Թուրք ազգայնականներն սպառնում են օգոստոսի 15-ից հետո կոտորել ստամբուլահայերին
Թուրք ֆաշիստների «Թուրք վրիժառուների բրիգադ» (TIT) կոչվող խմբավորումը սպառնալից նամակ է ուղարկել թուրքական Evrensel պարբերականի խմբագրություն` կոչ անելով հայերին, քրդերին եւ մի շարք այլախոհ թուրք գործիչների մինչեւ օգոստոսի 15-ը լքել Թուրքիան, այլապես` խոստանում է անցնել արյունոտ գործողությունների:
Թուրք ֆաշիստների տարածած բաց նամակի մեջ պահանջագիր է ներկայացվել Evrensel եւ «Ակոս» պարբերականների աշխատակիցներին, «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչ Բասքըն Օրանին, քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելին, Ահմեդ Թուրքին, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին:
Նամակի մեջ նշվել է, թե Հայկական Սփյուռքն ու նրա կողմնակիցները առանց որեւէ պահանջի եւ անվերադարձ պետք է լքեն Թուրքիան: TIT-ը սպառնացել է, որ եթե իր պահանջները չիրականացվեն մինչեւ օգոստոսի 15-ը, իրենք կանցնեն արյունոտ գործողությունների:
Նամակի հետ կապված հայտարարություն է տարածել Evrensel պարբերականի խմբագիր Ֆաթիհ Փոլաթը` շեշտելով, որ Էրդողանի կուսակցությունը պատասխանատու է լինելու այս ամենի հետեւանքների համար:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Բսքըն Օրանին TIT-ից Էլ-փոստով սպառնալից նամակ էր եկել, որի ուղարկողն, ինչպես պարզվել էր, ոստիկանության աշխատակից է:
«Hürriyet Daily News»:
Թուրքիայի ծպտյալ հայերը բացահայտում են իրենց ինքնությունը
NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Վերջիհան Զիֆլիօղլուի հոդվածը` հրապարակված «Hürriyet Daily News and Economic Review» պարբերականում:
Տասնամյակներ շարունակ ինքնությունը թաքցրած հայերի պատմություններ սկսեցին հայտնվել վերջին տարիներին: Նրանցից շատերն ապրում են սունի մուսուլմանի կամ քուրդ ալեւիի ինքնությամբ, թեեւ նախկինի նման իրենք իրենց սահմանում են որպես էթնիկ հայ:
«Ռասան, ինքնությունը եւ կրոնը տարբեր բաներ են: Ես դաստիարակվել եմ որպես սունի եւ ապրում եմ որպես այդպիսին, սակայն չեմ մերժում ոչ իմ անցյալը, ոչ էլ իմ մշակույթը: Կրոնը կարեւոր չէ, սակայն ես ուզում եմ իմանալ իմ լեզուն»,- ասում է հայտնի դիարբեքիրցի հայ Գաֆուր Թուրքայը, որն ինքն իրեն համարում է սունի:
Թուրքայը 15 տարեկան է եղել, երբ իմացել է, որ իր իսկական ազգանունը Օհանյան է: Նրա հայրը ուխտագնաց էր: Թուրքայը կայացել է սունի մուսուլմանների մշակույթում: Նրա խոսքով, Դիարբեքիր նահանգի հայ մուսուլմանները ճանաչում են իրար:
«Դիարբեքիրում շատ կարեւոր է իսլամի ընկալումը: Դիարբեքիրում քեզ կհանդուրժեն, եթե նույնիսկ հայտարարես, որ հայ ես, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ դու անդրադառնում ես իսլամին»,- ասում է նա:
Թուրքայը նշում է, որ հայ քրիստոնյաները բարձրից են նայում հայ մուսուլմաններին: «Նրանք այնպես են վերաբերվում, կարծես` մենք ունեցել ենք ընտրության հնարավորություն: Հայկական ինքնությունը պետք է կապվի ռասայի հետ, բայց ոչ կրոնի հետ: Կրոնը կարելի է ընտրել, ռասան ընտրել հնարավոր չէ», - նկատում է Թյուրքայը:
Թուրքիայի պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն ասում է, որ Դիարբեքիրի իրավիճակը կրկնվում է նաեւ երկրի մյուս հատվածներում: «Ծպտյալ հայեր կան ոչ միայն Դիարբեքիրում, այլեւ ամբողջ Թուրքիայում: Այժմ նրանք բացահայտում են իրենց ինքնությունը»,- ասում է Հալաչօղլուն: Արտվինում եւ Ռիզեյում բնակվող իսլամացած հայերն իրենք իրենց սահմանում են որպես համշենահայեր եւ խոսում են հայոց լեզվի իրենց բարբառով: Համշենահայերը պահպանում են իրենց քրիստոնեական ավանդույթները, թեեւ համարվում են մուսուլմաններ:
«Today’s Zaman». Թուրքիա, Իսրայել եւ Հայաստան
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Բերիլ Դեդեօղլուի հոդվածը` հրապարակված «Today’s Zaman» թերթում:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում Արդարություն եւ զարգացում կուսակցության տարած հաղթանակը որոշ երկրների կարող է ստիպել հստակեցնել քաղաքականությունը Անկարայի նկատմամբ: Մենք պետք է ընդունենք, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության պարտության վրա հույսը դրած ուժերին դժվար ժամանակներ են սպասվում: Թուրքիան կառավարվում է նեոպահպանողական մոտեցումներով: Իշխող կուսակցության ժողովրդավարական գործունեությունը երբեմն դրվում է կասկածի տակ, սակայն այդ կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը ժողովրդավարացրել է Թուրքիան:
Ամենայն հավանականությամբ, Հայաստանն ու Իսրայելը հասկացան թուրք ընտրողների ուղերձը եւ այդ երկրները շատ ուշադիր հետեւում են Թուրքիայի ներքին քաղաքական իրադարձություններին: Հավանաբար, նրանք կանխատեսում են, որ ժողովրդի 50 տոկոսի աջակցությունը վայելող կուսակցությունն ավելի ազատ ու համարձակ կլինի արտաքին քաղաքականությունում քայլեր ձեռնարկելիս:
Մամուլում հայտնվող տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այդ երկրներն արդեն սկսել են փորձարկել իրենց կանխատեսումները: Իսրայելի կառավարությունը համառորեն հայտարարում է, որ ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Անկարան հաստատեց, որ իսրայելցի պաշտոնյաների հետ ընթանում են բանակցություններ: Հայաստանն էլ իր կամքն է արտահայտել Թուրքիայի հետ սկսել առանց նախապայմանների բանակցություններ: Այս հաղորդագրությունները մամուլում ուղղված են նաեւ թուրքական հասարակության արձագանքը ստուգելուն: Բայց կարեւորն այն է, որ այս երկու երկրները փորձում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Թուրքիայի հարաբերությունները նորմալացումը Իսրայելի եւ Հայաստանի հետ կբարդացնի Եվրամիության խնդիրը, քանի որ ավելի հեշտ է Թուրքիային ոչ ասել, երբ մենք վատ հարաբերություններ ունենք մեր հարեւանների հետ: Այդուամենայնիվ Թուրքիայի վերաբերյալ Եվրամիության որոշումը որոշիչ նշանակություն ունի Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի վերադասավորման համար:
Պաղեստինի ճակատագիրն այդքան անջատ չէ Լեռնային Ղարաբաղի ճակատագրից: Բոլորին է հայտնի, որ Պաղեստինի իրադարձությունները ազդում են Իրանի, Սիրիայի, Հորդանանի եւ Լիբանանի վրա, սակայն պետք չէ թերագնահատել դրանց ազդեցությունը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կամ Լեռնային Ղարաբաղի, Օսիայիեւ Աբխազիայի վրա: Բոլոր այս տարածաշրջաններում իրադարձությունների զարգացումը ազդում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության միջեւ հավասարակշռության պահպանմանը: Հայաստան - Թուրքիա - Իսրայել գիծը որոշիչ նշանակություն ունի, քանի որ այս երկրների հարաբերությունները միմյանց հետ հնարավորություն կտան մյուս երկրներին ավելի հեշտ գտնել իրենց տեղն այդ բալանսում: Գոյություն ունեցող պայմանները պահանջում են այս երեք երկրների մերձեցում:
«Russia Today». Ադրբեջանը սուր է ճոճում
Ադրբեջանի նախագահը դարձյալ զբաղվում է ագրեսիվ հռետորությամբ` հայտարարելով, որ իր երկիրը մտադիր է բոլոր հնարավոր միջոցներով վերականգնել «տարածքային ամբողջականությունը» եւ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, որը «բռնազավթել է Հայաստանը»: Այդ մասին հաղորդում է «Russia Today» շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը:
Ելույթ ունենալով հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսում` նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամցկացված բազմաթիվ բանակցությունների առարկա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է եւ ուշ թե շուտ կվերադարձվի երկրին:
«Ես լիովին վստահ եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնվի բոլոր միջոցներով: Դա անելու համար մենք պետք է լինենք ավելի ուժեղ»,- հայտարարել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է շարունակել դիվանագիտական ջանքերը, որպեսզի պահպանի իր տարածքային ամբողջականությունը, բայց նշել է, որ Ադրբեջանը դեռ ապրում է «պատերազմական դրությունում»:
Ալիեւի խոսքով, նախորդ տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը կտրուկ աճել են` 2003 թվականի 160 միլիոն դոլարից 2011 թվականին հասնելով 3,3 միլիարդ դոլարի: Ալիեւը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի միայն ռազմական ծախսերը Հայաստանի ամբողջ պետբյուջեն գերազանցել են 50 տոկոսով: Նա ավելացրել է, որ ռազմական բյուջեն մնում է իր երկրի գլխավոր առաջնահերթությունը, քանի դեռ Հայաստանը չի ազատել «ադրբեջանական հողերը» եւ Ադրբեջանի հետ չի ստորագրել խաղաղության պայմանագիր:
«Լեռնային Ղարաբաղը հնամենի ադրբեջանական հող է: Այդպես եղել է միշտ եւ այդպես է այժմ: Այն ընդամենը ժամանակավոր բռնազավթման տակ է, սակայն այդ բռնազավթումը չի կարող շարունակվել երկար»,- հայտարարել է Ալիեւը:
Կազանում կայացած բանակցություններում կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը: Սակայն բազմաթիվ փորձագետներ միակարծիք են, որ հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել:
Ուղղափառության խորհրդարանական ասամբլեան Օսմանյան Թուրքիայում Քրիստոնյաների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունվել
Ուղղափառության խորհրդարանական ասամբլեայի 18-րդ նստաշրջանին, որը Փարիզում տեղի է ունեցել հունիսի 21-24-ը, Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների՝ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունվել։
Բանաձեւում, մասնավորապես, ասվում է, «Ուղղափառության խորհրդարանական ասամբլեան իր աջակցությունն է հայտնում Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարի ավարտին եւ 20-րդ դարասկզբին քրիստոնյա ժողովուրդների ցեղասպնաության ճանաչմանն եւ դատապարտմանը»։
Բանաձեւը նաեւ դատապարտում է ժամանակակից Թուրքիային նրա համար, որ վերջինս չի ցանկանում ճանաչել հայերի, հույների եւ ասորիների՝ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբին իրականացրած ցեղասպանությունը։ Ուղղափառության խորհրդարանական ասամբլեան դատապարտում է նաեւ Թուրքիայի տարածքում այդ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության ոչնչացման ցանկացած փորձ։
Բանաձեւում կոչ է հնչում, որ քաղաքակիրթ երկրները պետք է Թուրքիային պարտադրեն պատասխանատվություն ստանձնել Օսմանյան Թուրքիայում Քրիստոնյաների ցեղասպանության հարցում։
Դինքի մարդասպանը կարծում է,
թե իր մեղքը 21 տոկոս է
Ստամբուլի անչափահասների գործերով դատարանում մարդասպան Օգյուն Սամասթի դեմ դատավճիռը հետաձգվել է մինչեւ հուլիսի 25-ը:
Թուրքական TRT-ի փոխանցմամբ` Օգյուն Սամասթը կալանավայրից դատարան է տեղափոխվել խիստ անվտանգության ներքո, քանի որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա դեմ մահափորձ է կազմակերպվում: Սակայն դատի ընթացքում չհրապարակվեց դատավճիռը` վերջին պաշտպանական ճառի հնարավորություն ընձեռնելով մարդասպան Օգյուն Սամասթին:
Դատական նիստի ընթացքում Օգյուն Սամասթը հայտարարել է, թե սպանության մեջ իր սխալն ընդամենը 21 տոկոս է: Սամասթը նախորդ դատական նիստերի ընթացքում հայտարարել էր, թե Դինքի սպանության մեջ մեղավոր են այն լրատվամիջոցները, որոնք Դինքին հայրենիքի դավաճան էին հայտարարել եւ հիմա բղավում են,. «Բոլորս Հրանտ Դինք ենք»:
Դատական նիստի ընթացքում Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը էկրանի վրա ներկայացրել է սպանության օրը անվտանգության տեսախցիկների կադրերը, որտեղ բացի Սամասթից երեւում են եւս 4 հոգի: Կադրերին հետեւող Օգյուն Սամասթը հրաժարվել է ներկայացնել այդ անձանց ինքնությունը` պնդելով, թե այդ կադրերը վնասված են, որռեղ նույնիսկ իրեն չի կարողանում ճանաչել:
Նշենք, որ Օգյուն Սամասթի գործն առանձնացվել է գործից եւ տեղափոխվել անչափահասների գործերով դատարան, քանի որ սպանությունն իրականացնելու պահին նա չի եղել 18 տարեկան:
Ստամբուլի անչափահասների գործերով դատարանում հանրապետական դատախազ Ալի Դեմիրը Օգյուն Սամասթի համար դատարանից պահանջել է 19-27 տարի պատժաժամկետ: Հանրապետական դատախազը պատիժը պահանջելուց հիմնվել է «կանխամտածված սպանություն» եւ «անօրինական զենք կրել» հոդվածների վրա:
Комментариев нет:
Отправить комментарий