Սկիզբը նախորդ համարներում...
Առաքելն առաջարկում է նրանց թողնել Ղարսը և անցնել երկրի սահմանը: Նրանք համաձայնվում են և ուղեկցող վերցնելով` ճանապարհվում դեպի ռուս-թուրքական սահմանը:
Ղարս-Ուրղանի հարթավայրով անցնելու ժամանակ նրանց նկատում են ռուս սահմանապահները, և ձերբակալելով` կրկին ուղեկցում դեպի Ղարս: Հասնելով Ղարսի մարդաշատ փողոցներից մեկը` զորավարը ճարպկորեն թաքնվում է ռուս ուղեկցող զինվորների տեսադաշտից և կրկին վերադառնում այն սրճարանը, որտեղ մեկ օր գիշերել էր: Դիմելով սրճարանի տիրոջը` զորավարը խնդրում է նրան, որ իրեն աշխատանք տա` ասելով, որ ինքը ատաղձագործ է: Սրճարանի տերը նրան ուղարկում է իր ծանոթներից մեկի մոտ, որտեղ էլ նա 15-20 օր աշխատելուց հետո այցելում է քաղաքի սրճարաններից մեկը, որտեղ էլ կրկին հանդիպում է Մարտիրոսին:: Սրճարանում նրանց է մոտենում մի ոստիկան և պահանջում է փաստաթղթեր: Զորավարն ասում է, որ ծխելն ավարտելուց հետո նրան ցույց կտա իր փաստաթղթերը: Եվ մինչ ոստիկանն իր չորս կողմն էր նայում, զորավարը, ուժգին հարվածելով ոստիկանին, Մարտիրոսի հետ դիմում է փախուստի: Մարտիրոսն առաջարկում է զորավարին կրկին գնալ Առաքելենց տուն, որտեղ էլ մի քանի ընկերներ ևս ծրագրում էին անցնել ռուս-թուրքական սահմանը: Հաջորդ օրը` առավոտյան, Առաքելը նրանց դրամ է տալիս և ճանապարհում: Սահմանին դեռ չհասած ռուս սահմանապահները կրկին նկատում են նրանց և փորձում ձերբակալել,, սակայն զորավարն առաջարկում է չենթարկվել նրանց հրամանին և փախչել տարբեր ուղղություններով: Բաժանվելով իր ընկերներից` զորավարն անցնում է թուրքական սահմանն ու գիշերով հասնում է Բասենի դաշտում գտնվող Գոմաձետ գյուղը:
Գյուղ մտնելուն պես զորավարը հանդիպում է մի շինականի, և խնդրում գիշերելու տեղ տալ: Շինականը ոչ միայն օթևան է տալիս զորավարին, այլև պայմաններ է ստեղծում լողանալու և կարգին հանգստանալու համար:
Հայ շինականը դառնացած պատմում է, որ իրենց հողի վրա գերի են թուրքերի ձեռքին, որ ոչ մի բան իրենց չի պատկանում, և անօրեն թուրքն ինչ ուզում` անում է:
- Էսպես ո՞նց կլինի այ ախպեր, ոչ ցանածն է մերը, ոչ հնձածը, ոչ անասունն ու մթերքը, օրը ցերեկով գալիս տանում են, ոչ թե տանում են, այլ թալանում են անգամ վերջին մի բուռ ցորենն ու մի կտոր պանիրը: Ինչ ուզում` անում են, ոչ տեր կա, ոչ էլ տիրական,- դառնացած դժգոհում է գյուղացին:
Այս բոլորը լսելով` զորավարը կիտում է հոնքերը, աչքերը փայլատակում են: Զորավարը լուռ լսում է շինականին:
- Պետք է սրով հասկացնել թուրքին, որ իրավունք չունի ուրիշի սեփականությունը կողոպտելու, միարդկանց և մի ամբողջ ժողովրդի արդար իրավունքները բռնաբարելու:
Առավոտյան զորավարը հրաժեշտ է տալիս հայ շինականին և բռնում Սասունի ճանապարհը. ճանապարհ, որ վերջ չունեցավ, որ շատ դարուփոս էր, սակայն միշտ հարթ մնաց նրա համար, ճանապարհ, որի վրա պարիսպներ ու երկաթե ճաղեր կային, սակայն անցանելի եղան նրա համար:
Այդ նրա պայքարի ճանապարհն էր, որ սկսվեց Սասունից, և մինչև օրս էլ վերջ չունի: Քանզի դեռ սպասում է իր քաջին, որ պետք է գա` իր սպիտակ Ասլանին հեծած ու ազատագրված տեսնելով իր եղբայրների արյունով ներկված հողը` մի պահ կանգ առնի և, իջնելով սպիտակ ձիուց, նրա սանձը իր կուռ ձեռքերի մեջ առնելով` դանդաղ ու խրոխտ քայլերով շարժվի դեպի Առաքելոց վանք, որպեսզի վայելի սուրբ խնկահոտը ու տեսնի այն բյուրավոր մոմերի վառ, առկայծող բոցերը, որոնց միջից նրան կնայեն մեր սուրբ նահատակները, ում արյան վրեժով ծարավ` նա պետք է անմահանար պանդխտության մեջ ու մեկ օր էլ փառքով ու պատվով հետ գար իր հայրենի օջախ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Комментариев нет:
Отправить комментарий