Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 30 мая 2011 г.

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Սկիզբը նախորդ համարներում...

Իրավագետների շրջանում գոյություն ունեցող մոտեցումների տարբերությունները և բանավեճերը չնայած և տեղ գտան ՄԱԿ-ի այնպիսի մասնագիտացված ատյանների քննարկումներում, ինչ­պիսիք են Մարդու իրավունքների և Միջազգային իրավունքի հանձ­նաժողովները, սակայն այդպես էլ չստացան իրավագիտական ձևակերպում: ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիան մնում է անփոփոխ: Այս փաստը մեկ անգամ ևս հաստատվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1994 թ. նոյեմբերին ընդունված բանաձևով, որը պարունակում էր որոշում ստեղծել Ռուանդայում և հարևան երկրներում ցեղասպանության և միջազգային մարդասիրական օրենք­ների այլ բնույթի լուրջ խախտումների համար պատասխանատու անհատների պատիժը իրականացնող միջազգային դատարան: Այս փաստաթուղթը նույնությամբ կրկնում է 1948թ. կոնվենցիայում տեղ գտած ցեղասպանության բնորոշումը:
Ինչպես ցույց է տալիս անդրադարձը իրավագիտական իրակա­նությանը, ազգային իրավագիտական դպրոցները նախընտրությու­նը նույնպես տալիս են առաջին մոտեցմանը՝ միաժամանակ փոր­ձելով դիտավորության հանգամանքին տալ ավելի ճշգրտված բնո­րոշում: Այսպես, օրինակ՝ երկարատև բանավեճերից հետո 1988 թ. ԱՄՆ-ի Կոնգրեսը, որոշում ընդունելով երկրում կիրառության մեջ մտցնել 1948 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, այդ փաստաթղթում օգտա­գործվող ցեղասպանության բնորոշման մեջ տեղ գտած «դիտավո­րությամբ» եզրույթը փոխարինեց «որոշակի դիտավորությամբ» բա­ռակապակցությամբ:
Ֆրանսիական քրեական նոր օրենսդրությունը գնում է ավելի հեռուն և սկզբունքային բնույթի նորամուծություն է կատարում: Այստեղ «դիտավորություն» տերմինը փոխարինված է «համա­կարգված ծրագրի իրագործում» արտահայտությամբ: Իրավագի­տական առումով այդ արտահայտությունը կոնկրետացնում է դի­տավորության հանգամանքը: Սակայն եթե վերլուծենք այդ փաս­տաթուղթը պատմական քաղաքագիտության տեսանկյունից, ապա կարելի է եզրակացնել որ այսպիսով, ըստ էության, հստակեցվում է դիտավորության հանգամանքի բյուրեղացման գործընթացի պա­րագան, քանի որ «համակարգված ծրագիրը» հանդես է գալիս որ­պես այդ գործընթացի վերջնական հանգրվան:
Այլ պատկեր է ցեղասպանության՝ որպես հասարակագիտա­կան երևույթի ուսումնասիրման բնագավառում: Անցած տասնամ­յակների ընթացքում ցեղասպանության հայեցակարգը բազմիցս վերանայվել ու լրացվել է մասնագետների կողմից, սակայն, ինչ­պես իրավացիորեն նշում է ճանաչված կանադացի ցեղասպանա- գետ Քուրթ Յոնասոնը, դիտավորության հանգամանքը պահպանել է իր կենտրոնական նշանակությունը որպես ցեղասպանության «հիմնական չափորոշիչ»: Այսպես, օրինակ՝ ցեղասպանության հասարակագիտական բնորոշման մեջ, որը տրվել է Ֆրենք Չոքի և Քուրթ Յոնասոնի կողմից 1990 թ. և հետագայում լայն տարածում է ստացել, մտադրվածությունը պահպանում է իր կենտրոնական նշանակությունը. «Ցեղասպանությունը միակողմանի զանգվածա­յին սպանության ձև է, որով պետությունը կամ այլ իշխանություն
մտադրվում է (intends) ոչնչացնել որևիցե խումբ...» :
Կարևոր եզրակացությունների է հանգում Ցեղասպանության ուսումնասիրության նյույորքյան ինստիտուտի տնօրեն Հելեն Ֆայնը: Ցեղասպանության իր վաղ բնորոշումներից մեկում նա էլ ավելի էր պարզեցրել դիտավորության հանգամանքի բնութագրումը՝ ա­ռաջարկելով այն պարզապես փոխարինել «հաշվարկված» բա­ռով: Հետագայում նա սկսեց այդ նույն իմաստով օգտագործել «նպատակաուղղված» բառը: Վերջերս նա հետագա ճշգրտում­ներ մտցրեց դիտավորության իր բնութագրման մեջ, առաջարկելով ցեղասպանության կարևոր բնորոշիչներից համարել այն հանգա­մանքը, երբ որևիցե մարդկային խմբի զանգվածային ոչնչացման քաղաքականություն՝ «սպանության դիտավորությամբ», ի հայտ է բերում վկայություններ առ այն, թե իշխանությունները «ծրագրել են, կազմակերպել են կամ էլ գիտակցում են» իրենց ցեղասպանական գործողությունները: Փաստորեն, այս բնութագրման մեջ տեղ են գտել դիտավորության հանգամանքի երեք դրսևորումներ, որոնք հաճախակի, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ժամանա­կային առումով հանդես են գալիս միմյանցից անջատ:
Վերը հիշատակված հեղինակի դիտավորության հանգամանքի վերաձևակերպողների բարեշրջության ուղղվածությունը բնութագ­րական է ժամանակակից ցեղասպանագիտության համար և վկա­յում է, որ հետազոտությունները այդ բնագավառում ընթանում են դիտավորության հանգամանքի կոնկրետացման ուղղությամբ՝ և' ի­մաստային, և' ժամանակային տեսանկյուններից:
Մասնավորապես, ինչպես ընդհանրացնում է իր վերջերս հրա­տարակած հետաքրքիր դիտարկումներում Հենրի Հաթենբախը, այս ոլորտում հետագա ուսումնասիրությունները տանում են դեպի դիտավորության տարբեր աստիճանների բացահայտում: Այս­պես, օրինակ՝ Վահագն Տատրյանը դեռևս անցյալ դարի 90-ականներին առաջարկեց «ցեղասպանության պարադիգմայի» հայեցա­կարգը, որտեղ տարբերազատում է դիտավորության երկու փուլեր՝ «նախնական» և «վերջնական»:
Դիտավորության հանգամաքի կիրառումը պատմագիտական հետազոտություններում հնարավորություն է ստեղծվում տարբե­րազատելու կոտորածը ցեղասպանությունից, ինչից հետևում է, որ այդ երկու երևույթների միջև, հասարակագիտական կամ իրավա­գիտական տեսանկյունից (բայց, իհարկե, ոչ բարոյական) դատե­լով, գոյություն ունի որակական տարբերություն:
Համաձայն ցեղասպանագիտության մեջ տարածում ստացած տեսակետի, կոտորածի պարագայում դիտավորության հանգա­մանքը բացակայում է: ժամանակին Լևոն Չորբաջյանը իրավա­ցիորեն նշել էր, որ կոտորածը արտահայտվում է «վայրի սպանութ­յունների» տեսքով՝ ի տարբերություն ցեղասպանությանը, որի դեպքում առկա է «ծրագրված» լինելու հանգամանքը:
Ինչպես հաճախ է պատահում իրական կյանքում, ծրագրերը մնում են մասնակի կամ նույնիսկ լիովին չիրականացված: Սա­կայն արդեն միայն ծրագրի գոյության փաստի առկայությունը վկայում է, որ տվյալ պետականությունը մտել է մի նոր փուլ, որը մենք առաջարկում ենք անվանել նախացեղասպանական:
Նախացեղասպանություն եզրույթն արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ օգտագործվում է ինչպես մասնագիտական, այնպես էլ հրապարակախոսական բնույթի գրականության մեջ: Առաջիններից Վահագն Տատրյանն էր, որը սկսեց օգտագործել այն՝ Աբդուլ Համի- դի կողմից հարյուր հազարավոր հայերի սպանդը բնութագրելու նպատակով: Սակայն նա խուսափեց հիմնավորել այդ եզրույթի օգտագործման անհրաժեշտությունը կամ էլ տալ նրա բացատրութ­յունը:
ճանաչված ցեղասպանագետի նման մոտեցումը պայմանա­վորված է այն հանգամանքով, որ նա, հենվելով հրեաների Հոլոքոսթի և հայերի մեծ եղեռնի համեմատական հետազոտման վրա, ժամանակին իր տեսական բնույթի աշխատություններից մեկում հանգել էր սխալ եզրակացության, թե երկու դեպքում էլ «գլխավոր հանցագործը ոչ թե պետությունն էր, այլ քաղաքական կուռ կու­սակցությունը»: Այստեղից բխում էր «տրամաբանական» եզրա­կացություն. քանի որ Աբդուլ Համիդի ժամանակներում Օսմանյան կայսրությունում բացակայում էր նման կուսակցություն, ապա նրա քաղաքականությունը հայերի նկատմամբ չի կարելի բնութագրել որպես ցեղասպանություն:
Այլ է թուրք հասարակագետ Հալիլ Բերքթայի մոտեցումը: Նրա կարծիքով՝ քանի որ ցեղասպանություն եզրույթը ստեղծվել է բնու­թագրելու համար հրեաների Հոլոքոսթը, ապա Հայոց ցեղասպա­նությունը կարող է բնութագրվել միայն որպես նախացեղասպանություն:
Այս մոտեցումը, փաստորեն, կրկնում է մի շարք հայտնի ցե- ղասպանագետների պնդումներն այն մասին, որ միայն հրեաների Հոլոքոսթը կարող է անվանվել ցեղասպանություն, իսկ հայերի ցե­ղասպանությունը, լավագույն դեպքում, նրան «հարող» երևույթ է:
ժամանակին հեղինակը անդրադարձել է նմանատիպ մոտե­ցումներին և ցույց տվել, որ դրանք հիմնվում են մեթոդապես սխալ դրույթի վրա, համաձայն, որի գոյություն ունի միայն մեկ, «իդեալա­կան» ցեղասպանության դեպք՝ հրեաների Հոլոքոսթը, որը մնացած բոլոր ցեղասպանության դեպքերի համար ծառայում է որպես «արխետիպ»:
Հրապարակախոսական գրականության մեջ «նախացեղասպանություն» բառը բավական հաճախ է օգտագործվում և սովորա­բար նշանակում է ցեղասպանությանը ժամանակագրական առու­մով նախորդող և զոհերի ավելի փոքր քանակով բնորոշվող ցեղասպանական բնույթի երևույթ:
Հեղինակի կողմից առաջարկվող նախացեղասպանության հա­յեցակարգի հիմնաքարերը երկուսն են. ցեղասպանություն իրագոր­ծելու դիտավորության (intent, intention) առկայությունը և այն իրա­գործելու նպատակով գործողությունների բացակայությունը: Առա­ջին դեպքում հնարավոր է լինում տարբերազատել նախացեղասպանությունը զանգվածային կոտորածից, որի պարագայում դի­տավորության հանգամանքը առկա չէ: Համապատասխան գործո­ղությունների բացակայությունը հնարավորություն է տալիս տար­բերազատելու նախացեղասպանությունը ցեղասպանությունից, քանի որ, համաձայն «Ցեղասպանության հանցագործության կան­խարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի՝ ցեղաս­պանության կարևորագույն տարրերից է գործողությունը, որի նպա­տակն է իրականացնել արդեն ի հայտ եկած դիտավորությունը:
Վերջին տարիներին իրավագետների և ցեղասպանագետների շրջանում լայնորեն քննարկվում են դիտավորության հանգամանքի գոյության փաստման ձևերը: Փորձեր են արվում դիտավորության հանգամանքին տալ ավելի ճշգրտված բնորոշում: Այսպես օրինակ՝ երկարատև բանավեճերից հետո, 1988թ. ԱՄՆ-ի Կոնգրեսը, որո­շում ընդունելով երկրում կիրառության մեջ մտցնել 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մա­սին» Կոնվենցիան, այդ փաստաթղթում օգտագործվող ցեղասպա­նության բնորոշման մեջ տեղ գտած «դիտավորությամբ» եզրույթը փոխարինեց «որոշակի դիտավորությամբ» բառակապակցությամբ:
Ֆրանսիական քրեական նոր օրենսդրությունը գնում է ավելի հեռուն և սկզբունքային բնույթի նորամուծություն է կատարում: Այստեղ «դիտավորություն» տերմինը փոխարինված է «համա­կարգված ծրագրի իրագործում» արտահայտությամբ: Իրավագի­տական առումով այդ արտահայտությունը կոնկրետացնում է դի­տավորության հանգամանքը: Սակայն, եթե վերլուծենք այդ փաս­տաթուղթը պատմական քաղաքակագիտության տեսանկյունից, ապա կարելի է եզրակացնել, որ այսպիսով, ըստ էության, հստա­կեցվում է դիտավորության հանգամանքի բյուրեղացման գործըն­թացի պարագան, քանի որ «համակարգված ծրագիրը» հանդես է գալիս որպես այդ գործընթացի վերջնական հանգրվան:
Դիտավորության հանգամանքի վերաձևակերպողների էվոլյու­ցիայի ուղղվածությունը բնութագրական է ժամանակակից ցեղասպանագիտության համար և վկայում է, որ հետազոտություններն այդ բնագավառում ընթանում են դիտավորության հանգամանքի կոնկրետացման ուղղությամբ և' իմաստային, և' ժամանակային տեսանկյուններից:
Մասնավորապես, ինչպես ընդհանրացնում է վերջերս հրատա­րակած հետաքրքիր դիտարկումներում Հենրի Հաթենբախը, այս ո­լորտում հետագա ուսումնասիրությունները տանում են դեպի դի­տավորության տարբեր աստիճանների բացահայտում: Այսպես օ­րինակ՝ Վահագն Տատրյանը դեռևս անցյալ դարի 90-ականներին առաջարկեց «ցեղասպանության պարադիգմայի» հայեցակարգը, որտեղ տարբերազատում է դիտավորության երկու փուլեր՝ «նախ­նական» և «վերջնական»:
Ցեղասպանագետների այս պարզաբանումները օգտակար են նախացեղասպանության հայեցակարգն ավելի խորացնելու տեսա­կետից: Մասնավորապես, հենվելով դրանց վրա, հեղինակը ձևա­կերպում է հետևյալ տեսական դրույթները.
-      դիտավորության հանգամանքի արտահայտման միջոցը ցե­ղասպանության ծրագիրն է,
-      ցեղասպանության ծրագիրը կարող է գոյություն ունենալ վավե­րագրի տեսքով կամ էլ արտահայտվել ցեղասպանական գոր­ծողությունների ընդհանրությունում՝ հաղորդելով դրանց հա­մակարգված բնույթ,
-       ցեղասպանության ծրագիրն ունենում է մշակվածության տար­բեր մակարդակներ, որոնք տարբերվում են միմյանցից հիմնա­կանում նրանով, թե որքանով են արդեն նախատեսված զանգ­վածային կոտորածների իրականացման միջոցները: Հենվելով այդ բնորոշումների վրա կարելի է բնութագրել «նախացեղասպանական իրավիճակ» երևույթը: Այդպես կարելի է ան­վանել երկրում ստեղծված այնպիսի իրավիճակը, երբ արդեն գո­յություն ունի ցեղասպանական բնույթի նախնական ծրագիր, սա­կայն այն դեռևս չի ստացել վերջնական տեսք, և չեն ընտրվել նրա իրականացման միջոցները: Նախացեղասպանական իրավիճակի կարևոր առանձնահատկություններից է այն, որ նա իր մեջ պարու­նակելով հնարավորություն վերաճելու լայնածավալ ցեղասպանա­կան իրադրության, որտեղ ցեղասպանությունը գոյություն ունի որ­պես իրականության բաղկացուցիչ մաս, ոչ միշտ է զարգանում այդ ուղղությամբ: Այլ բառերով ասած՝ նախացեղասպանական իրավի­ճակի պայմաններում ցեղասպանությունը հանդես է գալիս որպես քաղաքական խնդիրներ լուծելու հնարավորություններից մեկը, այլ ոչ թե միակը:
Այդ տեսական թեզը պատմական փաստերով հիմնավորելու նպատակով քննության են առնվում Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի արևմտամետ բարենորոգումների դարաշրջանում տեղ գտած զարգացումները: Ցույց է տրվում, որ 1876թ. մայիս - դեկ­տեմբեր ամիսներին, երբ արդեն ճնշված էր բուլղարների հզոր զինված ապստամբությունը, նրանք հանգեցրին նախացեղասպա- նական իրավիճակի առաջացմանը: Այն, սակայն, չվերաճեց ցե­ղասպանության, քանի որ իշխող խմբավորումը նախընտրեց քրիստոնյաների ազգային-ազատագրական շարժման դեմ պայքարելու խնդրի լուծման այլ ուղի՝ սահմանդրական վերափո­խումների ուղին: Օսմանյան կայսրության օրինակը ցույց է տալիս նաև, որ նախացեղասպանությունը նախորդում է իր բնույթով հայրենազրկող ցեղասպանությանը:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий