Սկիզբը նախորդ համարներում
Զորավարներ Դրաստամատ Կանայանը և Գարեգին Նժդեհը կուսակցության պառակտումը կասեցնելու նպատակով այցելում են Փարիզ, սակայն ապարդյուն:
Հետզհետե տարածվող շարժմանը դիմադրելու անկարողությունն զգալով` բյուրոն Փարիզից տեղափոխվում է Կահիրե:
Սակայն «Մարտկոց»-ական շարժումը նույնպես չի հարատևում. բացահայվում է խմբագիրներից Մեսրոպ Գույումճյանի խորհրդային գաղտնի գործակալության հետ գործակցելը: Զորավար Սմբատը և Շահան Նաթալին Ամերիկայից գալիս են Փարիզ` շարժման խորտակումը կանխելու և հավատարիմ դաշնակցականներ մնացած «Մարտկոց»-ականները 1934թ. հիմնում են «Արևմտահայ Ազատագրական Ուխտ»-ը` միաժամանակ Փարիզում լույս ընծայելով «Ամրոց» շաբաթաթերթ: «Ուխտի» անդամները լայնորեն հալածանքի են ենթարկվում բյուրոկրատների և օտար երկրների գաղտնի գործակալությունների կողմից: Նաթալին ստիպված «Ամրոց»ը տեղափոխում է Աթենք և 1936-1937թթ. այն հրատարակվում է Աթենքում:
Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին Նաթալին վերադառնում է Ամերիկա և անցնում հասարակական աշխատանքի` Հայ Բարեգործական Ընդհանուր միության շրջանակներում:
Շահան Նաթալիի առաջին այցելությունը Մայր Հայաստան տեղի է ունենում Հայաստանի խորհրդայնացումից շուրջ քառասուն տարի անց և այն էլ` ձայնի բուժման նպատակով:
Վաթսունական թվականներից ի վեր Նաթալին ապրում է մեկուսացած կյանքով: Այդ ընթացքում նա ստեղծեց գրական հարուստ ժառանգություն` հղկված Բերբերյան վարժարանի կամարների տակ: Ստեղծել է քերթվածքներ, պատմվածքներ, թատերական գործեր, ինչպես նաև` ազգային-քաղաքական վերլուծական գրքեր ու հրապարակախոսական էջեր: Օգտագործել է Նեմեսիս և Շահան գրչանունները: Անձնական կյանքում օգտագործել է ևս մեկ կեղծանուն` Ճոն Ահի, որը թարգմանաբար նշանակում է «Մահվան Ոգի»:
Բազմազան ու բազմաբնույթ է Նաթալիի հրատարակած գրական երկերի ցանկը.
«Օրէնքի եւ ընկերութեան զոհերէն» ¥Բոստոն, 1909թ.¤, «Ամպեր» ¥ Բոստոն, 1909թ.¤ , «Քաւութեան երգեր» ( Բոստոն, 1911թ. ), «Սէրի եւ ատէլութեան երգեր» (Բոստոն, 1915թ.), «Վրէժի Աւետարան» (Նյու Յորք, 1918թ.), «Ասլան Բէկ» (Բոստոն 1918թ.), «Քեզի» (Բոստոն, 1920թ.):
Ազգային-քաղաքական հրապարակախոսական աշխատություններից կարևոր են. «Թուրքիզմը Անկարայէն Բաքու եւ թուրքական օրիենտասիոն» (Աթենք, 1928թ.), «Թուրքերը եւ մենք» (Աթենք, 1928թ.), «Ալեքսանդրապոլի դաշնագրէն, 1930 Կովկասեան ապստամբութիւնները» (Մարսել, 1934-1935թթ.), «Երեւանի համաձայնագիրը…» (Բոստոն, 1941թ.), «Գիրք մատուցման եւ հատուցման» (Բեյրութ, 1949-1954թթ.): Շահան Նաթալին ունի գրական և ազգային-քաղաքական անտիպ երկեր ու մտորումներ, որոնցից կարևոր է «Թալեաթի դատաստանը Բէռլինի մէջ»:
1973թ. հերոս Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտներով վերածնված հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարը հուզեց նաև 90-ամյա Շահան Նաթալիի հոգին: Նա անձնազոհ Յանիկյանի և նրա ուխտին հավատարմորեն հետևող երիտասարդների մեջ իր գործի շարունակողները տեսավ. Նեմեսիսը հարություն էր առել:
Նաթալին ապրեց 99 տարի: Հայության Նեմեսիսը հավիտենապես աչքերը փակեց 1983թ. ապրիլի 18-ի առավոտյան` թողնելով շատերի համար առասպել դարձած վկայություններ իր և իրենով ապրած ժամանակի մասին: Այսօր էլ, երբ հայությունը գտնվում է քաղաքական խմորումների մեջ, ավելի քան հրատապ է և' սփյուռքահայ, և' հայրենական պատմության «սպիտակ էջերը» լցնել Շահան Նաթալիի` Մեծ Հայի կյանքի ու գոյության արժեվորումով:
Նաթալիի հիշատակի հարգումը պիտի լինի աճյունների փոխադրումը հայրենիք և ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի ողջ շրջաններում հրատարակել նրա երկերի ողջ ժողովածուն, որպեսզի ներկա սերունդը տեսնի և զգա մեկ դարյա մեր քաղաքական սխալների պատմությունն ու կարողանա կողմնորոշվել քաղաքական անդաստաններում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
Комментариев нет:
Отправить комментарий