ԱՀՀ. Ղարաբաղի հարցում առաջընթաց կլինի, եթե ԱՄՆ-ը Մոսկվայից ու Փարիզից հետո ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական ջանքերը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման ապահովման ուղղությամբ:
«Այն փաստը, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ խաղաղության, ափսոսանք է հարուցում: Հայաստանը մշտապես ցուցադրում է չլուծված խնդիրները լուծելու իր պատրաստակամությունը, իսկ Ադրբեջանը, հակառակը, միայն ավելացնում է իր ռազմական բյուջեն եւ լարվածություն է ստեղծում` բազմիցս սպառնալով ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- ասված է Համագումարի հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով Կազանի հանդիպման արդյունքները, նաեւ փակուղի մտած գործընթացը` կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ, Համագումարը վստահ է, որ ԱՄՆ-ը մեծ առաջընթացի կհասնի կարգավորման գործընթացի խաղաղ բանակցություններում, եթե Վաշինգթոնը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել են ԵԱՀԿ մյուս համանախագահները` Ֆրանսիան եւ Ռուսաստանը»:
Բացի այդ, եկել է ժամանակը Լեռնային Ղարաբաղն անմիջականորեն ընդգրկել բանակցային գործընթացում: Հակամարտության ցանկացած կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար եւ հաշվի առնի ինքնորոշման նրա իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ:
«Կոմերսանտ». «Հիասթափված» Մեդվեդեւը պատրաստ է դադարեցնել միջնորդական առաքելությունը ԼՂ կարգավորման գործում
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այնքան է հիասթափվել Կազանի հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Պարոնայք Ալիեւի եւ Սարգսյանի հաջորդ հանդիպումը նա մտադիր է կազմակերպել միայն այն պայմանով, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջապես ստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը»,- գրում է պարբերականը:
Ինչ վերաբերում է Կազանում բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության տեքստին, թերթի աղբյուրի խոսքով, այդ ձեւակերպումը, նշանակում է, որ կողմերը պարզապես «հերթական անգամ արձանագրեցին մնացած վիճելի հարցերը»:
«Թեեւ Երեւանն ու Բաքուն ասում են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, նրանց երկխոսության ճակատագիրը կազանյան գագաթաժողովի ձախողումից հետո մնում է հարցականի տակ»,- գրում է պարբերականը: «Կոմերսանտի» աղբյուրի խոսքով, դիվանագետների մեջ, Կազանում տարաձայնություններ են հայտնվել: «Այնտեղ կան ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ շոշափելի հարցեր, ինչպես Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Բայց խնդիրն անգամ տարաձայնությունները չեն, այլ այն, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները, իսկ այդպես չի կարելի»:
«Եթե առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանը կուտակված խնդիրները լուծելու պատրաստակամություն չհայտնեն, մենք կհամարենք, որ միջնորդական առաքելությունն ավարտված է»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը եւ հավելել. «Ավելին, Մեդվեդեւը հակամարտության կողմերին փաստացի վերջնագիր է ներկայացրել»:
Նշենք, որ Կազանում հունիսի 24-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել:
Ո՞վ է արյունով գրաված հողերը խոսքով հետ տալիս. ազատագրված տարածքների բնակիչներին չի հետաքրքրում ԼՂ բանակցությունների ընթացքը
Նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդները նվերներով այցելել են 12 բնակավայր, շփվել տեղի բնակիչների հետ:
Թեեւ արցախցիները քաջատեղյակ էին կազանյան հանդիպման մասին, դրա ընթացքը եւ ելքը նրանց քիչ էր հետաքրքրում: «Ազատագրված տարածքների որեւէ զիջում անհնար է, ո՞վ է արյունով գրաված հողերը խոսքով հետ տալիս»,- ասել են քարվաճառցիներն ու շահումյանցիները:
«Հարկ եղած դեպքում պատրա՞ստ եք կրկին պատերազմել Ձեր հայրենիքը պաշտպանելու համար» հարցից ազատագրված շրջանների բնակիչները վիրավորվում էին ու հաճախ արհամարհական քմծիծաղ տալիս:
Քաշաթաղում անգամ տատիկներն են պատրաստ վերհիշել պատերազմի ընթացքում ձեռք բերած կարողությունները: 70-ամյա Ելենա Գեւորգյանը երիտասարդների հետ զրույցում ասել է, որ ազատագրված տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում առաջինն է մարտի դաշտ գնալու: «Անցած 20 տարվա ընթացքում կրակելու ունակությունս չեմ կորցրել»,- վստահեցրել է նա:
Քարվաճառի Զուառ գյուղի բնակիչներն էլ երեւանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ բոլորը միասին հանպատրաստից սկսել են երգել Հայաստանի Զինված ուժերի օրհներգը` «Երազ իմ երկիր հայրենի»:
Կազանը ցույց տվեց, որ Մոսկվան սահմանափակ ազդեցություն ունի ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա. փորձագետ
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան սահմանափակ ազդեցություն ունի ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով, կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան կարող է պնդելն միայն խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, գերիների փոխանակման, բայց ոչ մի դեպքում՝ նրանց համար անընդունելի փոխզիջումների վրա։ Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ երեք երկրների նախագահների կազանյան հանդիպումով վերջ դրվեց ղարաբաղյան հակամրտության շուրջ «արհեստական լավատեսության» փուլին։
Խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթի մասին՝ փորձագետն ընդգծեց, որ նա ԵԽԽ բարձր ամբիոնից ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, եւ Եվրոպան Ստեփանակերտի հետ պետք է հաղորդակցվի անմիջականորեն։
Փորձագետ. Բաքուն չի կարող իրացնել իր ռազմատենչ սպառնալիքները միջազգային հանրության առջեւ ունեցած վախից
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կազանյան հանդիպումից հետո ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ղարաբաղյան հակամարտության գոտում չի աճել: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ակտիվացումը Կազանի հանդիպումից հետո լիովին տրամաբանական է, քանի որ Բաքվի ակնկալիքները այդ հանդիպումից չարդարացան:
«Բայց Բաքուն չի համարձակվի իրականացնել իր սպառնալիքները` գիտակցելով միջազգային հանրության կոշտ արձագանքը»,- նկատել է փորձագետը եւ հավելել, թե ներկայումս Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները միտված են ներքին լսարանին եւ կրում են նախընտրական բնույթ, քանի որ Ալիեւը գիտակցում է, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լրջորեն բարդացնել իր շանսերը առաջիկա ընտրություններում:
Փորձագետ. Ադրբեջանը ոգեւորվում է, տեսնելով, որ Հայաստանը հաշտվում է տարածքներ հանձնելու մտքի հետ
Պատերազմ սկսած Ադրբեջանը հանցագործ է, բայց փաստ է, որ հանցագործ լինելով հանդերձ՝ ինքն է հանդես գալիս իբրեւ պահանջատեր, մինչդեռ Հայաստանը, որպես հաղթող կողմ, լարվում է եւ յուրաքանչյուր հանդիպումից առաջ չի կարողանում հաղթահարել թերարժեքության զգացողությունը։ Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
«Ադրբեջանը ոգեւորվում է, մանավանդ տեսնելով, որ Հայաստանը հաշտվում է տարածքներ հանձնելու մտքի հետ, հանդես գալով զոհի դերում։ Իսկ հայտնի է, որ իր առջեւ զոհ տեսնելիս գիշատչի ախորժակն ավելի է բացվում։ Մենք անընդհատ նահանջում ենք, իսկ Ադրբեջանը՝ տարեցտարի հզորանում։ Ակնհայտ է, որ եթե այսպես շարունակվի, նա մի օր էլ պատերազմ կսկսի։ Մի օր կծիկը կպայթի։ Բանավոր սպառնալիքներն անըդհատ չեն կարող անհետեւանք մնալ, դրանք որոշ ժամանակ անց գործի կվերածվեն»,- կանխատեսեց Հարություն Մեսրոպյանը։
Ռուսաստանի նախագահը երկարաձգել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հունիսի 27-ին ստորագրել է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. ստորագրված պայմանագրի ժամկետի երկարաձգման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը:
Ավելի վաղ` հունիսի 22-ին արձանագրությունը վավերացրել էր Ռուսաստանի դաշնային խորհուրդը: ԱՊՀ երկրների հետ ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Անդրեյ Գուսեւի խոսքով, «ռուսական ռազմակայանը Հայաստանի շնորհիվ անցել է բրիգադային համակարգի: Այժմ դրա թվաքանակը կազմում է 4 հազար 245 մարդ»:
Հայաստանի խորհրդարանն արձանագրությունը վավերացրել էր դեռ ապրիլի 12-ին` 80 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությունը ստորագրել էին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները 2010թ. օգոստոսին, Երեւանում, իսկ 2011թ. մարտի 15-ին Հայաաստանի Սահմանադրական դատարանը դրանք գնահատել էր որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագիրը 25 տարով ռուսական ռազմակայանի տեղակայման մասին ստորագրվել էր 1995թ. մարտի 16-ին, իսկ այժմ գործողության ժամկետը 25-ից դառնում է 49 տարի:
Արձանագրությամբ նախատեսվում է, որ ռազմակայանը ապահովում է նաեւ Հայաստանի անվտանգությունը:
Փորձագետ. Միջնորդներից մեկի կողմից ԼՂ հակամարտության մոնոպոլիզացումն անթույլատրելի է
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն արդյունքներ չի տալիս Ադրբեջանի երկակի դիրքորոշման պատճառով։ Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
Բացի այդ, ընդգծեց փորձագետը, բանակցություններում իրական առաջընթաց չի կարող գրանցվել առանց Ստեփանակերտի մասնակցության։ Նա նաեւ ընդգծեց, որ միջնորդի դերի մենաշնորհ դարձնելը անհնար է, քանի որ դա հղի է վտանգավոր հետեւանքներով։ «Հայկական կողմը բարձր է գնահատում միջնորդների, մասնավորապես Ռուսաստանի ջանքերը, սակայն միջնորդներից մեկի կողմից ԼՂ հակամարտության մոնոպոլիզացումն անթույլատրելի է»,- հայտարարեց փորձագետը։
Փորձագետ. ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կշարունակվեն փոփոխական ինտենսիվությամբ
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները կշարունակվեն փոփոխական ինտենսիվությամբ, քանի որ դրանց առկայությունը խաղաղություն է ապահովում հակամարտության գոտում։ Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց փորձագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նա նաեւ ընդգծեց, որ որքան էլ փոխվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջակները, հակամարտության կարգավորման հիմքում միեւնույն է, ընկած են լինելու Հելսինկյան սկզբունքները, որոնցից ամենահիմնականը ազգերի ինքնորոշման իրավունքն է։ «Սակայն հենց այս սկզբունքի հետ էլ չի հաշտվում Բաքուն»,- նկատեց Մարկարովը՝ ավելացնելով, որ առանց Ստեփանակերտի մասնակցության ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր չէ։
ԱՄՆ Պետքարտուղարություն. Ադրբեջանը «հատուկ ուշադրության ցանկում»
ԱՄՆ պետքարտուղարության թրաֆիքինգի մասին զեկույցի համաձայն Ադրբեջանը հայտնվել է «հատուկ ուշադրության արժանի» երկրների ցանկում: Ինչպես նշում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը, նման երկրներում «մարդկանց առեւտրի առավել ծանր տեսակների զոհերի առավելագույն քանակությունը շատ բարձր է կամ զգալիորեն աճում է, ապացույցներ չեն ներկայացվել, որ անցած տարի ուժեղացվել է պայքարը մարդկանց առեւտրի առանձնապես ծանր տեսակների դեմ»:
«Նույն դասակարգման մեջ են հայտնվում նաեւ այն երկրները, որոնք զգալի ջանքեր են գործադրում իրենց գործունեությունը նվազագույն նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ, սակայն պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն, հաջորդ տարի, ինչպես օրինակ Թուրքիան»:
ԱՄՆ պետքարտուղարության՝ թրաֆիքինգի մասին զեկույցում Հայաստանը հիշատակվում է այն երկրների ցանկում, որի «պետական մարմինները ոչ լիարժեք չափով են պահպանում մարդկանց առեւտրի զոհերի պաշտպանության օրենքի նվազագույն օրենքները, բայց զգալի ջանքեր են ներդնում, որպեսզի իրենց գործունեությունը համապատասխանեցնեն նման չափորոշիչներին»:
Լավագույն իրավիճակը Վրաստանում է, որի «իշխանությունները լիակատար կերպով պահպանում են նվազագույն նորմերը»:
Հայաստանի պաշտպանության փոխնախարար. C-300 համալիրները որեւէ առավելություն չեն տալիս Ադրբեջանին
Ադրբեջանի տրամադրության տակ եղած հակաօդային պաշտպանության ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրը «ոչնչով չի ազդելու հայ-ադրբեջանական ռազմական փոխդասավորվածության վրա»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Առկա ռազմական փոխդասավորվածության վրա այդ համալիրը ոչնչով չի ազդելու եւ Ադրբեջանին որեւէ ռազմավարական առավելություն չի տալիս»,- ասել է Տոնոյանը` հավելելով. «Ինչ վերաբերում է, օրինակ, Ադրբեջանի կողմից հավանական ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա այդ դեպքում, կարծում եմ, Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունները վարել նաեւ սեփական տարածքում, որոնց ժամանակ С-300 համալիրը դժվար թե էական աջակցություն ցուցաբերի»:
Նշված համալիրը, հիշեցնենք, ցուցադրվել է անցած կիրակի` Ադրբեջանի զինված ուժերի օրը, Բաքվում կայացած զորահանդեսում: Այդ զինատեսակները Բաքուն գնել էր Ռուսաստանից` 300 միլիոն դոլարով:
«Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից Ադրբեջանին C-300 համալիրի վաճառքը ձեռնտու կոմերցիոն գործարք է: Այդ հարցը անտեղի քաղաքականացվում է եւ, առաջին հերթին` Ադրբեջանի կողմից»,- նշել է Տոնոյանը` պարզաբանելով. «Բուն ռազմական տեսանկյունից այդ համալիրը չի սպառնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը այն պարզ պատճառով, որ դա հակաօդային պաշտպանության համալիր է եւ կրում է պաշտպանական բնույթ: Իսկ ոչ Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղը չեն պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ»:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը սկսել է ձեռք բերել պաշտպանական բնույթի սպառազինություն. «Միեւնույն ժամանակ, տվյալ համալիրի ձեռքբերումը եւ այդ հարցի շուրջ քաղաքական շահարկումները վկայում են, որ մեր հարեւանը հարձակողական տեսակների սպառազինությունից անցում է կատարել պաշտպանողական սպառազինության տեսակներ ձեռք բերելուն, ինչը նույնպես խորհելու տեղիք է տալիս: Հայաստանը նույնպես ունի նման համալիրներ, որոնք լիովին համապատասխանեցված են մեր պայմաններին եւ այսօր մարտական հերթապահություն են իրականացնում: Ի տարբերություն Ադրբեջանի, մեր համալիրները ծածկում են հավանական ռազմական գործողությունների ողջ օդային տարածքը եւ իրենց քանակական եւ որակական տվյալներով շատ ավելի մեծ կարողություններ ունեն: Ուստի C-300 համալիրների առկայության փաստը պետք է անհանգստացնի ռազմական գործողությունների սպառնալիքի դիրքերից հանդես եկող Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին»:
Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը` ի պատասխան Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռքբերմանը, Դավիթ Տոնոյանը նկատել է. «Հայաստանը ուղղակի հետեւողականորեն զարգացնում է իր զինված ուժերը, համապատասխանեցնում ժամանակակից պահանջներին, մեր պետության առջեւ ծառացած ռազմական անվտանգության խնդիրների արդյունավետ լուծմանը: Ուստի մենք առաջնորդվում ենք ոչ թե հակառակորդի կոնկրետ քայլերին հակաքայլերի սկզբունքով, այլ ցուցաբերում ենք առավել համակարգային եւ խորքային մոտեցում: Հայաստանում ավարտվել է Պաշտպանության ռազմավարության վերանայման գործընթացը, որի հիման վրա իրականացվում է ՀՀ Զինված ուժերի զարգացման ծրագիրը: Այն նախատեսում է խելացի պաշտպանություն եւ ժամանակակից պատերազմ վարելու կարողություն»:
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությանը` ղարաբաղյան հարցը ուժային տարբերակով լուծելու մասին. «Կարծում եմ, որ այդ հայտարարությունները առավելապես քաղաքական են, քանի որ մեր հարեւանը նույնպես տեղյակ է մեր իրական հնարավորությունների մասին: Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը ինքնախաբեությունից դրդված` ռազմական գործողություններ սկսի, նրա կողմից ռազմավարական կամ օպերատիվ հաջողությունների հասնելը գրեթե բացառում եմ: Նոր պատերազմը միայն կհանգեցնի նոր զոհերի եւ ավերածությունների»:
Ինձ Բաքվի օդանավակայանում ասացին, որ մուտքս արգելված է իմ ծագման պատճառով. Մեկնաբանում է Bloomberg-ի հայ ֆոտոթղթակիցը
Bloomberg-ի ֆոտոթղթակից Դիանա Մարկոսյանին հունիսի 28-ի երեկոյան Բաքվից արտաքսել են Ստամբուլ:
«Ես խիստ զարմացած եմ կատարվածով: Արդեն երեք շաբաթ մենք բանակցություններ ենք վարել Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ եւ իմ այցի համար թույլտվություն խնդրել: Ձեր ԱԳՆ-ի պատասխանատու աշխատակիցը 10 օր էր ուզել՝ հարցերը կարգավորելու համար: Ապա նա մի շարք փաստաթղթեր էր պահանջել, որոնք մենք ներկայացրել ենք, այդ թվում Bloomberg-ի պաշտոնական նամակը:
Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչն ասաց, որ ամեն ինչ նորմալ է եւ կարելի է ժամանել: Իսկ երբ հայտնվեցի Բաքվի օդանավակայանում, ինձ ասացին, որ մուտքս արգելված է իմ ծագման պաճառով, թեեւ երբեք չեմ եղել Հայաստանում: Իսկ ԱԳՆ աշխատակիցն ասաց, որ ոչինչ անել չի կարող: Կարելի է ամեն ինչ հասկանալ, բայց ինչու խոսք տալ մի բան, որը չեք կարող կատարել»,- Turan գործակալությանը հեռախոսով ասել է ֆոտոթղթակիցը:
Ադրբեջանը կրկին հակահայկական բանաձեւի նախագծեր է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Ադրբեջանի հետ կապված երկու հարց է ընդգրկել 66-րդ նստաշրջանի օրակարգ, որը մենարկում է սեպտեմբերի 14-ին:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, 35 եւ 36-րդ համարների տակ գտնվող «Ձգձգված համակարտությունները ՎՈՒԱՄ տարածքում եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա» եւ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հարցերը կրկին ներկայացվել են քննարկման, քան որ չէին քննարկվել 65-րդ նստաշրջանում:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները հետ էին կանչել բանաձեւերի նախագծերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների ճնշման տակ: Ձախողելով Կազանի հանդիպումը՝ պաշտոնական Բաքուն կրկին ակտիվացրել է իր ապակառուցողական գործողությունները:
ՊՆ. Ադրբեջանը հերթական անգամ փորձում է հայկական կողմի վրա բարդել իր բանակում անհանդուրժողականության հարաբերությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակի հետեւանքով Նախիջեւանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակ, միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից 5 անգամ:
Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջեւ անհանդուրժողականության հետեւանք: Եթե ադրբեջանական կողմը այլ փաստարկ ունի, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար»,- նշել է Կարապետյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկություն են տարածել, որ Նախիջեւանի Շահբուզի շրջանում միջադեպ է գրանցվել, որի արդյունքում 20-ամյա Սարհան Ազեր օղլու Ահմեդովը, հրազենային վնասվածք է ստացել:
Փորձագետ. Կազանյան հանդիպումը վերջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համար
Թյուր են որոշ փորձագետների կողմից հնչող կարծիքները, թե կազանյան հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հնարավորությունն էր՝ լուծել ղարաբաղյան հարցը։ Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով. «Այլ բան է, որ այդ հանդիպումը վերջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համար»:
«Ինչպես երեւում է, Մինսկի խմբի ձեւաչափը պետք է փոփոխության ենթարկվի։ Այս մասին ակնարկում են նաեւ Եվրոպայում։ ԵՄ-ն ջանքեր է գործադրում աջակցել Մինսկի խմբին՝ միաժամանակ չգրավելով նրա տեղը։ Ամեն դեպքում, ԵՄ որոշ ներկայացուցիչներ ցանկանում են փոխարինել Մինսկի խմբի որոշ ներկայացուցիչների՝ հատկապես ֆրանսիացի համանախագահին։ Եվրոպայում որոշ կողմեր մտածում են նաեւ բանակցային գործընթացում ներգրավել նաեւ ԼՂՀ-ն։ Այս առումով բանավեճեր են ընթանում, սալայն վերջնական արդյունք դեռեւս չկա»,- նկատեց փորձագետը՝ միաժամանակ կրկնելով, որ մեծ է հավանականությունը, որ Մինսկի խմբի գործընթացը փոփոխությունների ենթարկվի։
Ամփոփելով՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ հակառակ կազանյան հանդիպումից ունեցած մեծ սպասումներին եւ ակնկալիքներին՝ այնտեղ ոչ մի բեկում էլ տեղի չունեցավ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի տեսակետները հաճախ միմյանցից շատ հեռու են գտնվում եւ դրանք համադրելը պարզապես անհնար է։
Նշենք, որ կազանյան եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 24-ին։
Ղարաբաղը Կազանից հետո. Մեդվեդեւը խնդրի իր տեսլականը Հայաստանի նախագահին ուղարկել է գրավոր ձեւով
«Ղարաբաղյան խնդիրն այլ լուծում չունի, քան ինքնորոշման իրավունքը»,- այս մասին հուլիսի 1-ին Կիեւում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունեցող միջազգայնորեն ճանաչված միավոր է։ Այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, լիարժեքորեն իրականացվի։ ԼՂ խնդիրն այլ լուծում չունի»,- հայտարարել է նա։
Սարգսյանը հայտնել է, որ ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային դերը ղարաբաղյան կարգավորման գործում։
Բացի այդ, Հայաստանի նախագահի խոսքով, Կազանի անհաջող բանակցությունները բանակցային գործընթացի վերջ չեն նշանակում։ «Ծայրահեղ դեպքում, մեկ հնարավորություն է բաց թողնվել... ամեն դեպքում, մինչ նոր հանդիպում մենք կորցրել ենք այդ հնարավորությունը»։
Միաժամանակ Սարգսյանը հայտնեց, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել ջանքեր գործադրել բանակցային գործընթացում։ «Երեկ Ռուսաստանի նախագահն ինձ հեռախոսով ասաց, որ արդեն ուղարկել է խնդրի իր տեսլականը՝ գրավոր ձեւով, ես կարծում եմ, որ մենք շուտով կստանանք, կտեսնենք՝ ինչպես այսուհետ առաջ շարժվել»,- ասել է նա, հայտնում է Telegraf.by-ը։
«The Armenian Weekly»: Ադրբեջանի անփառունակ ռազմատենչությունը
NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Նանոր Բարսումյանի հոդվածը` հրապարակված «The Armenian Weekly» պարբերականում:
Կազանի անարդյունք բանակցություններից երկու օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերսկսեց ռազմական հռետորությունը եւ խոստացավ վրեժխնդիր լինել Ղարաբաղում զոհված ադրբեջանցի զինվորների համար:
Ադրբեջանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ Ալիեւը դրվատանքի խոսքեր ուղղեց իր զինված ուժերին, թվարկեց գնած զինատեսակները եւ սպառնաց Ղարաբաղին ու Հայաստանին: Սոցիալական ծրագրերի հաշվին զինված ուժերի եւ սպառազինության հզորացումը Ալիեւի կառավարության գլխավոր նպատակն է:
Անցած ամիս «Նյու Յորք Թայմսը» նկարագրեց փախստականների կյանքի պայմաններն Ադրբեջանում: Նրանք ապրում են առանց պատշաճ օթեւանի եւ սանիտարական պայմանների: Կյանքից հիասթափված, նրանք հաճախ աջակցություն են փնտրում ռազմական կառույցներում. զինպատրաստության ճամբարներում նրանք ամենամեծ թիվն են կազմում: Սակայն Ալիեւի կառավարությունը նավթային եկամուտների զգալի մասն ուղղում է ռազմական ծախսերին:
Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հռետորությունը հաճախ լրացվում է ադրբեջանական լրատվամիջոցների հակահայկական քարոզչությամբ: Ռասիստական եւ խտրական վերաբերմունքը Հայաստանի եւ հայերի նկատմամբ այն աստիճան թունավոր է, որ Եվրոպայի Խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը մայիսի 31-ին դիտողությունների եւ հանձնարարականների ընդգրկուն փաստաթուղթ հղեց Ադրբեջանի կառավարությանը:
Ադրբեջանում վիրավորանք ու անպատվություն է ադրբեջանցուն «հայ» կոչելը: Հակահայկական նախապաշարումներն այնքան են արմատավորվել, որ նույնիսկ դատարանները կարող են անպատվողի դեմ հայցեր ընդունել: Թուրքիայում եւս որեւէ մեկին «հայ» անվանելը կարող է արժանանալ դատական հայցի:
Եվրոպական հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ այդպիսի դրվագները հոգեբանական հարված են Ադրբեջանում եւ Թուրքիայում բնակվող հայերի համար: Հանձնաժողովը նաեւ կասկածի տակ է դնում Ադրբեջանում բնակվող հայերի պաշտոնական թիվը: 1999թ. մարդահամարի տվյալներով, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվում է 700 հայ, թեեւ այժմ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, թե Ադրբեջանում 30 հազար հայ է ապրում:
Ադբեջանի կառավարությունը Եվրոպական հանձնաժողովի հորդորներին պատասխանեց ԶԼՄ-ների անկախ լինելու եւ մամուլի գործունեությանը չմիջամտելու փաստարկներով: Բացի այդ նրանք հայտարարում են, որ հակահայկական լուսաբանման բացասական հետեւանքների մասին փաստեր չկան, իսկ Ադրբեջանում ապրող հայերը բացասաբար են վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի առաջնորդներին, այդ պատճառով էլ չեն լքել Ադրբեջանը եւ տեղափոխվել Հայաստան:
Ադրբեջանի կառավարության կարծիքով, ադրբեջանական ԶԼՄ-ների բացասական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ բնական է եւ հասկանալի:
Թեեւ պաշտոնական Բաքում պնդում է, թե Ադրբեջանում գոյություն ունի մամուլի ազատություն, ԱՄՆ Պետդեպարտամենի 2010թ. զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների հսկողության տակ, ինչի վկայությունն են նաեւ լրագրողների դեմ բռնությունները, նրանց ձերբակալությունները եւ նույնիսկ սպանությունները:
Ցավոք, ռասիզմն ու խտրականությունն ազգային արժեք դարձրած Ադրբեջանը իր ռեսուրսների մեծ մասն ուղղում է ռազմական հզորության մեծացմանը: Այդպիսի մթնոլորտում հնարավոր չէ վստահություն ներշնչել խաղաղության համար ընթացող բանակցություններում:
Комментариев нет:
Отправить комментарий