվում էին հաթթ-ը հյումայունի մեջ հետևյալ անվանումներով՝ «բարձր պետության հպատակներ», «սրբազան պետության հպատակներ», «սուլթանական հպատակներ»: Ինչպես նշում է ամերիկացի թուրքագետ Ռ.Դեվիսո- նը, դա «միլլեթների միջև պատնեշների» վերացմանը նպատա- կաուղղված քայլ էր:
Հաթթի տեքստում առաջին անգամ օգտագործված էր արտահայտություն, որը հավասարազոր էր «հայրենասիրություն» հասկացությանը՝ «vatandaşlık» բառը: Այսպիսով՝ հաթթում իրենց արտացոլումը գտան այնպիսի հասկացություններ, որոնք հետագայում կազմեցին «օսմանյան ազգ» և «օսմանյան հայրենասիրություն» հայեցակարգերի հիմքը:
Սուլթանական հաթթի բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն այնտեղ սաղմնային վիճակում պարունակու- վում էին «միաձուլման» քաղաքականության հիմնադրույթները: Սակայն հաթթը, ըստ էության, իրենից օրենսդրական ակտ չէր ներկայացնում. այնտեղ միայն նշված էին նորամուծություններ, որոնց ներդրումը օրենսդրության մեջ ապագայի խնդիր էր: Դա արվեց էր 60-ական թթ.:
Թանզիմաթի գործիչները մեծ նշանակություն էին տալիս բարեփոխումներին վարչատարածքային կառավարման բնագավառում: Պատահական չէ, որ նրանց կողմից իրականացված վիլայեթների համակարգի բարեփոխումը դիտվում էր որպես «միաձուլման» անցկացման համար պայմանների նախապատրաստման ամենակարևոր քայլ:
Գնահատական տալով 1864 թ. ընդունված այսպես կոչված «Դանուբյան վիլայեթի մասին օրենքին», որը դրվեց 1867 թ. վիլայեթական օրենքի հիմքում՝ Ալի փաշան Փարիզում անանուն հրատարակված բրոշյուրում պնդում էր, որ այդ օրենքը համապատասխանում էր երկրի բնակչության շահերին, առանց ազգային և կրոնական տարբերության: Նրա բովանդակության վերլուծությունը հնարավորություն է տալիս երևան բերել թանզիմաթի գործիչների վարչատարածքային բարեփոխումների քաղաքականության հիմնական ուղղությունները և նպատակները:
Համաձայն այդ օրենքի՝ Բուլղարիայի նշանակալից մասը ընդգրկող Դանուբյան վիլայեթի բոլոր բնակիչները հայտարարվում էին «բարձր պետության հպատակներ», անկախ նրանից, թե որ համայնքին էին նրանք պատկանում: Դրանով իսկ օրենքով ամրապնդվում էր «միաձուլման» քաղաքականության կարևոր դրույթներից մեկը: Ոչ մահմեդականները ստանում էին բոլոր մակարդակների վարչական խորհուրդներում (վիլայեթների, սանջաքների և քազա- ների խորհուրդներ) ներկայացուցչության հավասար իրավունք: Սակայն, այն բանի պատճառով, որ վիլայեթի մահմեդական բնակչությունը ներկայացնում էին հիմնականում միայն թուրքերը, իսկ ոչ մահմեդականը, բացի բուլղարացիներից, ներկայացնում էին նաև հույները, հայերը, հրեաները և այլն, ապա մեջլիսներում մեծամասնությունը ինքնաբերաբար ստանում էին թուրքերը: Մահմեդականների և ոչ մահմեդականների «հավասար ներկայացուցչության» սկզբունքը Դանուբյան վիլայեթի պայմաններում, որտեղ ոչ մահմեդական արական սեռի ներկայացուցիչները երկու անգամ ավելի շատ էին, իրականում հետապնդում էր մեջլիսներում մահմեդականների անհամապատասխան մեծ ներկայացուցչությունը ապահովելու նպատակը:
Օրենքի համապատասխան հոդվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած «հավասար ներկայացուցչության» հայտնի սկզբունքի հայտարարմանը, այնուամենայնիվ, այնտեղ ներառված էին դրույթներ, որոնցով օրինականացվում էր մահմեդականների էլ ավելի մեծ ներկայացուցչությունը նոր ստեղծված գավառական տարբեր մակարդակի մեջլիսներում: Նախատեսվում էր, օրինակ, վիլայեթական վարչական 11 հոգիանոց մեջլիսների ստեղծումը՝ վալիի ղեկավարությամբ: Նրանցից ընտրվում էին միայն 6 (3 մահմեդական և 3 ոչ մահմեդական), իսկ մնացած հինգը մտնում էին նրա կազմի մեջ «ըստ պաշտոնի»՝ վալի (մեջլիսի նախագահ), շարիաթական դատարանների տեսուչ, վիլայեթի ֆինանսների կառավարիչ, փոստային կառավարիչ և արտաքին հարաբերություններին կառավարիչ: Բոլոր այս վիլայեթական պաշտոնյաները բացարձակ մեծամասնությամբ թուրքեր էին: Այսպի- սով՝ մեջլիսի 11 անդամներից միայն երեք-չորսն էին ոչ մահմեդական: Մոտավորապես այդպիսին էր հարաբերակցությունը նաև սանջաքների և քազաների մեջլիսներում:
1864 թ. օրենքի նպատակներից մեկը ինքնակառավարվող բուլղարական համայնքների ներքին գործերի ավանդական անկախության սահմանափակումն էր: Այսպես՝ մեջլիսների անդամները համարվում էին ոչ թե համայնքների, այլ բոլոր «օսմանցիների» ներկայացուցիչներ: Համայնքային խորհուրդների փոխարեն ստեղծվում էին այսպիս, կոչված, ավագների խորհուրդներ, որոնք իշխանության ձեռքում հնազանդ գործիք էին և ապահովում էին բուլղարական համայքների կյանքի ավելի արդյունավետ վերահսկում իշխանությունների կողմից:
Համաձայն օրենքի՝ ստեղծվեցին նաև խառը դատական խորհուրդներ, որոնք հետաքննուն էին մահմեդականների և ոչ մահմեդականների միջև դատական գործերը: Նրանց գլխավորում էր թուրքական քադին: Խորհուրդների անդամները, այդ թվում նաև քրիստոնյաները, թուրքական իշխանությունների կողմից ռոճիկ էին ստանում, այսինքն՝ փաստորեն նրանք պետական ծառայողներ էին:
Ինչպես արդեն նշվել էր, ըստ 1864 թ. օրենքի, քրիստոնյաները իրավունք էին ստանում մեջլիսների անդամներ ընտրվել: Նրա տեքստում մեծ տեղ էր հատկացված տարբեր մակարդակի խոր- հուրդներում ընտրությունների կազմակերպման մասին դրույթներին (հոդվածներ 67-82): Համապատասխան հոդվածների քննարկումը ցույց է տալիս, որ նրանք այնպես էին կազմված, որ ապահովեն իշխանություններին օգտակար անհատների ընտրությունը ոչ մահմեդականներից: Այսպիսով, ընտրությունների կազմակերպումը հանձնարարված էր իշխանություններին, որոնք էլ դրանով իսկ նրանց ընթացքը վերահսկելու հնարավորություն էին ստանում: Թեկնածուների համար սահմանվում էր բարձր գույքային ցենզ, ընդ որում այն մեջլիսի «բարձր» մակարդակից շատ ավելի բարձր էր: Դրանով իսկ շատ պարզ երևում էր, որ օրենքի հեղինակները ձգտում էին իրենց գործունեության մեջ հենվել բնակչության ունևոր շերտի վրա,այդ թվում նաև ոչ մահմեդականների:
«Միաձուլման» ոգով վերակազմավորման ենթարկվեցին նաև իշխանության կենտրոնական մարմինները: 1867 թ. մարտին Բարձրագույն իրավաբանական խորհրդի փոխարեն ստեղծվեցին երկու նոր մարմիններ. Պետական խորհուրդը և Արդարադատության խորհուրդը: Բարձր դուռը հատուկ նշանակություն էր տալիս Պետական խորհրդին: Նրա կանոնադրության առաջին հոդվածում նշվում էր, որ «այն վարչական կառավարման բնագավառում կայսրության կենտրոնական մարմինն է»: Խորհուրդներում նշանակված էին նաև ոչ մահմեդականները: Սակայն խորհուրդների կազմը չէր արտացոլում կայսրության մեջ տարբեր ժողովուրդների և ազգային-դավանական խմբերի միջև ստույգ հարաբերակցությունը: Այսպես՝ Պետական Խորհրդի 41 անդամներից միայն 13-ն էին ոչ մահմեդական: Խորհրդի նախագահ էր նշանակված Միդհատ-փաշան՝ «միաձուլման» քաղաքականության ջերմ կողմնակիցը: Ընդհանուր առմամբ, Պետական խորհուրդի ստեղծումը ևս մեկ քայլ էր դեպի «միաձուլման» գաղափարների արմատավորումը Օսմանյան կայսրության վարչապետական համակարգում:
«Միաձուլման» ծրագրում մեծ տեղ էր հատկացվում կայսրության ժողովուրդների «գաղափարական միաձուլմանը»: Ենթադրվում էր, որ նրանց՝ սուլթանին և «օսմանյան հայրենիքին» նվիրվածության ոգով դաստիարակումը հնարավորություն կստեղծի իրականացնել միաձուլումը: Այդ նպատակով առաջարկվում էին երկու միջոց՝ խառը մահմեդական-քրիստոնեական ժողովրդական կրթության համակարգ և խառը ռազմական կազմավորումներ:
1860 թ. հրատարակվեց կառավարական հրամանագիրը, որտեղ նշված էր քրիստոնյաների մուտքի անհրաժեշտությունը մահմեդական դպրոցներ, որը նրանց հնարավորություն կտար կրթություն ստանալ ամբողջությամբ «կառավարության ոգով» և հետագայում օգտագործվել որպես պետական ծառայողներ: Սակայն այդ հրամանագիրը լիակատար ձևով չհաջողվեց իրականացնել: Դրա դեմ դուրս եկան ինչպես մահմեդականները, որոնք կարծում էին, որ երեխաների խառը ուսուցումը հակասում է իսլամի ոգուն, այնպես էլ քրիստոնյաները, որոնք կռահեցին կառավարության իսկական նպատակը՝ «այդ միջոցով թուլացնել նրանց մեջ ազգության և կրոնի զգացումը»:
1869 թ., զբաղեցնելով Կ.Պոլսում բարձր պետական պաշտոններից մեկը՝ Պետական խորհրդի նախագահի, Միդհատ փաշան զգալի դեր խաղաց նոր՝ «ժողովդական կրթության մասին օրենքի» նախապատրաստման մեջ: Այդ լայնածավալ փաստաթղթում, որը բաղկացած էր 196 հոդվածներից, իրենց ձևավորումը գտան «օսմանյան հայրենիքին» հավատարմության ոգով ոչ թուրք ժողովուրդների «նպատակասլաց դաստիարակման» մասին «միաձուլման» ջատագովների գաղափարները: Նրա վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու կրթության բնագավառում «միաձուլման» քաղաքականության երկու հիմնական ուղղությունները. մի կողմից, քրիստոնյա ժողովուրդների ժողովրդական կրթության զարգացած համակարգի քայքայումը և կառավարության վերահսկողության ուժեղացումը նրա հանդեպ, իսկ մյուս կողմից, ուսումնական հաստատությունների նոր ցանցի ստեղծումը, որը պետք է ծառայեր երկրի բոլոր բնակիչների «գաղափարական միաձուլմանը»:
Комментариев нет:
Отправить комментарий