Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 1 августа 2011 г.

Այսպես եղավ...

Սկիզբը նախորդ համարներում...



Թուրքական բռնապետության դեմ ազատագրական պայքարի ջատագովները բալկանյան ժողովուրդներն էին, որոնք ամբողջ 19-րդ դարի ընթացքում կռիվ մղեցին հանուն ազատության: Այդ կռիվն ընթանում էր Ռուսաստանի և Եվրոպական տերությունների շահերի բախումով: Սլավոնական ժողովուրդների ամեն մի առաջընթաց քայլ տեղի էր ունենում եվրոպական դիվանագիտության հրահրիչ և հակասական գործողությունների պայմաններում:

Հայկական հասարակական-քաղաքական շրջաններն սկզբից չափավոր, բայց չափազանց զգայուն, ապա` ավելի ակտիվորեն արձագանքում էին բալկանյան ժողովուրդների պայքարին, ոգեշնչվում նրանց հաջողություններով:

Օսմանյան կայսրության փլուզմամբ նոր պետությունների ձևավորման խնդիրը վերածվում էր միջազգային քաղաքականության, եվրոպական դիվանագիտության առավել սուր, պատերազմական պրոբլեմի: Մեծ տերությունները գոտեմարտի էին բռնվում  աշխարհի վերաբաժանման, օսմանյան ժառանգությանը տիրանալու համար:

19-րդ դարի 70-ական թվականներին Բալկաններում միահյուսվում և բախվում էին Եվրոպայի ցամաքային տերությունների շահերը: Ռուսաստանի նպատակն էր` ելք ունենալ դեպի Միջերկրական ծով, ապահովել հարավային սահմանները: Այդ շահերը համընկնում էին Բալկաններում ծավալված ազգային-ազատագրական շարժման հետ:

Ռուսաստանը` Բալկանյան սլավոնների պաշտպանի, իսկ Ավստրո-Հունգարիան` հակառակորդի դերում էին: Ավստրո-Հունգարիայի հակառուսական դիրքորոշմանը զուգահեռ Բալկաններում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանի գլխավոր հակառակորդը Անգլիան էր: 1870 թ. Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունն Անգլիային հույս տվեց ազատվել Ֆրանսիայի մշտական մրցակցությունից: Սա էր գլխավոր դրդապատճառը, որ Բրիտանական կառավարությունը 19-րդ դարի 70-ականներին հանդես եկավ օսմանյան կասյսրության տարածքային ամբողջականության պաշտպանի դերում` հուսալով տնտեսապես և քաղաքականապես իրեն ենթարկել տարածաշրջանը:

Բալկաններում հակաթուրքական ազգային-ազատագրական շարժման վերելքը և եվրոպական տերությունների շահերի բախումն առաջացրին ճգնաժամ, և 1875-1878 թվականներն սպառնացին պատերազմի մեջ ներքաշել ողջ Եվրոպան:

Նոր փուլ թևակոխեց պայքարը Բոսնիայում և Հերցեգովինայում: 1875թ. Ապստամբները մանիֆեստով դիմեցին Եվրոպային. «…նա, ով չի ճանաչում թուրքական բռնակալությունը և ականատես չի եղել քրիստոնյա ժողովուրդների տառապանքներին, չի կարող պատկերացնել, թե ինչ է Ռայան, որը ծնված է հավիտենական գերության համար: Մեր հողի ամեն կտորը ողողված է մեր նախնիների արյամբ ու արցունքով: Ռայան վճռել է կռվել ազատության համար…»: Բոսնիային ու Հերցեգովինային արձագանքեց Բուլղարիան:

Բարձր Դուռը որոշել էր լռեցնել մի բուռ ժողովրդի, որը համարձակվել էր ձայն բարձրացնել հանուն մարդկային արժեքների և ազատության:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий