Հայաստանի առաջնության առաջին շրջանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Երևանի «Ուլիսը»։ Նախորդ 2 առաջնությունների բրոնզե մեդալակրի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը ևս պատասխանեց ArmSport.am-ի 10 հարցերին, որոնք մենք արդեն ուղղել ենք «Գանձասարի» և «Շիրակի» մարզիչներին։ 1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի մրցելույթներն առաջին շրջանում: Բավարար: Առաջնության սկիզբը մեր թիմի համար հաջող եմ համարում: Գոհ եմ ինչպես թիմի ցույց տված արդյունքից, այնպես էլ ֆուտբոլիստների խաղից: 2. Թիմի այժմ զբաղեցրած տեղը համապատասխանո՞ւմ է մինչև առաջնության մեկնարկը Ձեր ակնկալելիք հորիզոնականին: - Սպասում էի , որ հաջող կմեկնարկենք և հուսով էի, որ բարձր հորիզոնականներում կգտնվենք: Դրա համար հիմքեր կային, քանի որ թիմը լավ էր նախապատրաստվել մրցաշրջանին, և թիմի համալրումն էլ բավարար էր: Խաղացողներն էլ անցկացված հանդիպումներում, ընդհանուր առմամբ, կարողացան իրենց լավագույն կողմերը դրսևորել: 3. Նախորդ տարվա համեմատ` ինչպիսի՞ն է այս տարվա մրցավարությունը: - Այս տարի մրցավարները ձգտում են ավելի լավ վարել հանդիպումները: 4. Առաջին շրջանում Ձեր թիմի ո՞ր խաղն եք համարում ամենահաջողը և որն` ամենաանհաջո՞ղը: Ամենալավ հանդիպումներից կառանձնացնեմ 2-ը: Երկրորդ տուրում "Բանանցի" հետ հանդիպումը, որն ավարտվեց մեր հաղթանակով`3-1, և "Շիրակի" հետ 4-րդ տուրի խաղը, որում հաղթեցինք նույն հաշվով: Այդ հանդիպումներում մեր թիմը ցուցադրեց մարտական բնավորություն և դինամիկ ֆուտբոլ խաղաց: Իսկ ամենավատը առաջին շրջանի վերջին խաղն էր' "Իմպուլսի" դեմ, որն ավարտվեց մրցակցի հաղթանակով' 0։1: 5.Թիմի ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրեցին սպասելիքները և ովքե՞ր հիասթափեցրին: -Բոլոր ֆուտբոլիստներն էլ կատարեցին իրենց աշխատանքը: Տղաների ճնշող մեծամասնությունը հանդես եկավ այն մակարդակով, ինչը նրանցից ակնկալում էինք: Միայն 3 խաղացողներ հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր: Չեմ ցանկանում նրանց անունները հրապարակել, քանի որ հուսով եմ, որ առաջիկայում նրանք կուղղվեն: 6. Ձեր թիմի կոմպլեկտավորումը կարելի՞ է ավարտված համարել, թե մտադիր եք այլ ֆուտբոլիստների հրավիրել: - Չենք սահմանափակվելու եղած խաղացողներով և մտադիր ենք ուժեղացնել թիմը: Նոր խաղացողների հրավիրումն անհրաժեշտ է, քանի որ ֆուտբոլը զերծ չէ վնասվածքներից ու որակազրկումներից, այնպես որ թիմի համալրումն պետք է այնպիսին լինի, որ հիմնական կազմի խաղացողների բացակայության դեպքում նրանց համարժեք փոխարինողներ լինեն: 7. Նշեք առաջին շրջանի 3 լավագույն ֆուտբոլիստներին: - Դժվար է 3 ֆուտբոլիստների առանձնացնել, քանի որ շատերը դրսևորեցին իրենց լավագույն կողմերը:Այնպես որ ես չեմ սահմանափակվի միայն 3 ֆուտբոլիստների անուններ նշելով: "Ուլիսից" ես կառանձնացնեմ Վլադիմիր Մալկովին, Տիգրան Հախնազարյանին, Արտյոմ Ադամյանին, Արտակ Գրիգորյանին, Վալերի Ալեքսանյանին, Գեորգի Կրասովսկուն, "Իմպուլսից"` Զավեն Բադոյանին, "Գանձասարից"' Լևան Բուբուտեիշվիլուն, "Միկայից"' Հրայր Մկոյանին և Նարեկ Բեգլարյանին, փյունիկցի Մարկոսին, "Շիրակից"' Իգոր Լոգվինովին և Դավիթ Հակոբյանին, "Բանանցի" հարձակվող Բրունո Կորեային... 8. Մրցակիցներից ո՞ր թիմն ավելի դրական տպավորություն թողեց: -Առաջնության գրեթե բոլոր մասնակիցներն էլ տրամադրված ու մարտական խաղ են ցուցադրում: Սակայն մրցակից թիմերից կառանձնացնեմ "Գանձասարին", որի ցույց տված արդյունքն ու խաղը հարգանքի են արժանի: 9.Երկրորդ շրջանի ավարտից հետո ո՞ր հորիզոնականում կգտնվի Ձեր թիմը: -Հուսով եմ 2-րդ շրջանից հետո չենք զիջի մեր դիրքերը և կպահպանենք առաջին հորիզոնականը: Գիտակցում ենք, որ որքան էլ դժվար է առաջին տեղում հայտնվելը, առավել դժվար է այն պահպանելը: Սակայն թիմը վճռական է տրամադրված` զարգացնելու հաջողությունը: 10. Մայիսի 11-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկությունում ո՞ր թիմը կդառնա գավաթակիր: -Եզրափակիչ հանդիպումն ունի իր առանձնահատկությունները: Այստեղ թիմերին ընդամենը մեկ քայլ է բաժանում պատվավոր մրցանակին արժանանալուց , և հաղթելու գլխավոր նախապայման է դառնում թիմերի տրամադրվածությունը: Կարծում եմ' կհաղթի այն թիմը, որն ավելի տրամադրված ու պատրաստված կներկայանա հանդիպմանը: Իսկ այս պահին "Միկայի" և "Շիրակի" հաղթանակի հնարավորությունները հավասար եմ գնահատում: |
воскресенье, 8 мая 2011 г.
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий