ՄՃԽ. Պաշտոնական Երեւանը Ջավախքում կայունացնող դեր է կատարում
«Աղքատությունն ու պետական լեզվի վատ իմացությունը`ահա այն երկու հիմնական պատճառները, որ ստիպում են ջավախահայերին լքել իրենց հայրենիքը` տեղափոխվելով Հայաստան կամ Ռուսաստան»: Այս մասին ասված է Միջազգային Ճգնաժամային խմբի (ICG) երեկ հրապարակած զեկույցում:
«Առավելապես հայերով բնակեցված Ջավախքի տարածաշրջանը 1991-ին Վրաստանի անկախացումից ի վեր հավանական պայթյունավտանգ տարածաշրջանների թվին էր պատկանում: Շրջանը գտնվում էր կիսառազմականցված խմբավորումների փաստացի հսկողության ներքո, եւ կապը պետության մնացած հատվածների հետ շատ թույլ էր», - ներկայացնելով 90-ականների իրավիճակը՝ նշել են ՄՃԽ փորձագետները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո շատ օտարերկրացի վերուծաբաններ, մատնանշելով 2005 եւ 2006 թվականներին բռնություններով ուղեկցված ցուցերը, կանխատեսում էին, թե Ջավախքը հաջորդ տարածաշրջանն է դառնալու, որը հանդես կգա առնվազն ինքնավարություն տրամադրելու պահանջով: Վրացական իշխանությունները, սակայն, վերջին շրջանում կարողացան մի շարք հաջողված քայլեր իրականցնել՝ մասնավորապես ամրապնդելով կապերը Վրաստանի այլ շրջանների հետ: Բացի այդ դադարեցվեցին այն ծրագրերը, որոնք ընկալվում էին որպես խտրականության տարրեր պարունակող, նվազեցվեց դեռեւս գործող արմատական խմբերի ազդեցությունը:
Վրաստանի իշխանություննեը պետք է շարունակեն այս գործելաոճը`որպեսզի Ջավախքի 95 հազարանոց, առավելապես հայալեզու բնակչությունը իրեն լիակատար կերպով ինտեգրված զգա Վրաստանի պետությանը»,- նկատել են զեկույցի հեղինակները:
Ըստ զեկույցի, Ջավախքի բազմաթիվ բնակիչներ իրենց Վրաստանի լիիրավ քաղաքացիներ չեն զգում, ուստի գերադասում են մասնակցել հարեւան Հայաստանի քաղաքական ու մշակութային կյանքին: «Հայաստանում գործող ազգայնական խմբավորումներն էլ փութաջանորեն սկսում են նրանց համոզել, որ իրենք վրացական կառավարության խտրական քաղաքականության զոհերն են: Որպես նման քաղաքականության ապացույց մատնանշվում են Ջավաքխում առկա աղքատությունն ու գործազրկությունը, ինչպես նաեւ հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչող օրենքի բացակայությունը: Այդուհանդերձ, նման պայմաններում Երեւանի ներկայիս ղեկավարությունը կայունացնող դեր ունի եւ կարողանում է թուլացնել Ջավախքում առկա լարվածությունը՝ Հայաստանի տարածքում ձերբակալելով ջավախքցի արմատականներին», - նշում են Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները՝ մի շարք կոնկրետ խորհուրդներ ուղղելով Վրաստանի իշխանություններին:
Մասնավորապես, Միջազգային Ճգնաժամային խումբը պաշտոնական Թբիլիսիին կոչ է անում մեծացնել հայոց լեզվի դերը` վավերացնելով տարածաշրջանային եւ ազգային փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան: Բացի այդ, զեկույցի հեղինակները նշում են, որ հարկավոր է խթանել մասնավոր ներդրումների հոսքը, բարելավել տարածաշրջանային հեռուստաընկերությունների աշխատանքը՝ համապետական ալիքների հաղորդումները թագմանելով հայերեն:
«Հայաստանում գործող ազգայնական խմբավումներն ու լրատվամիջոցները պետք է աներկբայորեն ընդունեն, որ Ջավախքի հայերը Վրաստանի քաղաքացիներ են եւ զերծ մնան նուրբ խնդիրների քաղաքականացումից», -նշված է ICG-ի հրապարակած զեկույցում:
Վրացի նախարարն ու Հայաստանի դեսպանը քննարկել են Վրաստանում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը
Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ եւ քննարկել մշակութային ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի նորոգմանը` Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարը տեղեկացրել է դեսպանին, որ վրացական կողմը լուծել է ֆինանսական միջոցների հարցը եւ մոտ ժամանակներս կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնց կհաջորդեն նորոգման աշխատանքները:
Քննարկվել է նաեւ վթարային վիճակում գտնվող Թբիլիսիի երկու չգործող հայկական` Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշեն եկեղեցիների նորոգման հարցը:
Անդրադառնալով հայ-վրացական մշակութային կապերի, փոխճանաչողության գործընթացը ամրապնդելու խնդիրներին` դեսպանը նշել է հայկական եւ վրացական մտավորականության ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարն ընդգծել է, որ այդպիսի հանդիպումները հատկապես օգտակար կլինեն երիտասարդ սերնդի համար:
Վրաց քաղաքագետ. Վրաստանը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մոտ ժամանակներում հազիվ թե հնարավոր լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին` պատասխանելով հարցին, որ եթե Վրաստանի խորհրդարանը ճանաչում է չերքեզների ցեղասպանությունը, ապա ինչու նույն կերպ չի վարվում Հայոց ցեղասպանության պարագայում:
«Այստեղ ամբողջ հարցն իրավական կարգավիճակն է, որը պետք է տրվի այդ երեւույթին: Եղել են զանգվածային սպանություններ, դա փաստ է, եւ նորմալ մարդը չի կարող անտարբեր վերաբերվել դրան: Սակայն դժվար է ասել` ցեղասպանություն էր դա, թե ոչ», - հայտարարեց քաղաքագետը` ավելացնելով, որ լինելով փոքր պետություն Թուրքիայի հարեւանությամբ, Վրաստանի համար վտանգավոր է նման նախաձեռնությամբ հանդես գալը:
Նրա կարծիքով` Վրաստանի կողմից չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչումը նորմալ է, հատկապես այն բանից հետո, ինչ արեց Ռուսաստանը Վրաստանի եհտ: «Չերքեզների ցեղասպանության հարցում ամեն ինչ պարզ է, հայերի զանգավածային սպանության հարցում` ոչ», - եզրափակեց քաղաքագետը` այդպես էլ չօգտագործելով «ցեղասպանություն» բառը: Հիշեցնենք, որ
Վրաստանի խորհրդարանը մայիսի 20-ին ճանաչել էր չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը: Խոսքը 1763-1864 թթ. իրադարձությունների մասին է:
Комментариев нет:
Отправить комментарий