Դիլիջանի «Իմպուլսը» անհաջող մեկնարկեց Հայաստանի 2011թ. առաջնությունում, բայց հետագայում թիմը կարողացավ 10 միավոր վաստակել և առաջին շրջանից հետո ընթանում է 5-րդ հորիզոնականում։ Այս անգամ ArmSport.am-ի 10 հարցերին պատասխանում է Դիլիջանի "Իմպուլսի" գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի մրցելույթներն առաջին շրջանում:
- Գտնում եմ, որ թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ, և արդյունքներն էլ ավելի բարձր կլինեին:
2. Թիմի այժմ զբաղեցրած տեղը համապատասխանու՞մ է մինչև առաջնության մեկնարկը Ձեր ակնկալելիք հորիզոնականին:
-Այն, թե ինչպիսի արդյունք ենք գրանցել առաջին շրջանի ավարտից հետո, արդեն անցյալում է, և մենք այլևս ոչինչ անել չենք կարող: Կձգտենք ավելի որակյալ և արդյունավետ արդյունք ցույց տալ առաջնության մնացած հատվածում:
3. Նախորդ տարվա համեմատ՝ ինչպիսի՞ն է այս տարվա մրցավարությունը:
-Այս տարվա մրցավարությունն ավելի ազնիվ և օբյեկտիվ է: Ճիշտ է, երիտասարդ մրցավարների գործողություններում կան թերություններ, սակայն դա բխում է նրանց անփորձությունից:
4. Առաջին շրջանում Ձեր թիմի ո՞ր խաղն եք համարում ամենահաջողը և որն' ամենաանհաջո՞ղը:
-Ամենահաջողվածը կարելի է համարել "Ուլիսի" հետ վերջին' 7-րդ տուրի հանդիպումը (1-0): Իսկ ամենավատ խաղը համարում եմ "Փյունիկի" հետ առաջնության մեկնարկային մրցավեճը(0։1):
5. Թիմի ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրեցին սպասելիքները և ովքե՞ր հիասթափեցրին:
-Այս մասին դժվար է այժմ կարծիք հայտնելը, քանի որ ֆուտբոլիստները քիչ խաղերի են մասնակցել: Գտնում եմ, որ դրան ավելի ճիշտ կլինի անդրադառնալ առաջնության ավարտից հետո միայն:
6. Ձեր թիմի կոմպլեկտավորումը կարելի՞ է ավարտված համարել, թե մտադիր եք այլ ֆուտբոլիստների հրավիրել:
-Մենք առայժմ կբավարարվենք այն ֆուտբոլիստներով, որոնք այսօր թիմի տրամադրության տակ են: Եթե թիմում համալրում լինի, ապա 2-րդ շրջանից հետո միայն:
7. Նշեք առաջին շրջանի 3 լավագույն ֆուտբոլիստներին:
-Գևորգ Ղազարյան ("Փյունիկ"), Զավեն Բադոյան ("Իմպուլս" ) և Հրայր Մկոյան ("Միկա"):
8. Մրցակիցներից ո՞ր թիմն ավելի դրական տպավորություն թողեց:
-Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմերը, բացի "Արարատից", նախապատրաստական լավ շրջան անցկացրեցին, ինչը դրականորեն է ազդում թիմերի մրցելույթների վրա: Բոլոր թիմերը, բացառությամբ "Արարատի", իրապես կարող են հավակնել առաջնության մրցանակակիր դառնալուն:
9.Երկրորդ շրջանի ավարտից հետո ո՞ր հորիզոնականում կգտնվի Ձեր թիմը:
-Ստույգ տեղ չեմ կարող նշել: Սակայն կարող եմ ասել, որ մենք ձգտում ենք բարելավել մեր խաղի որակը, ինչն էլ բարձր արդյունք կապահովի:
10. Մայիսի 11-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկությունում ո՞ր թիմը կդառնա գավաթակիր:
-Եզրափակիչ են մտել իրար արժանի երկու ուժեղ մրցակիցներ: Եվ "Միկան", և "Շիրակը" իրենց անցակացրած հանդիրումներում ապացուցեցին , որ արժանի են հանդես գալու եզրափակչում: Երկուսն էլ թիմային ոգով են հանդես գալիս, ինչը առանձնապես գավաթային հանդիպումներում հաջողույթան հիմնական գրավականներից է: Իսկ եզրափակիչ խաղում թիմերի հաղթանակի հնարավորությունները հավասար եմ գնահատում:
Комментариев нет:
Отправить комментарий