Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 12 июня 2011 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ


Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ



Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի մայիսի 14-ի համարում լույս տեսած ամերիկացի իրավաբան, պատմաբան եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի հմուտ մասնագետ Ալֆրեդ դը Զայասի հոդվածը: Զայասը նախկինում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից է եղել, իսկ այժմ Ժնեւի Դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի միջազգային իրավունքի դասախոս է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների:

Մարդասպանությունը մեղք է համարվում այն օրվանից, երբ Կայենը սպանեց Աբելին, իրավաբանների քրեական, Համմուրաբիի եւ հնագույն բազմաթիվ այլ օրենքների դասակարգման փորձերից դեռ շատ առաջ: Առավել հիմնական բնութագրմամբՙ մարդասպանությունը հանցագործություն է համարվում բնական իրավունքի սահմանումներով, որոնք ավելի առաջնային են, քան պոզիտիվ կամ գործող իրավունքները: Մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված սպանությունները հանցագործություններ են համարվել նախքան բրիտանական, ֆրանսիական եւ ռուսական (համատեղ) հայտարարագիրը կդատապարտեր 1915-ի հայերի կոտորածները: Ցեղասպանությունը հանցագործություն էր նախքան Ռաֆայել Լեմկինը 1944-ին կմտահղանար այդ բառեզրը:

Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) կանոնադրության 38-րդ հոդվածի համաձայնՙ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքները օրինականության հաստատման գլխավոր աղբյուրներն են: Ոչ միայն պոզիտիվ կամ գործող իրավունքները (պայմանագրերի, արձանագրությունների եւ հռչակագրերի), այլեւ իրավունքների մշտական սկզբունքները օրինականության հաստատման աղբյուրներ ենՙ նախքան որեւէ կազմակերպության (ԱՄԴ թե այլ) միջամտությունը հայցելը:

Նման սկզբունքների թվում են «ex injuria non oritur jus»-ը, որն արձանագրում է, որ օրենքի խախտման միջոցով ոչ մի նոր օրենք կամ իրավունք չի կարող հաստատվել (սա արդարադատության հիմնական սկզբունքներից է) եւ «ubi jus, ibi remedium»-ը, որը նշանակում էՙ որտեղ օրենք կա, այնտեղ եւ դարման կա: Սա իր հերթին նշանակում է, որ որտեղ օրենքի խախտում է տեղի ունեցել, այնտեղ էլ պետք է փոխհատուցում տեղի ունենա, այլ խոսքովՙ այնտեղի զոհերը պետք է փոխհատուցում ստանան:

Այս սկզբունքը վերահաստատվեց միջազգային արդարադատության մշտական դատարանում, երբ 1928-ին քննարկվում էր լեհական Շորժուֆ քաղաքի (նախկինում Քյոնիգսհուտ) գործարանի հայտնի գործը:

Մեկ այլ համընդհանուր ճանաչման արժանացած սկզբունքն այն է, որ գողը չպետք է վայելի իր հանցագործության պտուղները: Դեռ կա նաեւ այն սկզբունքը, որ օրենքները պետք է ոչ թե ընտրովի, այլ հավասարապես կիրառվեն բոլորի հանդեպ անխտիր: Այնպես որ «aՙ la carte» տարբերակով միջազգային իրավունք գոյություն չունի:

Սակայն դեռեւս կան մարդիկ, որոնք պնդում են, որ հայերը արդարացիորեն իրավունք չունեն որեւէ բան պահանջելու, քանի որ «ցեղասպանության կոնվենցիան» միայն 1948-ին է ընդունվել (այսինքնՙ 30-ից ավելի տարիներ անց հայերի ցեղասպանությունից), եւ նման կանոնադրությունները սովորաբար հետադարձ կիրառություն չեն կարող ունենալ:

Սա, իհարկե, սխալ հետեւություն է, որովհետեւ ցեղասպանության սույն կոնվենցիան կազմվել եւ ընդունվել է հենց հայերի ցեղասպանության եւ հրեաների Հոլոքոսթի լույսի ներքո: Ոչ միայն հայերի ցեղասպանությունն է նախորդել կոնվենցիային, այլեւ Հոլոքոսթը, որից փրկվածների օրինական պահանջները ոչ ոք հարցականի տակ չի դնում: Ավելին, այդ պնդումը «ապխտած հարինգի» դեր է կատարում, որի նպատակն է շփոթմունք առաջացնել եւ մարդկանց ուշադրությունը շեղել հայկական պահանջների իրավական հիմքերից: Ճիշտ է, հայերի իրավունքները չեն բխում ցեղասպանության կոնվենցիայից, բայց այդ կոնվենցիայի դրույթները ուժեղացնում են հայերի արդեն իսկ գոյություն ունեցող իրավունքներն այն մասին, որ նրանց պետք է ճանաչել որպես զոհերի եւ փոխհատուցել կրած վնասների դիմաց:

1920 թվի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագրի 144 եւ 230 հոդվածները ճանաչում են (Օսմանյան) կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների (հայերի, պոնտոսցի հույների, քաղդեա-ասորիների) դեմ ծավալված բնաջնջման արշավից փրկվածների իրավունքները եւ վերահաստատում թուրքական պետության պարտավորությունները հետաքննություն անցկացնելու եւ պատժելու այդ ոճրագործությունների մեղավորներին: Հոդված 144-ում, ի մասնավորի, ասված է.

«Օսմանյան կառավարությունն ընդունում է լքված սեփականության (Emval-i-Metroukeh) վերաբերյալ 1915 թվականի օրենքի, ինչպես նաեւ այդ օրենքի լրացումների անիրավացիությունը եւ հայտարարում է դրանք վերացված եւ ուժը կորցրած ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում:

Օսմանյան կառավարությունը հանդիսավոր կերպով պարտավորվում է հնարավորության սահմաններում նպաստել, որպեսզի իրենց օջախները վերադառնան եւ իրենց գործերը վերսկսեն օսմանյան այլազգի այն քաղաքացիները, որոնք 1914 թ. հունվարի 1-ից հետո գաղթել են գազանությունների հանդեպ ունեցած վախից դրդված, կամ արտաքսվել են բռնադատման որեւէ այլ եղանակով: Օսմանյան կառավարությունն ընդունում է, որ օսմանյան հիշյալ քաղաքացիներին կամ նրանց համայնքներին պատկանող այն անշարժ եւ շարժական գույքերը, որոնք կարող են որոնելով գտնվել, ում ձեռքումն էլ դրանք լինեն, պետք է որքան հնարավոր է շուտ վերադարձվեն (իրենց տերերին)»:

Իսկ հոդված 230-ը նշում է, ի մասնավորի, որ «Թուրքական կառավարությունը պարտավորվում է դաշնակից պետություններին հանձնել բոլոր նրանց, որոնց ձերբակալումը անհրաժեշտ կհամարեն նրանք, որպես պատասխանատուների 1914 թվի օգոստոսի 1-ի դրությամբ թուրքական կայսրության մաս կազմող տարածքի վրա շարունակվող պատերազմի պայմաններում իրականացված կոտորածների համար: Դաշնակից պետությունների իրավասության տակ է դրվում այդ անձանց դատելու տրիբունալների հաստատումը, եւ թուրքական կառավարությունը պարտավորվում է ճանաչել այդ տրիբունալները...»:

Չնայած Ազգերի լիգան երբեք էլ նման միջազգային տրիբունալներ չկայացրեցՙ դատելու համար հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ ցեղասպանություն իրականացրած հանցագործներին, այդուհանդերձ բազմաթիվ դատավարություններ իրականում տեղի ունեցան Ստամբուլում 1919-ին, նախքան Սեւրի պայմանագրի ստորագրումը: Թուրքական իշխանություններն անցկացրին այդ դատավարություններն ընդդեմ օսմանյան պաշտոնյաների, որոնք ներառված էին ցեղասպանության գործընթացում: Այդ պաշտոնյաներից շատերը մեղավոր ճանաչվեցին, եւ երեք հոգի էլ մահվան դատապարտվեցին:

Սեւրի պայմանագիրը, սակայն, չգործադրվեց սուլթանի դեմ իրականացված պետական հեղաշրջման պատճառով, որի հեղինակ Մուսթաֆա Քեմալը ոչ միայն գահընկեց արեց սուլթանին, այլեւ շարունակեց պատերազմել հույների եւ բրիտանացիների դեմ: Ավելին, նրանց Անատոլիայից դուրս քշելուց հետո սկսեց խաղաղության նոր պայմանագրի շուրջը բանակցել դաշնակից պետությունների հետ, եւ այս գործընթացը անպատժելիություն ապահովեց թուրք հազարավոր պաշտոնյաների, որոնք մասնակցել էին կոտորածներին:

Ժխտել այն փաստը, որ հայերի կոտորածները համահունչ էին ցեղասպանության, նշանակում է անտեղյակ լինել փաստերից եւ դրսեւորել անբարեխիղճ վերաբերմունք: Կասկած լինել չի կարող, որ հայերի ցեղասպանությունը շատ ավելի վատն էր, քան 1990-ականներին նախկին Հարավսլավիայում կատարված էթնիկական զտումների գործողությունները, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայի 1992 թվի 47/121 որոշմամբ բնութագրվեցին որպես «ցեղասպանության մի ձեւ, տարբերակ»: Կասկած լինել չի կարող, որ հայերի կոտորածները բազմաթիվ անգամներով ավելի վատն էին, քան Սրեբրենիցայի կոտորածները, որոնք նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական տրիբունալի եւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից դատապարտվեցին որպես ցեղասպանություն:

Բայց վերադառնանք գլխավոր «ubi jus ibi remedium» սկզբունքին: Կարեւորն այսօր ոչ թե մեղավորին կամ մեղավորներին պատժելն է, քանի որ քրեականորեն պատասխանատու այդ անձնավորությունները ներկայումս ողջ չեն, այլ հայկական բնաշխարհի վերադարձի իրավունքը, որը ենթադրում է փոխհատուցում եւ իրավունքների վերականգնում:

Այս առումով տեղին է այստեղ հիշատակել «Բնակչության տեղափոխությունների մարդու իրավունքների չափերի» հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հատուկ զեկուցողՙ Աուն Շաուքաթ էլ Խասաունեյի (ներկայումսՙ Արդարադատության միջազգային դատարանի դատավոր) վերջնական զեկուցումը, որին կցված հայտարարության (պաշտոնապես ընդունված մարդու իրավունքների հանձնախմբի եւ Տնտսոցխորհի կողմից) հոդված 8-ի դրույթներովՙ «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կամավոր, անվտանգ եւ արժանապատիվ կերպով վերադառնալու իր բնօրրանըՙ ծննդավայրը: Այս իրավունքը չի խոչընդոտում տուժածների մյուս իրավունքինՙ ստանալու իրավական պաշտպանության համարժեք միջոցներ, ներառյալ բնակչության տեղափոխությունների հետեւանքով կորցրած ունեցվածքի վերականգնում կամ փոխհատուցում, եթե ունեցվածքի վերականգնումը հնարավոր չէ»:

Նման կոչ է անում նաեւ իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու «ՄԱԿ-ի գլխավոր սկզբունքներն ու ուղենշերը» փաստաթուղթը (Գլխավոր ասամբլեայում ընդունված 2005-ի դեկտեմբերի 16-ին), որի հոդված IX-ում ի մասնավորի նշվում է.

«Կետ 19: Փոխհատուցումը կամ վերականգնումը պետք է որքան հնարավոր է տուժածին վերադարձնի իր նախնական վիճակին, նախքան մարդու իրավունքների կամ միջազգային մարդասիրական իրավունքների լուրջ խախտումների ենթարկվելը: Հատուցումը նախատեսում է ազատության պատշաճ վերականգնում, մարդու իրավունքների, ինքնության, ընտանեկան կյանքի եւ քաղաքացիության վերականգնում, վերադարձ դեպի բնակության վայր, ինչպես նաեւ աշխատանքի եւ ունեցվածքի վերականգնում:

«Կետ 20: Փոխհատուցում պետք է տրվի տնտեսական որեւէ գնահատելի վնասի դիմացՙ համաչափ իրավունքի խախտման ուժգնությանը: Վերջինիս մաս են կազմումՙ ա) ֆիզիկական կամ մտավոր վնասվածքը, բ) կորցրած հնարավորությունները (աշխատանքի, կրթության, սոցիալական օգուտները), գ) նյութական վնասները, դ) բարոյական վնասները, ե) իրավական եւ մասնագիտական օժանդակության եւ բժշկական ու հոգեբանական ծառայությունների ծախսերը:

Քանի որ ցեղասպանության եւ մարդկության դեմ գործված հանցագործությունների համար վաղեմության ժամկետների սահմանափակման դրույթներ չկան, պահանջատիրության եւ փոխհատուցման հայկական հայցերը շարունակում են ուժի մեջ մնալ: Տասնամյակներ շարունակ հայերը լռության զոհ են դարձել, իսկ լռության հանցանքն ավելի վատ է, քան ժխտողականությունը: Միջազգային իրավունքը պետք է հետամուտ լինի, որ ճշմարտությունն ու արդարությունը գերակայեն:

Комментариев нет:

Отправить комментарий