Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 30 мая 2011 г.

Շահան Նաթալի


Թուրքիզմը Անկարայից Բաքու և թուրքական կողմնորոշումը



(Քննադատական հայ քաղաքական մտքի)
Ա հրատարակություն – 1928թ., տպ. «Նոր օր», Աթենք
Բ հրատարակություն – 1991, Երևան
Գ հրատարակություն, 2000, Լոս Անջելես

Խ.Կ. – Քաղցր պարտականություն ու մեծ պատիվ է այս հատորը հայ ժողովրդի դատին հանձնելու գործը: Ինչպես առաջին, այնպես էլ Նաթալիի մնացած բոլոր հատորներում արծարծվող խնդիրներն առ այսօր էլ մեզ համար մնում են արդիական և ուշագրավ: Անկարայից Բաքու թուրքիզմի արյունալի իրականության հրապարակումը բազմաթիվ սպանվածներին, կոտորվածներին և այսօր էլ կոտորվողներին տրվող հարգանքի յուրօրինակ տուրք է: Պարտք է չմոռանալ որևէ մանրուք` կապված թուրք քաղաքական գործիչների` հայ ժողովրդի հանդեպ կատարած ոճիրների, քաղաքականության պատմությունից և ապրել` հավատարիմ մնալով հաշվեհարդար տեսնելու ուխտին...



ԹՈՒՐՔԻԶՄԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ


Թուրքիզմ ենք կոչում այն ահավոր վտանգը, որ «մահ Հայությանը և Հայաստանին» լոզունգը սպանդի գայլանիշ դրոշի վրա գրած, ամեն կողմից կոխկրճելով մեր մարմինը` ամեն օր սպառնում է վերացնել Երևանի շուրջ կսկված հայության դեռ ողջ մնացած բեկորը:
Մենք այդ վտանգը տեսնում ենք. այնքան մոտ է այն, որ ժամերի տարբերություն է միայն նրանց` մեր կողքին հայտնվելը:
Մեզ համար կարմիր Ստալինի ու կարմիր Քեմալի բարեկամական լարախաղացություններն էլ բավարար երաշխիքներ չեն` հայ ժողովրդի մնացորդն այդ վտանգից ապահովագրելու տեսակետից: Վերջապես Բրեստ Լիտովսկից մինչ այսօր /1928թ./ վճջական ու արմատական հարվածն ուշացնելու մեջ կարմիր Մոսկվան ևս ունի իր մեծ դերակատարությունը: Մեկ բան գիտենք, որ չի փոխվել մեկ բառ անգամ Ռուսաստանի` «Հայաստանն առանց հայի» նշանախոսից և ամեն օր, ավելի քան երբեք,մեր աչքերի առջև խորանում ու քարանում է «պետք է ոչնչացնել Հայաստանն ու հայությունը, որ կանգնած են Անկարայի ու Բաքվի միջև» թրքական նշանախոսը:
Ահա թե ինչու՛ պետք է սեղմվենք մեր պատյանի մեջ` մեզ անմիջական մահ սպառնացող տարածության` Անկարայի ու Բաքվի ճամփի վրա, ու պիտի ջանք չխնայենք խոչընդոտելու համաթուրանականության ծագումին, նրա տեսաբանությանն ու գործերին, մինչև անգամ պարսկական Ատրպատականի մասին, որ թարքլեզու բնակչության ու դավերի որջերից մեկն է ու սահմանակից դժբախտ Արարատին...
Ի՞նչ ենք հասկանում մենք թուրքիզմ ասելով:
Թուրքիզմը մեզ համար նշանակում է Անատոլիայի միացումը Ադրբեջանին` Հայաստանի դիակի վրայով:
Այսպես են հասկանում նաև թրքախոս Անկարայում և Բաքվում:
Այս հասկացությունը ոչ միայն հասունացել էր ու զարգացել որոշակի մտավորականության ուղեղներում մինչև 1908թ. սահմանադրությունը, այլև նրանց թիկունքում կանգնած  ուժեղ բազուկների հովանավորությամբ, այլապես 2-3 տարվա ընթացքում Թուրքիայի ուժեղագույն և համաօսմանյան Իթթիհադի կենտրոնը չէր կարող գրավվել միայն թուրքչիների կողմից:
Տեղին է հիշել, որ Բաղշի Սարայում /Ղրիմ/ 1879թ. Իսմաիլ Գասպինսկու «Թերջիման» թերթից մինչև 1912թ. հիմնադրված առաջին «Թուրք օջախ»-ի կատարած աշխատանքները զուր չեն անցել ցեղային և ազգային կետերով: Սա ասվում է նրա համար, որ զգաստության հրավիրվեն բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե 400 հոգանոց աշիրաթ թուրքը կարողացավ կազմել կայսրություն: Ուզում ենք ասել, չխաբենք իրար և չխաբենք ուրիշներին, և ընդունենք, որ Իսմաիլ Գասպիանսկին և նրա ջատագովները, լինելով Վարժապետյանի ու Խրիմյանի ժամանակակիցները հայ ազատագրական պայքարի գաղափարին զուգընթացաբար քայլեցրին թուրքչիության նշանախոսը: Երբ մենք` հայերս, հատկապես «թուրքից մարդ դուրս չի գա» քարոզողները, որ այդքան գեղեցիկ կերպով ճառ են ասում հայ ազատագրական ու հեղափոխական ճիգերի և մեր ժողովրդի մեջ նրանց կատարած դաստիարակչական  ու ազգային ինքնագիտակցության զարգացման դերի մասին, այդ ընթացքում գաղափարական մեծ ծավալի աշխատանքներ կատարեցին: Թող չարհամարհվի թշնամու կատարած գործը և գնահատվի ճշտորեն, մանավանդ, եթե ընդունում ենք, որ երբեմնի 400 հոգանոց աշիրեթը, դարերի ընթացքում արյան խառնուրդներով այսօր անճանաչելի է դարձել:
Իսկ Գասպիանսկին ու իր հաջորդները Ադրբեջանի և Անատոլիայի թուրքերի մեջ իրենց խոսքն ու գործը տարածելու այնպիսի հնարավորություններ ունեին, որ հայ ուղեղի երևակայության սահմաններում անգամ չկար:
Եթե ավելի ողջախոհ լինենք ու նկատի ունենանք այս բոլորը, 30 տարի մինչև թուրքական սահմանադրությունը, 50 տարի մինչև մեր օրերը, կհամոզվենք, թե որքան անիրական էին մեր «թուրքից փաշա չի ծնվի», «թուրքից մարդ չի լինի» այլևս հնացած լոզունգները: Եվ եթե հայ քաղաքական մտքի ղեկավարներն այդպես թեթևամիտ վճիռներ չարձակեին թուրքի ազգային զարթոնքի, նրա զգացումի ու ձևավորումի հանդեպ, ապա թուրք ազգը մեր դիակների վրայով չէր կերտի իր արյունոտ հայրենիքը:
Ընդունենք, որ թուրք ազգային գաղափարը նորելուկ «մոդա» չէ, այլ 50 և ավել տարիների ճամփա անցած, մի քանի սերունդներով կոփված կյանք, և դա է պատճառը, որ Քեմալն այսօր պարզապես անուն չէ, այլ` հավաքական ուժ:
Բնականաբար, այս բոլորն ընդունելը չի նշանակում մոռանալ բոլոր այն խոչընդոտները, որոնք անխուսափելի են քաղաքական կյանքի դերբուկ ճամփաների վրա քայլող յուրաքանչյուր անձի համար: Հարկ է առողջ դատել և ավելի լուրջ վերաբերվել ու ճիշտ գնահատել մեր մահացու թշնամուն` մի բան, որ պակասում է հային և որը բազում աղետների պատճառ է դարձել:
Թուրքիզմի ազգային այս ուխտն է, որ այսօր ավելի, քան երբեք, իր վճռորոշ կեցվածքով արևելքից ու արևմուտքից  շրջապատել է հայ ժողովրդին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий