Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 15 мая 2011 г.

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Ռուբեն Սաֆրաստյան
Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը 
(1876-1920թթ.)
Գլուխ առաջին.ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ.
ՔՆՆԱԿԱԿԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանությունը մարդկային պատմության ամենադաժան և ամոթալի երևույթներից է, բացարձակ չարի խտացված դրսևորում­ներից մեկը: Առօրյա կյանքում նրա ամեն մի կոնկրետ դեպքի հի­շատակում անխուսափելիորեն առաջացնում է զգացմունքային պոռթկում, ուղեկցվում է բարոյական գնահատականներով: Արդեն իսկ բուն ցեղասպանություն (գենոցիդ) բառը իր մեջ կրում է ուժեղ զգացմունքային լիցք: Թերևս այդ է պատճառը, որ այն վերջին տասնամյակներում իր հաստատուն տեղն է զբաղեցրել հասարա­կական ու քաղաքական գործիչների բառապաշարում և հաճախա­կի օգտագործվում է անհիմն՝ զուտ քաղաքական կամ քարոզչա­կան նպատակներով, որպես ծանր մեղադրանք ընդդիմախոսին:
Զգացմունքային ու քաղաքական շերտավորումները, ինչպես նաև, իհարկե, բուն երևույթի բարդությունը և բազմակերպար բնու- թը զգալի դժվարացնում են նրա գիտա-տեսական հետազոտումը, խոչընդոտում են կոնցեպտուալ արժեք ներկայացնող հարցադ­րումներին: Փաստորեն, ցեղասպանության՝ որպես կոնկրետ պատ­մական երևույթի, տեսությունը, որն ընդունելի լիներ մասնագետնե­րի մեծ մասի համար, դեռևս չի ձևակերպված: Չկա նաև նրա վերջ­նական իրավագիտական ձևակերպումը. 1948 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված "Ցեղասպանության հանցագոր­ծության կանխարգելման և դրա համար պատժի մասին" կոնվեն­ցիայում տեղ գտած ցեղասպանության բնորոշումը ներկայումս հա­սարակագետների, պատմաբանների ու իրավագետների մեծ մասի կողմից բնութագրվում է որպես անբավարար և աղճատված:
Մինչդեռ, մեր աչքերի առջև աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող խաղաղ բնակչության կոտորածների շարանը պարզո­րոշ ի հայտ է բերում ստվարանալու միտումներ, անշեղորեն աճում է պետությունների կողմից սառնասրտորեն իրականացվող իր իսկ քա­ղաքացիների որոշակի խմբերի զանգվածային սպանությունների թի­վը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվ­տանգության համակարգը անկարող է պաշտպանելու ոչ միայն ան­հատի իրավունքների, այլև մարդկային հոծ խմբերի կյանքի իրա­վունքը նույնիսկ: Մոտավոր հաշվարկները վկայում են, որ 1945 -1987 թթ. պետությունների կողմից իրականացված զանգվածային կոտո­րածների զոհերի թիվը մոտ 1.05-ից մինչև 2.5 անգամ գերազանցում է 1945-1980 թթ. տեղի ունեցած բոլոր պատերազմների զոհերի թի­վը: Դժվար թե, գտնվի որևէ մեկը, որը չհամաձայնվի ամերիկացի հասարակագետ ու աստվածաբան Ֆ. Հ. Լիթըլի հետ, որը բնութագ­րում է 20-րդ դարը որպես «Ցեղասպանության դարաշրջան»:
Ցեղասպանության՝ որպես մարդկության անցյալում ու ներկա­յում տեղ գտած մեծագույն չարիքի հետազոտումը խիստ այժմեա­կան է: Խնդիրը հետևյալն է. փաստարկված ցեղասպանությունների վերլուծության, համեմատական հետազոտությունների և ստաց­ված արդյունքների ընդհանրացման հիման վրա ստեղծել այդ երևույթի համապարփակ և համընդունելի տեսություն: Աակայն ցե­ղասպանության երեւույթի համեմատական եւ ընդհանրացնող բնույթի հետազոտումները զգալիորեն զիջում են իրենց թվաքանա- կով առանձին դեպքերի ուսումնասիրություններիյն: Կանադացի ցեղասպանագետներ Ֆ. Չոքը ու Ք. Յոնասոնը գրում էին, որ երբ 1979 թ. նրանք սկսեցին զբաղվել ցեղասպանության համեմատա­կան ուսումնասիրություններով, ապա զարմանքով հայտնաբերե­ցին, որ այդ ոլորտի աշխարհի մասնագետներին կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: Դրանցից էին, անտարակույս, ամերի­կացի հասարակագետ Ի. Լ. Հորովիցը, որի մենագրությունը ցեղաս­պանության իրականացման մեջ պետության որոշիչ դերի մասին արդեն լույս էր տեսել, և հայազգի հասարակագետ եւ պատմա­բան Վ. Տատրյանը (ԱՄՆ), որը արդեն ձեռնամուխ էր եղել ցեղաս­պանության երևույթի հիմնարար խնդիրներին նվիրված և արդեն քառորդ դարից ավելի շարունակվող իր ուշագրավ հետազոտութ­յուններին: Տասը տարի անց ամերիկացի գիտնական Ու. Ք. Իզըլը նշում էր, որ անգլերենով գոյություն ունի միայն շուրջ մեկ դյուժին տեսական բնութի աշխատություն ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանագետների ավագ սերնդի հեղինակած աշխատութ­յուններից կարելի է նշել Լ. Քուփըրի հիմնարար ուսումնասիրութ­յունը, ինչպես նաև Հ. Ֆայնի (ԱՄՆ) գիրքը: Սկսեցին հրատա­րակվել ցեղասպանության ուսումնասիրմանը նվիրված հոդվածնե­րի ժողովածուներ, որոնցից, հարցադրումների նպատակաուղղվա- ծությամբ ու հստակությամբ աչքի էր ընկնում Ջ. Ն. Փորթըրի խմբագրությամբ ու առաջաբանով լույս տեսած ժողովածուն: Փորթըրը իր խմբագրած ժողովածուն դիտում էր «քայլ դեպի ա­ռարկայի (ցեղասպանության - Ո. Ս.) համապարփակ համեմատա­կան ուսումնասիրություն գլոբալ տեսանկյունից»: Հաջորդ քայլը այդ ուղղությամբ արդեն հիշատակված Ֆ. Չոքի ու Ք. Յոնասոնի լավ կշռադատված գիրքն էր, որտեղ փորձ էր արվում ի մի բերել 1970-80-ականների ուսումնասիրությունների արդյունքները:
Վերը նշված աշխատությունները հիմք ծառայեցին ցեղասպա- նագիտության, որպես հասարակագիտության առանձին ոլորտի, զարգացման համար: Ներկայումս ցեղասպանագիտությունը արագ և դինամիկ զարգացող գիտություն է, որի առաջատար ներկայա­ցուցիչների աշխատությունները տեսական հենարան են եղել սույն գլխում քննարկվող խնդիրների մեր մեկնաբանությունների համար: Ցեղասպանություն (գենոցիդ) եզրույթը 1943 թ. ստեղծել ու հա­ջորդ տարի գիտական շրջանառության մեջ է դրել ծագումով հրեա, լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը: 1944 թ. ԱՄՆ-ում լույս տեսավ նրա «Առանցքի իշխանությունը գրավված Եվրոպայում» գիրքը, որ­տեղ հեղինակը, հենվելով դեռևս 1933 թ. իր իսկ ձևակերպած պատե­րազմական պայմաններում իրականացված «բարբարոսական» գոր­ծողությունների պատասխանատուներին պատժելու վերաբերյալ դրույթների վրա և ուսումնասիրելով նացիստական Գերմանիայի քաղաքականությունը գրավված երկրներում, ոչ միայն առաջին ան­գամ հանրությանը ներկայացրեց այդ բառը, այլ նաև առաջինը բնու­թագրեց այդ երևույթը: Նրա կողմից տրված ցեղասպանության ա­ռաջին բնութագրումը հետևյալն էր. «Ցեղասպանության տակ մենք հասկանում ենք ազգի կամ էթնիկական խմբի ոչնչացում (destruction)»: Հետագայում լույս տեսած իր աշխատություններում Լեմկինը խորացրեց ցեղասպանության բնութագիրը՝ այդպիսով հիմք դնելով նրա հայեցակարգի ձևավորման գործընթացին:
Նրա ընկալմամբ, բացի ֆիզիկական բնաջնջման քաղաքակա­նությունից ցեղասպանություն անհրաժեշտ է ճանաչել այն հալա­ծանքները տվյալ խմբի հասարակական, հոգևոր կամ տնտեսական հաստատությունների, մշակույթի, լեզվի, ազգային զգացմունքնե­րի, կրոնի դեմ, որոնք վտանգում են նրա հետագա գոյությունը որ­պես առանձին խումբ:
Ցեղասպանության կարևորագույն բնորոշիչներից մեկը՝ դիտա­վորությունը ոչնչացնելու որևիցե ռասայական, ազգային կամ կրո­նական խումբը, նույնպես առաջինը մտցրել է գիտական և իրավա­գիտական շրջանառության մեջ Ռաֆայել Լեմկինը: Հիմք ընդունելով ցեղասպանություն իրականացնողի դիտավորության (intent) հան­գամանքը՝ նա բնութագրել է ցեղասպանությունը որպես որոշակի ազգային, կրոնական կամ ռասայական խմբի դեմ "հալածանքի կամ ոչնչացման նպատակով իրականացվող տարաբնույթ գործողութ­յունների ընդհանրություն (composite)": Լեմկինին հաջողվել էր բա- ցահայտել ցեղասպանության կարևորագույն բնորոշիչներից մեկը՝ մտադրվածությունը ոչնչացնելու ողջ ռասայական, ազգային կամ կրոնական խումբը: Դրանով հնարավորություն էր ստեղծվում տար­բերազատելու կոտորածը, որի դեպքում նման մտադրվածություն չկա, ցեղասպանությունից, ինչից հետեւում է, որ այդ երկու երևույթ­ների միջև, հասարակագիտական կամ իրավագիտական տեսանկ­յունից (բայց, իհարկե, ոչ բարոյաէթիկական) դատելով, գոյություն ունի որակական տարբերություն, այլ ոչ միայն՝ զուտ քանակա­կան: Երկրորդ կարևոր հանգամանքն էր, որ մտադրվածության կա­տեգորիայի կիրառումը հիմք հանդիսացավ ցեղասպանության տար­բեր ձևերը իրարից զատման համար, քանի որ բացահայտեց նրանց հենքային նույնականությունը: Այսպես, օրինակ՝ դիտարկենք հետևյալ տեսական դեպքը. առաջանում է մտադրվածություն վե­րացնել որևիցե ազգային կամ համանման մարդկային խումբը, սա­կայն այն իրականացնելու համար գործադրվում են ոչ թե ֆիզիկա­կան բնաջնջման մեթոդներ, այլ պայմաններ են ստեղծվում նրա բռնի ուծացման համար: Ելնելով Ռ. Լեմկինի բնորոշումից՝ այս դեպ­քում նույնպես տեղի է ունենում է ցեղասպանություն: Հետագայում այդ տիպի գործողությունները անվանվեցին էթնոցիդ :
Ռաֆաել Լեմկինի կողմից ցեղասպանության երևույթի բնորո­շումը պարունակում էր մի շարք կարևոր բացթողումներ: Դրանցից էր, օրինակ, այն, որ նա շրջանցել էր ցեղասպանության հեղինակ­ների բնութագրման հարցը: Մասնավորապես, նրա ուշադրությու­նից վրիպել էր պետության կենտրոնական դերը նոր ժամանակնե­րում տեղի ունեցած ցեղասպանություններում, ինչից բխում է պե­տության դատապարտման անհրաժեշտությունը: Միաժամանակ, որպես իր հետազոտությունների և տեսական ընդհանրացումների հիմք ընդունելով հրեաների բնաջնջումը Եվրոպայում, երբ խոսքը գնում էր իր հայրենիքից հեռու բնակվող ժողովրդի ոչնչացման մա­սին, Լեմկինը իր բնորոշման մեջ անտեսել էր պետության կողմից կազմակերպված և հիմնականում զանգվածային կոտորածների միջոցով իրականացված տեղաբնիկ ժողովրդի՝ իր պատմական Հայրենիքի տարածքից վերացնելու երևույթը: Ցեղասպանության այդ տեսակը կարելի է բնութագրել որպես հայրենազրկում, այն ա­վելի է ծանրացնում պետության մեղքը՝ որպես ցեղասպանության կազմակերպչի:
1945 թ. ցեղասպանություն եզրույթն առաջին անգամ տեղ գտավ պաշտոնական փաստաթղթում՝ գերմանական ռազմական գլխավոր հանցագործներին դատելու նպատակով ստեղծված Նյուրնբերգյան ռազմական ատյանի մեղադրական ակտում: Հե­տաքրքիր է, որ մեղադրական ակտի ռուսերեն տարբերակում այն փոխարինված էր «ժողովուրդների կանխամտածված ու սիստեմա­տիկ բնաջնջում» արտահայտությամբ, ինչը, ըստ էության, պարզա­պես նրա ռուսերեն բացատրությունն էր:
1946 թ. «գենոցիդ» եզրույթը սկսում է օգտագործվել ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում և հետզհետե թափանցում է նաև աշխարհի հիմնական լեզուների բառապաշարի մեջ: Այդ գործըն­թացը ընթանում էր բավական դանդաղ, օրինակ՝ անգլերենի հան­րածանոթ «Վեբսթըր» բացատրական բառարանի մեջ այն տեղ գտավ միայն 1961 թ. : Որոշ լեզուներում, օրինակ՝ հայերենում կամ գերմաներենում, որպես հոմանիշներ օգտագործվում են նաև նրա բառացի թարգմանությունները:
Ռ. Լեմկինը, իր իսկ վկայությամբ, «գենոցիդ» տերմինը ստեղ­ծել է այն ժամանակ արդեն օգտագործվող «տիրանիցիդ» (բռնա­կալի սպանություն), «հոմիցիդ» (մարդասպանություն), «ինֆանտի- ցիդ» (մանուկների սպանություն) բառերի համանմանությամբ: Կարելի է ենթադրել, որ նրան ծանոթ է եղել նաև 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի գերմանացի ականավոր հոգևորական ու հա­սարակական գործիչ, գերմանական ծավալապաշտության գաղա­փարախոսներից Ֆրիդրիխ Նաումանի կողմից դեռևս դարասկզբին՝ 1890-ականների կեսի հայկական կոտորածների կապակցությամբ առաջին անգամ օգտագործած «արմենոցիդ» (հայասպանություն) բառը, որը հետագայում որոշակի տարածում գտավ գերմանալեզու և հայալեզու հրատարակություններում: Արմենոցիդ եզրույթն իր մեջ ակնհայտորեն կրում էր հայրենազրկման իմաստը:
Եզրույթի առաջացումը նշանակում էր, որ ավարտվեց դեռեւս 19-րդ դարի վերջերից Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի կապակցությամբ եվրոպական ու ռուսական հրապա­րակախոսության մեջ տեղ գտած «ողջ ազգի սիստեմատիկ ոչն­չացման» մասին բարոյաէթիկական գնահատականների կոնցեպ- տուալ ձևակերպման գործընթացը: Չանդրադառնալով նրա առանձնահատկությունների ու հանգրվանների քննությանը, որը ինքնուրույն գիտական խնդիր է և կարոտ է առանձին հետազո­տության, նշենք միայն, որ այն, բացի նացիստական Գերմանիա­յի կողմից կազմակերպված հրեաների Հոլոքոսթի, մեծապես դրդվել էր նաեւ 1915 թ. Հայոց մեծ եղեռնի իրադարձությունների շուրջ խորհրդածություններով: Մասնավորապես, ցեղասպանութ­յան՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն միջազգային ոճրագործության և նրա կազմակերպիչների անձնական պատաս­խանատվության մասի իրավագիտական հասկացության հիմքերը դրվել էին 1915 թ. մայիսին հրապարակված Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարագրում: Ցավոք, Լեմկինը հետագա­յում անտեսել էր այն փաստը, որ այդ պաշտոնական փաստաթղ­թում խոսվում էր հայ ժողովրդի կոտորածի մասին, որը տեղի էր ունենում Հայաստանում:
Ցեղասպանության միջազգային-իրավական հայեցակարգի մշակումը դարձավ նորաստեղծ Միավորված ազգերի կազմակեր­պության (ՄԱԿ) կարևոր խնդիրներից մեկը: Այդ հարցին ՄԱԿ-ը անդրադարձավ արդեն Գլխավոր ասամբլեայի առաջին նիստում: Նրա ընթացքում ընդունված 96 (I) բանաձևի նախաբանում նշվում էր, որ «ցեղասպանությունը (գենոցիդ) նշանակում է մարդկային խմբերի գոյության իրավունքի մերժում, այնպես, ինչպես որ մար­դասպանությունը (հոմիցիդ) նշանակում է առանձին մարդկային էակի կյանքի իրավունքի մերժում»:
Գլխավոր ասամբլեան առաջարկեց ՄԱԿ-ի տնտեսական ու սո­ցիալական խորհրդին հետազորություններ ձեռնարկել՝ ցեղասպա­նության վերաբերյալ հատուկ կոնվենցիայի նախնական տեքստ նախապատրաստելու նպատակով: Ստեղծվեց հատուկ հանձնա­ժողով, որը ՄԱԿ-ի քարտուղարության հետ ձեռնամուխ եղավ կոն­վենցիայի տեքստի նախապատրաստմանը: Արդեն 1947 թ. մայիսին պատրաստ էր ՄԱԿ-ի Քարտուղարության նախապատրաստած կոնվենցիայի նախագիծը. մեկ տարի անց վերջնական տեսք ստա­ցավ նաև հատուկ հանձնաժողովի նախագիծը:
Ցեղասպանության իրավագիտական հայեցակարգի ստեղծման գործընթացը հիմնականում ավարտվեց 1948 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանութ­յան հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունմամբ:
Այստեղ տեղ գտած ցեղասպանության բնորոշումը հիմնակա­նում կրկնում է Ռ. Լեմկինի բնորոշումը մեկ կարևոր տարբերութ­յամբ. ցեղասպանություն են համարվում ոչ միայն որևիցե «ազգա­յին, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբ» լրիվ ոչնչաց­մանը նպատակաուղղված գործողություններ, այլ նաև՝ մասնակի ոչնչացմանը: Այս կատեգորիայի ներգրավումը ցեղասպանության բնորոշման մեջ արդարացված է հումանիստական տեսակետից, սակայն և հանգեցնում է որոշ գործնական բնույթի դժվարություն­ների, քանի որ հարց է առաջանում, թե խմբի որ մասի ոչնչացումն է համարվում ցեղասպանություն: Այդ դժվարությունը կարելի է հաղ­թահարել, ինչպես նշվում էր կոնվենցիայի առաջին մեկնաբանութ- յուններից մեկում՝ անդրադառնալով դիտավորության հանգաման- քին:
Ցեղասպանության բնորոշումը վերջին երկու-երեք տասնամ­յակների ընթացքում բազմիցս քննադատվել է հասարակագետների կողմից. համարվում է, որ այն չի արտացոլում պատմական իրա­կանության ողջ բազմազանությունը: Պարբերաբար փորձեր են կա­տարվում վերանայել այն և առաջարկվում են նոր ձևակերպումներ, որոնք, սակայն, չեն արժանանում հավանության մասնագետների լայն շրջանների կողմից: Այսպես, օրինակ՝ վերջին տարիներին մի շարք ցեղասպանագետների կողմից ջանքեր են գործադրվում «ընդլայնելու» և «պարզեցնելու» ցեղասպանության բնորոշումը: Նմանատիպ մոտեցումների օրինակ կարող է ծառայել Ջեյն Սպրին- գերի հետևյալ բնորոշումը. «Ցեղասպանությունը՝ անզեն մարդ­կանցից բաղկացած որոշակի խմբի զանգվածային սպանություն է»: Նման մոտեցումների հետ չի կարելի համաձայնվել, քանի որ այս դեպքում անտեսվում է պետության որոշիչ դերը ցեղասպա­նության նախապատրաստման ու իրականացման մեջ:
ՄԱԿ-ի կոնվենցիայի ցեղասպանության բնորոշման հիմնական թերությունը իրավագիտական տեսակետից պետության պատասխանատվության հարցի շրջանցումն է: Բովանդակային առումով, մեր կարծիքով, ցեղասպանության բնորոշումը նույնպես լիարժեք չէ, քանի որ հայրենազրկումը չի նշվում որպես այդ հանցագործության առանձին տեսակ, որի իրականացումը հանգեցնում է առավել ծանրագույն հետևանքների:
Հաջորդ ենթագլխում առաջարկվող նախացեղասպանության հայեցակարգը արձագանքում է վերը նշված բացթողումներին ժամանակակից ցեղասպանագիտության կողմից առաջարկվող տեսական հարթության վրա:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий