1. Քաղաքական ինքնախաբերության շրջափուլի ավարտը Թուրքիայի համար։
Ճշմարիտն ասած այդքան կոշտ արձագանքելու առիթ եւ հնարավորություն չէր տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը ուսանողի հնչեցրած հարցին։ Ավելին՝ այնտեղ կար իրավահաջորդության խնդիրը այս պահին շրջանցելու իրողություն, որը պետք է, որ դրական ընկալվեր թուրքական կողմից։ Ուրեմն խնդիրը մեկ այլ տեղում է։ Փորձենք թափանցել դրա խորքը։
Թուրքակական քաղաքական ներկայի վերնախավի առաջ ծառացած խնդիրները նվազագույնը երեքն են՝ քրդական հարցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը, տարածաշրջանային ռազմա-քաղաքական զարգացումներին լիարժեք ընդգրկվելու հարցը։
Ներքին եւ արտաքին քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս ինքնախաբեությամբ առաջնորդվելը, հնարավոր է, օգնում է ավելի հանգիստ տանել անկումներն ու ձախողումները, բայց չի օգնում կարգավորել խնդիրները։
Այդպես է եւ վերը նշված խնդիրների դեպքում։ Պարզվում է քրդական հարցը կարգավորելու համար բավարար չեն քրդերին ինքնավարություն տրամադրելու խոստումներն ու ժամանակ շահելու փորձերը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար բավարար չեն Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները ստորագրելը եւ կարգավորման վերաբերյալ ձեւական գործընթացները, տարածաշրջանային զարգացումներում բավարար չեն պարտավորություններ ստանձնելու մասին հաճախակի հնչող հավաստիացումները, թեկուզ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունների մակարդակով։
Կրկին հաստատվում է, որ ճիշտ էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը, ով տարածաշրջանային խնդիրների համար առաջարկում էր Քրդական օջախ, Հայաստան-Թուրքիա սահմանազատման Իրավարար վճիռ, տարածաշրջանային հակամարտությունների արդարացի կարգավորում եւ տարածաշրջանային զարգացումների համար երկարատեւ խաղաղություն։
Որովհետեւ քրդական հարցը քաղաքական ինքնախաբեության հետեւանքով ոչ թե կարգավորվում է, այլ զարգանում, ծավալվում, թեժանում, Հայաստան-Թուրքիա սահմանազատման հարցերը Արձանագրությունների ստորագրումով, ոչ թե կարգավորվում են, այլ նոր որակ եւ հնչեղություն ստանում, հարեւանների հետ խնդիրները ոչ թե զրոյանում են, այլ լարվում, ընդ որում՝ բոլոր ուղղություններով։
Ավելին՝ քաղաքական ինքնախաբեության այսօրինակ ծավալումներն իրենց հերթին պատճառ են, որ արտերկրում ապրող հայությունը եւ հայության ազգային-քաղաքական ուժերը մտածեն Արեւմտյան Հայաստանի Հայերի իրավունքները պաշտպանելու եւ հետապնդելու իրավահաջորդության հարցերի մասին, ինչի արդյունքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հայտարարեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման մասին։ Եւս մեկ ճշմարտության ժամ։
Եւ հանրապետական Թուրքիայի ներկայի քաղաքական վերնախավի աննախադեպ ու անհասկանալի կոշտ արձագանքը ՀՀ նախագահի խոսքին քաղաքական ինքնախաբեությունից սթափվելու ցավագին փաստի արձանագրումն է, հաստատ։ Եւ խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ վերջապես ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Հայերի իրավունքներին հետամուտ պետական սուբյեկտ, այլ այն, որ առաջադրված բոլոր խնդիրներում թուրքական ներքին, թե արտաքին քաղաքական կողմնորոշումները տապալվել են։
Կա ավելին՝ հնչել է ճշմարտության ժամը եւ թուրքական քաղաքական վերնախավը պատասխանելու է հիմնական, առանցքային հարցադրմանը՝ Թուրքիան ստանձնում է, արդյոք, դերակատարություն տարածաշրջանային ռազմա-քաղաքական զարգացումներում, թե ոչ։ Ստաձնել նշանակում է նոր իրական խնդիրներ Իրաքի, Իրանի, Սիրիայի… եւ քրդերի հետ։
2. Քաղաքական ինքնախաբեության իրական սպառնալիքը պետությունների ու ժողովուրդների կյանքում։
Ահա այստեղ է թաքնված լարվածության, անհագստության, հիստերիայի հասնող անորոշության պատճառը, որովհետեւ որոշում ստանձնելը մեկ խնդիր է, այն իրականացնելը մեկ այլ։ Որովհետեւ որոշում կայացնելը այլ պատասխանատվություն է ենթադրում, իրականացնելը բոլորովին այլ…
Որովհետեւ 21-րդ դարի սկզբին արեւմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված է Բալկաններ - Միջին Արեւելք - Կովկաս - Աֆղանստան գծով պատերազմական (եւ մարդկայնության դեմ) նոր հանցագործություններ իրականացնելու հանձնառություն:
Որովհետեւ ճշմարտության ժամը հնչել է, ստանձնած պարտավորությունները իրականացնելու ժամանակը հասունացել, իսկ դա նշանակում է, ոչ թե զրոյական խնդիրներ հարեւանների հետ, այլ ճիշտ հակառակը։ Դա նշանակում է խնդիրներ բոլոր հարեւանների հետ, ավելին՝ նշանակում է խնդիրներ մի քանի ճակատների վրա, միաժամանակ։
Այս դեպքում պատմության չիմացությունը կամ դրա կեղծարարությունը չի ազատում սպառնալիքներից ու դրանից բխող պատասխանատվությունից, մանավանդ որ այդ սպառնալիքների հետեւանքում, այս անգամ եւս, երկիրը կարող է ենթարկվել ճիշտ այն ցնցումներին, ինչին ենթարկվեց Օսմանյան կայսրությունը 1914-1918 թվականներին։
Այլ հարց է, որ այս դեպքում պատմությունը կարող է կրկնվել թուրքական մասով միայն, քանի որ քաղաքակրթական ճանապարհները հնարավոր է անցնել անվերջ, սակայն ընդդեմ քաղաքակրթության ճանապարհները՝ մեկ փորձության մեջ, այն էլ՝ ի վերուստ սահմանված մեկ ժամանակահատվածի կտրվածքով միայն։
Այս իմաստով նույնպես մի շրջափուլ ավարտվել է, եւ քննություն հանձնելու ժամանակը եկել է. սա է թուրքակական քաղաքական վերնախավի անհանգստության մյուս գլխավոր պատճառը։ Այստեղ խոչընդոտն այն է, որ Թուրքիան երբեք չի կատարել իր առջեւ դրված միջազգային պարտավորությունները եւ, հնարավոր է, գայթակղությունը մեծ լինի հին ձեռագիրը նույնությամբ կրկնելու։
Մենք բազմիցս նշել ենք այդ ճանապարհից դուրս գալու ուղիները եւ անիմաստ ենք համարում դրանք անընդհատ ներկայացնելը։ Ով ականջալուր է, նա մի բան հասկացել է երեւի։ Ուղղակի ցանկանում ենք եւս մեկ անգամ շեշտել, թե հայությունը սպառնալիքներից դուրս գալու ուղիները իր մեջ կրում է, որովհետեւ ի սկզբանե իր մեջ կրում է քաղաքակրթությունների զարգացմանը մասնակցելու ստեղծագործական բնական հատիկը, կենսագործունեության հավիտենականության հիմնական շարժիչը եւ պատասխանատվության հատուկ զգացողությունը հայրենիքի՝ սրբազան լեռնաշխարհի նկատմամբ։
28.07.2011 թ.
Комментариев нет:
Отправить комментарий