Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 23 мая 2011 г.

Թուրքական պատմագրության մասին


ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՑԸ  ԵՎ  ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ  ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ





Հայկական հարցին և ընդհանրապես հայերի նկատմամբ  քաղաքականության խնդիրներին վերաբերող գրականությունը որոշակի զարգացում է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի վերջին շրջանում և պատերազմից անմիջապես հետո հրատարակված աշխատությունները կրում էին ոչ թե պատմական հետազոտությունների բնույթ, այլ փաստաթղթերի ժողովածուներ էին և նպատակ ունեին արդարացնել պատերազմի ժամանակ իրականացված Թուրքիայի հայ բնակչության զանգվածային տեղահանությունը: Այն ժամանակ թուրքական կառավարող շրջանները ցեղասպանության հերքման անհրաժեշտությունը տակավին չէին զգում. խնդիր էր դրված համոզիչ փաստարկներով արդարացնել այդ տեղահանությունը: Արդեն 1916թ. Ստամբուլում հրատարակվեց «Հայկական կոմիտեների նպատակները և հեղափոխական գործունեությունը» գրքույկը, որում արծածվում էր թուրքական պետության դեմ իբրև թե նախապատրաստված հայկական ընդհանուր զինված ապստամբության գաղափարը: Այդ գրքույկը, որը լույս էր տեսել Թուրքիայի ՆԳՆ նախաձեռնությամբ, ոչ հեռավոր անցյալի իրադարձությունների կեղծման առաջին  լուրջ փորձն էր, իսկ նրանում առաջին քաշված համադրույթը տևականորեն հաստատվեց թուրքական պատմագրության մեջ:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին մոտ, երբ Թուրքիայի պարտությունը ակնհայտ դարձավ և կոտորածի համար պատասխան տալու սպառնալիք ստեղծվեց, պատմական իրադարձությունները մեկնաբանելու առաքելությունն ստանձնեցին ռազմական գերատեսչությունն ու թուրքական բանակի գլխավոր շտաբը: Առաջ եկավ հայերի ցեղասպանությունն արդարացնելու և հիմնավորելու անհրաժեշտություն, քանի որ ժխտելն այլևս անիմաստ էր: Ծագեց «փոխադարձ ջարդերի»   և «հայերի գործադրած գազանությունների» նոր համադրույթը, որը նույնպես տեղ գտավ թուրքական պատմագրության մեջ: Այդ կարգի առաջին աշխատանքներից էին «Մահմեդական բնակչության նկատմամբ բռնությունների մասին փաստաթղթերի ժողովածուն» (1918թ.), որը ֆրանսերեն թարգմանվեց և 1919թ. լույս տեսավ «մահմեդական բնակչության նկատմամբ հայերի գործադրած գազանությունների մասին փաստաթղթեր» վերնագրով, «Թուրք-հայկական հարցը. թուրքական տեսակետ» (1919թ.), «կովկասյան առաջին կորպուսի օպերացիաները 1918թ. և նրա վկայությունները» 1919թ., «Անդրկովկասի մահմեդականների նկատմամբ հայերի գործադրած գազանությունները 1919թ. հուլիսի ընթացքում» (1919թ.), «ազգերի լիգան և հայերն ու հույները Թուրքիայում» (1921թ.): Այդ  ժողովներում ամփոփված միտումնավոր փաստաթղթերն ու նյութերը թուրքերին ներկայացնում էին որպես հայերի զոհեր. լավագույն դեպքում ընդունվում էր, որ կոտորածը երկկողմանի բնույթ էր կրում: Թուրքական գրականության այդ խմբին կարելի է վերագրել հայերի ցեղասպանության անմիջական կազմակերպիչների` Թալեաթի, Ջեմալի ինչպես նաև պատմաբան Ահմեդ Ռեֆիքի հուշերը: Սրանց հեղինակները չէին ժխտում հայերի վրա բռնացման փաստը, բայց վիճարկում էին այդ ոճրագործության կազմակերպված բնույթը: Ներկայացվում էր, թե հայերը Թուրքիայի հակառակորդների, առաջին հերթին Ռուսաստանի օգնությամբ ուզում էին ոչնչացնել թուրքերին, հետևաբար հայրերի  տեղահանությունն ու կոտորածը միայն թուրք բնակչության ինքնապաշտպանական օրինական և բնական պատասխանն էր:
1930-ական թթ Հայկական հարցն ու հայերի ցեղասպանությունը ուշադրության չեն արժանացել միջազգային դիվանագիտության կողմից, իսկ թուրքական պատմագրությունը այդ խնդրին անդրադարձել է միայն հայ ժողովրդի  ամբողջ պատմությունը կեղծելու առումով: Թուրք պատմաբանները վերստին Հայկական
հարցին ու հայերի ցեղասպանությանն անրադարձան 1960-ականների 2-րդ կեսին, երբ աշխարհում լայնորեն նշվեց հայ ժողովրդի մեծ ողբերգության 50-ամյակը, իսկ փոքր-ինչ ավելի ուշ թուրքական պաշտոնական անձանց դեմ ուղղված ՀԱՀԳԲ գործողությունները (ըստ թուրքական գրականության` ահաբեկչական գործողությունները) եվրոպական հասարակությանը կրկին հիշեցրին Հայկական հարցի, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից իրականացված հայկական ցեղասպանության և այդ ոճրագործության անպատժելիության մասին: Թուրքիայում ծավալված հակահայկական արշավին մասնակցեցին ոչ միայն  պատմաբանները, այլև քաղաքագետներ, դիվանագետներ, լրագրողներ, որոնք ներքին ու արտաքին շուկան հեղեղում էին հայակական թեմատիկային վերաբերող ցածր որակ գրական արտադրանքով. դրանց մի զգալի մասը եվրոպական լեզուներով է: Այդ ժամանակաշրջանի թուրքական պատմագրությունը համադրույթային լուրջ փոփոխություններ չկրեց, բայց ավելի հստակ դարձավ ցեղասպանության փաստը ժխտելու, հայ ժողորդի զոհերի թիվը նվազեցնելու ձգտումը: Ըստ էության կրկնվում էին այն դրույթները, որոնք ձևակերպված էին տակավին 1910-1920թթ. սկզբի հրապարակումներում: Հայկական հարցի և հայերի ցեղասպանության թուրքական համադրույթի հիմնական ըմբռնումները հետևյալն են. Թուրքական պետականության հիմանադրման ժամանակներից ի վեր հայերը թուրքերի հետ ապրել են հաշտ ու խաղաղ, ապահով` «իսլամի հովանու ներքո»: Հայերն ունեցել են տնետեսական բարգավաճման  բոլոր հնարավորությունները, նրանք նվիրված ծառայել են թուրքական պետությանը: Այս տեսակետը պաշտպանում են առանց բացառության բոլոր թուրք հեղինակները: Հայերը ամենալայն արտոնություններն ու իրավունքներն ստացել են 19-րդ դարում` Թանզիմաթի բարեփոխությունների շրջանում. Ազգային սահամանադրություն, Ազգային ժողով, դպրոցներ, տնտեսական մշակութային և հոգևոր առաջադիմության լայն հնարավորություններ: Այդ ամենի համար հայերը «պարտական» են թուրքական պետությանը` իրենց նվիրվածությամբ: Այդ տեսակետն են զարգացնում պատմաբաններ Էսադ ՈՒրասը ¥«Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» 1976թ., Սադըկ Քոչաշը ¥«Հայերը պատմության մեջ  և թուրք-հայկական հարաբերությունները սելջուկյանների ժամանակներից», 1960թ., ինչպես նաև  «Հայերը» հոդվածնների ժողովածունների հեղինակնները: Թուրք պատմաբանները պնդում են, որ սկսած 1870-ական թթ. Ռուսաստանի և Անգլիայի խարդավանքների ազդեցության տակ, հայերը գործողությունների դիմեցին իրենց «բարերարների»` թուրքերի դեմ, ստեղծեցին տարբեր կոմիտեներ ու կազմակերպություններ, որոնց գործունեությունն ուղղված էր Թուրքիայի դեմ: Հայերը խնդիր էին դրել անդամահատել և վերացնել Օսմանյան կայսրությունը: Սկսվեցին փոխադարձ ջարդերն ու կոտորածները, որոնց հիմնական պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա, որը հետամուտ էր իր շահադիտական նպատակներին: Այս տեսակետն են պաշտպանում պատմաբաններ Ալթան Դելիորմանը, Ջեմալ Անադոլը, Ալփեր Գազիգարայը և ուրիշներ:


Նյութը պատրաստեց Մուրադ Խաչատրյանը


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий