Կեղծելով պատմական փաստերն ու իրողությունները` թուրք պատմաբանները հայերին նախ մեղադրում են ահաբեկչության մեջ, ապա և պնդում, թե իբր սուլթան Աբդուլ Համիդ 2-րդն ու երիտթուրքերի պարագլուխները մեծահոգաբար էին վերաբերում հայ ահաբեկիչներին: Նույնիսկ Օտտոմանյան բանկի զավթումից, Ադանայի դեպքերից հետո կառավարությունը ներեց նրանց ու պատժեց որոշ թուրք պաշտոնյաների: Բայց առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես հայերը հրաժարվեցին կռվել Թուրքիայի թշնամիների դեմ, հարվածեցին թուրքական բանակի թիկունքին, զինված ապստամբություններ կազմակերպեցին Վանում, Սասունում, Շապին-Գարահիսարում և այլուր` մահացու վտանգ ստեղծելով կայսրության գոյության համար:
Նման պայմաններում, հավաստում են թուրք պատմաբանները, կառավարությունը հարկադրված էր հատուկ օրենք ընդունել` սահմանամերձ վայրերից հայ բնակչության տեղահանության մասին: Նրանք ընդունում են, որ այդ վերաբնակեցման ժամանակ եղել են «անդուր միջադեպեր». հայերի դեմ տրամադրված մահմեդական բնակչությունը դիմել է ծայրահեղ միջոցների: Բացի այդ, հայերը մահացել են նաև սովից ու համաճարակից: Զոհվել է 300.000 մարդ, բայց կառավարությունը մեղք չունի դրանում. նա ձեռնարկել է բոլոր միջոցները` նման «չարաշահումները» կանխելու համար: Սակայն միևնույն պատճառներով մահացել են ոչ քիչ թվով թուրքեր: Հետևաբար, տեղի ունեցած ինադարձությունները ոչ մի կերպ չի կարելի որակել որպես կոտորած, առավել ևս` հայերի ցեղասպանություն:
Ձգտելով միջազգային հանրությանը տրամադրել հայերի դեմ` թուրքական պատմագրությունն ու քարոզչությունը փորձում են հանուն պատմական արդարության վերականգնման հայ ժողովրդի պահանջը մատուցել որպես միջազգային կոմունիզմի տարածամոլական քաղաքականության տարատեսակ. հարձակողական դիրք են գրավում այլ երկրների հասարակական շրջանների նկատմամբ: Այդ նպատակով վերջին շրջանում ավելացվել է եվրոպական լեզուներով թուրքական գրականության հրատարակումը, խոշոր միջոցներ են հատկացնում եվրոպական և ամերիկյան մի շարք գիտական կենտրոններում Թուրքիայի պատմությունն ու մշակույթը ուսումնասիրելու համար:
Նյութը պատրաստեց Մուրադ Խաչատրյանը
Комментариев нет:
Отправить комментарий