Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 8 мая 2011 г.

Անդրանիկ Օզանյան


ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՆԸ. ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ




Անդրանիկ Թորոսի Օզանյան, ինչպես ժողովուրդ է կնքել իր դյուցազնին` զորավար Անդրանիկ: Կնքել է նրան, որպես մեծ հայորդու, հայդուկապետի ու մեծ զորահրամանատարի, ինչպես Վարդան Մամիկոնյանին ու Դավիթ-Բեկին:
Իր ազգն ու հայրենիքը սիրող Անդրանիկը կատարյալ ասպետի մարմնացում եղավ: Ասպետ, որ ոչ միայն իր ազգին էր պատիվ բերում, այլ ազատության ու անկախության քաղցրահամ բերկրանքն ու դրանց նվաճման դառնությունները ճաշակած ողջ մարդկությանը` «Որտեղ պայքար կա ընդդեմ բռնության, այնտեղ է իմ սուրը»:
Ո՞վ էր այդ դյուցազնը, և ովքե՞ր էին նրա նախնիները: Ո՞ր առյուծն էր ծնել այդ կորյունին, ե՞րբ և որտե՞ղ:
Զորավար Անդրանիկի տոհմածառը սկիզբ է առնում Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսարից ոչ այնքան հեռու` Գայլ և Պոտոլ գետերի միջև գտնվող լեռան լանջին փարված գեղատեսիլ Օզան գյուղից:
Թուրքական հալածանքներից փախչելով` 1700-ական թվականներին Օզան գյուղից մոտ 50 ընտանիք գաղթում և բնակություն է հաստատում Շապին-Գարահիսար քաղաքում: Այդ բռնագաղթվածների թվում էր նաև Օզանի անվանի ընտանիքներից մեկը` Օզանյանների ընտանիքը:
Անդրանիկի հայրը` Թորոս Օզանյանն ատաղձագործ էր, զբաղվում էր նաև առևտրով: Մայրը` Մարիամը, Աներդի գյուղից էր: Շատ քաջ և հանդուգն կին էր, վայելում էր գյուղի կանանց հարգանքն ու վստահությունը: Առյուծասիրտ այս կինն ավաղ շուտ է հեռանում կյանքից` մեկ տարեկան Անդրանիկին թողնելովամուսնու և դստեր հույսին:
Զորավարի ծննդյան ճշգրիտ թիվը պարզեցված չէ, սակայն ընդունված է 1865/66թ. փետրվարի 25-ը: Ամսաթիվ ն ու օրը ճշգրիտ են` համաձայն զորավարի քրոջ` Նազելիի հուշերից վերցված տեղեկությունների:
Թորոս Օզանյանի ընտանիքը չափազանց ու շրջապատի կողմից հարգված ընտանիք էր: Զորավարն իր նախնական կրթությունն ստանում է տեղական Մուշեղյան նախակրթարանում: Լինելով ճարպիկ և ուշիմ երեխա` շատ շուտով սովորում է հոր արհեստը` ատաղձագործությունը, և ձեռնամուխ լինում օգնելու վերջինիս:
Մեծ զորավարի մեջ հայրենասիրության և մարդասիրության վեհ զգացումն առաջին անգամ արթնացրել է Շապին-Գարահիսարի Նազարեթ քահանա Քիպերյանը` այն մեծ հայասերը, ով հետագայում անվանակոչվեց Վռամշապուհ արքեպիսկոպոս Քիպերյան և երկար տարիներ առաջնորդեց Ֆրանսահայ հոգևոր թեմը:
Որպես հեղափոխականի` զորավարի առաջին մկրտությունը տեղի ունեցավ 1885թ., երբ Շապին-Գարահիսարում սկսվեց հեղափոխական շարժում, որի նպատակն էր տեղում կազմավորել ինքնապաշտպանական խմբեր, և մեծ զորավարն առաջիններից մեկն էր, որ մտավ այդ խմբի կազմի մեջ և գիշերով մի խումբ երիտասարդների հետ, տեղի հոգևոր առաջնորդ Նազարեթ քահանա Քիպերյանի գլխավորությամբ, Հաջին Քարի` Սբ Սարգիս ուխտատեղի աղբյուրի ուռենիների տակ հավատարմության երդում տվեցին, իսկ տեր հայրն օրհնեց նրանց զենքերն ու հեղափոխության գաղափարների մասին հակիրճ քարոզ կարդաց:
Տասնյոթ տարեկան հասակում մեծ զորավարն ամուսնացավ շատ գեղեցիկ օրիորդի հետ, սակայն կյանքը լոկ մի ակնթարթ շպտաց նրան, և մեկ տարին էլ չլրացած` ամուսնական երջանիկ կյանքը դառը հետևանք ունեցավ: Մահացան նրա կինն ու նորածին զավակը, որը միակն էր և միակն էլ մնաց նրա ողջ հերոսական կյանքում:
Ծաղկաքաղ Ի. Բեգլարյանի «Հայդուկներ» գրքից:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Комментариев нет:

Отправить комментарий