ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ
Երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը որպես պետություն գոյություն չի ունեցել, հարեւան երկրում դրանից խիստ վիրավորվածի տեսք են ընդունում: Բայց, պարզվում է, անգամ Բաքվում չեն կարողանում լիովին կեղծել փաստերն ու իրողությունները:
1994թ. լույս է տեսել «Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւի դիվանագիտական գրառումները» : Գիրքը խմբագրել եւ առաջաբանը գրել է Ադրբեջանի այն տարիների ԱԳ նախարար Հասան Հասանովը :
Թոփչիբաշեւը «կառավարության» հանձնարարականով ուղարկվել է Կոստանդնուպոլիս, որպեսզի Թուրքիայի իշխանությունների հետ քննարկի «Ադրբեջանի ինքնուրույնության ճանաչման հարցը»: Նա մտադիր է եղել առաքելությունը շարունակել Բեռլինում եւ Վիեննայում: Նման առաքելությամբ Թուրքիա, Ավստրիա եւ Գերմանիա «արտակարգ եւ լիազոր նախարար» գործուղելն ինքնին վկայում է Ադրբեջանի «կառավարության» կատարյալ անիրազեկության մասին: Այն ժամանակ ակնհայտ էր, որ Թուրքիան ու նրա դաշնակիցներ Ավստրո-Հունգարիան եւ Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմը տանուլ են տալիս, ուստի չէին կարող որեւէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի «ինքնուրույնության ճանաչման» հարցի վրա:
1918թ. հոկտեմբերի 2-ին Թոփչիբաշեւն ընդունելության է եղել Թուրքիայի մեծ վեզիր Թալեաթի մոտ: Նա զգուշորեն ակնարկել է, որ մտադիր է մեկնել Վիեննա եւ Բեռլին: Պատասխանը դիվանագիտական պատշաճությունից դուրս կոպիտ եւ միանշանակ է. «Ադրբեջանի ինքնուրույնությունը չեն ճանաչում ոչ Գերմանիան, ոչ Ավստրո-Հունգարիան, ոչ Ռուսաստանը», ուստի «ձեզ պետք է մնալ այստեղ»:
Թալեաթը նույնիսկ պարզ ասում է, որ Բեռլինում բոլշեւիկյան Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Իոֆեն Թուրքիային է վերագրել «Ռուսաստանից Կովկասի մուսուլմանների անջատվելը»: Անգամ Ադրբեջանի «ինքնուրույնության» հովանավոր Թուրքիայի վարչապետն է խոստովանել, որ այդ կապակցությամբ միջազգային վերաբերմունքը կատարյալ մերժողական է: Նա ակնարկել է, որ ոչ ոք, անգամ Թուրքիայի դաշնակից երկրները, չեն հավատում, որ Բաքվում «ինքնուրույն կառավարություն է գործում»:
Նույն վերաբերմունքն է արտահայտում նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Սամի-բեյը: Իրավիճակը բավական ծիծաղելի է. «Պատիվ ունեմ ներկայանալու` ադրբեջանական կառավարության անդամ Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւ... Ադրբեջանական կառավարության համապատասխան մանդատը ես պատիվ կունենամ ներկայացնելու հիմա», ասում է ներկայացողը, հնչում է այս պատասխանը. «Նեղություն մի քաշեք ներկայացնել մանդատը, մենք ձեզ հետ դեռ կտեսնվենք»:
Ահմեդ Սամի-բեյը հետաքրքրվում է, թե ինչպիսին է վիճակն Ադրբեջանում: Թոփչիբաշեւն անթաքույց հասկացնում է, որ առանց Թուրքիայի հովանու Ադրբեջանը ոչինչ անել չի կարող: Ահմեդ Սամի-բեյի արձագանքն ուղղակի սպանիչ է. «Թուրքական կառավարությունն, անկասկած, միշտ է պատրաստ ձեզ օգնության գալու: Հիմա ձեզ մոտ բանակ է կազմավորվում եւ միջոցներ են ձեռնարկվում ֆիանանսներ ապահովելու: Ձեզ աշխատանք է սպասում Ադրբեջանի սահմանների հաստատման եւ ընդհանրապես ձեր հարեւանների` վրացիների եւ հայերի հետ սահմանազատման ուղղությամբ: Այդ կապակցությամբ ձեզ պետք կլինի, որ ինքներդ վերջ դնեք ներքին սահմանային վեճերին, որը կբերի ձեր եւ նրանց միջեւ բարի հարեւանական կյանքի...»:
Եթե վերծանենք Թուրքիայի արտգործնախարարի ասածը, ապա կստացվի, որ Թուրքիան «հռչակել է ինքնուրույն Ադրբեջան», կազմավորել նրա բանակը, օգնել ֆինանսապես, բայց մտադիր չէ այդ «կառավարության» տարածքային հավակնություններին բավարարում տալ: Հանդիպումը շատ կարճ է տեւել: Վերոհիշյալ հայտարարությունն անելուց հետո Ահմեդ Սամի-բեյը Թոփչիբաշեւին քաղաքավարի «դուրս է հրավիրել»` ասելով. «Թույլ տվեք այդ հարցով ձեզ անհանգստացնել մի որոշ ժամանակ հետո»:
Հաջորդ օրը Թոփչիբաշեւն արժանացել է Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի ընդունելությանը: Ադրբեջանի «կառավարության» ներկայացուցիչը նախ Էնվերին է փոխանցել Կովկասյան իսլամական բանակի գլխավոր հրամանատար Նուրի փաշայի «սելամ»-ը, որին նա «թողել է ողջ-առողջ», բայց` «կլանված երկու հարցի լուծմամբ. իր կազմակերպած ադրբեջանական գնդերը զենքով եւ հագուստով մատակարարելու եւ Բաքվի գրավմամբ»: Թոփչիբաշեւը հրապարակ է հանում իր ողջ պերճախոսությունը. «Փաշա, մենք գիտակցում ենք, որ ամեն ինչի համար պարտական ենք ձեզ, եւ ես հանդգնում եմ առանց որեւէ չափազանցության խիզախորեն ձեզ զեկուցել, որ նման ծանր խնդրի համար (նկատի ունի Բաքվի գրավումը- Վ.Ա.) ձեր եղբոր գործուղելն էլ ավելի է ձեր անձին գամել կովկասյան մուսուլմանների սրտերը, որոնք նախկինում էլ պաշտում էին ձեզ` որպես թուրքական հանճարի պայծառ աստղի»:
Էնվերը խոստանում է օգնել, ուղարկել տեսուչներ, քանի որ «Բաքվի ճակատից մեր զորքերի մի մասը հետ է վերադարձվելու, երկու դիվիզիաներից մեկը», իսկ այնուհետեւ Թոփչիբաշեւին խորհուրդ է տալիս մեկնել ոչ միայն Բեռլին եւ Վիեննա, այլեւ` Շվեդիա, Հոլանդիա, Կոստանդնուպոլսում հանդիպել ե՛ւ պատերազմող, ե՛ւ չեզոք երկրների դեսպանների, «եւ անձնական այցելությունների, մամուլի քարոզչության որքան հնարավոր է հաճախ հիշեցնել Ադրբեջանի մասին որպես կատարելապես ինքնուրույն պետության»:
Թոփչիբաշեւի «դիվանագիտական առաքելության» առաջին փուլն ավարտվում է Թալեաթի կառավարության հրաժարականով: Հոկտեմբերի 21-ին նա արդեն այցելում է Թուրքիայի նոր վարչապետին: Իրավիճակը կտրուկ փոխված է. վարչապետ Իզզեթ փաշան խոստովանում է, որ «Թուրքիան պարտված է, մենք պիտի համատեղենք ջանքերը, որպեսզի պաշտպանենք մեր շահերը»: Թոփչիբաշեւը, սակայն, դարձյալ պնդում է, որ առանց «ավագ եղբոր օգնության Կովկասի մուսուլմանների համար դրությունը վատ, շատ վատ է լինելու», Իզզեթ փաշան ավելի է մեկնաբանում. «Բնական է, բնական է, ավագ եղբայրը միշտ օգնելու է, պարտավոր է օգնել կրտսերին` ինչով միայն կարող է: Բայց ինքներդ եք տեսնում, որ հանգամանքները փոխվել են, կտրուկ փոխվել է մեր եւ մեր դաշնակիցների դրությունը: Խոսքի իրավունքը հիմա մեզ չի պատկանում, այլ Վիլսոնին (նկատի ունի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին-Վ. Ա.) եւ նրա կողմնակիցներին»:
Հոկտեմբերի 27-ին Թոփչիբաշեւը հանդիպում է Թուրքիայի նոր արտգործնախարարին եւ անմիջապես դժգոհում, որ մի քանի անգամ ցանկացել է տեսակցել, բայց նախարարը «զբաղված է եղել»: Կատարելապես անիմաստ խոսակցություն է ծավալվում: Թոփչիբաշեւը դարձյալ աջակցություն է խնդրում, նախարար Նաբի-բեյը` հասկացնում, որ «իրավիճակը արմատապես փոխվել է, դուք ազատ եք մերձենալ որեւէ երկրի հետ»: Տպավորությունն այն է, որ Թուրքիան ուղղակի իրենից փորձում է թոթափել Ադրբեջանի «ինքնուրությունը ճանաչելու» բեռը:
Բայց Թոփչիբաշեւը համառ է: Նա բարձրացնում է Ադրբեջանում թուրքական դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելու հարցը եւ նկատում, որ այդպիսիք նշանակված են Վրաստանում եւ Հայաստանում: Պատասխանը խուսափողական է` «այդ մասին կմտածենք»: Այստեղ առաջին անգամ Թոփչիբաշեւը բարձրացնում է Ղարաբաղի հարցը. «Հայերն այդպես են անվանում նախկին Ելիզավետպոլի նահանգի չորս` Շուշիի, Ջեւանշիրի, Ջեբրայիլի եւ Զանգեզուրի գավառները: Դրանք բոլորը մտնում են Ադրբեջանի տարածքի կազմի մեջ, եւ մեր կառավարությունն իրավունք է ունեցել այնտեղ ուղարկել իր զորքերը, որպեսզի իր տարածքում վերականգնի հանդարտությունը»: Նա հետաքրքրվում է, թե ինչ քայլեր է ձեռնարկել թուրքական կողմը, որպեսզի «հայերն աղմուկ չբարձրացնեն»: Նախարարի պատասխանը հնչում է կտրուկ. «Ոչ մի քայլ այդ կապակցությամբ չի ձեռնարկվել: Բայց պահի տեսակետից, իհարկե, նման գործողությունից, որպիսին զորքեր ուղարկելն է, պետք է ձեռնպահ մնալ»:
Նոյեմբերի 3-ին տեղի է ունենում Թոփչիբաշեւ-Թուրքիայի ծովային նախարար Ռաուֆ-բեյ հանդիպումը: Որեւէ հուսադրող խոսք չի հնչում: Ծովային նախարարն, ընդհակառակը, հասկանալ է տալիս, որ թեեւ իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ մնում է անփոփոխ, բայց «այժմ ամբողջ ուշադրությունը, բնականաբար, ուղղված է Թուրքիային, որին մեծագույն վտանգ է սպառնում... Անտանտի դաշնակիցների պահանջները դաժան են, բայց ինչ կարող ես անել, մենք պարտված ենք, նրանք` հաղթող»:
Թոփչիբաշեւ. «Խոսք չկա, ամենից առաջ պետք է հոգ տանել Թուրքիայի մասին, որի բարեկեցությունից է կախված նաեւ մեր բարեկեցությունը: Դա մեր պարտքն է` որպես որդու` հոր հանդեպ: Բայց ինձ վրա դրված մյուս պարտքն էլ պահանջում է մշտարթուն հոգ տանել Ադրբեջանի շահերի մասին: Այսօրվա թերթերում հայտարարված` ձեր ստորագրած զինադադարի պայմանների լրիվ թվարկումը ինձ բոլորովին տագնապեցրել է եւ ստիպել անհանգստանալ մեր Ադրբեջանի ճակատագրի համար: 11 եւ 15 կետերով մեզ հասցված է լիովին զգալի հարված, մենք չենք մասնակցել ձեր եւ անտանտականների բանակցություններին, եւ առանց մեր իմացության Ադրբեջանի մայրաքաղաքը եւ մեր անդրկովկասյան երկաթուղին տրված են անգլիացիներին»:
Նախարարն ստիպված է եղել ընդհատել եւ հասկացնել, որ դա հաղթող դաշնակիցների պահանջն է, նրանք պնդել են, որ «Բաքուն գրավված է թուրքական զորքերի կողմից, Ադրբեջանի սահմաններում երկաթուղու կառավարումը թուրքերի ձեռքին է»: Թոփչիբաշեւը նորից է պնդում, որ «նրանք կարող էին սխալվել», ինչին նախարարը կոպիտ հակադարձում է. «Պարոն, մենք դա ցույց ենք տվել եւ մի քանի անգամ ընդգծել, որ Բաքուն մեր քաղաքը չէ, դրա համար էլ իրենք` անտանտականները պետք է բանակցությունների մեջ մտնեն ադրբեջանական կառավարության հետ, բայց անգլիացիները մեզ կտրականապես հայտարարել են, որ իրենք, ինչ գնով էլ լինի, Բաքուն վերցնելու են, եւ քանի որ «այնտեղ ձեր մարդիկ են` զինվորարականներ, ապա հարկ է երաշխիքներ ունենալ, որ դուք` թուրքերդ դրան չեք խանգարելու»: Եվ նրանք պնդել են, որ դա մտցվի զինադադարի պայմանների տեքստ»:
Հանուն հաճույքի չէ, որ այս ամենը գրվում է: Ոչ: Խնդիրն այլ է. ադրբեջանցի առաջին դիվանագետներից մեկի գրառումներով վկայել, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, նույնիսկ Թուրքիայի կողմից լիովին ճանաչված չի եղել: Իսկ ինչ վերաբերում է խնդրի միջազգային ընկալմանը, ապա շատ պարզ է, որ թե՛ Թուրքիայի դաշնակիցները, թե՛ հաղթած երկրները եւ, առաջին հերթին, Մեծ Բրիտանիան, Ադրբեջան անվանված տարածքը համարել են Թուրքիայի կողմից գրավված, ուստի զինադադարի մասին համաձայնագրով Օսմանյան կառավարությանը պարտավորեցրել են այնտեղից դուրս բերել իր զորքերը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա ինչպես վերեւում տեսանք, նույնիսկ Օսմանյան կառավարությունն է դեմ եղել, որ Ադրբեջանը «հարցը լուծի այնտեղ զորքեր ուղարկելով»:
Այդ պահից սկսած Թոփչիբաշեւի դրությունը կատարյալ ծիծաղելի է դառնում: Նա ներկայանում է արտաքին գործերի նախարարի ընդունարան, սակայն վերջինիս տեղում չի գտնում: Զրուցում է օգնականի հետ: Հաջորդ օրը վերջապես կայանում է բաղձալի հանդիպումը: Կրկին խոսք է բացվում Բաքուն եւ երկաթուղին անգլիացիներին զիջելու մասին: Նախարարը կոպիտ է պատասխանում. «Գիտեմ, գիտեմ: Այդ պարտավորվածությունը մենք ստպված ենք եղել ընդունել անտանտականների ներկայացուցիչների պահանջով, նրանք հատկապես պնդել են, եւ մենք չէինք կարող չընդունել, եթե ցանկանում էինք զինադադար կնքել»: Թոփչիբաշեւը վերջին հուսահատ փորձն է անում եւ ասում, թե հույս ունի, որ «դուրս չեն բերվի այն զորքերը, որ կամավոր անցել են մեր կողմը»: Հավանաբար խոսքը թուրքական այն զորամիավորումների մասին է, որ գտնվելով Բաքվում, պետք է զինադադարի պայմանավորվածության շրջանակներում դուրս բերվեին: Նախարարը պատասխանում է. «Ընդհանրապես, նախկինում սխալ է թույլ տրվել` այնտեղ զորք ուղարկելով: Լավ կլիներ, եթե դա չլիներ, այդ դեպքում ձեր դրությունն էլ այդքան ծանր չէր լինի»:
Թոփչիբաշեւի դիվանագիտական գրառումներում Ղարաբաղի հարցին անդրադարձներ կան: Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը նա վերստին փորձում է Օսմանյան կառավարությունից երաշխիքներ պոկել: Հնչում է նրա համար անցանկալի պատասխան: «Բանն ամենեւին էլ հանդարտություն հաստատելու մեջ չէ: Հայերն ասում են, որ Ղարաբաղում մեծամասնությունն իրենք են: Ձեզ եւ հայերին անհրաժեշտ է Ղարաբաղի վեճը կարգավորել սիրով: Մի մոռացեք, որ այնտեղ, որտեղ հայերը մեծամասնություն են, նրանք անպայման առավելություն կունենան, նրանց կպաշտպանեն բոլոր պետությունները, հատկապես` անտանտականները, վերջապես դա կհամապատասխանի նաեւ Վիլսոնի պահանջներին եւ սկզբունքներին: Ես ձեզ խնդրում եմ ծանուցել ձեր կառավարությանը, որ գործի հատկապես այդ ուղղությամբ»:
Այս եւ այլ հարցերում Թոփչիբաշեւը փորձում է «փոխըմբռնման հասնել» դաշնակից երկրների ներկայացուցիչների հետ: Թուրքիայից որեւէ հույս նա արդեն չունի: Հետաքրքրական է նրա եւ անգլիական գնդապետի հանդիպման սղագրությունը.
Գնդապետ. Պարոնայք, դուք Ադրբեջանից եք, այդպես չէ՞:
Թոփչիբաշեւ. Այո, պարոն գնդապետ:
Գնդապետ. Ուրեմն դուք պարսիկներ եք, քանի որ Ադրբեջանը Պարսկաստանում է:
Թոփչիբաշեւ. Ո՛չ, պարոն գնդապետ, մենք կովկասյան Ադրբեջանից ենք:
Գնդապետ. Ա, դա Բաքուն եւ շրջակայքն է, այդպես չէ՞:
Թոփչիբաշեւ. Այո՛, Բաքվի, Ելիզավետպոլի, Զաքաթալայի նահանգները եւ այլն:
Գնդապետ. Ձեր տարածքը որքա՞ն է:
Թոփչիբաշեւ. 85-95 հազ. քառ. կմ:
Գնդապետ. Դուք աշխարհագրական քարտեզ ունե՞ք: Որտե՞ղ է Ղարաբաղը: Մենք լսել ենք, որ վերջերս դուք էքսպեդիցիոն կորպուս եք ուղարկել Ղարաբաղ, որն այնտեղ ոչնչացրել է շատ հայերի եւ որ նույնը տեղի է ունեցել Բաքվում, երբ քաղաքը գրավել են թուրք-թաթարական միացյալ ուժերը: Թուրքերը ոչնչացրել են հայ բնակչության գրեթե կեսը, եւ մեզ համար ծանր էր լսել ձեր կողմից հայերին ոչնչացնելու մասին:
Թոփչիբաշեւ. Պարո՛ն, դեպքերը, որի մասին դուք խոսում եք, բավական հին են եւ տեղի են ունեցել երեք ամիս առաջ: Ներկայումս ամեն ինչ վերադարձել է բնական վիճակին, ամենուր կատարյալ կարգուկանոն է տիրում: Ղարաբաղի հարցը երկու կողմերին անհանգստացնող խնդիր է: Ճիշտ է, որ Ղարաբաղի մի մասը բնակեցված է հայերով, շուրջ 200 հազ. բնակիչ, բայց այդ մարզից այնկողմ բարձր լեռներ են` մասամբ քրդերով բնակեցված, մասամբ` դատարկ, որ պատկանում են մուսուլմաններին եւ ծառայում են որպես ամառային արոտավայրեր: Քանի որ Ղարաբաղի մուսուլման բնակչության մեծամասնությունն ապրում է անասնապահության հաշվին, ապա իրենց լեռներից զրկվելը նրանց համար կնշանակի կատարյալ տնտեսական աղետ:
Գնդապետ. Այդ ամենը հետաքրքրական է, բայց պետք է ընդունվի ամեն ժողովրդիՙ իր բախտն ընտրելու ազատության սկզբունքը:
Նոյեմբերի 25-ին Թոփչիբաշեւը հանդիպում է Թուրքիայի ռազմական նախարար Աբդուլլա փաշային: Խոսակցության հիմնական թեման Ղարաբաղն է: Օսմանյան կառավարության ռազմական նախարարը պահանջում է ստույգ տեղեկություններ, թե ե՞րբ եւ ինչո՞ւ է Ադրբեջանի «կառավարությունը» Ղարաբաղ զորքեր ուղարկել: Թոփչիբաշեւը խուսափողական պատասխաններ է տալիս: Ամեն ինչից զգացվում է, որ խոսակիցները միմյանց հասկանում են: Այդուհանդերձ, Աբդուլլա փաշան կտրուկ պնդում է. «Մեզնից պահանջում են Ղարաբաղի հայերին անվտանգ պահել, եւ մենք դա պարտավոր ենք անել»:
Թոփչիբաշեւը Կոստանդնուպոլսում մնացել է երկար: Այնտեղից էլ որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավար մեկնել է Փարիզ: Բայց նրա դիվանագիտական առաքելությունը ոչ Ադրբեջանի «ինքնուրույնության ճանաչման», ոչ Ղարաբաղի հարցում որեւէ հաջողություն չի արձանագրել:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Комментариев нет:
Отправить комментарий