Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 5 июня 2011 г.

Մամուլի տեսություն



Կնեսետի նախագահը ծրագրում է ամեն տարի խորհրդարանական լսումներ անցկացնել հայոց ցեղասպանության հարցով



Կնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ծրագրում է ամեն տարի խորհրդարանական լսումներ անցկացնել հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Իմ, որպես հրեայի եւ իսրայելցու, պարտականությունն է ճանաչել այլ ժողովուրդների ողբերգությունը, քաղաքական դրդապատճառները, որոնք շատ կարեւոր են, չեն կարող մեզ թույլ տալ հերքել այլ ժողովուրդների կրած այլ ժողովուրդների կրած դժբախտությունները»,- ասել է Ռիվլինը:

Նշենք, որ Կնեսետը մայիսի 18-ին Ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում ընդգրկել է կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչվելու շանսեր չունի:



ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄՆ ՈՒ ՌԵՅՄՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ`
ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԼՍԱՐԱՆԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ




Մայիսի 26-ին Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայի Մեծ սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որին հատուկ հրավիրվել էին ցեղասպանության խոշոր մասնագետներ` Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը եւ Փարիզ-VIII Սեն-Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռեյմոն (Հարություն) Գեւորգյանը : Գիտաժողովին ներկա էին Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն, ինչպես նաեւ ռումինական քաղաքական-հասարակական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ, հեռուստատեսությունը, մամուլը:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, «Հայաստան. Մի ժողովրդի ճակատագիր» խորագրով գիտաժողովը բացել է ռումինական Ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Դան Բերինդեյը , հյուրերին ողջունել եւ ներկայացրել է սենատոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը : Պատմաբան, վերջերս անգլերենով լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» ստվարածավալ աշխատության հեղինակ Ռեյմոն Գեւորգյանը «Հայոց ցեղասպանություն. Ոչնչացում երկու փուլով, 1915-1916» զեկույցում անդրադարձել է հայերի արտաքսման եւ վերացման երիտթուրքական կառավարության հետեւողական քաղաքականությանը: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Ժխտողականությունը որպես ազգային անվտանգության հղացք» զեկույցի մեջ մեկնաբանել է արդի թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ դրա բացասական հետեւանքները ներքին եւ արտաքին առումով:

Նույն օրըՙ կեսօրին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հրավիրվել են ռումինական TVR Info հեռուստակայան, ուր մոտ կեսժամանոց ուղիղ հաղորդման մեջ խոսել են ցեղասպանության իրականացման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հաղորդումից առաջ ցուցադրվել է հեռուստատեսության պատրաստած փաստագրական նյութ Հայոց ցեղասպանության մասին:

Մայիսի 27-ին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հանդիպել են նաեւ Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Կեսօրից հետո Բուխարեստի Ռումինական գյուղի թանգարանում տեղի է ունեցել Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը:

Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության վերաբերյալ միջոցառումները կազմակերպվել էին Ռումինահայոց միության եւ Ռումինահայոց թեմի ջանքերով:


ԹԱՆԳՅԱՆԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է «ՊՐՈՄԵԹԵՎՍԻՆ»



Ողբերգության հայտ համարվող հույն դրամատուրգ Էսքիլեսի «Պրոմեթեւսը շղթայված» պիեսի այս արդիականացված տարբերակում Սերժ Թանգյանն ունկնդիրներին երաժշտական խիզախ մի ճանապարհորդության է առաջնորդում: Նրա ամենատարբեր ժանրերի 19 կոմպոզիցիաները, որոնք ռոքի, բլյուզի, ժողովրդականի եւ էթնոյի յուրահատուկ միաձուլվածք են, համահունչ են պիեսի անցուդարձերին եւ մեծապես նպաստում են նրա հաջողությանը», գրում է ճանաչված լրագրող Նենսի Քալաջյանը «Արմինյն միրոր սփեքթերթր» շաբաթաթերթում, գրախոսելով պիեսը:

«Պրոմեթեւսի» այս նոր ռոք-մյուզիքլը ART-ի (Ամերիկյան խաղացանկային թատրոնի) Օբերոն թատերասրահում է ներկայացվել: Ութսուն րոպե տեւողությամբ այս պիեսում Պրոմեթեւսի դերով հանդես է եկել Գեյվին Քրիլը: Սցենարը եւ երգի բառերը գրել է «Թոնի» մրցանակի դափնեկիրՙ Սթիվն Սեյտրը: Երաժշտությունըՙ Սերժ Թանգյանը: Բեմի վրա 6 տարբեր գործիքներով կենդանի նվագախումբն է ելույթ ունեցել, ճիշտ է, երբեմն շատ բարձր, բայց ընդհանուր առմամբ չափազանց առինքնող երաժշտություն պարգեւելով ներկաներին:


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՏԱՆ ՁԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՅ ՆԿԱՐՉԻ ԲԱՐՁՐԱՐՎԵՍՏ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ





ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես


Այս պատմության մեջ ամենակարեւորը թերեւս այն է, որ Լոնգ Այլենդի (Նյու-Յորք) առափնյա մի տան ձեղնահարկում հայտնաբերվել են ազգությամբ հայ գեղանկարչի` Արթուր Փինաջյանի գործերը: Այս նկարիչը շուրջ 2 տասնամյակ անհայտ է եղել ամերիկյան հասարակությանը: Նյու Ջերսիում, ուր ապաստանել էր նրա ընտանիքը Մեծ եղեռնից հետո, իսկ հետո նաեւ Նյու Յորքում, նրան ճանաչում էին իբրեւ համեստ, սիրող ծաղրանկարչի, որը ոչնչով աչքի չէր ընկնում: Ապրել է չամուսնացած քրոջ հետ, լուռումունջ տրվելով իր արվեստին, չակնկալելով ճանաչում ու փառք, իսկ մահից առաջ նույնիսկ խնդրել է քրոջը դեն նետել իր բոլոր կտավները: Բայց Արմեն անունով քույրը նրա խնդրանքը չի կատարել: Քրոջ մահից հետո աշխարհին «Apocalypse 2012» գրքով հայտնի Լոուրենս Ջոզեֆը ճակատագրի քմահաճույքով որոշում է գնել հենց Փինաջյանի տունը: Հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել են բարձրարվեստ գեղանկարները, որոնք ամերիկյան տեսաբանները իսկույն հռչակեցին իբրեւ հայտնություն ամերիկյան արվեստի եւ 21-րդ դարի համար:

Այս ամենը եղել է 2 տարի առաջ, բայց մինչ օրս ոչ ամերիկահայ, ոչ էլ այլ համայնքներում ու Հայաստանում քչերն են տեղյակ նկարչի եւ նրա արվեստի մասին:

Այս առումով Բըրբանկի (Լոս Անջելես) Սուրբ Ղեւոնդ մայր տաճարի «Զորյան» թանգարանում բացված ցուցահանդեսն անակնկալ էր տեղի արվեստասեր հասարակության համար:

Ամերիկացի ճանաչված տեսաբան պրոֆեսոր Վիլյամ Հոմերը Արթուր Փինաջյանի արվեստը համեմատում է Գոգենի, Սեզանի, Արշիլ Գորկու ստեղծագործությունների հետ: Ինչպես Արշիլ Գորկին, Արթուր Փինաջյանն էլ ստեղծագործում է աբստրակտ իմպրեսիոնիզմի ոգով ու ոճով` առաջին պլան մղելով գույնի ու երանգի լեզուն, պատկերային ձեւերն ու ուրվագծերը ենթարկելով դրանց: Պարզ, անխառն գույները զարմանալի հնչողություն ունեն, դրանք ասես ջերմություն ու լույս են ճառագում, ներթափանցում դիտողի հոգու մեջ: Արվեստի ամերիկացի տեսաբանների հիացմունքին արժանացած Արթուր Փինաջյանի արվեստը, անկասկած, աբստրակցիոնիզմի, իմպրեսիոնիզմի տարրերից զատ կրում է նաեւ հայկականության ոգին: Նկարիչը ծնվել ու մեծացել է Ամերիկայի հայկական միջավայրում, եւ իր գեներում, անշուշտ, կրել է նաեւ ցեղի հիշողությունը: Բայց թե հատկապես որն է հայկականության տարրը նրա աշխատանքներում, դա արդեն արվեստի հայ տեսաբանների քննելիքն է:

Արթուր Փինաջյանի նկարների ցուցադրությանը ներկա էր նաեւ Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւմտյան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրյանը: Ցուցահանդեսը նախաձեռնել էր Stephanies Art Gallery կազմակերպությունը: Այն կգործի մինչեւ հունիսի 19-ը: Արվեստասեր ընթերցողը Արթուր Փինաջյանի աշխատանքները կարող է դիտել Pinajianart.com ինտերնետային հասցեում: Ասենք, որ ցուցադրված 5 տասնյակ նկարներից 15-ը վաճառվեցին անմիջապես բացումից առաջ: Գեղանկարները գնահատվել են 3-65 հազար դոլարի սահմաններում:



ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ, ԱՆԾԱՆՈԹ ՀԱՅԱՍՏԱՆ
«ՎԻՍՈՒՍ. ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲ»
ՖԻԼՄՈՒՄ




ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


Հունիսի 2-ին, ժամը 20.15-ին գերմանական RTL-ը եթեր հեռարձակեց առեղծվածային մի պատմության վերաբերյալ իր թանկարժեք էկրանավորումը: «Վիսուս.Նոյյան տապան արշավախումբ» անվանյալ թրիլլերը մեր ուշադրությունը դժվար թե գրավեր, եթե այդ պատմությունն այս կամ այն կերպ չառնչվեր Հայաստանին:

Անահիտը Քյոլնի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Սյորենզենի ասիստենտն է եւ Միջերկրականի արեւելյան հատվածում 12-րդ դարում Ավետյաց Երկրից վերադարձին խորտակված նավը (խոսքը 1369-ին սուզված Catherine-ի մասին է) հետազոտելիս, առեղծվածային մասունք է հայտնաբերում: Հնգանկյունՙ ներքին մեծ էներգիայով օժտված մասունքը նրա հրահանգով նավի տախտակամած են բարձրացնում արշավախմբի անդամներըՙ ուսումնասիրելու, առանց կանխազգալու, որ կյանքին սպառնացող վտանգն են մոտեցնում իրենց: Ժանտախտի սպառնալիքը, որ դարեր ի վեր «ննջում էր» ծովի հատակին, այժմ իր ճիրաններն է տարածում: Հարուցիչը հետագայում գերմանացի երկու զբոսաշրջիկի մահվան պատճառ էլ է դառնում շատերի համար ծովափնյա սիրելի հանգստավայր Անթալիայում: Նրանով վարակված է նաեւ Անահիտը: Հնգանկյուն մասունքը Աստծո աչքն է: Գտածոն գերմանացի պրոֆեսորին ու նրա հայազգի ասիստենտին Նոյյան տապանը գտնելու հույսն է ներշնչում, բայց ֆիլմում անակնկալ բացահայտվում է հնգաթեւ խաչի դաջվածքը դաստակներին կրող հայկական գաղտնիՙ ընդհատակյա գործող մի եղբայրություն, որ խոչընդոտում է գիտնականների նախագծած ուղինՙ նախապես այլ առաքելության հավատարիմ լինելու նվիրական պայմանը չխախտելու ձգտումով: Նրանք ուզում են ոչնչացնել մեր ճանաչած աշխարհըՙ նորըՙ «կատարյալը երկնելու բարձր գիտակցությամբ»: Սատանայական նրանց նախագիծը կարող է միայն իրականություն դառնալ, երբ հաջողվի գտնել բեկված նավի հնգանկյունՙ Հայկական լեռնաշխարհի վանքերից մեկում պահվող մասունքի զույգը ու դրանովՙ Աստծո զույգ աչքերը միացնել: Բայց ոչ ոք ճշգրիտ չգիտի վանքի տեղը: Դրա որոնումների ճանապարհն էլ լի է վտանգներով: Անահիտը, Սյորենզենը ու վերջինիս զարմիկ Ռոբերտը, որ արվեստի գործերի խուզարկու է, տաքսու հայ վարորդ Հայկի օնությամբ կարողանում են մահացու խոչընդոտները հաղթահարելով բացահայտել առեղծվածի տեղը, կանխել աշխարհակործան աղետը: Բարի վերջաբանի տրամաբանությամբՙ հրաշքներով, առեղծվածներով լի Հայաստանում, սուրբ մասունքներ ամբարող վանքում Անահիտը սրբվում է ժանտախտի հետքերից: Ահա ձանձրանալու առիթ չտվող ֆիլմի շատ կարճ վերաշարադրանքը:

Ֆիլմում հայ դերասաններ չկան, բոլորը ծանոթ են գերմանական էկրանավորումներից: Անահիտ Սարյանի դերը մարմնավորում է Յուլիա Մոլքհոուն, արվեստի գործերի դետեկտիվ Ռոբերտի դերում Ստեփան Լուկան է: RTL-ը իր հինգմիլիոնանոց արտադրությունն իրականացել է Ռիչարդ Հայերի «Վիսուս» վեպի հիման վրա գրված Արնե Զոմմերի սցենարով: 125 րոպե տեւողությամբ ֆիլմի գործողությունները ի թիվս այլ վայրերի հիմնականում ծավալվում են Ստամբուլի, Անատոլիայի, Հայաստանի ու Երեւանի ծանոթ ու անծանոթ վայրերում, նաեւՙ Ազգային գրադարանում:

Վերոհիշյալ ֆիլմի թրիլլերային «տրամաբանությունը» անշուշտ չի պարտադրում, թե արվեստին, պատմությանն առնչվող հենքն իրական փաստերի հիման վրա է կառուցված: Հայերիՙ առասպելի ու իրականության շաղախով կառուցված «Վիսուս» վեպին հայ գրաքննադատությունը ծանո՞թ է, թե՞ ոչ, ի՞նչ կարծիք ունի հայ եկեղեցին ֆիլմում արծարծված աստվածաբանական խնդիրների առնչությամբ, ֆիլմը Հայաստանի, հայության հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունք է ձեւավորում, նպաստավո՞ր է մեզ համար: Այս հարցերի մասին կուզենայինք լսել մասնագիտական գնահատական:




Թալեաթ փաշայի գրառումները թարգմանվել են անգլերեն



Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի կողմից անգլերենով հրատարակվել է Արա Սարաֆյանի գիրքը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թալեաթ փաշայի գրառումների մասին: Այս մասին հաղորդում է Nouvelles d`Arménie-ին:

Թուրքական արխիվների վերջին փաստաթղթերի եւ Թալեաթ փաշայի անձնական փաստաթղթերի զուգակցումը  հաստատում է, որ Թալեաթն իսկապես Հայոց ցեղասպանության ճարտարապետներից էր:

Փաստաթղթերը հաստատում են, որ նա 1915 -1916 թթ. հրամայել էր իրականացնել եւ ղեկավարել էր  թուրքահայերի տեղահանումը  ու «խնամքով» հետեւել էր տեղահանվածների ճակատագրին: Թեեւ շատ փաստաթղթեր թուրքական արխիվներում  նախկինի պես հասանելի չեն, սակայն  եղած տեղեկությունները  փաստում են, որ տեղահանման թեզն ընդամենը շղարշ էր  հայերի ոչնչացման համար:

Թուրքական արխիվների փաստաթղթերը, ինչպես նաեւ 1917 թ-ին վերաբերող Թալեաթի գրառումները վկայում են, որ առանվազն 100 000 հայերի հաջողվել է խուսափել տեղահանումիցԸստ Թալեաթի գրառումներիՕսմանյան կայսրությունում հայերի մեծ մասը զոհվել է 1915 եւ 1917 թթ.:  Փրկվածները ցրվել են տարբեր նահանգներում, որպեսզի ասիմիլյացիայի ենթարկվեն:

Գրքույկը, անկասկած, Թալեաթը գրել է անձնական օօգտագործման համար: Այն հրապարակման համար չի նախատեսվել: 1921 թ-ին Թալեաթի սպանվելուց հետո նրա այրին գրքույկը տվել է թուրք պատմաբանի, որն էլ որոշել է հրատարակել այն:

Թալեաթի տվյալներով` Օսմանյան կայսրությունում 1 150 000  հայեր անհետացել են 1915–1917 թվականներինԱյդ թիվը ներառում է նաեւ 100 000 հայերի, որոնց հաջողվել է փախչել  1915 թ-ին (եւ հիմնականում մահացել են սովից եւ հիվանդություններից), սակայն այն չի ներառում տասնյակ հազարավոր  հայ կանանց ու երեխաներին, որոնց վերցրել են մահմեդական ընտանիքները կամ մանկատները` ասիմիլյացիայի ենթարկելու համար:



Ֆրանսիայի հանրային հեռուստաընկերությունը
Հայոց ցեղասպանության մասին հաղորդում կցուցադրի



Ֆրանսիական «France 2» հանրային հեռուստաընկերությունը 2011թ. հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը  9:30 –ին  «Արեւելյան քրիստոնյաներ» հաղորդման շրջանակում կցուցադրի  «1915թ. հայոց ցեղասպանություն. հարգանքի տուրք զոհերին» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայում հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոս Գրեգուար Գաբրոյանի, պատմաբաններ Իվ Թերնոնի եւ Ռայմոնդ Գեւորգյանի, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրած  հայ ընտանիքի հետ, որը կպատմի հիշողության` սերնդե սերունդ փոխանցվելու մասին:

Комментариев нет:

Отправить комментарий