«ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ` ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Կիրթ եւ գրագետ սերունդ ունենալը պայմանավորված է դպրոցով, իսկ դպրոցն էլ պետք է հագեցած լինի նոր գրականությամբ եւ որակյալ դասագրքերով: Այս հարցում մեծ ավանդ ունի մանկավարժ, գրող, հրատատարակիչ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը, ում ծննդյան 60-ամյակը եւ հեղինակած վերջին գրքերի` «Ներկայություն (Կենսամատենագիտություն)», «Հանելուկներ», «Երկու հեքիաթ», «Ասույթներ», «Զվարթ տրամաբանություն» (համահեղինակ` Գեւորգ Գեւորգյան), «Երկրաչափություն մանուկների համար» (համահեղինակ` Մարինե Մանուկյան), շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի Ազգային գրադարանում: «Կենսամատենագիտությունը» խմբագրել է ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը : Բացելով միջոցառումը` նա խոսեց Վ. Սարգսյան գրողի, հրատարակչի, մշակութային գործչի մասին, ով արտաքինից թվում է, թե շատ համեստ է, սակայն իրականում մարտնչող, հայրենիքի հոգսերով ապրող մտավորական է:
Այս կարծիքն արտահայտեց շնորհավորական խոսքում նաեւ ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը , որը Վ. Սարգսյանին բնութագրեց որպես հայ ժողովրդի, մշակույթի լուռ եւ խոնարհ ծառայի: Գրական, մանկավարժական գործունեության համար եւ ծննդյան 60-ամյակի առթիվ Դ. Սարգսյանը հոբելյարին պարգեւատրեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը խոսեց Վ. Սարգսյանի դասագրքաշինության մասին` զուգահեռներ անցկացնելով Ղազարոս Աղայանի միջեւ, ով նույնպես գրել է հայերենի դասագրքեր:
Բանաստեղծ Ռոմանոս Սահակյանն էլ նշեց, որ Վ. Սարգսյանը երեխաների մեջ սերմանում է հայրենասիրությունը նույնիսկ թվաբանական խնդիրների միջոցով:
Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Կարինե Չիբուխչյանը նույնպես շնորհավորեց Վաչագան Սարգսյանին, ներկայացրեց ինստիտուտի տնօրեն Կարինե Թորոսյանի շնորհավորական ուղերձը:
Վաչագան Սարգսյանին շնորհավորեցին գրող Լիպարիտ Սարգսյանը , բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը, երգիծաբան Հրանտ Հորիզոնը եւ ուրիշներ:
Ելույթներին հաջորդում էին տեսանյութերը, որոնք հատվածներ էին Վ. Սարգսյանի հեղինակային հաղորդումներից: Իսկ միջոցառման վարող Ռաֆիկ Ղազարյանն ընթերցեց Վ. Սարգսյանի հեղինակած ասույթներից:
Գրադարանի ցուցափեղկերում ներկայացված էին Վ. Սարգսյանի հեղինակած, կազմած, խմբագրած գրքերից:
ԳՈՀԱՐԻՆԵ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
«ԳՈՀԱՐԻ» ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
Շուրջ տասը տարվա պատմություն ունեցող Գյումրիի «Գոհար» երաժշտանոցի ու «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի հաջողություններին «Ազգը» պարբերաբար անդրադառնում է: Լիբանանահայ գործարար երեք եղբայրներիՙ Հարութ , Շահե եւ Նառ Խաչատուրյանների երազանքը, սիրելի մայրիկիՙ Գոհարի անունով ստեղծել երգչախումբ եւ երաժշտանոց, իրականացավ տարիներ առաջ, կիպրահայ ճանաչված երաժիշտ եւ խմբավար Սեպուհ Աբգարյանի նվիրյալ ջանքերի շնորհիվ: Կարճ ժամանակ անց Գյումրիի «Գոհար» երգչախմբի համբավը տարածվեց աշխարհով մեկ ու հեղեղի պես հրավերները թափվեցին մաեստրոյի գլխին: Ամեն համերգ, մանրակրկիտ ծրագրում ու պլանավորում էր Հարութ Խաչատուրյանը :
Մյուս եղբայրները սիրով միանում էին առաջարկին ու երգչախմբի հետ բոլոր երկրներումՙ ԱՄՆ-ը (8 քաղաք), Կանադա, Կիպրոս, Պոլիս, Մոսկվա, Հալեպ, Երեւան, Բեյրութ, կիսում էին նրանց հաջողությունները ու նոր ծրագրեր, նոր համերգներ պլանավորում: Օտարերկրյա բոլոր համերգների ծախսերը Խաչատուրյան ընտանիքն է հոգում, իսկ համերգից գոյացած հասույթը ամբողջովին տրամադրվում է հայկական վարժարաններին: Ամիսներ առաջ Բեյրութում կայացած համերգից գոյացած 100.000 դոլարը, օրինակ, հավասարապես բաժանվել է տեղի կարիքավոր ազգային վարժարաններին եւ ուսուցիչներին:
Իսկ այն, ինչին ականատես եղանք մայիսի 28-ին Երեւանի Օպերայի հրապարակում աննախադեպ համերգ էր: Տոնահամերգը նվիրված էր Հանրապետության օրվան եւ մեզանում անկախացումից հետո եզակի բարձրաճաշակ մատուցում էր: Հայաստանի երաժշտական խայտաբղետ շոուներից, ամենօրյա նորաբույս «աստղերից» հոգնած մեր ժողովուրդը հնարավորություն ունեցավ հեռուստատեսությամբ դիտել այդ բարձրաճաշակ շոունՙ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ հայ էստրադայի ընտրյալ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Շուրջ 7000 հրավիրյալներ , որի շուրջ կեսը տեղավորվել էր հատուկ պատրաստված տրիբունաների վրա:
«Ազգը» հանդիպեց Խաչատուրյան ընտանիքի տարբեր անդամների հետՙ որոշ մանրամասներ ներկայացնելու ընթերցողներին: Շուրջ վեց ամիս 185 երաժիշտների հետ աշխատել է մաեստրոն` Սեպուհ Աբգարյանը: 135 երաժիշտներ Գյումրիից են եկել, պատմում էր մաեստրոն, 5-ըՙ Երեւանից, դրան գումարած նաեւ 15 երգիչներն ու 15 պարողները: «Երգող աստղերի հետ մի քանի փորձ ենք արել, անգամ կային երգիչներ, որ միայն համերգի ընթացքում մեզ միացան, պատճառը նրանց խիստ զբաղված գրաֆիկն էր»: «Ազգի» հարցին պատասխանելով մաեստրոն ասաց. «Կատարողականը գոհացրեց, որովհետեւ ժողովուրդը իսկապես ցնցված էր այդ հրաշքից, ինչին ականատես եղանք: Իսկ այդ ամենի համար երախտապարտ ենք մեր հովանավորներին, որոնց աջակցությամբ էլ կարող ենք մեր տաղանդի սահմանները ընդարձակել»: Առիթն օգտագործելով մաեստրոն մաղթեց, որ հայրենի հասարակությանը թույլ չտա, որ այս առիթը հօդս ցնդի եւ շարունակի վերադարձը հայկական երգի ակունքներինՙ Կոմիտասյան ըմբռնումով: Սեպուհ Աբգարյանը տկն Գոհարին եւ իր երեք զավակներին, հատկապես Հարութին, մաղթեց ուժ ու կորով ու հետագա համատեղ նոր ծրագրերի իրականացում: Երեւանյան աննախադեպ համերգը սկզբից մինչեւ վերջին նախապատրաստական աշխատանքներըՙ հագուստներ, սարքավորումներ, տրիբունաներ, հրավիրատոմսեր, անձրեւանոցներ, Կիլիկիայի թագավորության դրոշներ, «Նոյյան Տապանի» անիմացիոն կադրերը, երաժիշտների վարձավճարներն ու էլի շատ ու շատ բաներ Հարութ Խաչատուրյանն անձամբ է հսկել ու արդյունքը հրաշալի էրՙ անմոռանալի 2 ժամ, որը դեռ շատ երկար կմնա մեր հիշողության մեջ:
Անչափ հուզված էր տկն Գոհարը եւ «Ազգի» հետ զրույցում ասաց. «Ամեն անգամ զավակներս ինձ անակնկալ են մատուցում: Պարզապես չեմ կարող նկարագրել ստացած տպավորություններս, բառեր չեմ գտնում: Համերգից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տիկնոջ հետ, շնորհավորեցին ու շնորհակալություն հայտնեցին զավակներիս ու ինձ նման բացառիկ համերգ պարգեւելու համար: Իսկ վեհափառ հայրապետն համերգն անվանեց «մեծասքանչ երեւույթ»: Մենք պետք ունենք նման մշակույթի արտահանման, որ աշխարհը լավ ճանաչի հային, հայկական մշակույթը, մեր զավակներն ու թոռները խոսին հայերեն ու մայրենին երբեք չմոռնան»:
Խաչատուրյան եղբայրները շուրջ 11 տարի համագործակցում են գերմանական հանրահայտ ձայնային «RALPH KESSLER», «CHIEF SOUND ENGINEER» կազմակերպությունների հետ, որոնց բարձր մասնագիտական ու պրոֆեսիոնալ աշխատանքըՙ լույս, ձայն, անիմացիա, ծրագրի պրոդյուսեր Սեւակ Սերոբյանի օժանդակությամբ, ի մի են բերվել եւ ստեղծել հեքիաթային պատկերներ Հայաստանի օպերայի շենքի վրա: Հայաստանյան «Դոմինո» ընկերությանը (տնօրեն Արամ Հարությունյան) հետ համատեղ նրանք կարողացան Հանրապետության օրը ոչ միայն դարձնել տոնական, այլեւ անմոռանալի: Այդ գիշեր օպերայի շենքը մեր աչքում հառնեց իր ողջ Թամանյանական շքեղությամբ: Մինչեւ Հանրապետության հրապարակ հասնող Հյուսիսային պողոտան, որտեղ աջ ու ձախ մասերում տեղադրված էին մեծ էկրաններ, բազմամարդ էր եւ բոլորը իսկապես տոնական տրամադրություն էին վայելում:
Ահա այսպես պետք է կազմակերպել համերգներ... Իսկ երբ ներկաները երկարատեւ ծափերով, ծածանվող դրոշներով վանկարկում էին «Գոհար», «մաեստրո» ու պահանջում կրկին նվագել, մեծ ու մանուկ խմբված պարում էին, երգում եւ երազում, թե մեկ էլ երբ նման հրաշքի ականատես կլինեն: Նախաձեռնությունը Ասվտածահաճո գործ էր, որն իրականացավ:
Վարձքներդ կատար...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԱՌՅՈՒԾԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Օգոստոսին Երեւանում կանցկացվեն Համահայկական 5-րդ խաղերը, որոնց սկիզբը դրվել է 1999-ին: Եթե 1-ին խաղերին մասնակցել էին 23 երկրների 62 քաղաքների մարզիկներ, ապա 2007-ին կայացած 4-րդ խաղերում հանդես են եկել 27 երկրների 94 քաղաքների ներկայացուցիչներ: Սա վկայում է Համահայկական խաղերի նկատմամբ Սփյուռքում եւ Հայաստանում աճող հետաքրքրասիրության մասին: Մարզաձեւերի քանակն էլ 7-ից հասել է 10-ի:
Այս մասին երեկ կայացած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի ընդլայնված նիստում նշեց այդ կազմակերպության նախագահ Արմեն Գրիգորյանը : Նիստում քննարկվեցին Համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման եւ անցկացման հետ կապված բազմաբնույթ հարցեր: Պետբյուջեով միջոցառման անցկացման համար հատկացվել է 80 մլն դրամ: Առաջարկ եղավ ավելացնել մարզաձեւերի քանակըՙ ընդգրկելով հանդբոլն ու բազկամարտը: Սակայն համապատասխան քանակի հայտերի բացակայության պատճառով առաջարկը մերժվեց, քանի որ մրցակարգի համաձայն տվյալ մարզաձեւի անցկացման համար նվազագույնը պետք է 5 երկրների 10 քաղաքների ներկայացուցիչներ հայտավորվեն:
Մրցումների գլխավոր մրցավար Եղիշե Դավթյանը ներկայացրեց 10 մարզաձեւերն ու անցկացման վայրերը: Ֆուտբոլի մրցաշարի հանդիպումները տեղի կունենան «Նաիրի», «Հրազդան», «Փյունիկի», Ավանի եւ Աբովյանի մարզադաշտերում: Մրցումների գլխավոր մրցավարն է Կարեն Նալբանդյանը: Բասկետբոլիստներին կհյուրընկալեն «Միկա», «Դինամո» եւ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճները: Վոլեյբոլի մրցումները կանցկացվեն «Կիլիկիա» մարզադահլիճում: Սեղանի թենիսիստները կմրցեն ԲԿՄԱ-ի դահլիճում, իսկ թենիսիստներըՙ «Ֆիտնես Օրանժ» մարզահամալիրի կորտերում: Բնականաբար, շախմատիստներին կհյուրընկալի շախմատի տունը: Բադմինտոնի մրցումները կանցկացվեն «Հրազդան» մարզադահլիճում, լողորդներն իրենց հարաբերությունները կորոշեն Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցում: Ֆուտզալի մրցումները կանցկացվեն ճարտարագիտական համալսարանի մարզասրահում, իսկ թեթեւ ատլետները կմրցեն Արտաշատի մարզադաշտում: Առաջարկություն եղավ կանանց վոլեյբոլի մրցումների կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումներն անցկացնել Ստեփանակերտում:
Որոշվեց թիմերի եւ մասնակիցների հայտերի ներկայացման վերջնաժամկետըՙ հուլիսի 15-ը: Իսկ մասնակիցների վիճակահանությունը տեղի կունենա մրցումների մեկնարկից 5 օր առաջՙ օգոստոսի 8-ին:
Համահայկական 5-րդ խաղերի բացման եւ փակման արարողությունների մասին բավական ընդարձակ տեղեկատվությամբ հանդես եկավ գլխավոր ռեժիսոր Արամ Սուքիասյանը: Բացման արարողությունը տեղի կուենա «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 13-ին, իսկ փակման արարողությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Քվեարկությամբ ընտրվեց Համահայկական 5-րդ խաղերի խորհրդանիշը: Գործկոմի անդամներին էին ներկայացվել կապիկը, փիղը, նապաստակը եւ առյուծը: Առաջարկ եղավ ընդգրկել այդ ցանկում նաեւ արծիվը: Ձայների մեծամասնությամբ ընտրվեց առյուծը:
ՀԱՅ ԴԱՏԸ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՏՆ Է
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Խաղաղ օվկիանոս
Նրա կուսակցությունը Ավստրալիական Միության Նոր Հարավային Ուելսի պառլամենտում, ինչպես այստեղ գրում են թերթերը, 2011 թվականի ապրիլին փայլուն հաղթանակ տարավ: Եվ նա, ինչպեսեւ սպասվում էր, նշանակվեց տրանսպորտի նախարար: Նա ընթերցողին արդեն հայտնի մեր հայրենակցուհի Գլեդիս Բերեջիկլյանն է: Ավստրալիայի Լիբերալ կուսակցության ակտիվ եւ հեղինակավոր անդամը նախարարների կաբինետ եւ պառլամենտ մտավ, ինչպես ասում ենՙ ոչ դատարկ ձեռքերով: Դեռեւս 2003 թվականից էր նա Լիբերալ կուսակցության կողմից ընտրված Նոր Հարավային Ուելսի պառլամենտ: Արդեն այն ժամանակ նա երեք տարի նաեւ ստվերային կաբինետի նախարարն էր: Շուտով դարձավ պառլամենտական հասարակական կոմիտեի անդամՙ բնակչության հոգեկան առողջության, երիտասարդական խնդիրների, օնկոլոգիական հիվանդությունների եւ էթնիկական հարցերի լուծման գծով:
Գլեդիսի կենսագրությանը ես մանրամասն ծանոթացել եմ, ինչպես արդեն ասել եմ, «Ամարաս» հրատարակչության «Հայուհիներ» հանրագիտական երկհատորյակից: Հիշեցնեմ, որ այդ պարզապես եզակի հանրագիտարանը մեզ շատ է օգնում ծովարշավի ընթացքում: Ցավոք, ձեռքիս ընդամենը մեկ հատոր ունեմ (ավելի ճիշտՙ միակ նմուշային օրինակը): Ողջ տպաքանակի հրատարակման համար լրացուցիչ միջոցներ են հարկավոր: Եթե որեւէ մեկն արձագանքի (կամ արձագանքեն), ապա բառացիորեն մեկ ամսվա ընթացքում պատրաստ կլինեն երկու հատորն էլ, որոնց անհամբեր սպասում է մեր հասարակայնությունը: Բանն այն է, որ հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանը սկզբունքայնորեն հրաժարվել է իր հերոսուհիների օգնությունից, համարելով, որ դա բարոյապես ճիշտ չէ: Իսկ այդ հերոսուհիները մեր մոտ հազար երկու հարյուր հայրենակցուհիներն ենՙ բոլոր հինգ աշխարհամասերից: Հիշեցնեմ նաեւ, որ հրատարակչական աշխատանքների ավարտական փուլն անցկացնելու գործում հիմնական օգնությունը ցուցաբերել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը:
...Եվ ահա Սիդնեյում «Արմենիա»-ի անձնակազմի հայրենակիցների հետ հանդիսավոր հանդիպմանը ելույթ ունեցավ տրանսպորտի նախարար Գլեդիս Բերեջիկլյանը, որը հենց տեղում էլ մեզ հրավիրեց պառլամենտՙ պաշտոնական ընդունելության:
Հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 4-ին, նոր պառլամենտի աշխատանքի հենց առաջին օրը: Կարողացել էր ժամանակ գտնել, խոստովանելով, որ անհրաժեշտության դեպքում նիստի ամբիոնից ելույթ կունենա, հենց կանչեն իրեն: Բարեբախտաբար դրա անհրաժեշտությունը չեղավ, եւ մենք լիուլի խոսեցինք շատ բաների մասին: Հայ համայնքի խնդիրների մասինՙ դպրոց, եկեղեցի, ցեղասպանություն ու շատ այլ հարցեր: Քառասունհազարանոց համայնքը միակն է Ավստրալիայում, որը հնարավորություն չունի հայկական հեռուստատեսություն դիտել:
Պառլամենտի տանիքին մի իսկական այգի-ծաղկանոց է գցված: Հենց այնտեղ էլ խաչքար է տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Իհարկե, դա նախաձեռնել եւ անմիջական օգնություն է ցուցաբերել Գլեդիս Բերեջիկլյանը:
Անձնակազմը հանդիպում ունեցավ եւս մեկ հայտնի պաշտոնյայի հետ: Արթին Էթմեկջյան : Բավական խոշոր Ռայթ քաղաքի քաղաքապետն է, որտեղ ապրում են մոտ տասը հազար հայեր: Հայրենակիցների ահա այսպիսի քանակը եւ Սիդնեյում գտնվող միակ գործող եկեղեցուց հարաբերական հեռավորությունը արդեն բարձրացնում են Աստծո նոր տան շինարարության հարցը: Հուզված էր Արթինը, երբ ասաց. «Ժամանակն է եկել նոր եկեղեցի կառուցելու»: Դարերի ընթացքում «եկեղեցի» հասկացությունը հայերի մոտ անպայման զուգորդվել է դպրոցի հետ: Որպես մի ինչ-որ ամբողջություն: Եվ հիմա էլ Ռայթի քաղաքապետի աշխատասենյակում խոսք բացվեց դպրոցի մասին: Խոշոր, ծանր ու ամրակազմ եւ բարի աչքերով Արթինը վաղուց է մտմտում նաեւ դպրոց կառուցելու գաղափարի շուրջ:
Այստեղ կցանկանայի կանգ առնել Սփյուռքի համար մեկ ընդհանուր խնդրի վրա: Եվ սկսեմ կենդանի օրինակից: Ռայթի քաղաքապետին այցելելուց բառացիորեն մեկ ժամ առաջ եղանք Ալեքսանդր-Իզաբելլա (ՀԲԸ Միություն) հայկական դպրոցում: Մի ժամանակ այստեղ սովորել են մինչեւ հարյուր երեխաներ: Քանզի դպրոցը կառուցվել էր մի թաղամասում, որը հոծ բնակեցված էր բավական մեծ թվով հայերով: Համարյա բոլորը տեղափոխվել են այլ շրջաններ, մասնավորապեսՙ Ռայթ: «Ալեքսանդր» դպրոցը (համառոտ այդպես են կոչում) համարյա դատարկվեց: Հիմա արդեն հեռու է շատերի համար: Հինգ շենք, որտեղ մեկ հերթով կարող էին երկու հարյուր աշակերտներ սովորել: Ունի հինգ ակր հողատարածք, սպորտհրապարակ, մարզադահլիճ: Սամվել Կարապետյանի հետ երկար զրուցեցինք դպրոցի տնօրեն Մանուկ Դեմիրճյանի հետ: Եկել է Բեյրութից: Նախնիները Կիլիկիայից են: Ընդամենը երեսուն աշակերտ ունի:
Պետությունն օգնում է դպրոցին: Բացի ամենայնից, նաեւ ամբողջ հինգ ավտոբուս է հատկացրել Մեծ Սիդնեյի տարբեր շրջաններից երեխաներ տեղափոխելու համար: Բայց իրոք այնպես է ստացվել, որ դպրոցը «գծից դուրս» է մնացել: Ոչ միայն կենտրոնից, այլեւ հայերով հոծ բնակեցված շրջանից այստեղ հասնելը մեկ, նույնիսկ երկու ժամ է խլում: Երեսուն աշակերտի առկայությամբ լիարժեք դպրոց չի կարող լինել: Վերջիվերջո, ուսուցիչներն էլ, ինչպես հաշվելու լինենք, առնվազն պետք է երեսուն հոգի լինեն: Մենք եղանք նաեւ Համազգային (դաշնակների) դպրոցում, որտեղ մինչեւ երեք հարյուր երեխաներ են սովորում: Տրամաբանությամբ թելադրված բնական գաղափար ծագեց դրանք միավորելու վերաբերյալ: Համազգայինի տեղադրման աշխարհագրությունը նույնիսկ չափազանց հարմար է բազմաթիվ հայրենակիցների համար, այդ թվում նաեւ նրանց, ովքեր իրենց երեխաներին տվել են «Ալեքսանդեր» դպրոց: Եվ ահա երկար տարիներ հարցը չի լուծվում: Մանուկ Դեմիրճյանը շատ հստակ է գիտակցում, որ այն անհրաժեշտ է լուծել: Ես սկսեցի հետաքրքրվել: Հավերժական, անմիտ, անհեթեթության հասցված փաստարկ: Անհարմար է, եթե չասենքՙ ահավոր այն բարձրաձայն ներկայացնելը. «Չենք ուզում, որ մեր երեխաներին դաշնակցության գաղափարներ քարոզեն»: Կասեմ, լինելով ո՛չ դաշնակ, ո՛չ հնչակ, ո՛չ ռամկավար: Ավելի ճիշտՙ լինելով եւ՛ դաշնակ, եւ՛ հնչակ, եւ՛ ռամկավար. աշխարհում ոչ մի տեղ չեմ տեսել ու լսել նման բան: Այնինչ ամենուր հայկական դպրոցներ եմ այցելել բոլոր հինգ մայրցամաքներում: Դրանք հայկական դպրոցներ էին, եւ վե՛րջ: Ինչ վերաբերվում է դաշնակցական, կամ էլի ինչ-որ կուսակցական գաղափարախոսության, ապա անձամբ ինձ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը: Եթե Հայ դատի, ապա չեմ կարծում, թե Դաշնակցություն կուսակցությանն է սեփականաշնորհված հայոց ազգային խնդիրը, որը թե՛ ռամկավարների, թե՛ հնչակների, թե՛ ողջ ժողովրդի խնդիրն է:
Հայ դատը վերջ ի վերջո նաեւ տարածքի հարց է (հայերի պատմական հայրենիքի), պատերազմական տուգանքների, ապօրինի գրավված գույքի վերադարձման հարց: Մի հիանալի եւ շատ մտերիմ ընկեր ունեի Գերսամ Ահարոնյան անունով: Լիբանանում Ռամկավար-ազատականի առաջնորդներից էր, հիրավի մարտական «Զարթօնք» թերթի խմբագիրը: Վաղուց արդեն մեզ հետ չէ: Աստված հոգին լուսավորի: Բայց նա խոր հետք է թողել մեր պատմության մեջ: Այդ նա էր (բնականաբար, դաշնակների եւ հնչակների հետ) նախաձեռնել եւ կազմակերպել համազգային, համաժողովրդական, միջազգային հուշահամալիրըՙ «Հայոց ցեղասպանության հիսուն տարին»: Եվ 1966 թվականին նաՙ Գերսամը հրատարակեց 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների փաստաթղթերի հիմնավոր ժողովածուն: Ահռելի հատորն այդպես էլ վերնագրված էրՙ «Հուշամատեան Մեծ եղեռնի»: Ներկայիս սերունդը դժվար թե իմանա, որ մինչեւ 1965 թվականը Հայկական ԽՍՀ-ում քչերը գիտեին հայերի ցեղասպանության մասին, այն մասին, թե ինչու հենց 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ հայ ժողովրդի ողջ ողբերգությունը, Թուրքիայի կողմից պետական քաղաքականության աստիճանի բարձրացված եւ 1893 թվականից մինչ 1923-ը ձգված ամբողջ ցեղասպանությունը խորհրդանշող պաշտոնական տարեթիվը: Եվ կոչնակն ամենից ուժեղ հնչեցրեց ողջ Սփյուռքըՙ քաղաքական կուսակցությունների գլխավորությամբ, 1965 թվականին: Եվ ես, օրինակ, երբեք մեղք չեմ վերցնի հոգուս հակադրելու հայկական որեւէ քաղաքական կուսակցություն մեկ ուրիշին: Դա հավասարապես վերաբերում է նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, որը հակառակ ստալինիզմի եւ նեոստալինիզմի մղձավանջներին, կարողացավ ոչ միայն հասնել գիտության, մշակույթի, տնտեսության, ճարտարապետության, այլեւ ազգային ինքնագիտակցության վերածննդին, եւ սուսլովյան չարաղետ գրաքննության պայմաններում գրքեր հրատարակել ցեղասպանության մասին ու հիրավի վեհ հուշահամալիր բարձրացնել Ծիծեռնակաբերդում: Եվ այդ ամենը, ինչպես ասում ենՙ Ես եմ, Դու ես, Նա է, Մենք ենք, Մեր Ողջ Ժողովուրդը: Հայդատը մեր ընդհանուր դատն է: Հայ դատը ոչ մի դեպքում մեկ կուսակցության գաղափարախոսություն չէ: Դա մեր ժողովրդի այսօրվա ժամանակների գաղափարախոսությունն է: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա Քրիստափոր Միքայելյանի սերունդների ճակատն է պետք համբուրել նրա համար, որ կուսակցության ահռելի կառույցի երկար շղթայում կա այդ գործող ու գործուն օղակը: Ճիշտ է, այստեղ մի վտանգ կա. Աստված չանի ինքնանպատակ կենտրոնանանք միայն ու միայն այդ օղակի վրա, մոռանալով կենսական ռազմավարության փիլիսոփայության մասին: Քանզի հենց կյանքն է ցույց տալիս, որ նման դեպքերում ժողովուրդը կարող է կորցնել ժամանակի այս կամ այն հատվածի գերակայությունների զգացումը: Այնպիսի գերակայությունների, ինչպիսիք են անվտանգությունն ընդհանրապես եւ անվտանգության երաշխիքըՙ մասնավորապես: Բայց դա արդեն այլ թեմա է: Եվ դրան անպայման կվերադառնանք: Այդ հարցը Սփյուռքում ամենուրեք բարձրացվել է քաղաքական հուշագրով:
...Վերադառնանք ընդհատված թեմայինՙ դպրոցի վերաբերյալ: Ռայթի քաղաքապետ Արթին Էթմեկջյանի ծրագրերում ներառված են եկեղեցու շինարարություն եւ դպրոցի շինարարություն այն շրջանում, որտեղ հոծ կերպով ապրում են տասը հազար հայերՙ Ավստրալիայում նրանց քառասուն հազարի հասնող ընդհանուր թվից: Բարեբախտաբար, շրջանում հայ բնակչության ակտիվության շնորհիվ հույս կա, որ ապագա քաղաքապետը նույնպես կլինի մեր հայրենակիցը: Դա նշանակում էՙ հնարավորություն կա երկարաժամկետ ծրագրեր կառուցելու: Ի դեպ, ես լավ ծանոթ եմ այդ պաշտոնի ապագա թեկնածու Սարգիս Եդելյանին նույնպես: Հանդիպել ենք տասնիննը տարի առաջ, Արցախյան պատերազմի տարիներին բարոնուհի Քոքսի ղեկավարած պատվիրակության այցելության ժամանակ: Ռայթի քաղաքապետարանից Սարգսի հետ ճանապարհվեցինք Հուշահամալիր-այգի, որտեղ տեղադրված են տարբեր ազգերի անմեղ զոհերի հուշարձաններ: Սարգիսն ակտիվ մասնակցություն էր հանդես բերել Հայոց ցեղասպանության զոհերի ավստրալիական քարի տեղադրման գործում: Շուտով վանդալները (նրանք ամենուր են, Ավստրալիայումՙ նույնպես) պղծեցին հուշարձանը եւ գողացան փորագիր քարը: Որոշ ժամանակ անց նույն տեղում նոր քար տեղադրվեց: Պարզվեց, որ գողացել են նաեւ ասորիների հուշաքարը: Իսկ մեկ օր անց տարան հայկական երկրորդ քարը նույնպես: Սարգիսը հարցազրույց տվեց մեր սրբապղծված հուշարձանի խորապատկերին: Նկարահանում էր մեր օպերատոր Սամվել Բաբասյանը: Կարծում եմ, մինչ ես կգրեմ այս տողերը, մեր հայրենակիցները արդեն հուշահամալիր բերած կլինեն մի բազմատոննանոց քար: Ոչ ոք, ո՛չ հայերը, ո՛չ ասորիները, ո՛չ ավստրիացիները, ո՛չ ավստրալիացիները չեն կասկածում, թե ովքեր են եւ որտեղից են եկել այդ վանդալները: Հարց է բարձրացվել այգում հսկիչի հաստիք առանձնացնելու մասին:
...Սիդնեյում գտնվելու բոլոր յոթ օրերի ընթացքում մի րոպե չհանգստացանք: Շրջեցինք քաղաք-այգում ծայրեծայր, անցնելով ավելի քան հազար կիլոմետր: Անթիվ քանակով հանդիպումների ու միջոցառումների մասնակցեցինք: Երեք բլոկնոտ եմ լցրել գրառումներով: Ամեն ինչի մասին չես գրի: Բայց փորձով գիտեմՙ ինչ-որ ժամանակ, այսպես թե այնպես այդ ամենն օգտագործելու եմ: Մի՞թե հետաքրքիր չէ, թե հայրենիքից այսպիսի հեռավորության վրա ինչպես են կազմակերպում կամ անցկացնում հարսանեկան արարողությունները: Ճիշտ է, հիմա արդեն դրանք ոչնչով չեն տարբերվում: Դարձյալ նույն սպիտակ, խարսխաշղթայի պես երկար կադիլակը, որով ինչպես միշտ բերում են գեղեցիկ, կարապի պես ձյունաճերմակ հարսինՙ մեր սերնդի կողմից արդեն մոռացության մատնված երկարազգեստ դեռատի աղջիկների հուզիչ երամի ուղեկցությամբ: Հարսին կոչում էին Նաիրի, փեսայինՙ Գեւորգ: Նա Հալեպից է, հարսըՙ Բաղդադից: Փեսայի հայրը ավտոմեխանիկ է, ունի սեփական լցակայան: Աղջկա հայրըՙ Եփրատը հայտնի լուսանկարիչ է: Եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար: Իհարկե, մեր հոգին հրճվում էր: Հայկական հարսանիքը միշտ էլ տոն է:
... Ջիվան Պետրոսյան : Հայաստանից է: Ողջ ընտանիքը գտնվում է Սիդնեյում: «Արմենիա»-ին նվիրեց բոլորովին նոր կախովի շարժիչՙ մեր ռետինե նավակի համար: Մենք հիշում ենք, որ նախորդ շարժիչի հնամաշության պատճառով քիչ էր մնում զոհվեին անձնակազմի երեք անդամներ: Մեր այցելությունը զուգադիպեց նոր ռեստորանի բացմանը: Կասեքՙ ի՜նչ էլ մի իրադարձություն է, բայց չեմ կարող չընդգծել. ռեստորանը հայկական է, կոչվում է «Ռուսսկիե նոչի» եւ գտնվում է մասսոնական կենտրոնի դահլիճի տակ: Բա՛:
...Մեկ ժամից «Արմենիա»-ն կբարձրացնի կարմիր-կապույտ-նարնջագույն առագաստը, եւ մենք նորից արցունքներ կտեսնենք մեզ ճանապարհողների աչքերին: Եվ մեր դեմքերին էլ արցունքներ կլինեն: Իսկ առայժմ սպասում ենք, որ ուր-որ է կգա ինքըՙ Արաքս Մանսուրյանը, կբարձրանա տախտակամած եւ կերգի «Կռունկը»:
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հունիսի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին, ով Հայաստան է ժամանել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժողովի առիթով:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունեց ՀԲԸՄ նախագահի այցը Հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա Նորին Սրբությունը եւ տիար Պերճ Սեդրակյանը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող համատեղ կրթադաստիարակչական, սոցիալական, եկեղեցաշինական տարբեր ծրագրերի ընթացքը: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ նախագահին Միության անդամների կողմից Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մշտապես ցուցաբերվող ստաբուխ եւ նվիրյալ զորակցության համար: Իր հերթին տիար Պերճ Սեդրակյանը մեծապես կարեւորեց Հայ Եկեղեցու եւ ՀԲԸՄ շարունակական եւ արդյունաշատ գործակցությունըՙ ի բարօրություն Հայրենիքի, աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ ի պայծառություն Ս. Եկեղեցուՙ վստահեցնելով, որ Միությունը պիտի շարունակի իր նպաստը բերել Հայ Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը եւ ազգապահպան տարբեր ծրագրերին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Հարավային Ամերիկա կատարած հովվապետական այցի մանրամասներին, ինչպես նաեւ թեմերի եւ Հարավային Ամերիկայի հայաշատ համայնքների կյանքը հուզող խնդիրներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաեւ, որ Արգենտինա այցի շրջանակներում մասնակցել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը եւ հայրապետական պարգեւների արժանացրել մասնաճյուղի մի քանի անդամներիՙ համայնքային կյանքում իրենց գնահատարժան գործունեության համար:
ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հ. ԱՖՅԱՆ
Հայկական երկու հանրապետությունների նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, հանրապետության մի շարք նախարարներ, պետական պաշտոնյաներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ, երեկ մասնակցեցին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովը ստեղծվել է ապրիլի 23-ին նախագահի հրամանագրով: Բացման խոսքում Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախօրոք հայտարարված կազմն ընդլայնվել է: Ընդգրկվել են նաեւ «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ Մարտին Եսայանն ու Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիքի Մարաշլյանը: Հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցեցին 36 անդամներից 34-ը:
Իր խոսքում նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, որոնք ընդունել են հանձնաժողովի անդամ դառնալու իր առաջարկը, եւ հատկապես նրանց, որոնք հատուկ այս նիստին մասնակցելու համար են ժամանել Հայաստան, նշեց. «Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործության 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար»: Բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել եւ հասկանալ թուրքական պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված եւ իրականացված բնաջնջման քաղաքականությունը: Բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետեւանքները ցայսօր չեն վերացվել, չնայած իննուկես տասնամյակներին: Բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ Եղեռն իրականացնողների ուրացող հետեւորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայոց պատմության այս սեւ էջը խեղաթյուրելու համար, եւ բաց է, քանի որ Մեծ Եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երեւույթ եւ չեն ընկալում իրենց ապաշխարանքով հատուցելու անհրաժեշտությունը», նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ մենք խաղաղ ժողովուրդ ենք եւ պատրաստ ենք որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, այդ թվում նաեւ մեր հարեւանների. «Սակայն անկախ որեւէ բանիցՙ մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը եւ անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ», ընդգծեց նախագահը` հավելելով, որ մեր ժողովուրդը շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք պատմության ծանր պահին օգնության ձեռք են մեկնել` փորձելով պաշտպանել եւ օժանդակել մեզ. «Նրանցից ոչ մեկին մենք չենք մոռացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նաեւ նրանց հիշատակը ոգեկոչելու նոր հանգրվան կլինեն», նշեց նախագահը: Ազդարարելով, որ «այսօր մենք պաշտոնապես սկսում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու աշխատանքները», Սերժ Սարգսյանը նշեց, որ «խաղաղություն, պատասխանատվություն, երախտագիտություն» բառերը պետք է մեզ անընդհատ ուղեկցեն ձեռնարկած գործընթացում:
Նախագահի խոսքից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանձնաժողովի անդամները նիստը սկսեցին Տերունական աղոթքով: Այնուհետեւ Վեհափառն ու Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը իրենց խոսքն ուղղեցին նիստի մասնակիցներին:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրեց արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցեր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձեւավորման եւ իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցերից: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձեւավորելու մասին: Դեմոյանն արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նիստի ընթացքում համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, կրթության, մշակույթի նախարարություններին, Գիտությունների ազգային ակադեմիային: Դեմոյանի ներկայացմամբ` սփյուռքի հայկական կազմակերպությունները եւս պետք է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գործեն համատեղ: Ինչ վերաբերում է հասարակությունում տարածված այն կարծիքին, որ 100 տարին լրանալուն պես Ցեղասպանության ճանաչումն այլեւս իրավական հետեւանքներ չի կարող ունենալ, Դեմոյանը վստահեցրեց, որ միջազգային իրավունքում նման որեւէ փաստաթուղթ գոյություն չունի:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու, հանձնաժողովի անդամ Կիրո Մանոյանի խոսքերով` նիստի ընթացքում հստակեցվեց, որ աշխատանքները պետք է տարվեն հիմնականում երեք ուղղություններով` «ներազգային ճակատ` աշխատանք հայության հետ: Միջազգային ճակատ եւ աշխատանք` Ցեղասպանության հետեւանքների վերացման նոր փուլում»:
Հանձնաժողովի բոլոր անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները, անհատները մինչեւ աշուն իրենց գործողությունների ծրագիրը կներկայացնեն հանձնաժողովի քարտուղարություն: Հենց առաջիկա աշնանն է նախատեսված հանձնաժողովի երկրորդ նիստը, որը պետք է հստակեցնի ու ամրագրի առաջիկա 1-2 տարվա համատեղ գործողությունների ծրագիրը:
ԿԱՅԱՑԱՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ 10 ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Մ. Մ.
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության նախաձեռնությամբ եւ պատվերով հրատարակված 10 անուն գրքերն ու մեկ սկավառակը: 2010-2011 թթ. հրատարակված այդ գրքերի շնորհանդեսին ներկա էին հեղինակներն ու գիտական ինստիտուտների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Նախարարը նշեց, որ նախարարությունը իր ստեղծման օրից համագործակցել է երեք կարեւորագույն հաստատությունների հետՙ ԵՊՀ, ՀԳԱԱ եւ նրա ինստիտուտները եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ: ԵՊՀ-ի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը ներկայացրեց «Արեւմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկը», որը հիմնականում նախատեսված է բանասիրության ֆակուլտետի, մագիստրատուրայում սովորող ուսանողների համար: Ձեռնարկը բաղկացած է երեք բաժնիցՙ վարժություններ եւ գործնական առաջադրանքներ արեւմտահայերենի քերականության վերաբերյալ, բնագրեր արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականությունից, եւ բառացանկՙ շուրջ 1000 բառերի բացատրությամբ:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանն ասաց, որ նախարարության հետ համագործակցության երկու տարիների ընթացքում հրատարակվել է 3 գիրքՙ «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները եւ տեղեկատվական ռեսուրսները», «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում» եւ «Հայ համայնքն ԱՄՆ-ում»: Գրքերում լուսաբանվում են սփյուռքյան համայնքների ներուժը, նաեւ այն բազմաթիվ խնդիրները, որոնք հայության հարցերով զբաղվող փորձագետների եւ ընթերցողների լայն շրջանակների համար օգտակար կլինեն:
Գրականագետ Ռուբեն Կարապետյանը ներկայացրեց «Об армянской диаспоре в России» աշխատությունը, որում ընդգրկված է հայերի վիճակը ռուսական միջավայրում եւ էթնիկական զարգացումները:
Այնուհետեւ Վարդան Դեւրիկյանը , ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի աջակցությամբ կազմված «Գրական Սփյուռք» տարեգիրքը, ասաց, որ տարեգրքում ներկայացված են գրականության ոճերըՙ պոեզիա, արձակ, դրամատուրգիա, գրականագիտություն, որոնք ներկայացնում են սփյուռքի գրական աշխարհի զարգացման պրոցեսները:
Գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը ներկայացրեց «Ռուբեն Սեւակ հատընտիր» գիրքը, որը տպագրվել է գրողի ծննդյան 125-ամյա հոբելյանի առիթով, եւ նաեւ Ռուբեն Սեւակ բանաստեղծի գրական գործունեությունը եւ շնորհակալություն հայտնեց նախարարին նման բարձր մակարդակով գրողի հոբելյանական միջոցառումները նշելու համար: Դերասանուհի Անահիտ Թոփչյանը ներկաների համար ընթերցեց Ռ. Սեւակի բանաստեղծություններից: Խտասալիկը, որում զետեղված էր գրողի գործերի ընթերցումները Անահիտ Թոփչյանի կատարմամբ, արժանացել է բարձր գնահատականի: Փորձագետ Լիլիթ Միրզոյանը ներկայացրեց «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը» գիրքը, որում տեղ են գտել շատ լուրջ ուսումնասիրություններ ու հետազոտություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել Ֆրանսիայում, Կիպրոսում, Լեհաստանում, Պորտուգալիայում եւ Ավստրիայում գոյություն ունեցող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական վիճակը, օրենսդրությունն ու խնդիրները:
Սերժ Սարգսյանը պարգևատրեց գիտնականներին, բժիշկներին, արվեստագետներին
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է մրցանակներն ու շնորհավորել մրցանակակիրներին` ընդգծելով, որ նրանց գիտական և ստեղծագործական ձեռքբերումները, մեծ հաշվով, մեր երկրի ու ժողովրդի ձեռքբերումներն են: Իր շնորհավորական խոսքում նախագահը, մասնավորապես, նշել է.
«Ինձ համար ակնհայտ է, որ մրցանակներն ավելի շատ պետք են ոչ թե ստացողներին, այլ Հայաստանի հանրությանը: Արժանավոր գործերի ու մարդկանց մասին մեր հասարակության լայն շերտերը պետք է իմանան առաջին հերթին բարձր գնահատականների շնորհիվ: Մրցանակներով մենք, իբրև պետություն և հասարակություն, ի ցույց ենք դնում և վերահաստատում մեր չափանիշները, ակնկալիքները, արժեքային մեր համակարգը:
Մենք քաջ գիտակցում ենք, որ գիտնականը կամ արվեստագետը մրցանակ ստանում է կոնկրետ գործի համար, բայց որպեսզի նա այդ գործն անի, նրանից երբեմն պահանջվում է մի ամբողջ կյանք: Նա այդ թռիչքին մասնագիտորեն և հոգեբանորեն պատրաստվում է երկար ու ձիգ տարիներ, ապրում` որոնումների, հիասթափության ու ոգևորության բազում պահեր»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել.
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար և Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար,
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին Գրիգորյանը և Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն Թերզյանը` «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,
արվեստի բնագավառում՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,
բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար.
գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.
հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:
Հանրապետության նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
Կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար և Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար:
Գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-…-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար և Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար:
Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հայաստանն ու Իրանը փոխըմռնման հուշագիր են ստորագրել էներգիայի, առևտրի, բանկային համակարգի և տրանսպորտի բնագավառներում տնտեսական կապերի շրջանակներն ընդլայնելու նպատակով:
Հուշագիրը ստորագրվել է Թեհրանում կայացած երկօրյա միջպետական գագաթաժողովի ընթացքում, հայտնում է Press TV-ն:
Հուշագրի ստորագրումից հետո Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհը նշել է. «2010 թվականի ընթացքում Հայաստանի և Իրանի միջև առևտրի ծավալներն աճել են 38 տոկոսով, առևտրի երկկողմանի ծավալները կազմում են 270 միլիոն դոլար և ներկայումս մենք Հայաստանի 4-րդ ամենամեծ տնտեսական գործընկերն ենք հանդիսանում: Այժմ, դիտարկելով հուշագրի հեռանկարները, կարող ենք ասել, որ այն թուլյլ կտա զարգացնել առևտուրն ու մասնավորապես կյանքի կոչել երկաթուղային ծրագիրը»:
Երկու երկրների սահմանին հիդրոէլեկտրոկայանի և 500 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը երկու երկրների պաշտոնյաների միջև քննարկվող ամենակարևոր թեմաներից են եղել:
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, իր հերթին, նշել է, որ հայկական կողմը գոհ է մի շարք ոլորտներում ստորագրված համաձայնագրերից:
Բանակից զորացրվածները անվճար կսովորեն մագիստրատուրայում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի ռեկտորներին առաջարկել է առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով հատկացված անվճար տեղերի մրցույթը բանակից զորացրված դիմորդների համար ամփոփել մինչև օգոստոսի 25-ը, առաջնահերթությունը հաջորդականությամբ տալով բակալավրի կրթական ծրագիրն ավարտած և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին, բակալավրի կրթական ծրագրով ուսումնառած և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով ուսումնառությունն ընդհատած դիմորդներին, այսօր հայտնում է ԿԳՆ լրատվական բաժինը:
ՀՀ կառավարության 2011թվականի մայիսի 5-ի թիվ 620 որոշմամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը: Որոշման մեջ առաջին անգամ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, բանակից զորացրվածների համար հատկացվել է 99 տեղ կամ տեղերի 10 տոկոսը, խրախուսելով երիտասարդներին ծառայել բանակում և դրանից հետո անվճար մագիստրոսական կրթություն ստանալ:
Իսրայելի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ
քաղաքական մոտեցում է. վերլուծաբան
«Սա իմ պարտքն է որպես հրեա և իսրայելցի՝ ճանաչել այլ մարդկանց ողբերգությունը»՝ այս արտահայտությունը ընդամենը կլիշե է: Անդրադառնալով Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կողմից, Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման պատրաստակամությանը իսրայելական առաջատար «Հաարետց» պարբերականում հարցի վերաբերյալ իր կարծքին է ներկայացնում վերլուծաբան, լրագրող Ալոն Իդանը:
«Ամեն անգամ, երբ նման արտահայտություն է հնչում, ունկնդիրը պետք է հասկանա, որ բարձրագոչ դրամատիզմի ներքո որոշակի ամոթ է թաքնված, որը ցանկանում են ջնջել», – գրում է Իդանը նկատի ունենալով Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի երկուշաբթի արված արտահայտությունը:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Կնեսետը որոշում է կայացրել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել Կրթության հանձնաժողովին, իսկ Ռիվլինը պատրաստվում է հիշատակել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի տարեկան հավաքին:
«Հաարետցի» հոդվածագիրը հիշեցնում է, որ Ռիվլինի հայտարարությունից և հարցը Մշակույթի հանձնաժողով ուղարկելուց դեռևս մեկ տարի առաջ խնդիրը քննարկվել էր Կնեսետի Արտաքին հարցերի և պաշտպանության հանձնաժողովում:
«Մոտավորապես այս եղանակով՝ քողարկվելով «իմ պարտքն է որպես հրեա և իսրայելցի» արտահայտության տակ, Իսրայելի անուշադրությունը 1-ից 1,5 միլիոն մարդու սպանության նկատմամբ սկսել է հալչել», – նշում է Իդանը:
Վերջինս գրում է, որ դիվանագիտական նկատառումներով 63 տարի Իսրայելի բոլոր կառավարություններն անտեսել են մարդկանց ողբերգությունը:
«Ռիվլինին ճիշտ կլիշե էր հարկավոր, որովհետև «մենք՝ որպես հրեաներ և իսրայելցիներ», պատմական կտրվածքով բարոյական անարդարության գործընկերներ ենք եղել: Վերջ ի վերջո, Ռիվլինը գիտի՝ եթե մեկ արտահայտությամբ փորձենք նկարագրել նրա բարոյական կերպարանափոխությունը, ապա դա շատ պարզ ու հասարակ արտահայտություն կլինի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների քանդվելը: Այժմ մենք կարող ենք քննարկել 1,5 միլիոն մարդկանց սպանությունը քաղաքական-դիվանագիտական իրավիճակի պատճառով, և ոչ թե այն պատճառով, որ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Այն, ինչ չթելադրեցին առողջ բանականությունը և գիտակցությունը, արեցին «Մավի Մարմարա» անունը կրող նավը և Ռեջեփ Թայիփ Էրդողան անունը կրող քաղաքական գործչի հայտարարությունները (նկատի ունի մեկ տարի առաջ իրագործված Իսրայելի հարձակումը Պաղեստին հումանիտար օգնություն տեղափոխող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որի հետևանքով կտրուկ վատթարացան իսրայելա-թուրքական հարաբերությունները – խմբ)», – գրում է հոդվածագիրը:
Նա նշում է, որ բարոյական ճկունությունը մեկանգամյա դիրքորոշում չէ, որը կապված է միայն Հայոց Ցեղասպանության հետ:
«Երբ օգտագործում ենք քաղաքական նկատառումները բարոյականի փոխարեն որպես մեր քաղաքականության հիմք, ստացվում է, որ բարոյականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքականությունից բխող մի բան, նեղ ազգային շահերի լրացում», – նշում է Ալոն Իդանը:
Սփյուռքում դժգոհ են Սփյուռքի նախարարից
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, օրերս Երևանում անցկացված Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին մասնակցող սփյուռքահայերը դժգոհություն են հայտնել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գործունեությունից:
«Մասնավորապես, դժգոհել են, որ նախարարը հաշվի չի նստում Սփյուռքի կառույցների ու ներկայացուցիչների հետ, պատկերացնում է, թե ինքը պետք է ղեկավարի Սփյուռքը: Օրինակ, Հոլանդիայի ներկայացուցիչը դժգոհել է, որ նախարարությունն իրենց համայնքում ներկայացուցիչ է ընտրել՝ առանց համայնքի կարծիքը հարցնելու և տեղի կառույցների հետ քննարկելու: Տիկին Հրանուշը չի ընդունել այդ մեղադրանքները և բորբոքվել է: Միջամտել է Սերժ Սարգսյանը՝ հորդորելով, թե հուզվելու կարիք չկա»:
Սերժ Սարգսյան. Մենք երբեք չենք հանդուրժելու
Հայոց ցեղասպանության ժխտումը
Կառավարությունում այսօր` մայիսի 30-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ հանձնաժողովի կազմն ընդլայնել է` դրանում ընդգրկելով նաեւ «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին եւ Հայ օգնության միության Կենտրոնական վարչության ատենապետուհի, տիկին Վիկի Մարաշլյանին:
Իր խոսքում երկրի ղեկավարը մասնավորապես նշել է.
«Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործությունից 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար.
• բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել եւ հասկանալ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված եւ իրականացված բնաջնջման քաղաքականությունը,
• բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետեւանքները ցայսօր չեն վերացվել` չնայած իննուկես տասնամյակներին,
• բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ Եղեռնը իրականացնողների ուրացող հետեւորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց պատմության այս սեւ էջը խեղաթյուրելու համար,
• բաց է, քանի որ Մեծ Եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երեւույթ եւ չեն ընկալում իրենց ապաշխարհանքով հատուցելու անհրաժեշտությունը:
Մենք խաղաղ ժողովուրդ ենք, որ պատրաստ է որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, քննարկել եւ համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաեւ` իր հարեւանների հետ: Սակայն անկախ որեւէ բանից, մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը եւ անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ:
Մենք պատասխանատու ժողովուրդ ենք, որ վերապրելով Հայոց ցեղասպանությունը եւ անցնելով 20-րդ դարի բազմաթիվ արհավիրքներ` անկախ, հպարտ ու հաղթանակած մուտք գործեց 21-րդ դար: Դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ` մենք երբեք չկուրացանք մեր վշտից, երբեք երես չթեքեցինք այլ ժողովուրդների տառապանքներից, այլ հետեւողականորեն պնդեցինք ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ անխուսափելի պատժման անհրաժեշտությունը:
Մենք երախտապարտ ժողովուրդ ենք, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր պատմության ծանր պահին օգնության ձեռք էին մեկնել` փորձելով պաշտպանել եւ օժանդակել մեզ: Մենք նրանցից եւ ոչ մեկին չենք մոռացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նրանց հիշատակը ոգեկոչելու նոր հանգրվան կլինեն:
«Խաղաղություն, պատասխանատվություն, երախտագիտություն» բառերը մեզ անշուշտ անընդհատ կուղեկցեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու մեր աշխատանքներում: Այսօր մենք պաշտոնապես սկսում ենք այդ գործընթացը»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգային հարցերի թվում են եղել հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձեւավորելու մասին հարցը, որից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձեւավորման եւ իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցը: Նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրել է արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցը:
Դեսպանը հավաստիացնում է, Վրաստանի իշխանությունները անում են եւ կանեն ամեն ինչ Ջավախքի զարգացման համար
Վրաստանի իշխանությունները անում են եւ կանեն ամեն ինչ Ջավախքի զարգացման համար: Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին: Խոսելով Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի խնդիրների մասին` դեսպանը համաձայնվել է, որ նման խնդիրներ կան երկրի բարձր լեռնային բոլոր շրջաններում: Նրա խոսքով, եթե համեմատում ենք իրավիճակը Ջավախքում մյուս շրջանների հետ, պարզ է դառնում, որ դրանք ընդհանուր են. «Բարձրլեռնային շրջաններում բնակչությունն ավելի աղքատ է, քան ափամերձ հատվածներում, որտեղ ցիտրուսային բույսեր են աճում»:
Տարածաշրջանի խնդիրների լուծման համար հարկ է իրացնել մի շարք ծրագրեր, եւ այդ հարցում վրացական կողմը ակնկալում է հայ գործարարների եւ ներդրողների ակտիվությունը:
Միեւնույն ժամանակ Շարմանիշվիլին լավ հասկանում է, որ առանց աշխատատեղերի ստեղծման, միայն սոցիալական ծրագրերով խնդիրները չեն լուծվում: Որպես օրինակ նա նշել է Ախալքալաքում գարեջրի գործարանի շինարարությունը, որը 400 աշխատատեղ կստեղծի:
Ռուսաստանցի փորձագետի կարծիք.
Ինչո՞վ է Իրանը սպառնում Հարավային Կովկասին
Իրանից բխող անկայունությունը Հարավային Կովկասում անպայման այս կամ այն չափով կանդրադառնա Հայաստանի վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, դիտարկելով տարածաշրջանում շիկացած իրավիճակի ձեւավորման հնարավոր տարբերակներ: Նրա խոսքով` Հայաստանը զուտ օբյեկտիվ պատճառներով կախման մեջ է Իրանից, եւ այդ երկրի հետ կապված ցանկացած զարգացումներն ազդում են նրա հարեւանների վրա:
«Մերձավոր Արեւելքն անկայուն գոտի է: Իրանի հակադրությունները Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ աստիճանաբար թեժացնում են իրավիճակը, հատկապես հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիայի հետ կան մի շարք չլուծված խնդիրներ. Մինչդեռ, Իրանի բուն ազդեցությունը Հայաստանի վրա ավելանալու է եւ դրա համար կան բավականին ծանրակշիռ պատճառներ. Հայաստանը փոքր, տնտեսապես շատ խոցելի երկիր է, որն ունի ընդամենը 4 հարեւան, որոնցից մեկի հետ նա հակամարտում է (Ադրբեջան), մյուսի հետ բավականին անորոշ հարաբերություններ են (Թուրքիա)»,- ընդգծել է փորձագետը, առաջարկելով մի պահ պատկերացնել` ինչ կլինի, եթե Պարսից ծոցում պատերազմ սկսվի:
Սատանովսկիի կարծիքով, այդ դեպքում իրանցի փախստականները չեն գնա ո’չ Իրաք, ո’չ էլ Աֆղանստան, այնտեղ նրանց համար «բոլոր ճանապարհները փակ են», եւ կմնան միայն Հայաստանն ու Ադրբեջանը, առավել եւս, որ իրանական վերնախավն արդեն բավականին մեծ ունեցվածք ունի Հայաստանում: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այդ երկրում երկրների միջեւ ընտրություն կատարելիս, Իրանը խաղադրույք կկատարի Հայաստանի վրա:
«Այդ վերջնական վեկտորի ձեւավորման վրա ազդել են մի շարք գործոններ, որոնց շարքում են, օրինակ, ադրբեջանական հասարակության կրոնական բաղադրիչը: Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, այնտեղ ապրում են սունիներ, մինչդեռ Իրանը հավակնում է Ադրբեջանում հաստատել իսլամի շիա ուղղվածությունը որպես գերիշխող, իսկ դա արդեն բախում է: Չի կարելի մոռանալ Կասպից ծովի բաժանման մասին, այստեղ նույնպես այդ երկու երկրների միջեւ ամեն ինչ չէ, որ հարթ է: Իսկ Հայաստանն ավանադական քրիստոնյա պետություն է, որը չունի ելք դեպի Կասպից ծով», - նշեց նա:
Եզրափակելով` Սատանովսկին նշեց, որ այնուամենայնիվ Հայաստանն ունի խոշոր համայնքներ Մերձավոր Արեւելքի երկներում, այդ թվում` Իրանում: «Հայաստանն ամենաքիչը կտուժի, քան կարող էր վատագույն սցենարով: Այդ բոլոր համայնքներն ունեն իրենց շահերը: Երեւանը հնարավորություն ունի զբաղեցնել առավել հավասարակշռված դիրք, որը հնարավորություն կտա վարել սեփական քաղաքականությունը տարածաշրջանում, դառնալով ուրիշների աչքի փուշը, քանի որ եթե դու վարում ես քո քաղաքականությունը, բոլորը սկսում են քեզ չսիրել», - ասաց Սատանովսկին:
Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները`
երաշխիքներ հավասարակշռված քաղաքականության դիմաց
Կարճ բնորոշելով Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները` կարելի է ասել` երաշխիքներ հավասարակշռված քաղաքականության դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի հայտնի իրանագետ Կարինե Գեւորգյանը:
Մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջիկա այցը Երեւան` փորձագետը կարծիք հայտնեց, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ «ժամացույցների ստուգման» անհրաժեշտություն է առաջացել:
Ընդհանուր առմամբ` երկու երկրների միջեւ հարաբերությունները Իրանի կողմից երաշխիքներն են Հայաստանի հավասարակշռված քաղաքականության դիմաց: Պատասխանելով հարցին, թե որ երաշխիքների մասին է խոսքը, փորձագետը նշեց, որ դրանք կարող են լինել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական երաշխիքներ:
Комментариев нет:
Отправить комментарий