Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 8 мая 2011 г.

Մամուլի տեսություն


ՀԱՅԱՍՏԱՆ
«Երկրապահ» կամավորական միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի մասին:




- Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եթե գումարենք շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները` խոսքը հրադադարի ռեժիմի խախտման մասին է, կարող ենք ենթադրել, որ պատերազմը շատ մոտ է: Ըստ Ձեզ`կարո՞ղ է պատերազմի հանգեցնել ստեղծված իրավիճակը:
- Նախ ասեմ, որ Երկրապահն առաջնորդվում է «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի» հայտնի կարգախոսով: Մեզանից առավել`ոչ ոք չի հասկանում, թե ինչ մեծ արժեք է խաղաղությունը: Մենք եղբայրներ ենք կորցրել, ընկերներ և գիտենք, թե ինչ ծանր բան է պատերազմը: Հիմա պետք է միասնական լինենք, ամուր պետություն, ամուր բանակ ունենանք, որպեսզի նենգ ոսոխն ամեն րոպե գիտակցի` մեր սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում, դարձյալ ընկնելու է մեր ոտքերն ու դարձյալ հրադադար մուրա: Ժամանակին Ադրբեջանը պատերազմ հրահրեց մեր դեմ, իսկ հայկական կազմավորումները, սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, խաղաղություն պարտադրեցին արյունատենչ թուրքին: Հիշեք, թե ինչպես էին 1994-ին ադրբեջանցիները խուճապահար փախչում: Հիշեք նաև, թե ինչ մեծահոգի էինք մենք: Մենք կարող էինք շա՜տ տարածքներ վերցնել, բայց կանգ առանք, որովհետև մեզ համար բարձր արժեք էր խաղաղությունը: Մենք բավարարվեցինք ազատագրելով մեր հայրենիքի այն փոքր հատվածը միայն, որ անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Մենք պատերազմ չենք կամենում, բայց մենք պատրաստ ենք վատթարին: Ես հավաստիացնում եմ`եթե թշնամին սխալվի ու դարձյալ պատերազմ սկսի, ապա ռազմական գործողություններն ընթանալու են իր իսկ տարածքում: Չի բացառվում, որ այդ դեպքում մենք ոչ միայն մեր հայրենի տարածքներն ազատագրենք, ինչպես դա արեցինք 1994-ին: Եթե թուրք-ազերին իր ռազմատենչությունը դարձյալ դրսևորի, ապա այս անգամ թերևս մեր հայրենի Նախիջևանն ազատագրելուց զատ Կիրովաբադ և հնարավոր է`մինչև անգամ Բաքու մտնենք: Չարիքն իր բնում է պետք խեղդել: Թուրքը տեռորիստ է, մարդասպան: Մենք այդպիսին չենք, խաղաղասեր ենք, քրիստոնյա ենք, մենք երեխա չենք մորթել, բայց երբ մեր հողին, մեր հայրենիքին, մեր ընտանիքներին վտանգ է սպառնում, մենք գիտենք վճռականորեն կռվել:



Ադրբեջանի ավանտյուրան




Սերժ Սարգսյան. Լիտվայի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, մամուլի համար արված հայտարարությունում ասաց, որ Ադրբեջանն ընտրել է հակամարտության կարգավորման ձգձգման մարտավարությունը և հարմար առիթ է փնտրում` նոր ռազմական ավանտյուրայի դիմելու համար:
«Ադրբեջանը շարունակում է խորացնել իր իսկ ստեղծած անջրպետը եւ նոր բաժանարար գծեր է ստեղծում»,- նշել է Ս. Սարգսյանը:-«Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը եւ հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հարվածում են բանակցային գործընթացին:



Դավիթ Ջամալյան. Ուժերի հավասարակշռությունը չի խախտվել, Ադրբեջանը ձեռք չի բերել կրիտիկական ռազմական գերազանցությունը: 2011թ. մայիսի 2-ին մամլո ասուլիսին նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի խախտումներին, որոնց արդյունքում հայկական կողմը երեք կորուստ է ունեցել:
«Արագ պատերազմի ակնկալիք կարող ես ունենալ միայն լուրջ առավելության դեպքում, մինչդեռ բացարձակ առավելություն ունենք բազմաթիվ զինատեսակների առումով` հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում»,- ասաց Ջամալյանը՝ հավելելով, որ քանի դեռ Ադրբեջանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է, պատերազմ չի սկսվի: «Կարծիք կա, որ Ալիևը նման քայլի կգնա` իր շուրջ բոլոր ուժերին հավաքելու, սակայն ես այդպես չեմ կարծում»,- ասաց նա:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ ասաց, որ պատերազմն ունի իր գինը տարբեր ոլորտներում: «Եթե դու սկսում ես պատերազմը և չես հաղթում, դու այդ տարածքներում կորցնում ես ամեն ինչ: Արցախում նա [Ալիևը] կորցնելու բան չունի, բայց այս դեպքում նա հնարավորություն չունի ստանալ գոնե բարոյական աջակցություն այլ երկրից, գուցե՝ բացի Թուրքիայից»,- ասաց նա: Սակայն, ըստ քաղաքագետի, Թուրքիան էլ չի ուզում ներգրավվել, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է և չի ուզում փչացնել իր հարաբերություենները Ռուսաստանի հետ: «Այնպես որ, ռազմական բալանսը շարունակվում է` թվային և որակական առումներով»,- ասաց Մինասյանը:



Հայկական կողմն անպատասխան չի թողնում
Անդրդառնալով շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների ակտիվացմանը և այն դիտարկմանը, որ արդյոք հայկական կողմն անհրաժեշտ քայլեր ձեռնարկում է դրանց չեզոքացնելու ուղղությամբ՝ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասաց, որ հայկական կողմի պատասխանը միշտ եղել է և լինելու է համարժեք:
Ըստ նրա՝ ի պատասխան ադրբեջանցի դիպուկահարների վերջին գործողությունների, որոնց արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, արցախյան դիրքերից արձակված կրակներից արդեն երեք ադրբեջանցի զինծառայող է զոհվել: «Ադրբեջանցիները հերքել են, սակայն այս համատեքստում շատ ավելի հավաստի է սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկատվությունը»,- նկատեց Ջամալյանը:
Շփման գծի վրա հասարակության ուշադրություն կենտրոնացնելը ներքաղաքական կոնտեքստ ունի
Ըստ Ջամալյանի` Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, սակայն այսօր շփման գծի վրա հասարակության ուշադրությունը կենտրոնացնելը ներքաղաքական կոնտեքստ ունի: «Սա, իհարկե, մեր երկրի վրա հոգեբանական ճնշում գործադրելու ձևերից մեկն է: Լարվածության առումով կարելի է ենթադրել, որ ցանկանում են հայ հասարակությանն առավել տրամադրել հանդուրժողականության և զիջողականության: Սակայն ագրեսիվ մաքսիմալիստական նրանց դիրքորոշման դեպքում ուղղակի ճիշտ չէ լինել հանդուրժող, և հայկական կողմը ևս ադրբեջանական հասարակության մեջ պատերազմի և հայկական ուժերի մասին պատկերացումները փոխելու խնդիր ունի»,- ասաց փորձագետը՝ կարևորելով այն, որ հայերը պատրաստ լինեն իրենց նկատմամբ տոտալ ատելությամբ լցված հասարակության հետ պատերազմին:
«Մենք հակազդելու խնդիր երբեք չենք ունեցել: Արցախի մեր զինվորականությունն աշխատում է ադեկվատ պատասխանի անհրաժեշտության սկզբունքով»,- ասաց Ջամալյանը:
Ըստ նրա՝ օրինաչափություն կա նրանում, որ ադրբեջանցիները երբեք չեն խոստովանում՝ իրենց զոհերն ինչ հանգամանքներում են մահացել և մի մասն են միայն ներկայացվում` որպես մարտական զոհ, մյուս մասը` արտակարգ միջադեպերի արդյունք:
«Երբ նրանք մեծ ձախողում են ունենում` մանավանդ` մեծ թվով զոհեր, նրանք մեծ թիվը միանգամից չեն ուզում ասել. սա հակազդեցություն է առաջացնում պետական պրոպագանդայի հետ»,- ասաց Ջամալյանը՝ հավելելով, որ արդեն մոտ օրերս ադրբեջանական քարոզչամիջոցները տարբեր հիմնավորումներով կհաղորդեն նոր զոհերի մասին:
Ջամալյանի խոսքով՝ հայկական կողմն առաջնորդվելու է «Ոչինչ չի մնալու անպատասխան» սկզբունքով: «Այս տարվա կտրվածքով ադրբեջանցիները տվել են 50 զոհ»,- ասաց Ջամալյանը՝ նշելով, որ դրանց մեծ մասը հայկական պատասխանի արդյունքում է եղել:
Պատերազմի սպառնալիքը՝ բանակցային գործընթացի վրա ազդելու միջոց
Ըստ Ջամալյանի` Ադրբեջանը պատերազմի սպառնալիքի հռետորաբանությամբ փորձում է ազդել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա: «Միջազգային կառույցներն այս իրավիճակում փորձում են պահել բալանսավորված դիրքորոշում, սակայն միջազգային հանրության կարծիքը պատերազմի մասին բոլորին է հայտնի»,- ասաց նա:
Սերգեյ Մինասյանն էլ հավելեց, որ պատերազմի սպառնալիքը չի նշանակում, որ պատերազմ կլինի: Ըստ նրա`երբ որևէ կողմ պատերազմի պատրաստ է լինում, ոչ թե զգուշացնում է այդ մասին, այլ պարզապես սկսում է: Մինասյանի համոզմամբ՝ դիպուկահարների գործողությունները որևէ ձևով չեն ազդում քաղաքականության վրա:
«Բնականաբար ադրբեջանցիք այս ռազմավարությունը շարունակելու են մինչև հասկանան, որ պատերազմի սպառնալիքն իրեն սպառել է: Եվ այս միջադեպերը շարունակվելու են, մինչև որ ստանան իրենց ադեկվատ պատասխանը»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ պատերազմի Ադրբեջանը չի գնա` բոլոր առումներով նրանք պատրաստ չեն գնալ պատերազմի, բայց չափավոր լարվածություն ստեղծելու քաղաքականությունը կշարունակվի:




Սերժ Սարգսյանը զարմանում է, 
որ Թուրքիայում չեն գիտակցում Սփյուռքի ով լինելը





Պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները:
Սերժ Սարգսյանը նշել է, որ իր շվեյցարացի գործընկերոջն առաջարկել է փոխշահավետ գործընկերային հիմունքներով համագործակցություն իրականացնել ոսկերչության, ժամագործության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում՝ բնականաբար խրախուսելով այդ ոլորտների ներկայացուցիչներին կատարելու իրենց բիզնես ծրագրերը:
«Տիկին Կալմի-Ռեյի հետ մտքեր փոխանակեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: Այս առիթով, ես չեմ հոգնում լրացուցիչ անգամ երախտիքի խոսք հղելու բարեկամ Շվեյցարիային և հատկապես նախագահ տիկին Կալմի-Ռեյին՝ որպես միջնորդ կողմ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում իր անգնահատելի անձնական ջանքերի համար: Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերն ամեն ինչ անում են` այդ ցանկությունն օտարելու համար: Ստորագրված արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարելու փոխարեն՝ Թուրքիան միջազգային բարձր ամբիոններից շարունակում է Հայաստանի ու Սփյուռքի միջև սեպ խրելու իր անհեռանկար ջանքերը: Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը», – ասել է երկրի ղեկավարը:
Նա նշել է, որ զարմանում է, որ Թուրքիայում քաջ չեն գիտակցում, որ ցեղասպանության արդյունքում ձևավորված Սփյուռքը Հայաստանի և հայ ժողովրդի անբաժան մասն է:
«Սփյուռքահայերն աշխարհով մեկ սփռված Հայաստանի դեսպաններն են, ինչպես Շվեյցարիայում մեր դեսպան աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, իսկ շատերն էլ գործում են հոգու կանչով և հասարակական հիմունքներով: Լինելով իրենց ապաստան տված երկրների արժանավոր քաղաքացիներ՝ նրանք կարողանում են իրենց ներդրումը բերել նաև մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը: Հայաստանի պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից մեր հայրենակիցները ողջ աշխարհում իրենց գործով են ապացուցել, որ Հայրենիքի առաջընթացն իրենց գերագույն երազանքն է: Այս համատեքստում ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ՝ կարևորագույն հանգամանքի վրա։ Շվեյցարիայի միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լավագույնս փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն այսրոպեական բացասական շղարշ է գցում Թուրքիայի և ցեղասպանությունը ճանաչած պետությունների հարաբերություններում: Ինչպես մենք համոզվեցինք՝ ցեղասպանության ճանաչումով Շվեյցարիան դատապարտել է այդ զարհուրելի ոճիրը մարդկության դեմ, և դրանով իսկ արդարության, պատմական անհերքելի փաստերի և մարդու իրավունքների գերակայության համահունչ հաղթանակ տարել աշխարհաքաղաքական և ռազմատնտեսական բոլոր նկատառումների հանդեպ։ Սակայն ամենաէականն է, որ դա բոլորովին չի խանգարել նույն Շվեյցարիային կարճ ժամանակ անց սատար կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին։ Շվեյցարիայի օրինակն այս առումով, իհարկե, լավագույնն է և պետք է ուսանելի դառնա աշխարհի շատ ու շատ երկրների համար», – նշել է Սերժ Սարգսյանը:
Epress.am



Արցախյան պատերզմի մասին պատմող վավերագրական լիամետրաժ ֆիլմն արդեն Երևանում




«Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 12-ից կցուցադրվի մեծ աղմուկ բարձրացրած արցախյան պատերազմի եւ խաղաղության մասին պատմող «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմը:
Այս ֆիլմը, բնականաբար, բացասական արձագանք գտավ հատկապես Ադրբեջանական իշխող թևի ներկայացուցիչների կողմից: Օրինակ, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ռաֆայել Իբրահիմովը BBC հեռուստաընկերությանն ուղղված նամակում նշել է. «Այս Ֆիլմի ցուցադրումը վտանգում է տարածաշրջանի կայունությանը»: Բենելյուքսի ադրբեջանցիների կոնգրեսն էլ պահանջել է, որ Ամստերդամի փառատոնը հանի այդ ֆիլմն իր ծրագրից: Ամերիկայի ադրբեջանական համայնքը PBS-ին բաց նամակ է հղել` պահանջելով վերոնշյալ ֆիլմը չցուցադրել ամերիկյան PBS հեռուստաընկրությամբ»:
Ֆիլմը մասնակցել է Ամստերդամի փառատոնում, արժանացել բազմաթիվ կինոփառատոնների բարձրագույն մրցանակների: PBS-ն մինչ օրս ցուցադրում է այն:
Մայիսի 12-ին կկայանա ֆիլմի ցուցադրությունը նաեւ Երեւանում: Ֆիլմի հեղինակն է Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Հովհաննիսյանը:
BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ) WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզուներով եւ արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, «Լավագույն Նոր Վավերագրական Կինոռեժիսոր» Նյու-Յորքի Թրայբեկա կինոփառատոնում, Լավագույն վավերագրական ֆիլմ «Ոսկե Ծիրան» Միջազգային Կինոփառատոնում եւ այլն):



Վիդեո`








Փորձագետը Ջավախքի հարցի մասին






Ջավախքի հարցում միասնական հայեցակարգ չունենք։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի՝ ջավախահայության խնդիրներով զբաղվող փորձագետ Վահե Սարգսյանը:
«Մեր գերատեսչություններից ամեն մեկն իր չափով փորձում է օգտակար լինել Ջավախքին՝ կրթության նախարարն իր արձակուրդն է այնտեղ անցկացնում, սփյուռքի նախարարը մարդկանց է այնտեղից կանչում, պատվոգրեր տալիս, բայց հստակ հայեցակարգ, թե մենք ինչպիսին ենք ուզում տեսնել Ջավախքը, որն է Ջավախքի հիմնախնդրի լուծումը, չունենք»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ Ջավախքի հետ կապված հստակ հայեցակարգ ունենալը օրվա խնդիր է, «որովհետև հնարավոր է՝ Վրաստանի և Ջավախքի հարաբերություններում այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, որ մենք չիմանանք՝ ինչ անել»։
Վահե Սարգսյանի կարծիքով՝ Ջավախքի հարցում Հայաստանն ավելի «կոշտ» պետք է լինի վրացական իշխանությունների նկատմամբ:
«Ջավախահայության 150-հազարանոց զանգվածը մեր ձեռքի տակ է, և այստեղ Վրաստանը ինքը պետք է սիրաշահի, որ 150-հազարանոց այդ թևը վնաս չպատճառի իրեն, մինչդեռ իրականության մեջ ճիշտ հակառակն է տեղի ունենում՝ մենք Վրաստանին սիրաշահում ենք, որ ինքը ջավախահայությանը չնեղացնի։ Եթե մենք Ջավախքը գործոն դարձնենք, դա Հայաստանի համար Վրաստանի վրա ազդելու մեծ լծակ կլինի։ Ջավախքի գործոնն օգտագործելով՝ մենք կարող ենք Վրաստանից ստանալ այն նույն տարանցիկ արտոնությունները, ինչ այսօր Ադրբեջանն է ստանում»,- ասաց Վահե Սարգսյանը:
Անդրադառնալով ԱՄՆ պետական դեպարտամենտի «Մարդու իրավունքներ 2010» ամենամյա զեկույցի՝ Վրաստանի բաժնին, փորձագետն ասաց, որ ջավախահայությանը վերաբերող շատ հարցեր բացակայում էին զեկույցում, շատ հարցեր էլ լղոզված էին ներկայացված:
«Սակայն զեկույցը, իմ կարծիքով, տարբերվում էր նախորդներից թե´ ծավալով, թե´ փաստերի առատությամբ, և նախորդ տարիների համեմատ՝ այն կարծես իրականությանն ավելի մոտ էր»,- Tert.am-ին ասաց Վահե Սարգսյանը՝ ընդգծելով, որ զեկույցի թերությունն այն էր, որ ջավախահայ բազմաթիվ երիտասարդ ակտիվիստներ ձերբակալվում են իրենց գործունեության համար, սակայն այդ իրողությունը տեղ չի գտել փաստաթղթում:
«Զեկույցը, անդրադառնալով ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկմանը՝ «որպես սովորական խուլիգանի», անտեսում է հազարավոր նմանատիպ այլ դեպքեր, երբ Վահագի նման ակտիվիստներ ձերբակալվում են ամենատարբեր պատրվակներով: Սա նշանակում է, որ Վահագն Չախալյանի գործը տարբերվում է սովորական խուլիգանական գործերից և, դրանից բացի, Պետդեպի զեկույցում այս մատնանշումով նա վերածվում է քաղաքական բանտարկյալի։ Այսինքն՝ Վահագի՝ քաղբանտարկյալ լինելը ապացուցում է հենց Պետդեպի զեկույցը»,- ասաց Սարգսյանը՝ դա համարելով հաղթանակ:
«Սա նշանակում է, որ որքան էլ վրացական իշխանությունները փորձեցին արտաքին աշխարհի համար այս հարցը լղոզել, չստացվեց»,- նշեց նա՝ հավելելով, որ 
այս զեկույցում բոլոր հարցադրումներն ավելի կոնկրետ էին, քան նախորդ տարիներին՝ «չնայած կային նաև նախորդ տարիների ոչ ճիշտ մեկնաբանությունները»։ «Օրինակ՝ անդրադարձ չկար այն բանին, որ Վրաստանի մաքսավորները խոչընդտում են դեպի Ջավախք հայկական գիրք ու գրականություն տանելը»,- նկատեց փորձագետը:
Tert.am




Գիտաժողով ՀՀ ՊՆ-ում




2011թ. մայիսի 4-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ, մեկնարկել է «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը, որին մասնակցում են պատմության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ: 
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա ու արտահայտի պատմության և մշակույթի ադրբեջանական կեղծարարությունների վերաբերյալ:
«Պատահական չէ, որ պատմության և մշակույթի հարցերը քննարկվում են հենց պաշտպանության նախարարությունում, քանի որ դրանք ազգային անվտանգության հետ շաղկապված խնդիրներ են»,- իր ելույթում ասել է ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը:





ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին խաչ կունենա




Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքների եռուզեռ է: Եկեղեցին ամբողջությամբ շինանյութերի փոշու մեջ է: Շինարարական աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտված է: Բացումը նախատեսված է այս տարվա աշնանը:
Հայ և թուրք լրագրողներից բաղկացած մեր խմբին թույլատրեցին ընդամենը 10 րոպեով մտնել եկեղեցու տարածք, զննել, այնուհետև արագ դուրս գալ այնտեղից:
«Սուրբ Կիրակոս եկեղեցին խաչ կունենա,-մեզ հետ զրույցում հաստատեց Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը,- ինչպես մզկիթը մինարեթ չունենալով չի կարող մզկիթ համարվել, այդպես է եկեղեցին չի կարող ամբողջանալ առանց խաչի»:
Հաջորդ շաբաթ քաղաքապետը հանդիպելու է Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների հետ` քննարկելու եկեղեցու բացման արարողության մանրամասները: Պաշտոնյա այրերի ներկայության մասին քաղաքապետը դեռ ոչինչ չի ասում, սակայն հավաստում է, որ կլինեն հյուրեր թե Հայաստանից, թե Թուրքիայից: Եկեղեցու դուռը բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
«Մենք հրավիրելու ենք մասնակիցների երկու երկրներից` այս իրադարձությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն աջակցելու համար»,- ասում է Օսման Բայդեմիրը:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին միջին արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: Եկեղեցու պատերի արձանագրություններում կառուցման տարեթիվ նշվում է 1515-18թթ.: 18-րդ դարում նորոգվել, նույն դարում նաև վերակառուցվել է, ևս մեկ ագամ վերակառուցվել է 19-րդ դարում:
Եկեղեցու առաջին գմբեթը կայծակնահար է եղել: 29 մետր բարձրությամբ նոր գմբեթը` ոսկեզօծ խաչով, 1915-ին թնդանոթով պայթեցրել են` շրջակա մզկիթների մինարեթերից ավելի բարձր չերևալու համար:
1915 թ. հետո Սուրբ Կիրակոսը կիսավեր վիճակում է գտնվել և չի գործել: Առաջին աշխարհամարտի տարիներին օգտագործվել է որպես զինանոց, պատերազմից հետո` իբրև մթերանոց, ինչի հետևանքով բոլոր արժեքավոր իրերը կորել են:
1950-ականներին հայերի ջանքերով այն կրկին վերաբացվել է: 1960-ին եկեղեցին վերադարձրել են Դիարբեքիրի հայությանը: Քաղաքում մնացած հայերի նկատմամբ ճնշումների պատճառով մինչ 1990-ականները հայերի մեծ արտահոսք է սկսվել, ինչի հետևանքով եկեղեցին հանձնվել է տարեցների խնամքին և սկսել աստիճանաբար փլվել: Պատրիարքարանը մաքրել է եկեղեցին փլատակներից, կազմվել է նաև վերանորոգման նախագիծ, ինչը, սակայն, չի իրականացվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Այժմ միջոցները հայթայթվել են. Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվում է Սուրբ Սարգիս Կիրակոս փոքր հայկական եկեղեցու հիմնարկության վարչության, իմա` հայ հասարակության և քաղաքապետարանի միջոցներով:
Hetq.am





Չենգիզ Աքթար`
«...մերժման քաղաքականությունը, հնարավոր է, մի օր ավարտվի»



56-ամյա Աքթարը մեկն է այն առաջադեմ մտավորականներից, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը և բազմաթիվ միջոցներ ձեռնարկում` բացելու թուրք հասարակության աչքերը: 
2008 թ. Աքթարը նախաձեռնեց «Ներողություն» ակցիան, որով առաջին անգամ թուրքերը ներողություն խնդրեցին Ցեղասպանության ենթարկված հայերից: Սա հանդիսացավ Թուրքիայում մի աննախադեպ երևույթ, որին աջակցեցին մոտ 40.000 թուրքեր:
«Մենք արեցինք դա, քանի որ, ինչպես նշված է ակցիայի տեքստում, այլևս անկարող էինք լռել»,- ArmeniaNow-ին ասում է Աքթարը: 
Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Turkish Daily» և «Vatan» թերթերի մեկնաբան Աքթարն առաջին անգամ հայերի կոտորածների մասին լսեց Ֆրանսիայում, որտեղ ուսանում էր տնտեսագիտություն և քաղաքականություն և, որպես դասընթացի մի մաս, անցնում պատմություն, որը բավական տարբեր էր այն ամենից, ինչ լսել էր իր երկրում: 
«Այդ ժամանակ ես ակամայից առնչվեցի ցեղասպանության խնդրի հետ: Ցանկացած թուրքի նման իմ առաջին արձագանքը մերժումն էր, ասացի` ո´չ, մենք դա չենք արել, ճիշտ հակառակն է եղել: Հետո հասկացա, որ նախքան մերժելը ես պետք է ավելին իմանամ, որովհետև այդ օրերին ոչինչ չկար, բացարձակապես ոչ մի տեղեկատվություն այդ մասին: Ուստի երբ կարդացի և ավելի շատ տեղեկատվություն ունեցա, հասկացա` հնարավոր չէ մերժել կատարվածը…»: 
1999 թ. վերադառնալով հայրենիք որպես Եվրամիության հարցերով փորձագետ, սկսեց ոչ միայն աջակցել Թուրքիային` հարթել դեպի եվրոպական ընտանիք տանող ճանապարհը, այլ նաև փոխել մերժման քաղաքականությունը: Այս ժամանակամիջոցում էլ ծանոթացավ Հրանտ Դինքի հետ: «Բոլորովին այլ է, երբ հանդիպում ես Թուրքիայի հայի, որն ամեն օր ապրում է թուրքերի մեջ: Թուրքիայում ամեն ինչ այլ է` զգացողությունը, պատասխանատվությունը, և դա առավել սրվեց Դինքի սպանությունից հետո»,-ասում է Աքթարը: 
Դինքի սպանությունից դեռ երկու տարի առաջ` 2005-ին, Թուրքիայի հայտնի համալսարաններից մեկում` մոտ 12.000 ուսանող ունեցող Բիլգիի համալսարանում, տեղի ունեցավ «Հայերն Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում» միջազգային գիտաժողով: Այս գիտաժողովը, ապա` Դինքի սպանությունը և «Ներողություն» ակցիան մի մեծ ցունամի էր, որ անցավ թուրք հասարակության գիտակցության միջով ու ցնցում առաջացրեց` ճեղքելով այն հսկա պատը, որ 96 տարվա ընթացքում ձևավորվել էր ու զիջման հույս չէր թողնում. «առայժմ տաբուն չկոտրվեց, բայց ակնհայտորեն ճաք տվեց»,- ասում է Աքթարը:-«Երիտասարդությունն առայժմ հիմնականում ժխտողական է տրամադրված, սակայն ի տարբերություն մեր ժամանակների, երբ տեղեկություններ ընդհանրապես չկային, հիմա կա, ու նրանք հետաքրքրվում են: Որքան շատ իմանան, այնքան ժխտողականությունը մի օր տեղի կտա»:
«Թուրքերը մի հին ասացվածք ունեն` «Հայերը գնացին, բարաքյաթն էլ հետը գնաց»: Եթե հիշեն ու փորձեն հասկանալ այս խոսքի իմաստը, շատ բան կփոխվի»,- ասում է գիտնականը:



Հրանտ Դինքի անունով ևս մեկ այգի Թուրքիայում




Թուրքիայի Աքդենիզ քաղաքում Հրանտ Դինքի անունով նոր կառուցված զբոսայգին կոչվում է 2007թ. Ստամբուլում թուրք ազգայնականի ձեռքով սպանված Հրանտ Դինքի անունով:
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Մերսին նահանգի Աքդենիզի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ նոր կառուցված զբոսայգին կոչվելու է ստամբուլահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անունով:
«Մենք ջանքեր ենք գործադրելու, որ Դինքի անունն ու գաղափարները փոխանցենք ապագա սերունդներին»,-ասել է Աքդենիզի քաղաքապետը:




Գերմանացի նախարարն ընդունում է Հայոց Ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցությունը


Գերմանիայի Պոդսդամ քաղաքում վերանորոգվեց վերաբացվեց գերմանացի Յոհանս Լեփսիուսի տուն-թանգարանը: Տուն-թանգարանը բացվեց իբրև «հայ զոհերի հիշատակի վայր»: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր մշակույթի հարցերով պետական նախարար Բրենտ Նյումանը: Վերջինս իր ելույթում նշեց, որ Լեփսիուսը, չնայած մեծ խոչընդոտներին և դժվարություններին, իր կյանքի ընթացքում ամեն ինչ արեց` մարդկությանն օգտակար լինելու համար: 
1916թ. Լեփսիուսը, սպառնալիքների և գրաքննության ճնշման ներքո գրի առավ այդ օրերին հայ ժողովրդի վիճակի մասին` հաղորդելով ողջ աշխարհին Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի նկատմամբ օսմանցիների ցույց տված վերաբերմունքի և ոճրագործությունների մասին: Նա նշեց, որ հայերի տեղահանությունը կազմում է Գերմանիայի պատմության բաժնեմաս. «...մենք` գերմանացիներս, ևս հանցավոր ենք, քանի որ այդ փաստի առթիվ լուռ մնացինք, և հիմա պետք է ընդունենք այդ պարզ ճշմարտությունը»:
Լեփսիուսի կազմած տեղեկագիրը բաժանված է եղել 20.000 օրինակով և մինչ օրս էլ Ցեղասպանության հարցով առկա գլխավոր նյութերից մեկն է համարվում:





Թուրք գիտնականները չեն հավատում, որ հայաստանյան արխիվի հրապարակումը լույս կսփռի 1915թ. իրադարձությունների վրա


Hürriyet թերթն իր կիրակնօրյա համարում մեծածավալ հոդված է հրապարակել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նյութերի հետազոտությունների մասին:
Թերթը տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային արխիվն այս ամիս սկսելու է ինտերնետում հրապարակել հազարավոր փաստաթղթեր: Հրատարակությունը մեջբերում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին, ով նշել է, որ «մեր արխիվի թվայնացման հիմնական պատճառը միջազգային գիտնականների ուշադրությունը գրավելն է»: «Թուրքական պատմական հասարակության» փորձագետ Քեմալ Չիչեքի խոսքերով, թուրք գիտնականներն աշխատել են հայկական արխիվներում, սակայն «այնտեղ առկա փաստաթղթերը քիչ տեղեկատվություն են պարունակում 1915թ. մասին»: 
«Այն փաստը, որ Հայաստանը կբացի իր արխիվները, այնքան էլ կարեւոր չէ, քանի որ այնտեղ եղած փաստաթղթերը ոչ թե բնօրինակներ են, այլ Ռուսաստանից վերցված պատճեններ: Եկեք բացենք դաշնակների արխիվը Երուսաղեմի պատրիարքարանում եւ Բոստոնում: Այդ արխիվները կբացահայտեն դաշնակների համագործակցությունը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ մեր այլ թշնամիների հետ Առաջին աշխարհամարտի ընթացքում»,- հայտարարել է Քեմալ Չիչեքը: 
Միաժամանակ, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սաֆարյանը կարծիք է հայտնել, որ փաստաթղթերի բնօրինակներն անհրաժեշտ է փնտրել Թբիլիսիում, որտեղ այդ ժամանակ տեղակայված է եղել Ռուսաստանի վարչական եւ ռազմական կառավարությունը: Նա ասել է նաեւ, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութեր կարող են հայտնաբերվել Երուսաղեմում: 
Արա Սաֆարյանը հայ գիտնականներին առաջարկել է ուսումնասիրել թուրքական կարեւոր արխիվները, մասնավորապես, վարչապետի եւ ռազմական արխիվները: Բայց Սաֆարյանը երևի մոռացել է, որ նախքան թուրքական արխիվներին անցնելը, մեզ հարկավոր են գերազանց պատրաստված օսմանագետներ...
Mediamax.am



Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ճակատագիրը Ֆրանսիայում




Ապագա քայլերի մասին խոսելիս Հրաչ Վարժապետյանը նշեց, որ մինչ նախագահական ընտրությունները կա մեկ տարի եւ այդ ընթացքում հայությունն ամեն գնով պետք է իր քվեն օգտագործի` ի նպաստ այդ խնդիրների լուծման: «Պետք է համախմբվել եւ դա վերածել զորավոր խաղաքարտի: Մեկ տարվա ընթացքում անպայման պետք է այնպես անել, որ այդ օրինագիծը մեկ անգամ եւս Սենատում դրվի քվեարկության»,- ասաց նա:
2006թ. հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրականացնող օրենք է ընդունել։ Սակայն, Ֆրանսիայում ԱԺ-ում օրենքի ընդունումից հետո, այն պետք է վավերացվի Սենատում, որից հետո միայն, նախագիծը օրենքի ուժ է ստանում։ 2011թ. մայիսի 4-ին 196 դեմ եւ 74 կողմ ձայներով մերժեց Թուրքիայում 20-րդ դարասկզբին կատարված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ 
Այնուամենայնիվ, Ֆրանսիական կառավարությունը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի գործողությունների մասին:
Համապատասխան շրջբերականն ուղարկվել է բոլոր դատախազներին` «կազմակերպելու հայ համայնքի անդամների դեմ ուղղված հանցագործությունների մեղավորների պատժումը», հայտարարել է արդարադատության նախարար Միշել Մերսյեն: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ը`«Մենք կհաղորդենք բոլոր քրեական միջոցների մասին, որոնք կձեռնարկվեն»,- ասել է Մերսյեն` ընդգծելով, որ ֆրանսիական օրենքը պատիժ է նախատեսում խտրականության, ատելության կամ ռասայական հողի վրա բռնությունների համար



Էրդողանը կրկին բարձրաձայնում է թուրքական նախապայմանները




Ըստ թուրքական «APA» գործակալության հրապարակած տեղեկատվության, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անգամ հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման:
Իգդիրում տեղի ունեցած իր ելույթում Էրդողանն ասել է. «...Ղարաբաղն ու Նախիջևանը մեր խնդիրներն են. Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, իսկ նրա ուրախությունը` մեր ուրախությունն է... մենք միշտ Ադրբեջանի և Ղարաբաղի կողքին ենք եղել ու այդպես կլինի միշտ: Ոչ մեկ թող մեզանից այլ սպասելիք չունենա»:
Սակայն, ինչպես ժամանակին գործնականում Թուրքիան չկարողացավ դրսևորվել, այսպես ասած, «Ադրբեջանի և Ղարաբաղի կողքին», ներկայումս, և առավել ևս հետագայում այդ բանն սպասել պետք չէ, ադրբեջանցինե´ր: Թուրքիան թող այն խնդիրների մասին մտածի, որոնք նրան դեռ սպասվում են: 
Էրդողանն ուզում է համոզել, որ նա ժողովրդավարություն է կառուցում Թուրքիայում, սակայն, ինչպես Քրիստոսն է ասում, կայսերը` կայսեր, Աստծունը` Աստծուն, Թուրքիայում ժողովրդավարություն լինելու դեպքում հայերն ու քրդերը կստանան ազատություն, ինչը, սակայն, բոլորովին ձեռնտու չէ Թուրքիայի քաղաքականությանը: 



Քաղաքական խա՞ղ, թե` Էրդողանին ուղղված խոսք




Ստամբուլում հարձակումներ են իրականացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նախընտրական շտաբերի վրա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ձայնային ռումբեր են նետվել իշխող կուսակցության` Ջումհուրիյեթ և Սողանաք թաղամասերում տեղակայված շտաբերի վրա։
Այնուհետև, մայիսի 4-ին հարձակման է ենթարկվել Էրդողանի ավտոշարասյունը։
Երբ Թուրքիայի վարչապետի ավտոշարասյունը, ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ, Անկարա էր վերադառնում Քասթամոնու քաղաքից, անհայտ անձինք ինքնաձիգերից հանկարծակի կրակ են բացել և նռնակներ նետել ավտոշարասյան վրա, որից հետո` դիմել փախուստի:
Թուրքական ԶԼՄ-ների մեջ կա այն կարծիքը, որ այս ահաբեկումը կազմակերպվել է քրդերի կողմից: Միջազգային հասարակության մեջ կա կարծիք, որ այդ միջադեպերը եղել են արհեստական, այսինքն` սարքովի, քանի որ, առաջին միջադեպի ժամանակ Էրդողանը, բնականաբար, չէր կարող լինել երկու նախընտրական շտաբում միաժամանակ, այսինքն` շտաբերից և ոչ մեկում չի եղել, իսկ երկրորդ պատահարի ժամանակ նա Ստամբուլ մեկնելիս է եղել ուղղաթիռով` միջադեպից բավականին մեծ և ապահով բարձրության վրա գտնվելով:




Թուրքերի մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում հայերին


Թուրքիայի քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների (SETA) հիմնադրամի կողմից իրականացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Թուրքիայի բնակչության 73,9%-ը բացասաբար է տրամադրված հայերի նկատմամբ։ Այս մասին գրում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը։
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ հարցումը, որին մասնակցել է 3040 մարդ, անցկացվել է Թուրքիայի 12 նահանգներում։
Հարցման մասնակիցների 33.2%-ը դրական, իսկ 39%-ը բացասաբար է տրամադրված արաբների նկատմամբ։ Ամերիկացիներին բացասաբար են վերաբերվում 64.8 %-ը։ Իսկ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների 40%-ը դրական է վերաբերվում եվրոպացիներին, այն դեպքում, երբ հարցման 61 տարեկանից բարձր մասնակիցները հիմնականում բացասաբար են վերաբերվում եվրոպացիներին։
Հարցման մասնակիցների 57.1%-ը դրական է վերաբերվում ադրբեջանցիներին, 37%-ը՝ չինացիներին, 31–ն էլ՝ իրանցիներին։ Ըստ հարցման արդյունքների՝ թուրքերը հիմնականում բացասաբար են վերաբերվում հայերին, հրեաներին, հույներին և ռուսներին։ Հարցման մասնակիցների 73.9%-ը բացասաբար է վերաբերվում հայերին, 71.5%-ը՝ հրեաներին, 67%-ը՝ հույներին և 51.7%-ը՝ ռուսներին։

Комментариев нет:

Отправить комментарий